Քաղաքական գործիչները՝ նշանառության տակ
Համացանցում տարածվել է անձնական կյանքի, սեռական բնույթ ունեցող ևս մեկ տեսագրություն: Սա արդեն երկրորդ նմանատիպ տեսագրությունն է, որը տեղադրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Մարտի 14-ին տարածված կադրերում մարդկանց դեմքերը չեն երևում: Տեսանյութին կից ներկայացված տեքստում, անհայտ հեղինակը կոչ է անում այդ կադրերում երևացող գործիչներին հեռանալ քաղաքականությունից, հակառակ դեպքում սպառնում է շարունակել նմանատիպ նյութերի հրապարակումը:
«Հեռացեք քաղաքականությունից, և այլ կադրեր չեն տարածվի, հակառակ դեպքում նոր սերիաներ կտեսնեք», — սպառնում է նա:
Այս միջադեպի կապակցությամբ Վրաստանի երկու խոշոր ինտերնետ-մատակարարերի՝ «Silknet» և «Caucasus Online» օգտատերերի համար սահմանափակվել է Youtube-ի հասանելիությունը:
Ավելի վաղ, մարտի 11-ին, Youtube էին վերբեռնվել գաղտնի վիդեոկադրեր, որոնք քաղաքական գործչի անձնական կյանքն են արտացոլում: Գրեթե մեկ ժամ դրանք հասանելի էին համացանցի օգտատերերին: Այդ կադրերում հնարավոր էր նույնականացնել հստակ անձանց: Միաժամանակ, տվյալ կադրերի տարածման նպատակով սոցցանցերում անհայտ հասցեներից լրատվամիջոցներին են ուղարկվել համապատասխան ինտերնետ-հղումները:
Youtube-ում տեղադրումից մեկ ժամ անց տեսանյութը արգելափակվել է: Տվյալ փաստի հետաքննությունն իր վերահսկողության տակ են առել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Սակայն հետաքննության մեկնարկից 4 օր անց պարզ դարձավ, որ այն ոչ մի հստակ արդյունք չի տալիս:
Քրեական գործի հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հիմքով (համացանցում անձնական կամ ընտանեկան գաղտնիքի, անձնական կյանքն արտահայտող տեղեկատվության կամ անձնական տվյալների ապօրինի օգտագործում կամ տարածում): Այս հանցագործության պատիժը տուգանքն է կամ 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքները կամ էլ մինչև 4 տարի ժամկետով ազատազրկումը:
Պատկան մարմիններին փաստի օպերատիվ քննության կոչ արեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նրա հայտարարության մեջ նշվում է, որ գործի քննությունը Վրաստանի իրավապահ մարմինների համար կարևոր քննություն է լինելու:
Չհապաղեց արձագանքել նաև Վրաստանի անձնական տվյալների պահպանման տեսուչ Թամար Կալդանին: Նա կոչ արեց քննչական մարմիններին ոչ միայն պարզել տեսանյութը տարածողի անձը, այլև այդ տեսագրությունների ծագումն ու իսկությունը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին անձնական տեսագրության տարածումն անվանեց հասարակության դեմ ուղղված բարոյական ահաբեկչություն: Նա կոչ արեց քննության մեջ ներգրավել միջազգային հակաահաբեկչական կառույցների, ինչպես նաև դրամական պարգևատրում տալ քննությանն աջակցողներին:
Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին` անձնական կյանքի վերաբերյալ տեսագրություններ տարածելու համար: «Մեր Վրաստանը – Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի կարծիքով, նման նյութերը կարող են հասանելի լինել միայն որոշակի իշխանական շրջանակներին:
«Տրամաբանորեն, նմանատիպ նյութերը կարող են հասանելի լինել միայն իշխանության ներկայացուցիչներին: Դրանք չեն ոչնչացվում և պահպանվում են հատուկ ծառայությունների մոտ: Տեսանյութերը կարող են տարածած լինեն նաև նախորդ իշխանությունների ներկայացուցիչները: Սակայն այսօր ես բացարձակապես համոզված եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն իշխանության որոշակի շրջանակներից է գալիս», — հայտարարել է Ալասանիան:
Իշխանությունների հասցեին մեղադրանք է հնչեցնում նաև «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բակրաձեն, ով հայտարարում է, որ այսպիսի իրավիճակներից կարելի է խուսափել միայն իշխանության դեմ պայքարելով, որը քողարկում է նման կեղտ տարածողներին և ահաբեկում հասարակությունը:
Իշխանությունների մասնակցությունն այդ կադրերի տարածմանը կտրականապես բացառում է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին: Նա մեղադրում է նախորդ իշխանություններին՝ «Ազգային շարժմանը»:
«Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ քաղաքական ոճ ուներ նախորդ իշխանությունը: Գիտենք, թե ով էր ժամանակին նման տեսանյութեր պատվիրում, ով էր պատրաստում, պահպանում, օգտագործում ու տարածում: Ներկայիս իշխանությունների ուղղությամբ քար նետելը հենց այն նպատակն է, որը հետապնդել է տվյալ տեսագրության տարածողը: Ես հստակ և նպատակաուղղված արշավ եմ տեսնում: Բոլոր նրանց, ովքեր չեն տարբերի, թե ով է իրականում մեղավոր և պատասխանատու այս ամենի համար, ես կհամարեմ տվյալ արշավի համախոհ կամ մասնակից», — հայտարարել Սեսիաշվիլին:
Քաղաքացիների անձնական կյանքի մասին տեղեկատվություն պարունակող տեսագրությունների տարածումը համացանցում բողոքարկեցին նաև իրավապաշտպան կազմակերպությունները: Նրանք դժգոհություն հայտնեցին, որ նման փաստերը անպատիժ են մնացել, և կոչ արեցին իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնել: Հասարակական հատվածի ներկայացուցիչները հայտարարում են, որ մինչ այժմ ապօրինի հսկողություն սահմանելու փաստը չի հետաքննվել և ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Տեսագրությունների տարածումը սոցցանցերում բուռն արձագանք առաջացրեց: Գրեթե ոչ ոք Ֆեյսբուքում չկիսվեց այս կադրերով: Սոցկայքերի օգտատերերը բողոքի ակցիա էին ծրագրում, որն էլ կադրերի տարածումից մի քանի ժամ անց իրականացրին Պետական դիվանի շենքի առջև:
Ակցիայի մասնակիցներն իշխանությունից պահանջեցին մեղավորների բացահայտում և պատժում: Պարզած պաստառների վրա գրված էր.
«Նկարահանե՛ք ինձ զուգարանում»
«Սեքսը հանցագործություն չէ»
«Ձեռքերը հեռո՛ւ քաղաքացիների անձնական կյանքից»
«Դա վերաբերում է քեզ» հասարակական շարժումը, որը տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում ապօրինի հսկողությանը, նոր արշավ է պլանավորում, որը նախորդի համեմատ ավելի մասշտաբային է լինելու: Ծրագրվում է հասարակական սեկտորի և քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների ներգրավում: Ինչպես նշում են ակցիայի կազմակերպիչները, սա վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև հասարակական գործիչներին: Արշավի շրջանակում առաջին բողոքի ակցիան կանցկացվի մարտի 19-ին:
JAMnews-ը պարզել է, թե ինչ են մտածում մարդիկ քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ տեսագրությունների տարածման վերաբերյալ և ում են համարում պատասխանատու:
14.03.2016