Փրկության այգի
25 տարի շարունակ 55-ամյա Արմեն Թադևոսյանը ամեն առավոտ շտապում է կերակրելու իր կենդանաբուսաբանական այգու կենդանիներին: Գրկելով նրանց մի առանձնահատուկ գորովանքով ու սիրով՝ զրուցում է հետները, զուգահեռ լցնում կերամանները, լավ օր մաղթում և միայն դրանից հետո անցնում հաջորդ գործերին:
Երևանից 45 կմ հեռավորության վրա գտնող Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգին Թադևոսյանը կառուցել է սեփական ձեռքերով: 25 տարվա ընթացում 8 հեկտար տարածությունում ստացել է անտառածածկույթ, հավաքել գրեթե 50 տեսակից ավելի կենդանիների, բազմացրել նրանց, պահելով կիսաազատ պայմաններում:
«Այգու հիմքը հայրս էր դրել, նա որսորդ էր: Երբ բանակից վերադարձա, ամբողջովին նվիրվեցի այս գործին: Աշխատում եմ, որքան հնարավոր է քիչ վանդակներ լինեն այգում, որպեսզի երեխաները կենդանիներին ավելի շատ ազատության մեջ տեսնեն՝ խոտերի մեջ, ծառերի տակ շրջելիս, ինչպես բնության մեջ»,- պատմում է Արմեն Թադևոսյան: Նա կավ գիտի երեխաների հոգեբանությունը՝ չորս երեխաների հայր է: Բացատրում է. իր այգին կոչվում է «Փրկության այգի», քանի որ այստեղ են ապաստան գտնում բոլոր այն կենդանիները, որոնք հայտնվում են ծանր իրադրության մեջ, երբ նրանց նույնիսկ ոչնչացման վտանգ է սպառնում:
Թադևոսյանը անկեղծորեն խոստովանում է. կենդանիներին ձեռք է բերել տարբեր մարդկանցից, ովքեր իմանալով, որ նման այգի ունի, առաջարկում են իրենց արջին, առյուծին կամ կապիկին.
«Հայաստանում շատ մեծահարուստներ են վայրի կենդանիներ պահում, որոնք հայտնվում են նրանց մոտ տարբեր ճանապարհներով: Քանի կարողանում են՝ պահում են, հետո երբ հոգնում են, ձանձրանում՝ չեն ուզում պահել, փորձում են ազատվել կենդանիներից: Կենդանի պահելը դժվար է, օրինակ, եթե արջին կեղտոտելու պահին չմաքրես, պարզ է որ հոտը զբաղեցնելու է ահագին տարածք: Կամ, օրինակ, ինչ որ մեկի երեխայի ծննդին առյուծի ձագ են նվիրել, պահել են, հավեսները հանել, ասում են՝ արի տար»:
Երկու ամիս առաջ «Փրկության այգի» են ներգաղթել Գյումրու կենդանաբանական այգու ուղտը, գայլն ու երկու կապիկները:
2010 թվականից գործող այդ կենդանաբանական այգին, որը պատկանում էր Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորը, այլևս չէր կարողանում գոյատևել՝ կենդանիների սննդի, ջրի ու ձմեռելու համար պայմանների բացակայության պատճառով:
Գյումրու կենդանաբանական այգու շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ այս տարվա հունվարի վերջին: «Աշխարհի ամենավատ կենդանաբանական այգին» խորագրի ներքո բրիտանական The Daily Mail-ը ներկայացրեց, թե ինչ անմխիաթար պայմաններում են ապրում կենդանիները՝ նաև լուսանկարներով: Ընթերցողը տեղեկանում էր նաև, որ սովամահության մատնված արջերն ու առյուծները, սեփականատիրոջ հեռանալուց հետո, ստիպված են եղել ապրել սպանդանոցի թափոններով։
«Փրկության այգ»-ում փրկություն գտած կենդանիներին Արմեն Թադևոսյանը ձեռք է բերել հյուծված վիճակում.
«Կապիկները նիհարած էին, ուղտը հազիվ էր կարողանում քայլել, սապատները գրեթե կորած էին, հիմա քիչ-քիչ վերականգնվում են: Գայլին այնքան էին խնձոր տվել, որ հիմա միս էլ չի ուտում, տեսնեք, խնձորի համար ինչ է անում»:
Daily Mail-ի անդրադարձից հետո, երկու արջերին էլ տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի:
«Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը ասում է, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանձն էր առել դեռևս 2015-ի նոյեմբերին` Հայկական բնապահպանական ցանցի (AEN) նախաձեռնությամբ Գյումրիում պահվող արջերին արտահանել Ռումինիայի «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան` վերականգնողական թերապիա անցնելու և մշտական կացություն տրամադրելու պայմանով.
«Այս պահին Միշա և Մաշա արջերը Երևանի կենդանաբանական այգում են և ստանում են անհրաժեշտ խնամք, կենդանաբուժական զննումներ են անցնում, որից հետո միայն կտեղափոխեն Ռումինիա: Նրանց սննդի, տեղափոխման, բուժման ծախսերը հոգում է «Բրիջիտ Բարդո» հիմնադրամը»:
Այգու երեք առյուծները՝ մայր Մերին և նրա երկու ձագերը՝ Զիտան ու Գիտան դեռևս Գյումրիում են:
Սիլվա Ադամյանը նշում է, որ նրանց տեղափոխելու են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառուցվող կենդանիների փրկարարական կենտրոն, որը գտնում է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում.
«Այս պահին առյուծները ստանում են անհրաշետ բուժումներ, մասնագիտական խնամք, նրանք վերքեր ունեին ճակատին, այնքան էին գլխով հարվածել վանդակի ճաղերին»:
Գյումրու կենդանաբանական այգու շուրջ բարձրացած աղմուկը անակնկալի է բերել ոլորտը վերահսկող Բնապահպանության նախարարությանը: Բնապահպաններն էլ իրենց հերթին ահազանգում են. խնդիրը՝ ոլորտը կարգավորող օրենսդրական թերի դաշտում է:
«Propose» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշում է, որ դեռևս 2006 թվականից ներկայացրել են կենդանիների նկատմամբ պատասխանտու վերաբերմունքի մասին օրենքի առաջարկություն: Անցել է տաս տարի, սակայն որևէ օրենքի նախագիծ կառավարության կողմից չի ներկայացվել խորհրդարանին.
«Պետք է պահպանվեն անազտության մեջ պահվող կենդանիների ազատությունները՝ սննդի, վախից ու դաժան վերաբերմունքից ազատ լինելու, կացարանի և վարքի ազատության դրույթները: Հայաստանում անազատության մեջ գտնվող կենդանիներ շատ կան, բայց ոչ ոք այսօր չի կարող ասել, թե քանի անազատության մեջ պահվող կենդանի կա Հայաստանում, որտե՞ղ, ո՞ւմ կողմից, ի՞նչ հիմքով, ե՞րբ է ձեռք բերվել, ո՞վ է ընդհանրապես նրանց թուլ տվել նման գործողություններ իրականացնել և նման գործունեությամբ զբաղվել: Սա լուրջ խնդիր է, ստացվում է ով՝ ինչ կուզի կանի»:
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինե Արզումանյանը նշում է, որ լիցենզավորման կարգ սահմանված հատուկ վայրի կենդանի պահելու համար գոյություն չունի.
«Մինչև այժմ ոլորտը կարգավորվել է «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2009թ. թիվ 725-Ն որոշմամբ: Այդ կարգի համաձայն կենդանին պետք է պահվի իքս քառակուսի մետր տարածքում և նրա համար պետք է ապահոված լինեն մի շարք պայմաններ»:
ԲՆ Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանը տեղեկացնում է, որ նախարարությունը վերահսկում է մասնավոր կենդանաբանական այգիները, ու, եթե կենդանիների վանդակները կամ պահպանման այլ պայմանները չեն համապատասխանում անհրաժեշտ նորմերին, սեփականատերերը տույժեր են կրում.
«Սակայն այգու սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու համար օրենքը ոչինչ չի սահմանում. օրենսդրական դաշտը ունի որոշակի բացեր ու այդ խնդիրները լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ»:
Հայաստանում կիսաազատության կամ անազատության մեջ պահվող վայրի կենդանիները հաշվառված չեն: Բնապահպանության նախարարությունը չունի տվյալներ ոչ կենդանիների գլխաքանակի, ոչ էլ կենդանաբանական այգիների մասին:
Աշխատանքային խմբում ընդգրկված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հրավիրված իրավաբան-փորձագետ Մերի Խաչատրյանը բացատրում է. կառավարության որոշումը ընդունվել է որսի և որսորդական տնտեսության մասին օրենքի հիման վրա, որի 7-րդ հոդվածի չորրորդ մասը կառավարությանը թույլ է տալիս կարգ սահմանող որոշում ընդունել.
«Ուսումնասիրեցի որսի և որսորդական տնտեսության վարման մասին օրենքը, և տեսա որ, օրենքի 7-րդ հոդվածի չորրորդ մասը դեռևս 2010 թվականի փետրվարի 2-ին ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն այս որոշումը, որն ընդունվել է որսի և որսորդական տնտեսության վարման մասին օրենքի հիման վրա՝ կարգ սահմանելով, արդեն 2010 թվականին ուժը կորցրած է ճանաչվել, մինչդեռ այն գործում է և շրջանառության մեջ է, և դեռ ցանկանում են այս որոշման մեջ փոփոխություններ կատարել: Վերջապես պետք է դաշտը կարգավորել կենդանական աշխարհի մասին առանձին օրենքով, և փոփոխությունը կատարել ոչ թե որոշման մեջ, այլ օրենքով»:
Մերին առաջարկում է աշխատանքներում ներգրավվել մաքսային սահմաններում ներմուծման և արտահանման հարցով լիազոր մարմին ճանաչված ֆինանսների նախարարությանը, քանի որ բոլոր ճանապարհները տանում են դեպի մաքսային սահման.
«Բնականաբար առյուծը Հայաստանում չի ծնվում, ամենաշատը կարող է ծնվել կենդանաբանական այգում, կամ այն օլիգարխների օբյեկտներում, որտեղ նրանց պահում են: Հայաստանը անցումային երկիր է հանդիսանում նաև կենդանիների համար, տարիներ առաջ նույնիսկ էբոլայով հիվանդ երկու կապիկների դեպքը արձանագրվեց, սակայն որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ո՞վ էր բերել կապիկներին, ինչպիսի՞ պայմաններում»:
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո» էկզոտիկ այգին հայտնի է իր բազմատեսակ կապիկներով: Այգու տնօրեն Արտյոմ Վարդանյանը նշում է, որ շատերը հանուն իրենց ամբիցիաների են բերում ու վայրի կենդանիներ պահում, փորձելով հետ չմնալ մյուսներից.
«Գյումրիինը բացահայտվեց, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում շատ կան նման վայրեր: Ես իմ կապիկների համար մաքսիմալ պայմաններ եմ ստեղծել: Իմ շիմպանզեների մոտ ավելի տաք է, քան իմ տանը, նրանց սննդակարգը չի խախտվում՝ մրգեր, վիտամիներ, ամեն ինչ ու միշտ: Եթե մարդը ցանկություն ունի պահելու, և նորմալ պայմաններ է ստեղծում պահելու համար, կարծում եմ, պետությունը պետք է աջակցի: Իսկ հակառակ դեպքում, ես առաջարկում եմ, որպեսզի կենդանիներին չիպավորեն: Չիպով հնարավոր կլինի գտնել տիրոջը և պատասխանատվության ենթարկել: Եղած վայրի կենդանիները պետք է գրանցվեն, հաշվառվեն»:
Արմեն Թադևոսյանն էլ նշում է, որ իր ամբողջ կյանքն է նվիրել կենդանիներին, նրանց փրկելով մարդկանցից, ովքեր լքում էին իրենց իսկ կենդանիներին:
Մոտենալով այգու արջերի՝ 22-ամյա Մշունի ու 14-ամյա Մաշայի վանդակներին, Թադևոսյանը ողջունում է նրանց ու խնձոր առաջարկում:
«Երբ Մաշային բերեցին 5 կգ էր, ոտքից վիրավոր: Ովքեր բերել էին, այլևս նրանց Մաշան պետք չէր, ես եմ բուժել, լավացրել: Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ կփոխեն օրենքներում, կարևորը իմ կենդանիները լավ լինեն: Իմ սերը նրանց նկատմամբ չափազանց մեծ է, ես չեմ էլ կարող ասել ինչո՞ւ»,- խոստովանում է Թադևոսյանը: