Փոքրամասնությունները Վրաստանում, ի՞նչ անել նրանց ինտեգրման համար
Ազգայնական մոտեցումները, որոնք եկել են դեռևս խորհրդային ժամանակներից, մեկուսացրել են Վրաստանի ազգային փոքրամասնություններին։ Եթե նրանց ինտեգրումը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին, այնուամեյանիվ, տեղի ունենա, դա կարևոր նշանակություն կունենա պետության կառուցման հաջող ընթացքի համար։
Սա «Վրաստանի ապագան» շարքի չորրորդ հոդվածն է։ Նախագիծն իրականացնում են Carnegie Europe-ն ու Լևան Միկելաձեի հիմնադրամը, դրա նպատակը վրացական հասարակությունում առկա վիճելի հարցերը վերլուծելն է։
Այս հետազոտության հեղինակներն են Թբիլիսիի «Ազատ համալսարանի» գիտաշխատող Ռուսուդան Ամիրեջիբին և Թբիլիսիի պետական համալսարանի դոցենտ և Քաղաքական ինտեգրման և միջէթնիկական հարաբերությունների կենտրոնի փոխնախագահ Կախա Գաբունիան։
Վրաստանը բազմալեզու և բազմազգ երկիր է։ 2014 թ-ի մարդահամարի տվյալներով՝ էթնիկ վրացիները կազմում են ընդհանուր բնակչության մոտ 87 տոկոսը, այն դեպքում, երբ մյուս էթնիկ խմբերը կազմում են 13 տոկոսը։
Այդ խմբերում ադրբեջանցիները կազմում են Վրաստանի բնակչության ավելի քան 6 տոկոսը, իսկ հայերը՝ գրեթե 5 տոկոսը։
Խորհրդային էթնոլեզվական քաղաքականությունը ծանր ժառանգություն է թողել․ էթնիկ վրացիների ու ազգային փոքրամասնությունների համար դժվար է դիտարկել իրենց որպես միասնական քաղաքացիական ազգային պետության անդամ։
Վրաստանի փոքրամասնությունների ինտեգրումը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին կարևոր նշանակություն ունի պետության կառուցման համար։ Դա փոփոխություններ կպահանջի լեզվին, կրթությանն ու տնտեսական զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունում։
Դրա համար կպահանջվի նաև հայացքների փոփոխություն բազմաթիվ էթնիկ վրացիներից շրջանում, որոնք այնքան էլ ծանոթ չեն փոքրամասնություններին պատկանող իրենց հայրենակիցներին։
Փոքրամասնությունները ժամանակակից Վրաստանում
Խորհրդային Միությունում էթնիկ պատկանելությունն ինստիտուցիոնալացված էր։ Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակահատվածում ձևավորվեցին այսպես կոչված «տիտղոսային ազգերը»՝ վրացիները, հայերը, ռուսները և այլն։
Նրանք ոչ միայն կանխորոշեցին ԽՍՀՄ 15 միութենական հանրապետությունների անվանումները, այլ նաև փաստացի այդ կազմավորումները դիտարկում էին որպես իրենց տարածք և խտրականության էին ենթարկում մյուս ազգերին։
Լեզուն էթնոազգային քաղաքականության կենտրոնական բաղադրիչն էր, և փոքրամասնությունները դրանում պակաս իրավունքներ ունեին, քան բնակչության մեծամասնությունը։
ԽՍՀՄ փլուզումից հետո 15 հանրապետություններն անկախ պետություններ դարձան։ Եվ անկախացած Վրաստանը բախվեց նոր քաղաքացիական ազգային ինքնության ձևավորման խնդրին։
Սակայն, թեև Վրաստանի բոլոր բնակիչներն ինքնաբերաբար վրացական քաղաքացիություն ստացան, փոքրամասնությունները չէին կարողանում լիարժեք մասնակցել պետության կյանքին։
Ժամանակակից Վրաստանի փոքրամասնությունները շատ բազմազան են։ Խոսքն, այդ թվում, ռուսների, հույների, քրդերի, եզդիների, ասորիների, հրեաների և ուկրաինացիների մասին է։
Կիստինցիները՝ Հյուսիսային Կովկասի չեչենների էթնիկ ազգականները, բնակվում են Կախեթիի շրջանի արևելյան հատվածում, սակայն կազմում են շրջանի բնակչության ընդամենը 7 տոկոսը։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի Վրաստանի չորս շրջանները, որտեղ փոքրամասնությունները մեծ թիվ են կազմում՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Քվեմո Քարթլին՝ իր ադրբեջանական մեծ համայնքով, և Ջավախքը՝ հայկական մեծ համայնքով։
Քվեմո Քարթլին սահմանակից է Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Հայաստանին, ինչը քաղաքականացնում է այնտեղ բնակվող ադրբեջանցիների և հայերի կարգավիճակը։
Երկրի վրացական համայնքի մի մասը խոսում է փոքրամասնությունների շրջանում անջատողականության և վրացական պետությանը ոչ հավատարիմ լինելու պոտենցիալ սպառնալիքի մասին։
Իսկ փոքրամասնություններն, իրենց հերթին, ազգային ինքնության սպառնալիք են տեսնում վրացիների կողմից իրենց ասիմիլացնելու փորձերի մեջ։ Ասիմիլյացման վախը, հատկապես՝ հայ համայնքում, և էթնիկ վրացիների կողմից աջակցության բացակայությունն այդ փոքրամասնություններին ստիպում են աջակցություն փնտրել պատմական հայրենիքում։
Չնայած վրացական անձնագրերի առկայությանը՝ այդ երկու շրջանների շատ ադրբեջանցիներ և հայեր իրենց համարում են նաև համապատասխանաբար՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներ։
Բացի այդ, Ջավախքի տղամարդկանց մեծ մասն ամռանը Ռուսաստան է մեկնում՝ սեզոնային աշխատանք կատարելու։ Արդյունքում՝ շրջանի բնակչության զգալի հատվածն ունի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական անձնագրեր, շատերը՝ նաև հայկական անձնագիր։
Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտություններն ու հարցումները հաստատել են, որ փոքրամասնությունները, անգամ եթե պետությունից իրենց օտարացված են զգում, ձգտում են Վրաստանի հավատարիմ քաղաքացիներ լինել և այդ երկիրն ընկալում են որպես իրենց հայրենիք։
2009 թ-ի հետազոտությունում այն հարցին, թե ինչ է նշանակում Վրաստանի քաղաքացի լինել, ադրբեջանցիների (84%) և հայերի մեծ մասը (87%) պատասխանել է «ապրել հայրենիքում»։
Սակայն այն հարցին, թե արդյոք նրանք ակտիվ մասնակցություն ունեն Վրաստանի պետական և քաղաքական կյանքին, ադրբեջանցիներից գրեթե ոչ ոք դրական պատասխան չի տվել։ Էթնիկ հայերի շրջանում քաղաքական մեծ ակտիվություն է եղել։
Պետության նկատմամբ փոքրամասնությունների լոյալության բարձր մակարդակը հաստատել են 2020 թ-ի սեպտեմբերին «Վրաստանի ապագայի համար» նախագծի շրջանակում Carnegie Europe-ի և Լևան Միկելաձեի հիմնադրամի պատվերով Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի (CRRC) անցկացրած հետազոտության արդյունքները։
- Հարցվածների միայն 16 տոկոսն է հայտարարել, որ իր ազգային պատկանելությունն ավելի կարևոր է, քան Վրաստանի քաղաքացիությունը։
- Հարցվածների 67 տոկոսն ընտրել է վրացական քաղաքացիությունը՝ որպես առավել կարևոր գործոն։
- Եվ Վրաստանի բնակչության 15 տոկոսը հայտարարել է, որ երկու ինքնություններն էլ հավասարաչափ կարևոր են։
Էթնիկ հողի վրա ազգայնականության կայունությունը
Էթնո-ազգայնական միտումները ցայտուն են ինչպես փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ վրացիների շրջանում։ Ընդ որում, մեծամասնության և փոքրամասնությունների ինքնատիպությունը մեծ մասամբ կապվում է էթնոտարածքային հավակնությունների հետ, որոնք հիմնված են շատ վաղ անցյալի կամ այն բանի վրա, թե ինչպես է պատմությունը դասավանդվել Խորհրդային Միությունում։
Վրացական համայնքի մի մասին անհանգստացնում է ադրբեջանցիների թվաքանակի ժողովրդագրական աճը։ Սա խորհրդային դարաշրջանի միտման շարունակությունն է, երբ վրացի ազգայնականները հայտարարում էին մուսուլմանների ծավալապաշտության սպառնալիքի մասին։
Ինչ վերաբերում է հայերին, ապա վրացական համայնքում մարդիկ կան, որոնք վախենում են Վրաստանի տարածքի և մշակութային ժառանգության նկատմամբ նրանց հավակնություններից։
CRRC-ի հարցումը ցույց է տալիս, որ ժամանակակից բնակչության շրջանում հիմնականում արմատավորվել է հպարտության զգացումը վրացական քաղաքացիություն ունենալու համար։ Վրաստանի գրեթե բոլոր բնակիչները հայտարարել են, որ հպարտանում են, որ Վրաստանի քաղաքացի են։
Այնուամենայնիվ, քաղաքացիության էթնիկ հայեցակարգը նախկինի պես ուժեղ է․ հարցվածների կեսը նշել է, որ Վրաստանի քաղաքացիները պետք է լինեն ուղղափառ քրիստոնյաներ։ Սա մի կատեգորիա է, որը բացառում է գրեթե բոլոր հայերին, ադրբեջանցիներին և կիստինցիներին։ Իսկ 30% կազմող փոքրամասնությունը նշել է, որ միայն էթնիկ վրացիները պետք է լինեն ուղղափառ և քաղաքացիություն ստանան։
Շատերը նաև լեզուն են համարում վրացական քաղաքացիության կարևոր բաղկացուցիչ։ Հարցվածների 92%-ը կարծում է, որ Վրաստանի քաղաքացիները պետք է խոսեն վրացերեն։ 94%-ը կարծում է նաև, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք ուզում են աշխատել պետական հատվածում, պարտավոր են վրացերեն իմանալ։
Վրաստանում էթնոազգայնականության անփոփոխ ուժը կարող է կապված լինել ինչպես խորհրդային տոտալիտարիզմի, այնպես էլ վրացական ազգայնական ավանդույթի հետ, որը ձևավորվել է XIX դարում, երբ Վրաստանը գաղութացվել էր Ռուսական կայսրության կողմից և վերածնվել 1980-ականների ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ։ Այս ինտելեկտուալ ավանդույթն ընդգծում է երեք համատեղ բաղադրիչ, որոնք ընկած են վրացական ինքնության հիմքում՝ հայրենիք, լեզու և կրոն։
Հարցումը բացահայտել է նաև փոքրամասնությունների նկատմամբ էթնիկ վրացիների հակասական հայացքները։ Դրանք կարելի է նկատել Աբխազիայի և Հարավային Օսիայի 1990-ականների սկզբին տեղի ունեցած հակամարտություններին հասարակության վերաբերմունքի պրիզմայի միջոցով։ Հակամարտությունները ցույց են տվել, որ փոքրամասնությունների տարանջատումն ու թշնամու կերպարի ձևավորումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Հարցվածների 69 տոկոսը հանդուրժող վերաբերմունք է արտահայտել աբխազների և օսերի նկատմամբ, սակայն միաժամանակ 47 տոկոսն էթնիկ փոքրամասնություններին ընկալում է որպես պոտենցիալ սպառնալիք (տե՛ս Դիագրամ 3)։
Ժամանակակից Վրաստանում ցածր մակարդակի վրա է այն, ինչն ամերիկացի սոցիոլոգ Միլտոն Բենետն անվանում է «միջմշակութային զգայունություն»՝ մյուս խմբերի մշակույթի և խնդիրների իմացություն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սա վերաբերում է փոքրամասնությունների բոլոր տիպերին։ Ըստ Բենետի միջմշակութային զգայունության մոդելի՝ էթնիկ վրացիները հիմնականում էթնոցենտրիկ փուլում են, երբ նվազագույնի են հասցնում մարդկանց միջև տարբերություններն ու, մեծ մասամբ, փոքրամասնություններին չեն ճանաչում որպես իրենց պետության լիիրավ անդամ։
Կրոնը տարբերության ևս մեկ ցուցանիշ է։ Պատմականորեն Վրաստանում համարվել է, որ կրոնն է որոշում ազգային պատկանելությունը։ Էթնիկ վրացիները, որոնք կնքվել են Հայ առաքելական, կամ Գրիգորյան եկեղեցում, հայ էին համարվում, իսկ վրացի կաթոլիկներին Վրաստանի հարավում «ֆրանսիացի» էին անվանում։ Բոլոր մուսուլմանները, անկախ ծագումից՝ Ադրբեջան, Վրաստան, Իրան, թե Թուրքիա, թաթարներ էին համարվում։
Ժամանակակից Վրաստանում բնակչության մոտ 83 տոկոսը պատկանում է Վրաց ուղղափառ եկեղեցուն։ Հայերի մեծ մասը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, իսկ ադրբեջանցիներն ու վրացիների փոքրամասնությունն իսլամ է դավանում։ Սակայն մուսուլմանների էթնիկ ծագումը հիմնականում նշանակություն չունի․ վրացի և ոչ վրացի իսլամ դավանողները խտրականության են ենթարկվել հիմնականում վրացի ուղղափառ քրիստոնյաների կողմից։
Վրաստանում գործող օրենսդրությունը լիբերալ է կրոնական կառույցների և սրբավայրերի կառուցման հարցում։ Այնուամենայնիվ, տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ են կրոնական խմբերին մերժում շինարարության թույլտվության հարցում կամ հետաձգում են դա խտրական հիմքերով։
Ի տարբերություն դրա՝ Վրաց ուղղափառ եկեղեցին հատուկ իրավական կարգավիճակ ունի Վրաստանում՝ ըստ Սահմանադրության։ Եկեղեցին սովորաբար օգտվում է արտոնություններից՝ ի տարբերություն կրոնական մյուս համայնքների, որոնք դա ընկալում են որպես անհավասարության նշան։
Բնականաբար, նման անիրավահավասար մոտեցումը չի նպաստում աշխարհիկ միջավայրի ստեղծմանը, հետևաբար՝ խոչընդոտում է փոքրամասնությունների ինտեգրմանը։
Կառավարության քաղաքականությունը փոքրամասնությունների վերաբերյալ․ մտադրություններ և իրականություն
Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը վրացական հասարակություն տեղի է ունենում շատ դանդաղ՝ չնայած կառավարության մի շարք հայտարարություններին, թե աշխատանք է տարվում։ Թեև Վրաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարական պետության կառուցման գործում վերջին երկու տասնամյակում, կայուն ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը դեռևս թույլ են։
Պետական քաղաքական ինստիտուտների նկատմամբ փոքրամասնությունների համայնքների անվստահությունն ու այդ ինստիտուտների թուլությունը հանգեցնում է օտարացման և մեկուսացման։ CRRC-ի հարցումը ցույց է տվել նաև, որ վրացիների մեծ մասը չի համարում, որ կանայք և ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն խորհրդարանում (տե՛ս Դիագրամ 4)։
Կառավարության առջև ծառացած թերևս ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչպես պաշտպանել փոքրամասնությունների ժառանգությունն ու ամբողջությամբ նրանց ներգրավել վրացական մշակութային տիրույթ։ Կրթության և գիտության նախարարությունը մի քանի գործնական նախագիծ է ֆինանսավորում և իրականացնում, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ու ժողովրդականացմանը։ Սակայն քիչ ուշադրություն է դարձվում փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին վրացիների ծանոթությանը։
2005 թ-ին Թբիլիսին ինստիտուցիոնալ մոտեցում է մշակել ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրմանը։ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին Եվրախորհրդի Շրջանակային կոնվենցիային համապատասխան՝ Վրաստանը մշակել է փոքրամասնությունների ազգային ինքնատիպության նկատմամբ հարգանքի և նրանց իրավունքների իրացման համար համապատասխան պայմանների ստեղծան քաղաքականություն։
2009 թ-ին կառավարությունը հրապարակել է Հանդուրժողականության և քաղաքացիական ինտեգրացիայի ազգային հայեցակարգ և 2009–2014 թթ-ի գործողությունների պլան։ Իսկ 2015 թ-ին նախարարները հաստատել են Քաղաքացիական հավասարության և ինտեգրացիայի պետական ռազմավարություն և 2015–2020 թթ-ի գործողությունների պլան։
Ներկա պահին կառավարությունն աշխատում է 2021-2030 թթ-ի ռազմավարության և գործողությունների պլանի վրա։ Գործողությունների այդ պլանները երկրի քաղաքացիական ինտեգրացիայի քաղաքականության կարևորագույն գործիքներից են։
Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտներն այնքան քիչ են զարգացած, որ օրենսդրությունը հաճախ միայն թղթի վրա է, իսկ օրենքների պահպանման ապահովման մեխանիզմերը թույլ են կամ ընդհանրապես գոյություն չունեն։
Հետևաբար, անգամ եթե օրենքը կատարյալ է, դրա կատարումը հարցականի տակ է։ Մոնիթորինգ է անհրաժեշտ քաղաքացիական հասարակության կողմից, որպեսզի բացահայտվեն այս գոծընթացում առկա թերությունները, ձևավորվեն լուծումները և աշխատանք տարվի համապատասխան մարմինների հետ։
Լեզվական քաղաքականություն
Լեզվական քաղաքականությունը վճռորոշ դեր ունի արդյունավետ ինտեգրման համար։ Վրացական փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ վատ են խոսում վրացերեն, իսկ իրենց մայրենի լեզուները միայն մասնակի են ճանաչվում հասարակական կյանքում։
Լեզվի հետ կապված խնդիրները գալիս են դեռ խորհրդային ժամանակներից։ Որպես Խորհրդային Միության լեզվական քաղաքականությունից պաշտպանվելու միջոց՝ փոքր ազգերն իրենց ինքնության ձևավորման հարցում նախապատվությունը տալիս էին լեզվին։ Իսկ քանի որ ԽՍՀՄ-ը կրոն չէր ճանաչում, լեզուն է՛լ ավելի մեծ նշանակություն էր ձեռք բերում։
Թեև վրացերենի կարգավիճակը որպես հանրապետության լեզու Վրաստանի Սահմանադրությունում ամրագրվել է 1978 թ-ին, ռուսերենը ճանաչվել է որպես իրավունքի, գիտության և միջէթնիկական հարաբերությունների լեզու։ Դա նախկինի պես դեռ արտացոլվում է ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում վրացերենին տիրապետելու ցածր մակարդակով։
Լեզվական քաղաքականությունների թվում, որոնք առաջարկվել են Վրաստանի ազգային փոքամասնությունների համար, փոքրամասնությունների լեզվով պետական ծառայությունների մատուցումը CRRC-ի կողմից հարցված վրացիների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի (տե՛ս Դիագրամ 5)։
Սակայն հարցվածներն ավելի թերահավատորեն են վերաբերվել փոքրամասնությունների լեզվով փողոցային ցուցանակների օգտագործման և այդ լեզուներով որոշ դատական գործերի վարման գաղափարին։
Լեզվական կրթությունը պահանջում է ավելի մեծ ուշադրություն կառավարության կողմից։ Ներկա պահին կա 208 պետական դպրոց, որտեղ չեն խոսում վրացերեն, ինչպես նաև 89 ոչ վրացալեզու բաժիններ՝ ռուսերենով, հայերենով կամ ադրբեջաներենով ուսուցմամբ։ Ընդհանուր առմամբ, այս բոլոր ոչ վրացալեզու դպրոցներում և բաժիններում սովորում է գրեթե 52 000 աշակերտ։
Ոչ վրացալեզու դպրոցներում հիմնական խնդիրը որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունն է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վրացական բուհերում գրեթե չկար այդ դպրոցների համար ուսուցիչների պատրաստման ծրագիր։ Արդյունքում՝ ուսուցիչների տարիքը շատ բարձր է․ ավելի քան 60 տոկոսը կենսաթոշակային տարիքի է։
Դասագրքերի ոչ բավարար թարգմանության հետ միասին սա բացասաբար է ազդում ոչ վրացալեզու պետական դպրոցներում կրթության մակարդակի վրա։
Տեղական և միջազգային հարցումները ցույց են տալիս վրացերենի տիրապետման չափազանց ցածր մակարդակ ոչ վրացալեզու դպրոցների շրջանավարտների շրջանում, և այս խնդիրը կառավարությունը պետք է շտապ լուծի։
2006 թ-ից կրթության նախարարությունը տարբեր նախագծեր է իրականացնում ոչ վրացալեզու դպրոցներում վրացերենի դասավանդմանն աջակցելու համար։ Սակայն այդ նախագծերի հաջողության ցուցանիշները բավականին ցածր են։
Այս նախագծերի ցանկում հարկ է հիշատակել նշանակալից բացառությունը՝ դրական գործողությունների քաղաքականությունը, որը հայտնի է նաև որպես 1 + 4 ծրագիր։ Այն Վրաստանի կառավարությունն իրականացնում է 2010 թ-ից։ Այս ծրագրի շրջանակում, որը վրացերեն չխոսող ուսանողների համար է, քվոտա է տրամադրվում, և նրանք առանց քննությունների բուհ են ընդունվում այն պայմանով, որ մեկ տարվա ընթացքում վրացերեն սովորեն և միայն դրանից հետո անցնեն բակալավրի քառամյա ծրագրին։
Ծրագիրը մի քանի դրական արդյունք է տվել, որոնք բարձրացրել են վրացական բուհերում փոքրամասնությունների ստացած կրթության որակը։
Այդ հաստատությունների նկատմամբ վստահությունն աճել է, և հույս կա, որ երիտասարդներն աշխատանք կգտնեն Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Աճել է նաև երիտասարդների թիվը, որոնք կարող են շարունակել կրթությունը վրացերենով։
Օրենքի փոփոխությունը, որը փոքրամասնություններին թույլ է տալիս մայրենի լեզվով գիտելիքների ընդհանուր թեստ հանձնել, երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալու ավելի շատ մոտիվացիա է տվել։ Վրացերեն չխոսող բնակչությունն ավելի շատ տեղեկություններ է ստացել այդ փոփոխությունների մասին։ Արդեն կան ծրագրի՝ հաջողության հասած մասնակիցներ, որոնք սովորում են վրացական բուհերում։
Փոքրամասնությունների լեզուների պահպանմամբ վրացերենի արդյունավետ դասավանդումն ապահովելու համար կրթության նախարարությունը բազմալեզու կրթության բարեփոխում է սկսել՝ ուսուցման միալեզու մոդելը փոխարինելու ու վրացերենը ոչ վրացալեզու դպրոցներում որպես լրացուցիչ լեզու ընդգրկելու համար։
Սակայն ներդրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել․ ոչ ճկուն ուսումնական ծրագիր, դասացուցակների հետ կապված խնդիրներ և ցածր աշխատավարձեր, որոնք դժվարացնում են դպրոցների ադապտացիան նոր մոդելներին։ Մասնավորապես, բազմալեզու կրթության մոդելի ներդրումը ենթադրում է լեզվի ինտեգրում այնպիսի առարկաներում, ինչպիսիք են մաթեմատիկան և բնագիտական առարկաները։
Դա հանգեցնում է դասացուցակների փոփոխման և ուսումնական ծրագրի շտկման, ինչն ուսուցիչներից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Մանկավարժներին հարկ եղած ձևով մոտիվացնելու և հետաքրքրելու համար պետությունը պետք է բարձրացնի նրանց աշխատավարձը։
Իսկ պետությունը, կարծես, պատրաստ չէ այդ փոփոխություններին, թեև առաջին քայլերը ձեռնարկվում են որպես պիլոտային նախագծեր։
Սոցիալ-տնտեսական հարցեր
Սոցիալ-տնտեսական խնդիրները նույնպես առանցքային դեր են խաղում անհավասարության մեջ, որին բախվում են Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները։
Թեև վրացական օրենսդրությունը ֆորմալ առումով ապահովում է բոլոր քաղաքացիների տնտեսական հավասարությունը, փոքրամասնությունների ներկայացուցիչները նախկինի պես մեծ խոչընդոտների են բախվում իրենց տնտեսական իրավունքների իրականացման և սոցիալական ծառայությունների հասանելիության համար պայքարում։
Տնտեսական ակտիվությունը Քվեմո Քարթլիում և Ջավախքում շատ ավելի ցածր է, քան մայրաքաղաք Թբիլիսիում։ Քվեմո Քարթլին ու Ջավախքը գլխավորապես գյուղատնտեսական շրջաններ են և միասին արտադրում են Վրաստանի կարտոֆիլի ողջ բերքի կեսից ավելին։
Ցորենն ու եգիպտացորենն աճեցվում են Քվեմո Քարթլիի հարթավայրում, և երկու շրջաններում էլ զբաղվում են նաև անասնապահությամբ։
Վրաստանի կառավարությունը սկսել է սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների ինտեգրմանն ազգային տնտեսությունում։ Սակայն մինչ օրս հիմնական շեշտը դրվում է տեղեկատվական արշավների վրա, օրինակ՝ Կախեթիի, Քվեմո Քարթլիի և Ջավախքի ազգային փոքրամասնություններին գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության տարբեր պետական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների տրամադրման վրա։
Կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկել շրջաններում բնակվող երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում հնարավորություններ և աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հիմնել է Ձեռնարկատիրության շրջանային դպրոց Երիտասարդության ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակում։
2018 թ-ի ուսումնական դասընթացը Քվեմո Քարթլիի կանանց համար այն մասին, թե ինչպես ընկերություն հիմնել և զարգացնել, ընկալվել է որպես նրանց կողմից մասնավոր բիզնեսով զբաղվելու խթան։ Ցավոք, դա աջակցության ընթացիկ սահմանաչափն է, և սա պետք է շտկել։
Գործազրկությունը դեռևս մեծ խնդիր է Վրաստանի ազգային փոքրամասնությունների համար։ Նրանք բախվում են աշխատանքի տեղավորման խնդիրների շատ ոլորտներում՝ ներառյալ պետական ծառայությունների ոլորտը։
Ազգային փոքրամասնությունների երիտասարդության համար պետական կառավարման հասանելիությունն ընդլայնելու նպատակով 2017 թ-ին Վրաստանի կառավարությունն ազգային փոքրամասնությունների ուսանողներին հնարավորություն է տվել համապատասխան փորձ ձեռք բերել և զարգացնել պրոֆեսիոնալ հմտությունները՝ պետական մարմիններում փորձաշրջան անցնելով։
Զուրաբ Ժվանիայի հանրային կարծիքի դպրոցը, որը 2006 թ-ին բացվել է Քութայիսիում, Վրաստանի ողջ տարածքում պետական ծառայողների համար պրոֆեսիոնալ կրթության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր է առաջարկում։
Սակայն հաճախ անտեսվում են շրջանավարտները, որոնք լավ չեն տիրապետում վրացերենին կամ ընդհանրապես չեն տիրապետում և պրոֆեսիոնալ հմտություններ չունեն, և նախապատվությունը տրվում է այլ թեկնածուներին։
Եզրակացություն․ ի՞նչ առաջնահերթություններ են պետք
Վրաստանի ազգային փոքրամասնությունները երկիրն իրենց հայրենիքն են անվանում և հայտարարում են, որ օտարացած չեն վրացական պետականության՝ որպես ընդհանուր սկզբունքի գաղափարից։ Սա դրական երևույթ է, սակայն հանրային և քաղաքական ոլորտներում փոքրամասնությունների ներգրավվածությունը դեռ ծայրահեղ սահմանափակ է։
Վրաստանի փոքրամասնությունների օտարացումը մնացած հասարակությունից՝ խորանում է առևտրատնտեսական փոխգործակցության սահմանափակ հնարավորությունների հետևանքով, այն դեպքում, երբ Վրաստանում էթիկ խմբերի միջև հարաբերությունները մեծ մասամբ բնորոշվում են խմբային սնոտիապաշտությամբ և կարծրատիպերով, որոնք ձևավորվել են խորհրդային տարիներին։
Վրաստանում քաղաքացիական ազգի հաջող կայացումը ենթադրում է փոքրամասնությունների ինտեգրում երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանք։ Սա նույնպես փոփոխություններ է պահանջում հսկայական թվով էթնիկ վրացիների շրջանում, որոնք քիչ կամ ընդհանրապես չեն համագործակցում փոքրամասնություններին պատկանող իրենց համաքաղաքացիների հետ և դեռևս նախապաշարմունքներ ունեն նրանց վերաբերյալ։
Իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է փոխել պետական քաղաքականությունը մի քանի առանցքային ոլորտներում։
Վրացերենի լեզվակիրների և ազգային փոքրամասնությունների լեզուներով խոսողների միջև լեզվական խոչընդոտը հաճախ դիտարկվում է որպես ազգային փոքրամասնությունների օտարացման գլխավոր գործոն։ Վրացերենին տիրապետելը շփման կարևոր միջոց է և անհրաժեշտ է պրոֆեսիոնալ զարգացման համար, թեև միայն լեզվի իմացությունը բավարար չէ էթնոմեկուսացման վերացման համար։
Կրթական համակարգը պետք է վրացերենի իմացությունը հասանելի դարձնի ազգային փոքրամասնությունների համար և միաժամանակ ապահովի փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը։
Այս նպատակով պետությունը պետք է առավելագույնս օգտագործի տեղում աշխատող մասնագետների ներուժը՝ առաջարկելով ուսումնական ծրագրեր վրացերենի դասավանդումը և ուսուցիչների որակավորման բարձրացումը սատարելու համար։ Կրթական ընդհանուր համակարգը պետք է ապահովի Վրաստանի բոլոր քաղաքացիների կրթությունը, այլ ոչ թե մի խմբին առավելություն տա մյուսի նկատմամբ։
Էլ ավելի կարևոր է կայուն ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։ Վրաստանը պետք է միջավայր ստեղծի, որում պետությունը հաշվի է առնում յուրաքանչյուրի շահերը և ավելի լավ է պաշտպանում մերիտոկրատիայի սկզբունքը։ Դրան զուգահեռ պետք է զարգացնել և ամրապնդել տեղական ինքնակառավարման համակարգը։ Սա քաղաքացիներին կխրախուսի մասնակցել տեղի քաղաքականությանը, ինչպես նաև կօգնի պաշտպանել նրանց մշակութային ինքնատիպությունը։
Կրթության և մշակույթի նախարարությունները միջազգային դոնորների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ պետք է խրախուսեն միջմշակութային կրթական նախագծերը, որոնք արտացոլում են Վրաստանի պատմական զարգացման մեջ փոքրամասնությունների դրական և ազդեցիկ դերը։
Շրջաններում, որոնք խիտ բնակեցված են փոքրամասնություններով, կարևոր է ապահովել այդ շրջաններին բնորոշ ոլորտների զարգացումն ու աջակցությունը։
Սա ներառում է գյուղատնտեսական ոլորտում մասնավոր նախաձեռնությունների զարգացումը և Քվեմո Քարթլիի ու Ջավախքի ագրարային շրջաններում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ավելացումը։
Խորհուրդ է տրվում նաև զարգացնել արդյունաբերական կենտրոններն այդ շրջաններում՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական ակտիվության խթանման նպատակով։
Մշակութի և կրթության նախարարությունները կրկին միջազգային դոնորների և հասարակական կազմակերպությունների հետ միասին պետք է հասարակայնության հետ կապերի մեծ արշավ սկսեն՝ փոքրամասնությունների մշակույթի, ավանդույթների և արժեքների մասին մեծամասնության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Սա կօգնի հաղթահարել օտարացումն ու հասարակությանն ավելի ընկալունակ կդարձնի տարբեր մշակույթների նկատմամբ։
Եվ վերջապես, պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի փոքրամասնությունների վերաբերյալ ռազմավարության մշակման գործնական քայլերի ձեռնարկմանը՝ ապահովելու համար Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքին նրանց լիարժեք և հավասար մասնակցությունը։
Քարնեգին ինստիտուցիոնալ դիրքորոշումներ չունի պետական քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Այստեղ արտահայտված հայացքները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Քարնեգիի, դրա աշխատակիցների և հոգաբարձուների տեսակետը։