Փոխնակ մայրություն. պահանջարկը կրկնապատկվել է, ծառայության գինը՝ աճել
Փոխնակ մայրություն Հայաստանում
2022 թվականին Հայաստանի Պտղաբերության կենտրոնում փոխնակ մոր օգնությամբ երեխա է ունեցել շուրջ 60 ընտանիք: Թե քանի՞ կին է տարվա ընթացքում մատուցել փոխնակ մայրության ծառայություն ողջ երկրի կտրվածքով, վիճակագրական տվյալներ չկան: Առողջապահության նախարարությունից JAMnews-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին՝ «նման վիճակագրություն չեն վարում, քանի որ վերոնշյալ ծառայությունների մատուցումը դուրս է ԱՆ իրավասություններից ու լիազորություններից»:
Իսկ Պտղաբերության կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի խոսքով, վերջին տարիներին փոխնակ մոր ծառայություններից օգտվողների թիվը 2-3 անգամ ավելացել է․
«Եթե նախկինում փոխնակ մայրության ծրագրից տարեկան օգտվում էր 20-30 ընտանիք, ապա այժմ այդ թիվը հատել է 60-ի սահմանագիծը, դրան զուգահեռ բազմաթիվ ընտանիքներ դեռևս փոխնակ մոր փնտրտուքների մեջ են»:
Մի ընտանիքի պատմություն, որն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից, ինչ գումար է պետք դրա համար, ինչով է բացատրվում պահանջարկի աճը, նաև ընթացքում առաջացող հոգեբանական խնդիրներ մասին։
- Երկար սպասված երեխա՝ ուրիշի համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
- Քո ուրիշի մայրը. ինչու է Ուկրաինան դարձել փոխնակ մայրության կենտրոն
- Ընտրելով կյանքը․ 28–ը, որ ծնվել են՝ ապրեցնելու համար
Փոխնակ մայրերին կվճարի կառավարությունը
Պտղաբերության կենտրոնի տնօրենի խոսքով՝ փոխնակ մայրության ծրագրից օգտվել ցանկացողների թվաճ է նկատվել հատկապես կառավարության 2022թ.-ի հունվարի 13-ին ընդունած որոշումից հետո։ Այն վերաբերում է «մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած)» զինծառայողների ծնողներին։ Նրանք ստացան փոխնակ մոր ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։
«Պատերազմի ընթացքում երեխաներ կորցրած ծնողների գերակշիռ մասն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Փորձը ցույց է տալիս, որ նրանցից շատերին է անհրաժեշտ փոխնակ մոր օգնությունը՝ կրկին երեխա ունենալու համար։ 2022թ.-ին փոխնակ մայրության ծրագրից օգտվածների կեսից ավելին հանդիսանում են հենց պատերազմում զոհվածների ծնողները»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը:
Ի՞նչ արժե փոխնակ մայրությունը
Կառավարությունը փոխնակ մոր ծառայությունների համար սահմանել է 5.5 մլն դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Սակայն նրանք իրավասու են առաջարկել այն արժեքը, որի դիմաց պատրաստ են լույս աշխարհ բերել պատվիրատու ընտանիքի երեխային:
Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ պետական աջակցության ծրագրի ներդրմանը զուգահեռ մեծացել է ոչ միայն փոխնակ մայրերի պահանջարկը, այլև՝ նրանց կողմից ակնկալվող գումարի չափը:
Եթե նախկինում փոխնակ մայրության ծառայության դիմաց տրամադրվում էր միջինը 10 հազար դոլար, ապա ներկայումս փոխնակ մայրության համար ակնկալվող գումարը 15 հազար դոլարի միջակայքում է:
Օրեցօր աճող առաջակ-պահանջարկը բալանսավորելու համար «Վերարտադրողականության հայկական ասոցացիան» առաջարկել է առողջապահության նախարարությանը բարձրացնել փոխնակ մայրության ծառայություն մատուցելու թույլատրելի տարիքային շեմը՝ այժմյան 35-ը դարձնելով 39-ը:
«Եթե այս փոփոխությունն արվի, մենք կկարողանանք կանանց մի որոշակի տարիքային խմբի ևս ներգրավել փոխնակ մայրության ծրագրերում: Դա շատ կօգնի մեզ»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը։ Շեշտում է՝ մի շարք եվրոպական երկրներում փոխնակ մայրությունը թույլատրվում է մինչև 44 տարին լրանալը:
Առողջապահական կառույցները առաջացած պահանջարկը մեղմելու նպատակով պարբերաբար հանդես են գալիս նաև փոխնակ մայրերի հավաքագրման առաջարկներով: Արձագանքողներից, սակայն, բժշկական ցուցումներից ելնելով, 20-30 տոկոսին է հաջողվում միայն ներգրավել ծրագրում:
«Փոխնակ մարության համար մեծամասամբ դիմում են սոցիալական խնդիրներից ելնելով՝ գումարի համար: Լինում են նաև դեպքեր, երբ դիմող կանայք հումանիտար մղումներ են ունենում, որոնք պայմանավորված են լինում հատկապես զոհվածների ծնողներին օգնելու ցանկությամբ»,- ասում է Համբարձումյանը:
Փոխնակ մայրության ծրագրում ներառվելու համար բժկական ցուցումներին համապատասխանելու դեպքում կազմակերպվում է պատվիրատու ընտանիքի հետ հանդիպումը։ Եթե հաջողվում է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, այն ամփոփվում է նոտարական վավերացմամբ պայմանագրով: Պայմանագիրը ներառում է այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք կողմերը հանձն են առնում կատարել՝ ծրագրի ողջ ընթացքում:
«Մայրերի խանդը երբեմն խանգարում է բնականոն հարաբերություններին»
Փոխնակ մայրության ծրագրի իրականացման ընթացքում երեխայի սպասող զույգի ու փոխնակ մոր հետ անհրաժեշտության դեպքում աշխատում է նաև հոգեբանը: Պտղաբերության կենտրոնի հոգեբան Եվա Մարգարյանի խոսքով՝ փոխնակ մայր-զույգ հարաբերություններում հիմնական խնդիրները պայմանավորված են լինում ընտանիքի պահանջներով՝ կապված պայմանագրային կետերի պահպանման հետ․
«Երեխայի ծնողները պահանջում են, որ փոխնակ մայրը կատարի պայմանագրով ամրագրված բոլոր կետերը։ Բայց զուգահեռ մայրերի խանդի զգացողությունը երբեմն խանգարում է երկկողմ հարաբերությունների բնականոն ու հանգիստ ընթացքին»:
Հոգեբանի խոսքով՝ գլխավոր մտավախությունն այն է, որ փոխնակ մայրը հանկարծ երեխայի հետ չկապվի, չհամարի իր երեխան: Այս առումով, սակայն, կենտրոնում դեռևս որևէ խնդրահարույց դեպքեր չեն արձանագրվել:
Վիճակագրության համաձայն, փոխնակ մայրերը հաճախ ամուսնալուծված կանայք են, որոնք այս կերպ փորձում են թեթևացնել միայնակ երեխա մեծացնելու հոգսը: Լինում են նաև դեպքեր, երբ կանայք ամուսնու հետ են դիմում՝ փոխնակ մայրությունը դիտարկելով որպես գումար վաստակելու հնարավորություն՝ այն կոնկրետ նպատակի ծառայեցնելու համար:
Չնայած նրան, որ հատկապես զոհվածների ծնողներին աջակցող մայրության ծրագիրը դրական արձագանք է ստացել հասարակության կողմից, փոխնակ մայրերը շարունակում են խուսափել հանրայնացնել իրենց կարգավիճակը։ Հղիության ողջ ընթացքը նրանք հիմնականում անց են կացնում կեցավայրից հեռու՝ հնարավոր հասարակական կարծրատիպերից ու քննարկման թիրախ դառնալուց խուսափելու համար:
Հղիության վերջին ամիսներն փոխնակ մայրերը շատ հաճախ անց են կացնում հենց պատվիրատու ընտանիքների հետ: Դա հնարավորոթյուն է տալիս ընտանիքին հետևել փոխնակ մոր ու սպասվող երեխայի առողջական վիճակին՝ հնարավոր ռիսկերը հասցնելով նվազագույնի:
«Փոխնակ մոր շնորհիվ մեր կյանքում կարծես լույս վառվեց»
51-ամյա Անժելա Եղիազարյանն ու նրա ամուսինը պետական աջակցությամբ իրականացվող փոխնակ մայրության ծրագրի շահառուներից են:
Միակ որդուն՝ 26-ամյա Ավետիքին 2020 թվականի 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո ամուսինները կորցրել էին նաև ապրելու իմաստը: Ամուսնու՝ փոխնակ մայրության ծրագրից օգտվելու առաջարկը նախ անակնկալի է բերել Անժելային: Կարճ ժամանակ անց, սակայն, կինը հասկացել է՝ երեխան կարող է իմաստ ու գույն հաղորդել կյանքին:
«Շատ կուզեի ինքս երեխա ունենալ, բայց առողջական խնդիրներ ունեի, չէի կարող: Սրտիս խորքում ուզում էի, միևնույն ժամանակ՝ վախենում»,- հիշում է Անժելան:
Որոշում կայացնելուց հետո ընտանիքը սկսել է սեփական ուժերով փոխնակ մայր որոնել, բայց ապարդյուն:
«Մեկ ամսից ավել փնտրեցինք, հարցուփորձ արեցինք, չգտանք: Որոշեցինք դիմել Պտղաբերության կենտրոն: Փոխնակ մոր հետ հենց առաջին հանդիպումից փոխադարձ համակրանք զգացինք»,- պատմում է Անժելան:
Հղիության վերջին 3-4 ամիսները փոխնակ մայրն անց է կացրել Անժելայի և նրա ամուսնու կողքին:
«Մեր փոխնակ մայրը ամուսնալուծված էր, հայրական տանն էր ապրում: Չէր ուզում ընտանիքն իմանա, որ ինքը փոխնակ մայր է: Ծնողներին ասել էր, որ գնացել է Ռուսաստան՝ աշխատելու»,- պատմում է կինը:
Երեխայի ծնվելուց անմիջապես հետո երեխային հանձնել են զույգին: Փոխնակ մայրը երեխային չի տեսել:
Ամուսինները փոխնակ մորը վճարել են 6.100.000 դրամ: Պայմանավորվածության համաձայն ամսական 100.000 դրամ տրամադրվել է ողջ հղիության ընթացքում, մնացած 5.200.000-ը՝ երեխայի ծնվելուց հետո:
Ամուսինները շնորհակալ են փոխնակ մորը՝ երեխային լույս աշխարհ բերելու համար: Ասում են՝ փոքրիկ Ավետը լցրել է դատարկված տունը:
«Փոխնակ մայրը մեծ, շատ մեծ գործ կատարեց: Մեր կյանքում կարծես լույս վառվեց: Եթե մինչ երեխայի ծնվելն ամբողջ օրն արտասվում էի, ապա հիմա մի գերբնական ուժ եմ զգում՝ իրեն պահելու, մեծացնելու համար»,- ասում է Անժելան:
Պտղաբերության կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանն ասում է.
«Այդ կանայք կարևորագույն օղակ են մեր աշխատանքում, նրանք օգնում են անպտղությամբ տառապող զույգերին երեխա ունենալ: Մենք բոլորս, այդ թվում փոխնակ մայրերը, պետք է գիտակցենք, որ այդ քայլով օգնում ենք մեր ժողորդին, մեր երկրին։ Նաև դեմոգրաֆիկ առումով: Փոխնակ մայրերը շատ մեծ ու կարևոր գործ են անում, հերոսական գործ: Այդ կանանց պետք է միմիայն խրախուսել: Եվ խրախուսել ոչ միայն խոսքով, այլև հասարակական կարծրատիպերի ու մոտեցումների փոփոխությամբ»:
Փոխնակ մայրություն Հայաստանում