«Լեգիտիմացնելով փախստականների թիրախավորումը»․ Փաշինյանն արցախցիներին «փախածներ» է անվանել
Փաշինյանն արցախցիներին «փախածներ» է անվանել
Հայ հանրությունն ու փորձագետներն ակտիվորեն քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ մասնակցությամբ միջադեպը։ Նախօրեին վարչապետի և քաղաքացու զրույցը բանավեճի էր վերածվել, Փաշինյանը մինչև անգամ ասել էր, թե «մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ պաշտոնատար անձանց կոչ անելով իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Տեքստում, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու միջադեպը հիշատակված չեն։
Քաղաքագետները կարծում են՝ վարչապետը լեգիտիմացնում է փախստականներին թիրախավորող խոսույթներն ու դրանք օգտագործում քաղաքական նպատակներով։
Միջադեպից հետո վարչապետը մի քանի անգամ ներողություն է խնդրել կնոջից և նորից հանդիպելու առաջարկ արել։ Այս ներողությունը նույնպես չի վրիպել վերլուծաբանների աչքից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ նոր հանդիպման առաջարկը վկայում է այն մասին, որ գործ ունենք ոչ թե ներողության, այլ հնարքի հետ։
«Հնարք է այն հաշվարկով, որ եթե տիկինն ընդունի հանդիպման հրավերը, ապա բնական է, որ այդ կետից արդեն քարոզչական անիվը կսկսի պտտվել հօգուտ Փաշինյանի։ Եթե տիկինը չընդունի հրավերը, ապա քարոզչական ամբողջ բույլը կստանա գրոհային նոր ալիքի «լեգիտիմ առիթ», ասելով, թե Փաշինյանը ներողություն խնդրեց, իսկ ահա տիկինը գտնվեց անշնորհք, գնահատելու անընդունակ և այլն»,- ընդգծել է Բադալյանը։
Միջադեպի բոլոր մանրամասները, վարչապետ Փաշինյանի ներողությունը, ՄԻՊ արձանագրումը, մեկնաբանություններ
- «Մեզ է անհրաժեշտ, ոչ թե ուրիշներին»․ Փաշինյանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
- «Սա ոչ թե խաղաղություն է, այլ պարտվողականություն». տարբերվող տեսակետ ՀՀ անվտանգության վերաբերյալ
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Մի կրծքանշանի պատմություն
Փաշինյանն ու թիմակիցները հանգստյան օրերին «ներկուսակցական քարոզարշավ» են իրականացնում՝ շրջելով տարբեր բնակավայրերում։ Կիրակնօրյա կանգառը Երևանի մետրոպոլիտենում էր։
Վերջին շրջանում վարչապետը Հայաստանի քարտեզով կրծքանշան է կրում, այն նվիրում նաև քաղաքացիներին։ Վարչապետը մետրոյում հենց այդ կրծքանշանը նվիրելու առաջարկ է արել մի տղա երեխայի, որի մայրն արձագանքել է․
«Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենքն [կատի ունի՝ Արցախը ներառյալ]»:
Վարչապետը պնդել է․ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։
Արցախցի կինն էլ պատասխանել է․ «Դուք չեք կարող մեզ զրկել Արցախ վերադարձի հույսից»:
Փաշինյանը վրդովվել է, սկսել մատը թափ տալով խոսել կնոջ հետ, հիշեցրել․
«Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել: […]
Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
Թեև քաղաքացին խնդրել է չշարունակել թեման, ասել, որ մրցաշարից ուշանում են, սակայն վարչապետը շարունակել է բանավեճը։
Փաշինյանն ընդունել է, որ «ինչ-որ բան այնպես չի ասել»
Նույն օրը վարչապետ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից։
«Ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել: Ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել: Ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել։ Բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- նկատել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը միջադեպին անդրադարձել է նաև ֆեյսբուքյան գրառմամբ, քաղաքացի Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրել է կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․
«Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։ Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»։
Առանց կոնկրետ հասցեատիրոջ․ Մարդու իրավունքների պաշտպանի կոչը
«Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Հավելել է՝ դա են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները:
Պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային խոսքում տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ զգայունություն ցուցաբերելու կոչ է արել «պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին»։
«Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,- նկատել է պաշտպանը։
Մեկնաբանություններ
Նիկոլ Փաշինյանի պահվածքը քննադատության է արժանացել ոչ միայն արցախիցների թիրախավորման և ատելության խոսքի տարածման, այլև անչափահաս երեխայի ներկայությամբ մոր վրա բղավելու համար։ Որոշներն անդրադարձել են նաև ընտրությունների արդյունքների վրա նման միջադեպերի հնարավոր ազդեցության թեմային։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կարծիք։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատել է․
«Կարծում եմ՝ այսպիսի պահվածքը վերլուծելու համար միջդիսցիպլինար մասնագիտական խումբ է պետք ներգրավել։ Այստեղ միայն պետք է մի քանի հանգամանք արձանագրել․
- ինչպես և կանխատեսվում էր, նախընտրական փուլում ամենաբարձր մակարդակով փախստականների թիրախավորման դեպքերը կտրուկ աճելու են,
- այդ պահվածքը շեշտակիորեն մեծացնելու է ատելության խոսքի ծավալները փախստականների նկատմամբ կենցաղային մակարդակում։
«Ազատության» և այլ լրատվամիջոցների ռեպորտաժների մեկնաբանություններում՝ ատելության խոսքի աղբյուրները հենց այստեղ պետք է փնտրել։
Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչու՞ չպիտի դրանք կրկնեն»։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրել մեկ այլ ասպեկտի վրա․
«Երբ կնոջ ձայնը փաստացի լռեցվում է՝ տղամարդու ձայնի բարձրությամբ, ագրեսիվ ժեստերով, մատ թափ տալով ու մեղադրանքներով, դա արդեն հոգեբանական ճնշում է։ Իսկ երբ դա տեղի է ունենում հազարավոր մարդկանց համար օրինակ հանդիսացող պաշտոնյայի կողմից, այն դառնում է նաև վտանգավոր նախադեպ։ Կրկնակի մեծ է այս ամենի անընդունելի լինելն ու ազդեցությունը, երբ մոր վրա բղավում են երեխայի ներկայությամբ։
Երեխան, որը պարզապես նստած էր իր մոր կողքին, ականատես դարձավ իշխանության ներկայացուցչի ագրեսիվ վարքին։ Սա արդեն դուրս է գալիս քաղաքական կամ անձնական վեճի սահմաններից և մտնում է երեխաների իրավունքների ոլորտ։
Երեխայի համար անվտանգ միջավայրը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական պաշտպանվածություն։ Երբ նրա ներկայությամբ բղավում են մոր վրա, մատ են թափ տալիս, ստեղծում են լարված ու վախեցնող իրավիճակ, դա խախտում է երեխայի հիմնարար իրավունքները՝ պաշտպանված լինելու բռնությունից և նվաստացնող վերաբերմունքից։
Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձ՝ այս վարքը պետք է հստակ գնահատվի որպես գենդերային հիմքով հոգեբանական բռնության տարրեր պարունակող դեպք։
Միաժամանակ, երեխայի ներգրավվածությունը իրավիճակում պահանջում է նաև երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից գնահատում։
Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել։ Առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծել է․
«Ընտրությունների արդյունքում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն (2/3) ունենալը խիստ անհավանական սցենար է: Ամենահավանական կանխատեսումն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի և կառավարություն կկազմի, բայց փոքր տարբերությամբ:
Ըստ էության, սահմանադրական մեծամասնություն ունենալու մասին Փաշինյանը հայտարարում է` փորձելով այսպես ազդել և փոխհատուցել աղմուկ հանած ու վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունեցած իրավիճակները: Խոսքն առաջին հերթին Ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացնելուն և մետրոյում պատահած դեպքին է վերաբերվում: Երկու դեպքում էլ հնարավոր էր խուսափել խնդիրներից, եթե Փաշինյանը զերծ մնար էմոցիաներից ու զսպեր մեկնաբանելու, բանավեճի մեջ մտնելու իր ցանկությունը:
Բայց ավելի վատ նորություն կա` ընտրությունները դեռ 2,5 ամիս հետո են լինելու: Հատուկ կազմակերպված սադրանքներն ու պատահաբար ստեղծված նման իրավիճակները դեռ ավելանալու են, իսկ դրանք կանխել հնարավոր չի լինելու:
Հետևաբար, եթե Փաշինյանը չկարողանա էմոցիաները զսպել ու որոշ դեպքերում լռել, ոչ թե սահմանադրական մեծամասնություն կունենա, այլ կարող է նույնիսկ Հայաստանը ռուսական գաղութի վերածելու հնարավորություն ստեղծել Կարապետյան-Քոչարյան զույգի համար:
Կարծում եմ հանուն Հայաստանի Հանրապետության երբեմն ուղղակի անհրաժեշտ է լռել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանն արցախցիներին «փախածներ» է անվանել