«Ապաշրջափակման Երևանի առաջարկը մերժելու հիմքեր չկան»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ապաշրջափակման Երևանի առաջարկի մասին
«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- երկու օր առաջ հաղորդել էր ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նախօրեին հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլին է անդրադարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է լրագրողներին, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից երկուսը դեռևս մնում են չհամաձայնեցված։ Կառավարության ղեկավարին հիմնականում հարցեր են ուղղել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ Երևանը Բաքվին ապաշրջափակման վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել դեռևս նախորդ տարի և չի ստացել դրական պատասխան։ Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթներ առաջ հայտարարել է, թե այդ առաջարկները չունեն «գործնական նշանակություն»։
«Ադրբեջանական փորձագիտական, քաղաքական դաշտում այլ կարծիքներ էլ են հնչել, որ Հայաստանի կողմից առաջարկը պետք է ընդունել և դա լավ լուծում է»,- ընդգծել է Փաշինյանը։
Ճեպազրույցի կարևոր թեզերը՝ ստորև։
- «ՀՀ-ն պետք է օգտագործի իր խաղաքարտը ճանապարհների ապաշրջափակման հարցում». թուրքագետ
- «ՀՀ-ն կարող է հաբ դառնալ, հարևաններն են մեկուսացնում». Սամվել Բաբայան
- «Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
Խաղաղության գործընթացը փակուղում չէ
«Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ Մյուս կողմից, պետք է արձանագրենք, որ նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում։ Այս տարի արդեն մեկ անգամ առերես, մեկ անգամ առցանց հանդիպում են ունեցել։
Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող են լինել: Դրանք շարունակում են մնալ չհամաձայնեցված: Հետևաբար, դրանց վրա աշխատանքը պետք է շարունակվի»։
Պայմանագրում Սահմանադրության փոփոխության կամ «միջանցքի» հարց չկա
«Պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, իսկ մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական, դիվանագիտական վեճերին, բանավեճերին։
Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի [ՀՀ Սահմանադրության փոփոխության և «Զանգեզուրի միջանցք»] վերաբերյալ անդրադարձ չկա»։
Օրեր առաջ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, թե խաղաղության համաձայնագրի՝ չհամաձայնեցված երկու կետերից «մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ»:
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հերքել էր այդ պնդումն ու շեշտել՝ պայմանագրում նման կետեր չեն քննարկվում։
«Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն»,- նկատել էր Ռուբինյանը:
Ապաշրջափակման հարցում պատրաստ ենք «պարզեցումների գնալ»
«Առաջարկել ենք հաղորդակցությունների բացման հարցի լուծում, սա շատ կարևոր է արձանագրել։ Հույս ունենք՝ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը։
Ճիշտն ասած, շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ Ադրբեջանը պետք է բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին։ Իհարկե, ինձ չեմ վերապահի Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ առաջարկը մերժելու հիմքեր ուղղակի չկան։
Առաջարկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտի վերականգնմանը, որը կօգտագործվի այդ թվում՝ Հայաստանի ինքիշխան տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևան և Երասխից դեպի Մեղրի կապի համար։ Երկու երկրները հնարավորություն կունենան միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։
Հիմա Ադրբեջանն Իրանի տարածքով ունի կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ։ Մենք ասում ենք՝ Իրանի կողմից առաջարկվող նույն պայմաններն ենք առաջարկում, պատրաստ ենք գնալ նաև պարզեցումների։
Ինչո՞ւ ենք պատրաստ գնալ պարզեցումների։ Որովհետև մենք նույնպես խնդիր ունենք՝ Երասխից Մեղրի երկաթուղային հաղորդակցություն ապահովել»։
Առաջարկվող լուծումը 100%-ով ընդունելի կլինի ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդների համար
«Այս տարիների ընթացքում անընդհատ բանակցությունների մեջ ենք եղել։ Անընդհատ այդ պահին եղած առաջարկով մեր կամ Ադրբեջանի ինչ-որ մտահոգություններ չեն փարատվել։ Բանակցային պատմությունը վերլուծել ենք և ասել՝ կարո՞ղ է այս թնջուկը․․․ ինչ-որ մի մոտեցում կա, որ լուծում է մեր բոլորի բարձրացած հարցերը։ Գտել ենք այդպիսի բանաձև։
Անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու հարցում։ Համոզված եմ, որ Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար մեր առաջարկած լուծումը կլինի 100 տոկոսով ընդունելի։ Ես այն չեմ հրապարակայնացնում, որպեսզի թեմայի շուրջ լրացուցիչ լարվածություն չստեղծեմ»։
Երբ պատասխան ստանանք, կբացենք առաջարկի էությունը
«Ես արձանագրում եմ՝ մեր պաշտոնական առաջարկին պաշտոնական պատասխան չենք ստացել։ Երբ ստանանք այդ պաշտոնական պատասխանը, մենք ավելի կբացենք մեր առաջարկների էությունը երկու պատճառով։
Եթե Ադրբեջանն ընդունի, դա կնշանակի, որ պիտի արդեն գործնականացնենք, թղթին տանք, ստորագրենք։ Դա նշանակում է, որ արդեն համաձայնեցված է և կարող ենք արդեն ժողովրդին, մեր հանրությանը և լրատվամիջոցներին ավելի բաց ներկայացնել։
Եթե մերժված է, ապա այդ մերժման բերումով կարող ենք ավելի բաց ներկայացնել, թե ինչ առաջարկ էինք մենք անում։
Հույս ունեմ՝ առաջարկը կընդունվի։ Էլի եմ ասում՝ դա ուղղակի առաջարկ չէ, հարցի լուծում է։ Առաջարկված բանաձևն առնվազն հասցեագրում է բանակցությունների ընթացքում բարձրաձայնված խնդիրները»։
Լուծումները պետք է լինեն փոխադարձության սկզբունքով
«Հայաստանի Հանրապետությունը երբեք՝ ոչ մի անգամ, ոչ մի տեղ, ոչ մի փաստաթղթով, ոչ գրավոր, ոչ բանավոր չի պարտավորվել, չի համաձայնել, չի ընդունել, որ տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը կարող է որևէ ձևով նսեմացվել կամ սահմանափակվել։ Սա ուզում եմ հստակ արձանագրենք։
Այն լուծումները, որոնք առաջարկել ենք, մենք պատկերացնում ենք փոխադարձության սկզբունքով։ Ուզում եմ հիշենք՝ Հայաստանի երկաթուղային ցանցի ամբողջականությունն ապահովվում է Նախիջևանի տարածքով։ Այսինքն՝ այս համատեքստում պետք է այդ ամբողջն ընկալենք»։
Նոր պատերազմի պատճառ կամ նախադրյալ չկա
«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում գոյություն չունի։
Ըստ էության՝ տարածաշրջանային այն բոլոր հարցերը, որ գոյություն ունեն, դրանց լուծումներն առաջարկված են։ Մի մասը հրապարկային է առաջարկված, մյուս մասը՝ դիվանագիտական մակարդակով։
Հետևաբար, իմ գնահատականը միանշանակ է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար որևէ հիմք և հիմնավորում գոյություն չունի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաշինյանը՝ ապաշրջափակման Երևանի առաջարկի մասին