Փաշինյան-Ալիև հանդիպում Մակրոնի հովանու ներքո․ «իրավիճակն ավելի խրթին է, քան կարող է թվալ»
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացել է Մակրոն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել։
JAMnews-ը ներկայացնում է մինչ այս պահը հաղորդված տեղեկություններն ու փորձագիտական կարծիք։
- Հայաստան-Ադրբեջան․ ի՞նչ է լինելու
- «Ժողովրդավարության գրավչությունը բարձրացնելու համար պետք է մեկտեղենք ուժերը»․ ՀՀ վարչապետ
Չհայտարարված հանդիպման մասին
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում։ Չորս ժամ տևած քննարկումը Միշելը որակել էր բաց և անկեղծ՝ նշելով, որ «հարցերը բարդ էին»։
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին որոշ ժամանակով մենակ էր թողել։ Սա առանց միջնորդների առաջին հանդիպումն էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։
Երկու երկրների ղեկավարները Բրյուսել էին մեկնել մասնակցելու Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին։ Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հայտնեց, որ գագաթնաժողովի ավարտից հետո վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Բրյուսելում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ հանդիպումը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Մանրամասներ վարչապետի գրասենյակը չի հրապարակել։
«Երբեք չենք լքի հայերին»․ Մակրոն
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահի թվիթերյան էջում գրառում և տեսանյութ հրապարակվեց։ Տեսանյութում Փաշինյանն ու Մակրոնը ողջունում էին միմյանց, գրկախառնվում։
«Մենք երբեք չենք լքի հայերին։ Միշտ կփնտրենք լուծումներ տևական խաղաղության հաստատման համար։ Կոչ եմ անում, որ տոնական շրջանը մարդասիրական առաջընթացին, խաղաղությանը միտված լինի», — “Twitter”–ի իր էջում գրել էր Մակրոնը։
Բրյուսելյան հանդիպումից 1 օր առաջ
Մակրոն-Փաշինյան-Ալիև հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նաև Ֆրանսիայի օրակարգում է։
Հիշեցնենք, որ բրյուսելյան հանդիպումից մեկ օր առաջ Մակրոնը ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր Պուտինի հետ։ Կրեմլի հաղորդմամբ՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը Մակրոնին տեղեկացրել էր Սոչիում կայացած հանդիպման արդյունքների, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս էին հայտնել, որ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը ևս օգտակար կլինի։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Մակրոնը հանդիպումը կազմակերպել է շտապ․
«Կարող ենք եզրակացնել, որ Միշելի նախաձեռնությամբ հանդիպումից հետո Մակրոնը տեսել է նոր հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն»։
Բադալյանը հիշեցնում է, որ մինչ այդ Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույցով քննարկել էին արցախյան հարցը:
«Արդյո՞ք այդ զրույցի արդյունքում է կայացվել դեկտեմբերի 15-ին էլ Մակրոնի հովանու ներքո Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու որոշում: Ո՞րն է պատճառը», — հարցնում է Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ «Ֆրանսիան չի լքի հայերին» արտահայտությունը հնչում է պատերազմի առաջին օրերից, սակայն այդ երկրի խորհրդարանն Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև ընդունեց միայն պատերազմի ավարտից և ստատուս-քվոյի փոփոխությունից հետո․
«Շատ կարևոր է պարբերաբար կրկնվող այդ հայտարարության քաղաքական բովանդակությունը, որովհետև դա որքան աջակցության, նույնքան էլ «արդարացման» է նման»։
Բադալյանի գնահատմամբ՝ Միշելից հետո Մակրոնի հովանու ներքո նոր հանդիպումը վկայում է, որ «իրավիճակը շատ ավելի խրթին է, քան կարող է թվալ առաջին հայացքից»։