Փախստականների քաղաք
Վրաստանում 260 հազարից ավել բռնի տեղահանված կա: Այսպիսի փոքր երկրի համար դա զգալի թիվ է. բնակչության 6%-ը ստիպված է եղել փախչել պատերազմից և ամեն ինչ սկսել զրոյից:
Վրաստանում շատ լավ հիշում են, թե դա ինչպես է եղել. փախստականներին տեղավորեցին նոր բնակարաններում խուճապով ու ցայտնոտի մեջ: Բնակեցնում էին, ինչպես ասում են, «կոմպակտ»՝ հյուրանոցներում և հանրակացարաններում, դպրոցներում և մանկապարտեզներում:
Կոմպակտ կյանք
Հյուրանոցային համարը կամ հանրակացարանի սենյակը պետք է ժամանակավոր ապաստարան դառնար: Սակայն փախստականների մեծ մասն այդպիսի բնակարանում տասնամյակներ են անցկացրել, իսկ ոմանց համար ժամանակավոր ապաստարանն առհավետ տուն է դարձել:
«Երբ մենք այստեղ եկանք, ոչինչ չունեինք: Բացարձակապես: Ամուսինս մի անգամ աղբից ինչ-որ մեկի պատառաքաղը գտավ և տուն բերեց», — պատմում է Մզիա Կարդավան:
Մզիայի տունը Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր ավանի հանրակացարանի մեկ սենյակն է:
Ավանը կոչվում է Փոցխոեցերի, երբեմն այն անվանում են «փախստականների քաղաք»: Եկվորներին թվում է, թե այստեղ միայն տեղահանվածներն են ապրում, սակայն նրանք կազմում են ավանի բնակչության միայն մեկ երրորդ մասը: Պարզապես նրանք ավելի նկատելի են:
Այստեղ կա դպրոց, մանկապարտեզ և պոլիկլինիկա: Տեղացիներից ամենագործունյաները փոքրիկ խանութներ են բացել, որտեղ կարելի է պարտքով ապրանք վերցնել: Վրացերեն դա կոչվում է «նիսյա»: Փոցխոեցերիում առանց դրա հնարավոր չէ:
«Մեկ ամսվա ընթացքում մենք ամեն ինչ կարծես անվճար ենք վերցնում, վաճառողը պարզապես գրանցում է ապրանքի արժեքը հատուկ տետրում: Վճարում ենք հետո, երբ նպաստը ստանում ենք»:
Բռնի տեղահանվածի նպաստը Վրաստանում կազմում է 45 լարի՝ 20 դոլար: Գները Փոցխոեցերիում չեն զիջում թբիլիսյան գներին, այդ պատճառով էլ շատ բան գնել հնարավոր չէ:
«Փախստականների քաղաքը» դատարկվում է
Փոցխոեցերին կառուցել են հատուկ Ինգուր ՀԷԿ-էլեկտրակայանի աշխատակիցների համար, որը շահագործում է և՛ վրացական, և՛ աբխազական կողմը:
ՀԷԿ-ը նախկինի պես ավանի աշխատատեղերի գլխավոր մատակարարն է: Սակայն հանրակացարանների բնակիչների շրջանում մշտական աշխատանք ունեցողները շատ չեն: Այն ընտանիքները, որտեղ աշխատում է գոնե մեկը, բախտավոր են համարվում:
Փախստականի նպաստից բացի Փոցխոեցերիում շատերը պետությունից լրացուցիչ աշխատավարձ են ստանում նրա համար, որ աղքատության շեմին են: Այդ նպաստը 60 լարի է (մոտ 30 դոլար): «Ամենահարուստները» նաև 160 լարի թոշակ են ստանում:
Այս փոքր պետական նպաստները հանրակացարանների բնակիչների մեծամասնության եկամտի միակ աղբյուրն են:
Փոցխոեցերիում մշտական աշխատանք գտնել գրեթե անհնար է, նույնիսկ սեզոնային աշխատանքն է այստեղ հազվադեպ երևույթ: Հենց այդ պատճառով շատերը հեռացան ավանից:
Ոչ թե շատերը, այլ մեծամասնությունը: Ի սկզբանե Փոցխոեցերիում բնակեցրին գրեթե 250 ընտանիք, իսկ այժմ մնացել է 80-ից պակաս: Մարդիկ հեռանում են այստեղից՝ թողնելով արդեն իրենցը դարձած բնակարանը:
Ահա թե ինչպես է դա եղել Վրաստանում շատերի հետ. տեղահանվածներն ապրել են ժամանակավոր կացարաններում տասը տարի, մինչև պետությունն ուշքի է եկել և վերջապես բնակտարածք տրամադրել նրանց: Քչերը կարողացան նախկին մանկապարտեզում կամ պոլիկլինիկայում իրենց սենյակները սեփականաշնորհել, «փախստականների» մեծ մասը պետությունից այլ առաջարկ ստացավ: Բյուրոկրատական լեզվով ասած՝ «բավարարել այլընտրանքային բնակտարածքով», ինչը հասկանալի լեզվով նշանակում է «տեղափոխել այլ տեղ»: Տեղափոխում էին սովորաբար քաղաքից գյուղեր, ինչը աշխատանք գտնելու հնարավորությունը զրոյի էր հավասարեցնում:
Դա փախստականների հիմնական հավակնությունն է:
Աչքից հեռու
«Ըստ էության, մեզ պարզապես ուզում են աչքից հեռու պահել», — ասում է Գալինա Սուլավան: Ժամանակին նրա տունը Գագրա քաղաքն էր, հետո՝ Փոցխոեցերիի հանրակացարանը, վերջին 7 տարիներին Թբիլիսիում վարձով է ապրում:
«Մեզ պարզապես հեռու են ուղարկում, որպեսզի չտեսնեն, և ոչ ոք գործ չունի՝ մենք սոված կմահանանք, թե ոչ: Փախստականին պարզապես գցում են 8 քառակուսի մետր տարածք, և ոչ ոք չի հետաքրքրվում, թե նա ինչով է երեխաներին պահելու»:
Վրաստանում հատուկ նախարարություն կա, որը կոչված է զբաղվելու բռնի տեղահանվածների հարցերով: Երբ լրագորղները գալիս են «կոմպակտ կացարաններ», փախստականները հաճախ են սկսում վիճել, թե ով է փախստականների հարցերով նախարարներից ամենավատը: Համաձայնության գալ սովորաբար դժվար է լինում:
Վրացական լրատվամիջոցները հիշատակում են բռնի տեղահանվածների գործերով նախարարությունները, երբ խոսք է գնում նպաստների կամ վերաբնակեցման մասին: Նպաստի չափը վերջին տարիներին մի քանի անգամ աճել է, սակայն գումարը նախկինի պես սիմվոլիկ է: Նույն իրավիճակն է վերաբնակեցման պարագայում. կացարաններ տեղահանվածներին տալիս են, սակայն դրանցում ամեն մեկը չի կարող ապրել:
Ուշադրություն դարձնել
«Մայրության օրը ավան նվերներ բերեցին: Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն: Երեք հատ: Կարծես թե մեզ մոտ միայն 3 մայր է ապրում», — ասում է տեղի բնակիչ Նադեժդան:
Բանն այն չէ, որ նվերների հարցում որոշել են տնտեսել, դա այնքան էլ վիրավորական չէր լինի, այլ այն, որ չինովնիկները հերթական անգամ իրենց նեղություն չտվեցին տարրական ուշադրություն ցուցաբերել:
Տեղահանվածների հանդեպ ուշադրության պակասը Փոցխոեցերիում նրանով է արտահայտվում, որ հասարակական տրանսպորտը դեպի հարևան Ջվարի քաղաք միայն շաբաթական երեք անգամ է լինում: Ամենամոտ դեղատունը Ջվարիում է, այսինքն այնտեղ գնալու անհրաժեշտությունը կարող է հանկարծակի ծագել:
Տեղացիներն ասում են, որ իրավիճակը բազմիցս ներկայացրել են շրջանային իշխանություններին, սակայն նրանց պատասխանը հետևյալն է. ձեր բնակչությունն այնքան մեծ չէ, որ ամեն օր ավտոբուսներ աշխատեն:
Սամեգրելո տարածաշրջանը, որտեղ գտնվում է «փախստականների քացաքը», հարում է Աբխազիային է, քանի որ հենց այստեղ տեղափոխվեց տեղահանվածների առաջին ալիքը վրաց-ախբազական պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո: Այժմ այդ շրջանում է կենտրոնացած բոլոր բռնի տեղահանվածների մոտ 30%-ը:
Հրապարակվել է 27.05.2016