Բլոգ. Փախստականների ընտանիքը ոտքի է կանգնում
Հիշողություններ անցյալում մնացած կյանքի մասին: Ինչպե՞ս է ստեղծվել ընտանիքը, ի՞նչ ազդեցություն է ունեցել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպե՞ս են հարկադրաբար այլ վայր տեղափոխվել:
Աբրիկ և Աիդա Աղասյանների՝ Մարտունիում գտնվող տանը հյուրընկալվեցինք օրվա առաջին կեսին՝ նախապես այդ մասին պայմանավորվելով նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Այն վայրը, որտեղ գտնվում է Աղասյանների տունը, կոչվում է «Ռուսին տաղի», որը բառացիորեն թարգմանվում է որպես «ռուսների բնակավայր»: Փոքր, մեկ հարկանի տունը, որտեղ բնակվում էին Աղասյանները, համարյա չէր տարբերվում մյուսներից: Տանտերերը ջերմորեն ընդունեցին մեզ: Աիդան՝ ոչ բարձրահասակ տանտիրուհին, ժպտալով մեզ հրավիրեց ներս, որտեղ հանդիպեցինք որդուն`Գրիգորիին ու նրա կնոջը՝ Ռիտային: Այդ պահին ներս մտավ Աբրիկը. նա յոթանասունին մոտ, ոչ բարձրահասակ, ալեհեր տղամարդ էր: Ծանոթացանք: Ներկայացա, պատմեցի իմ այցի նպատակի մասին: Նկատեցի, որ Աբրիկը մի փոքր լարվեց: Դե, մտածեցի, պետք չէ շտապել, հավանաբար, պետք էր նրան ժամանակ տալ: Ի վերջո, այդպես էլ եղավ, ես ճիշտ էի…
Փախստականներ, հարկադիր միգրանտներ… Նման կարգավիճակում հայտնված մարդիկ լինում են բոլոր հակամարտությունների ժամանակ, և, ցավոք, սա անխուսափելի է: Մարդն ապրում է, տուն կառուցում, ընտանիք ստեղծում, երեխաներ են ծնվում, էլ ի՞նչ է հարկավոր երջանիկ ապրելու համար: Սակայն գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փուլ է գալիս, և նա ստիպված է լինում լքել իր շենացրած տունը, փոխել բնակության վայրը: Իսկ այդ նոր վայրին պետք է դեռ հարմարվի, նոր հասարակության մեջ ինտեգրվի, և այս ամենը վերաբերում է նաև երեխաներին: Եթե մարդը մեծահասակ է, ապա նա ավելի շատ խնդիրներ է ունենում, քան երիտասարդները, որոնք ավելի ճկուն են, ավելի շփվող և ավելի հեշտ են հարմարվում նոր պայմաններին: Բայց եկեք վերադառնանք Աղասյանների ընտանիքին …
Աիդան, ով ծնունդով Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղից է, դեռ 18 տարին չլրացած, ամուսնանում է Աբրիկի հետ, ով ծնվել էր նույն շրջանի Հաղորտի գյուղում, բայց այն ժամանակ բնակվում էր Բաքվում: Նորապսակները բնակարան են ստանում Ահմեդլի ավանում, ամուսինն աշխատում է Բաքվի սառնարանների գործարանում, իսկ Աիդան տնային տնտեսուհի է դառնում: Երկու որդի են ունենում՝ Գրիգորին ու Վլադիմիրը: Կյանքից չէին դժգոհում: Երեխաները մեծացան, սկսեցին դպրոց հաճախել, Աիդան աշխատանքի ընդունվեց Նարիմանովի շրջանի անձնագրային բաժնում: Գրիգորին սկսեց ազատ ոճի ըմբշամարտով զբաղվել, մրցույթների մասնակցել, մրցանակներ շահել: Տարիներն անցնում էին, կյանքն իր հունով էր ընթանում: Իսկ հետո եղան Սումգայիթի դեպքերը: Այդ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները գլխիվայր շրջեցին հայերի կյանքը. շատերը սկսեցին մտածել Բաքուն լքելու մասին: Աղասյանների ընտանիքը ևս բացառություն չէր. 1988 թվականի նոյեմբերին նրանք Բաքվից օդանավով մեկնեցին Երևան: Երեք օր շարունակ Աղասյանները, մյուս հայերի նման, օդանավակայանում մնացին հսկողության տակ: Այս ամենին գումարվել էին ծանր պայմանները… Ի վերջո, նրանց հարևանը՝ ոստիկանության աշխատակից Քյամալը, օգնեց տոմսեր ձեռք բերել, և Աղասյաններին հաջողվեց հեռանալ: Քյամալի մասին ընտանիքը մինչ օրս էլ ջերմ հիշողություններ ունի: Մինչ այդ, Գրիգորին արդեն ավարտել էր դպրոցն ու ընդունվել ուսումնարան. պատրաստվում էր դերձակ դառնալ: Վլադիմիրը դեռ դպրոցական էր… Նախքան Մարտունիում Աղասյանների ընտանիքին հանդիպելը, ես արդեն գիտեի, որ Աիդան վեց տարի շարունակ խնամել է կույր պապիկին, ով այս տարվա օգոստոսին մահացավ…
Աիդայի հետ երկար զրուցեցինք: Հարսը՝ Ռիտան, սկսեց աղանդերի սեղան պատրաստել: Զրույցի ընթացքում հասցրեցի հայացք նետել շուրջբոլորս. մաքուր, հարմարավետ ու լավ վերանորոգված տուն էր: Հետո պարզվեց, որ տունը Գրիգորին էր վերանորոգել: Խնդրեցի Աիդային պատմել Բաքվում իրենց ապրած տարիների, Մարտունի տեղափոխվելու, պատերազմի դժվար օրերի ու հետպատերազմյան կյանքի մասին…
«Բաքվում վատ չէինք ապրում: Տարբեր ազգությունների հարևաններ ունեինք՝ հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, լեզգիններ, թաթարներ և այլն: Եվ ոչ մի անգամ որևէ մեկը մյուսի հետ խնդիր չէր ունեցել: Ընդհանրապես, բոլոր հարևանները աշխատավոր դասից էին: Իսկ ի՞նչ է հարկավոր աշխատավոր մարդուն՝ հանապազօրյա հաց վաստակել, որպեսզի կարողանա ընտանիքը պահել: Սումգայիթից հետո, չէի ասի, թե հարաբերություններն արմատապես փոխվեցին, բայց միևնույն է՝ մի փոքր լարված դարձան: Տան առաջին հարկում մեր թաղայինն էր ապրում. երբ Բաքվում իրադրությունը սրվեց, նա մեզ հորդորում էր չհեռանալ, ասում էր՝ ամեն ինչ կկարգավորվի: Մեր տան վրա ոչ ոք չհարձակվեց, փաստացիորեն մեզ ոչ ոք չէր սպառնում, բայց մեր հոգիներում ամեն ինչ շրջվել էր, և որոշեցինք հեռանալ: Ուր գնալ՝ բոլորս էլ գիտեինք: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղ՝ Մարտունի, որտեղ էլ ես ու ամուսինս ծնվել էինք: Առաջ անցնելով՝ նշեմ, որ փոխանակումից հետո՝ 1989 թվականին, մենք վերադարձանք Բաքու, լուծեցինք բնակարանի փոխանակման հետ կապված իրավաբանական հարցերը և կարողացանք քաղաքից դուրս բերել մեր իրերն ու մեքենան՝ «Մոսկվիչ-2140»-ը: Երբ իրերն էինք բեռնում, հարևաններից ոչ ոք մեզ չօգնեց, բայց պետք է ճիշտն ասել՝ ոչ ոք չէր էլ խանգարում: Ոմանք նույնիսկ մոտենում էին ու ասում, որ գուցե դեռ փոխենք մեր միտքն ու որոշենք մնալ…
Բաքվի մեր տունն այն ժամանակ փոխանակեցինք այս տան հետ, որտեղ այսօր ապրում ենք: Տան տերն ադրբեջանցի էր, անունը՝ Կնյազ: Մենք ձևակերպեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնապես փոխանակեցինք տները: Մեր բոլոր իրերը կարողացանք բերել Մարտունի: Նույնն էլ Կնյազն արեց, ունեցած վերջին ասեղն էլ տարավ Բաքու:
Կյանքը Ղարաբաղում. պատերազմը
Պատերազմի ժամանակ շատ ենք տառապել. Մարտունին ու շրջակա գյուղերը ռմբակոծության էին ենթարկվում ցամաքից և օդից: Մի անգամ ինքնաթիռը ռումբ նետեց անմիջապես մեր այգու մոտ: Այդ ժամանակ ես կարագ էի հալեցնում: Պայթյունի ալիքից պատշգամբը քանդվեց, բոլոր ապակիները կոտրվեցին, դուռը փուլ եկավ Աբրիկի վրա, ով այդ ժամանակ տանն էր: Այդ պայթյունից հետո, երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ…
Փաստորեն, պատերազմի ժամանակ մեր ընտանիքից երեք հոգի մեկնել էին ռազմաճակատ, բայց, փառք Աստծո, բոլորն էլ ողջ և առողջ են, չեն վիրավորվել: Մերոնք ողջ մնացին պատերազմի ժամանակ, բայց այնքան մարդ զոհվեց, վիշտը ծեծեց ղարաբաղյան շատ ընտանիքների դռները. սա իսկական ողբերգություն է…» ,– թախիծով պատմում էր Աիդան:
Ռիտան թեյ ու կոնֆետ բերեց: Սեղանին նրանց այգում աճող միրգն էր դրված: Նստեցինք համեղ թեյ խմելու: Զրույցն անկաշկանդ էր, խոսում էինք ներկայի մասին: Խոսակցությունից իմացա, որ Աիդան թոշակառու է, ամսական 40 հազար դրամ է ստանում, իսկ Աբրիկը՝ 55 հազար դրամ: Բակում հավեր են պահում, մոտ 20 գլուխ ոչխար ունեն: Ոչ հարուստ են, ոչ էլ աղքատ, ինչպես ասում են: Երբ կրկին Բաքվի կյանքի մասին խոսք գնաց, Աբրիկը պատմեց, որ իրենց գործարանի տնօրենը երկար ժամանակ Այազ Մութալիբովն էր եղել: Սա նորություն էր ինձ համար: Աբրիկը բացատրեց, որ Մութալիբովին հետո էին կուսակցական աշխատանքի ուղարկել, որտեղ էլ սկսվել էր նրա աշխատանքային կարիերայի վերելքը…
Զրույցի ընթացքում ներս մտավ հարևանուհին՝ Լյուդան, ով նույնպես փախստական էր, և խնդրեց որպեսզի Աիդան նրա արյան ճնշումը չափի…
Աղասյանների որդին՝ Գրիգորին, սպորտային կազմվածքով երիտասարդ տղամարդ էր, ով ողջ զրույցի ընթացքում նստել էր բազմոցին ու չէր մասնակցում խոսակցությանը: Թեյից հետո նրա հետ էլ հետաքրքիր զրույցի բռնվեցի: 1989-ին Գրիգորին Խորհրդային բանակ է զորակոչվել: Երկու տարվա ծառայությունից և զորացրվելուց հետո, նա վերադարձել է Մարտունի, որտեղ էլ հաստատվել էին նրա ծնողները եղբոր հետ միասին: Իրադրությունը Ղարաբաղում լարված էր, բոլոր տղամարդիկ (այդ թվում՝ Աբրիկը) մարտական հերթապահության էին գնում, պաշտպանում իրենց տները: Մարտունի հասնելու հաջորդ օրը Գրիգորին շրջանի ինքնապաշտպանական ջոկատին է միանում: Զինվորական համազգեստը նա հանել է միայն 1997-ին: Այդ ժամանակ ռազմական ծառայությունը շարունակում էին կրտսեր եղբայրը՝ Վլադիմիրը և հայրը՝ Աբրիկը:
Կյանքը պատերազմից հետո
Բաքվում Գրիշան ազատ ոճի ըմբշամարտով էր զբաղվում «Սպարտակ» սպորտային միությունում, մարզվում էր Արկադի Գալստյանի մոտ, մշտապես մասնակցում էր Խորհրդային հանրապետություններում անցկացվող մրցույթներին, մրցանակային տեղեր էր զբաղեցնում և անգամ «սպորտի վարպետի թեկնածուի» մարզական կոչում էր ստացել: Պատերազմից հետո մի քանի տարի շարունակ Մարտունիում երեխաներին էր մարզում, ազատ ոճի ըմբշամարտի խմբակ ուներ: Այնուհետև որոշել էր ընտանիքի հետ մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, բայց մոտ երեք տարի անց վերադարձել էր Մարտունի: Գրիգորին չորս երեխա ունի, նրա եղբայր Վլադիմիրը՝ երեք:
Ինձ հետաքրիր էր իմանալ Բաքվում Գրիգորիի կյանքի, նրա ընկերների, համադասարանցիների, և ընդհանրապես հակամարտության նկատմամբ նրա մոտեցման մասին:
«Դժվար է միանշանակ պատասխան տալ հակամարտությանը վերաբերող հարցին… Իմ կարծիքը հետևյալն է՝ այս հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լիներ, այն ժամանակ արդեն դրա նախադրյալները կային, իսկ Սումգայիթի ողբերգությունը խթան հանդիսացավ այս ամենի համար: Մենք տեղափոխվեցինք Ղարաբաղ, և դա ճիշտ որոշում էր: Սա է մեր հայրենիքը, սակայն խնդիրներ առաջացան: Տեղացիները լավ են ճանաչում իրար, գիտեն՝ ով ում թոռն է, ով ինչ գերդաստանից է սերում: Իսկ մենք նրանց համար փախստական ենք մնում: Բայց դա ճիշտ չէ, որովհետև բոլորս էլ ղարաբաղցի ենք, բոլորս էլ հայ ենք, ու մեզ տարանջատելն էթիկայից դուրս է: Պատերազմի ժամանակ մեր տղաներից շատերը զոհվեցին, և դա շատ վատ է…», – ասաց Գրիգորին՝ շարունակելով միայն երկար դադարից հետո:
«Ես ստիպված եմ պատերազմ գնացել ու երբեք չեմ մտածել, որ իմ որդին էլ կարող է տեսնել այն, ինչի միջով ես եմ անցել: Որդիս՝ Արթուրը, բանակ էր զորակոչվել 2015 թվականի հուլիսին: 2016 թվականի ապրիլի մեկին, երբ սկսվեց [ապրիլյան] քառօրյա պատերազմը, նա իր ընկերների հետ մարտական հերթապահություն էր իրականացնում Թալիշ գյուղի դիրքերից մեկում, և հարձակման ժամանակ նրանց հաջողվել էր հետ մղել հակառակորդին, ինչի համար նրան ու ընկերներին մարտական պարգևի էին ներկայացրել, իսկ որդուս նաև «լեյտենանտ» սպայական կոչում է շնորհվել: Երկրորդ որդիս՝ Աբրիկը, հիմա ծառայում է Պաշտպանության բանակում: Երրորդը՝ Արսենը, Հայաստանի Ըմբշամարտի օլիմպիական ռեզերվի հանրապետական կենտրոնական մասնագիտացված մարզադպրոցի չորրորդ կուրսի ուսանող է: Սկզբում ազատ ոճի ըմբիշ էր, այնուհետև անցավ դասական, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտին, և, ինչպես վստահեցնում են նրա մարզիչները, հեռանկարներ ունեցող մարզիկ է…
«Ինչ կարող եմ ասել Բաքվում կյանքի տարիներիս, ընկերներիս մասին… ես դերձակի արհեստն էի սովորում, միաժամանակ հասցրել էի աշխատել նաև Բաքվի Վոլոդարսկու անվան կարի ֆաբրիկայում: Աշխատանքը հատավարձով էր, վատ չէի վաստակում: Երբ տեղափոխվելուց հետո նորից Բաքու մեկնեցի՝ դիպլոմս ստանալու, պարզվեց, որ ընկերս՝ Ջալալ Ջալալովը, իմ փոխարեն ստացել էր կրթաթոշակս, և երբ այնտեղ հասա, տվեց ինձ հասանելիք գումարը: Ուսումնարանում դիպլոմս նույնպես տվեցին: Մեկնելուց առաջ տղաների հետ նստեցինք, հետո նրանք ինձ ճանապարհեցին …» , – ամփոփեց Գրիգորին:
Դպրոցից եկավ Գրիգորիի ու Ռիտայի աղջիկը՝ երրորդ դասարանի աշակերտուհի Միլենան: Ծնողներն ասացին, որ նա երաժշտական դպրոց է հաճախում՝ վոկալի բաժին: Խնդրեցի աղջնակին մի երգ կատարել: Բնականաբար, Ռիտան աղջկան տոնական զգեստ հագցրեց, և նա առանց կաշկանդվելու ռուսերեն մի երգ երգեց…
Երբ հեռանում էինք, Աղասյանները բակ դուրս եկան՝ մեզ ճանապարհելու: Հրաժեշտը ջերմ ստացվեց: Նկատեցի նաև, որ Աբրիկի հոնքերն այլև կիտած չեն, և նա ժպիտով է սեղմում հրաժեշտի ժամանակ նրան պարզած ձեռքս…
Չլսված ձայներե նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այնհակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և ,ոչ պատերազմի, ոչ խաղաղությանե վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրահակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփականհասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել ,թշնամուե կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` ,Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորմանե (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն ,International Alertե-