Փախստականները Հայաստանում․ արաբ ընտանիքի Նոր տարին
Փախստականներին Հայաստանում երկրի քաղաքացիներին հավասար իրավունքներ են տրվում։ Սահմանափակումներ կան միայն հողի սեփականության և ընտրական իրավունքի մասով։ Սակայն փախստականներն էլ, ինչպես և տեղացիները, բախվում են նույն խնդիրներին՝ օրինակ, դժվարությամբ են աշխատանքի տեղավորվում։ Եգիպտոսից տեղափոխված մի ընտանիքի պատմություն, որի անդամներին հաջողվել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալ։
- «Այստեղ կապրեմ, քանի դեռ իմ երկրում անհանգիստ է»։ Հայաստանում ապաստան հայցողների մասին
- Հոլանդացիները՝ հաջողակ գործարարներ Հայաստանում
- Հնդիկները Հայաստանում՝ ինչո՞ւ են տեղափոխվում և ինչո՞վ են այստեղ զվաղվում
Չորրորդ Նոր տարին Հայաստանում
Չորրորդ Ամանորը Հայաստանում դիմավորող արաբ ամուսիններ Փիթեր Սեդոմը և Վիոլա Սենդը փորձում են հայերենով բացատրել, թե ինչու են որոշել Հայաստանում ապրել։
«Այս երկրում մարդիկ, անկախ նրանից, ճանաչում են քեզ, թե ոչ, փորձում են օգնել, մեզ հետ դա շատ հաճախ է պատահում։ Շատ հայ ընկերներ ունեմ, նրանք ամեն օր զանգում են, հարցնում, ինչպես ենք, իրենց տուն հրավիրում։ Զանգում են ու ասում. «Փիթեր, երեխաներին վերցրու, արի մեզ մոտ ճաշելու, — դժվարությամբ, բայց հայերենով պատմում է 31-ամյա Փիթեր Սեդոմը։ — Նախկինում գուգլ թրանսլեյթից էի անընդհատ օգտվում, հիմա ավելի լավ եմ խոսում, հասկանում եմ ու գոհ եմ մեր հանդեպ վերաբերմունքից։
Ընկերներ ունեմ Երևանում, Էջմիածին քաղաքում, Եղեգնաձորում, Աշտարակում։ Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ։ Հենց խնդիր եմ ունենում` զանգում եմ, հավաքվում գալիս են։ Լոգարանի տանիքը կաթում էր, եկան սարքեցին, պատուհանը կոտրվել էր, եկան օգնեցին», — ասում է նա։
Արաբ ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից։ Երկիրը լքել են քրիստոնյա լինելու պատճառով։
«Դժվար է լինել քրիստոնյա ու ապրել Եգիպտոսում։ Վախենում էի կնոջս ու աղջկաս համար, ու որոշեցինք լքել մեր հայրենիքը։ Ինձ խորհուրդ տվեցին գնալ Հայաստան, որտեղ բնակչության 95 տոկոսը քրիստոնյաներ են։ Անգամ չգիտեի, որ նման երկիր գոյություն ունի։ Այստեղ ծնվեց տղաս, Գևորգն արդեն 1,5 տարեկան է, իսկ աղջիկս՝ Պերպետուան, մեզանից լավ է խոսում հայերեն, այստեղ հաճախում է մանկապարտեզ, շփվում հայ երեխաների հետ», — պատմում է Փիթերը։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական աշխատող Մարգարիտա Ղարդաշյանի խոսքով՝ այս ընտանիքի անդամների հետ սկսել է աշխատել այն ժամանակից, երբ նրանք ապաստան էին հայցում և բնակվում են Միգրացիոն ծառայության հատուկ կացարանում։
«Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո նրանք տեղափոխվեցին կացարանի ինտեգրացիոն սենյակներ։ Մինչև կորոնավիրուսի համավարակը Փիթերը աշխատում էր Տաշիր պիցցայում, հետո ինքը գտել էր մի լիբանանահայի, որն ուներ լիբանանյան խոհանոց Էջմիածնում։
Տեղափոխվեց աշխատելու այդտեղ, որից հետո տեղափոխվեցին ապրելու Էջմիածնում։ Ում մոտ աշխատում էին, հենց նրանց տանն էլ ապրում էին։ Հետագայում, քովիդի պատճառով, արաբական այդ խոհանոցը փակվեց», — պատմում է սոցիալական աշխատողը։
Փիթերի կինը՝ 29-ամյա Վիոլան ցույց է տալիս 2020 թվականին ստացած իրենց Ճանապարհորդական անձնագրերը։ Այդ փաստաթղթով փախստականը կարող է մեկնել ցանկացած երկիր, բացի այն երկրից, որտեղից եկել է։ Հենց այս փաստաթղթով՝ գործատուն նրանց աշխատանքի է վերցնում, սակայն աշխատանք գտնելը ամենամեծ խնդիրն է փախստականների համար։
«Ուզում եմ գործ լինի, որ ամեն ամիս աշխատավարձ ստանամ»
«Նախկինում ավելի հեշտ էի աշխատանք գտնում, հիմա շատ է դժվարացել։ Մի շրջան ջերմոցում էի աշխատում, ամսական 100-150 հազար դրամ աշխատավարձ էի ստանում։ Այս պահին մեքենաների լվացման կետում եմ աշխատում, մեքենաների յուղն եմ փոխում, բայց գործն ամեն օր չէ։ Որ օրը կանչում են, այդ օրը հինգ հազար դրամ են վճարում։ Օր կա՝ չեն կանչում, այսինքն աշխատում եմ ամսվա 17 կամ 16 օրը, ինչը կազմում է 80-85 հազար։
Երեկ եմ վճարել 28 հազար լույսի, գազի ու ջրի համար, 20 հազար էլ ավելացնում եմ բնակվարձին, մի քիչ էլ սնունդ առնում՝ ու փողը վերջացավ», — պատմում է Փիթերը դժվարությունների մասին։
Այս պահին ընտանիքը օգտվում է Միգրացիոն ծառայության «Բնակվարձի մասնակի փոխահատուցում» ծրագրից, որի շրջանակում ստանում է 60 հազար դրամ։ Այս գումարը տրամադրվում է փախստականներին 9 ամիս։
«Ընդգրկված են նաև ընտանեկան նպաստի համակարգում և ստանում են ամեն ամիս 25 հազար դրամ։ Այս բոլոր գումարներով Փիթերը վճարում է բնակվարձը, ևս 20 hազար դրամ ավելացնում է իր ստացած աշխատավարձից։ Պերպետուայի մանկապարտեզի ամսական վարձը զեղչվեց 10 հազարից երկու հազար դրամի՝ որպես ընտանեկան նպաստից օգտվող ընտանիք։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ից ընդգրկվել են ձմեռացման աջակցության ծրագրին, միանվագ ստանում են 80 հազար դրամ կոմունալ ծախսերի ու տաք հագուստի համար, բայց այս ամենը, իհարկե, բավարար չէ», — ասում է Մարգարիտա Ղարդաշյանը։
Փիթերի վարաձակալած բնակարանում տոնածառ չկա, միայն թղթե Ձմեռ պապի նկար են փակցրել պատին։
«Նոր տարի է, հունվարի վեցին Քրիստոսի ծնունդն ենք նշում, երեխաների համար ուզում եմ խաղալիքներ գնել, բայց փողը քիչ է, նեղվում եմ։ Չունեմ ու չգիտեմ ինչ կանեմ։ Բայց կա մեծ ցանկություն, որ հաջորդ տարին շատ ավելի հաջող լինի, հատկապես աշխատանքի առումով։ Ուզում եմ գործ լինի, որ ամեն ամիս աշխատավարձ ստանամ։ Ես խնդիր չունեմ, կաշխատեմ մինչև տասնհինգ ժամ։ Ուզում եմ մնալ ու ապրել Հայաստանում։ Աստված օգնական», — ասում է Փիթերը։
Մարգարիտա Ղարդաշյանի խոսքով՝ Փիթերի ընտանիքը հաջողությամբ է ինտեգրվել հայաստանյան իրականությանը, և ինչ-որ դեպքերում ինքը նույնիսկ էլ չի ուղեկցում Փիթերին․
«Լավ տիրապետում է արդեն լեզվին, ես միայն ուղղորդում եմ՝ ինչն ինչպես անել, ուր գնալ, մնացածը Փիթերն անում է ինքնուրույն, սկսած, օրինակ, աղջկա մանկապարտեզից, բուժհաստատություններ այցելելուց։ Նրանք ընտրեցին Էջմիածինը, ասացին, որ այստեղ մարդկանցից ավելի ջերմ վերաբերմունք են ստացել»։
«Հետո ինչ, որ հայ չեմ»
Համավարակն ու պատերազմն էլ չեն հուսալքել երիտասարդ ընտանիքին։
«Պատերազմի օրերին ընկերներիցս շատերը գնացին կռվելու, ես էլ եմ ցանկացել մեկնել, գնալ ու մի բանով օգտակար լինել, ինձ չեն թողել։ Բայց ես հիմա էլ պատրաստ եմ, կապ չունի, որ հայ չեմ, ես այստեղ եմ ապրում, այս հողի վրա, այս երկրում, նշանակում է դա նաև ինձ է վերաբերում», — ասում է Փիթերը։
Կինը` Վիոլան, դժվարությամբ է արտահայտվում հայերենով, բայց փորձում է մասնակցել խոսակցությանը․
«Ես հիմնականում տանն եմ, շատ եմ կարոտում ծնողներիս, չնայած ամեն օր խոսում ենք։ Շատ կուզեյի, որ այս տարի Փիթերը լավ աշխատանք գտներ ու ավելի հանգիստ ապրեինք»։
Փիթերի և Վիոլայի երազանքն է Էջմիածնում փոքր արաբական ռեստորան բացել, քանի որ այս բիզնեսում որոշակի փորձ ունեն։
«Մի քիչ փող լինի, ձեռք բերեմ վառարան, գազ, մեքենա ու կբացեմ մի փոքր ուտելու տեղ, կառաջարկեմ զաթար, լահմաջո, պիցցա։ Վիոլան էլ ինձ կօգնի, ձեռքի լավ շնորք ունի, մոմեր, զարդարանքներ, պայուսակներ է պատրաստում։ Կաշխատենք, կապրենք մեր սիրած քաղաքում», — ասում է Փիթերը։