Ցույցեր Ֆրանսիայում․ո՞վ, ինչի՞ համար և ինչի՞ դեմ
Արդեն մեկ ամիս է, ինչ Ֆրանսիայում չեն դադարում փողոցային ցույցերը։ Դրանք անցկացվում են ոչ միայն Փարիզում, այլ նաև Բորդոյում, Լիոնում և ֆրանսիական մյուս քաղաքներում։ Առիթը բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացնելու վերաբերյալ կառավարության որոշումն է դարձել։ Այդ պատճառով էլ ցուցարարները դեղին բաճկոններ են հագել, որոնք պարտավոր են ունենալ երկրի բոլոր վարորդները։ Դրանց շնորհիվ այդ ցույցը ստացել է «դեղին բաճկոնների» շարժում անվանումը։
Ո՞ւմ է միավորել այս ցույցը։ Ինչի՞ են ուզում հասնել դրա մասնակիցները։ Որքա՞ն են հաջողության նրանց շանսերը։ Այս և այլ հարցերի Meduza պարբերականին պատասխանել է ֆրանսիացի սոցիոլոգ Կարին Կլեմանը։
Ո՞վ է փողոց դուրս եկել
Բողոքի այս ալիքը շատ է տարբերվում մյուսներից։ Նոր ցուցարարներն, առաջին հերթին, ծայրամասերից են՝ շրջաններից։ Երկրորդ հերթին, նրանց մեջ տարբեր տարիքի մարդիկ կան, և կանայք, և տղամարդիկ, սակայն գերակշռում են ոչ թե աղքատ կամ ամենաչունևոր քաղաքացիները, այլ այսպես կոչված աղքատ աշխատող մարդիկ, որոնք ստիպված են ավելի ու ավելի շատ աշխատել ապրելու կամ, ինչպես ոմանք ասում են, գոյություն պաշտպանելու համար։
Մեկ այլ տարբերությունն այն է, որ մարդիկ ինքնաբուխ են փողոց դուրս եկել, տարերայնորեն․․․ Դժգոհություն է կուտակվել, և բենզինի գների բարձրացման պատմությունը վերջին կաթիլն էր։
Եվս մեկ կարևոր նորույթն այն է, որ մարդիկ չեն ուզում, որ իրենց ներկայացնեն, չեն ուզում, որ իրենց անունից ինչ-որ մեկը խոսի, այդ պատճառով էլ նրանք քիչ են աջակցում կուսակցություններին և արհմիություններին։
Որքա՞ն կրիտիկական է Ֆրանսիայի տնտեսության դրությունը
Բացարձակ թվերը քիչ բան կասեն։ Օրինակ, շատերի նվազագույն աշխատավարձը 1100 եվրո է, սակայն նրանք լիքը հարկեր են վճարում, կոմունալ ծախսերն են շատ։ Բացի այդ, այդ մարդիկ երեխաներ ունեն․ այս շարժմանը շատ միայնակ մայրեր են մասնակցում։ Ի՞նչ փող է 1100 դոլարը Ֆրանսիայում երկու երեխաների դեպքում, եթե միայնակ մայր ես։ Գրոշներ։ Մարդիկ բողոքում են, որ ստիպված են ծնողներին դիմել, որպեսզի նրանք հագուստ գնեն թոռների համար։ Դա բացարձակ նվաստացուցիչ իրավիճակ է։
Նյութական դրությունը դեռ ամենը չէ
Տնտեսական պահանջները գործի միայն մեկ կողմն է։ Սա անհավասարության դեմ ցույց է։ Նրա դեմ, որ հարկերը վճարում են աղքատներն, իսկ առավել հարուստներն ավելի ու ավելի քիչ են վճարում։ Մարդկանց մտահոգության ամենամեծ աղբյուրը, երբ մենք նրանց հետ շփվում ենք, և բոլոր հարցումները դա են ցույց տալիս, այն է, որ Մակրոնը չեղարկել է հարստության հարկը (այս հարկը վճարում էին այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում էր 1.3 մլն եվրոն։ Հարկի սանդղակը կազմում էր 0,5 -1,5% — խմբ․)։
Իշխանությունը վերևից է խոսում
Մարդիկ նաև լավ չեն ընդունում տոնը, որով իրենց դիմում է Մակրոնը։ Նա իսթեբլիշմենթի ներկայացուցիչ է, տեխնոկրատ։ Նա շրջանների մարդկանց վերաբերյալ շատ նվաստացուցիչ խոսքեր է ասել, օրինակ, ասել է, թե նրանք իբր ծույլ են, այնքան էլ կրթված չեն, փոքր մարդիկ են, որոնք հիմա են ապստամբել։ Նա ասում է, որ մարդիկ չեն ուզում աշխատել կամ բավականաչափ ակտիվ չեն աշխատանք փնտրելու հարցում։ Ոչ, մարդիկ կոտորվում են աշխատավայրերում և մշտապես բախվում կենսական դժվարությունների։
Ինչո՞ւ են միացել շրջանները
Շրջաններում ապրում են մարդիկ, որոնց մեքենա է անհրաժեշտ՝ առևտրի գնալու, աշխատանքի գնալու համար, այդ պատճառով էլ բենզինի գնի ցանկացած փոփոխություն շատ զգալի է։ Բացի այդ, սրանք Ֆրանսիայի բնակիչների այն մասն են, որոնց իսթեբլիշմենթի ներկայացուցիչները առավել հակված են ծաղրելու։ Նրանք բացահայտ չեն կատակում, մեզ մոտ քաղկոռեկտության ընդհանուր դիսկուրս է, սակայն բավականին հաճախ անարգանքի նոտաներ են սողոսկում։
Ի՞նչ է լինելու
Իշխանությունները հիմա բարդություններ ունեն։ Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք դուրս գալու այս իրավիճակից, սակայն զիջումները տվյալ պահին, համենայնդեպս, միակ ելքն են։ Ես չեմ պատկերացնում, թե էլ ինչպես նրանք կարող են մեղմել բողոքը, քանի որ շարժումն իր դինամիկան ունի՝ համերաշխություն, ինքնահարգանք և այլն։ Եվ չի զգացվում, որ մարդիկ պատրաստ են կանգ առնել որոշ զիջումներից հետո։ Սակայն եթե իշխանությունը բռնությամբ, կալանքներով պատասխանի, դա միայն կվատթարացնի իրավիճակը։