Ցխինվալի դարպասները
Ցխինվալում տների իննսուն տոկոսը սեփական է: Գրեթե բոլորի տան դարպասները երկաթյա են, քաղաքում փայտյա դարպասներ պարզապես չեն մնացել:
Ցխինվալի տարեց բնակիչ Ռոին Պապելիշվիլին ասում է, որ չի հիշում, թե նախկինում ինչ-որ մեկի դարպասը երկաթյա լիներ:
«Դարբնի աշխատանքը շատ թանկ է: Նախկինում երկաթյա դարպասները պատվիրում էին մեխանիկական գործարանում, իսկ նախշերը կարելի էր պատվիրել Ցխինվալի վարպետներին, սակայն հաճախ այդ նպատակով Գորի էին մեկնում: Այնտեղ դարպասների պատրաստման արտադրամաս էր աշխատում, ալյումինից տարբեր պատկերներ էին ձուլում, մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես խաղողի ողկույզները: Մեծ մասը Գորիում էր պատվիրում միայն նրա համար, որովհետև դա կրկնակի էժան էր, վարպետներն էլ օպերատիվ էին աշխատում՝ բառացիորեն աչքիդ առաջ»:
Ինչպես ասում են տեղացիները, սեփական կենցաղը զարդարելու նոր միտումը Հարավային Օսիայում հայտնվել է Ռուսաստանի կողմից նրա անկախության ճանաչումից հետո, քանի որ արդյունքում մարդկանց կյանքում հարաբերական կայունություն է հաստատվել: Վերջին մի քանի տարիների ընթացքում քաղաքները բարեկարգվում են փողոցները, վերականգնվում և կառուցվում են տներ:
Բեսո Դոգուզովը ձեռներեց է, ղեկավարում է Հարավային Օսիայի ամենահին շինարարական «Վիկոս» ընկերությունը:
— Այսօր շատերն են ուզում գեղեցիկ դարպասներ ունենալ, դա տրամադրություն է ստեղծում և խոսում է տանտիրոջ բարեկեցության մասին: Եվ հետո, դարպասները տեղադրվում են ոչ թե մեկ օրվա, այլ տարիների համար: Պարզապես ինձ ավելի շատ դուր են գալիս ոչ թե ամբողջությամբ ծածկված, այլ անցքերով դարպասները, որպեսզի լույս ընկնի:
Հնարավոր է, որ Ցխինվալում պատերազմը դեռևս բաց չի թողել մարդկանց, այդ պատճառով էլ այստեղ դեռևս հաճախ են հանդիպում խուլ դարպասներ: Մարդիկ այստեղ ապրում են «Իմ տունը իմ ամրոցն է» մտքով:
Հին դարպասները ցխինվալցիները սկսեցին ակտիվորեն փոխել 2010 թ-ին, երբ քաղաքում հայտնվեցին հատուկ հաստոցներ: Այժմ երկաթը կռելու համար մուրճ ու սալ պետք չէ, բավական է հաստոցի վրա ճիշտ կարգավորումներ անել և կարելի է ցանկացած ձև ունեցող էլեմենտներ պատրաստել:
Այսօր Ցխինվալում այդպիսի արտադրանքի հինգ արտադրամաս է աշխատում:
«Պիոների այգու ցանկապատը մեր ձեռքի գործն է, մենք այն հաստոցներով ենք պատրաստել: Դա մոտ 400 քառակուսի մետր է և ձեռքով պատրաստելու դեպքում երկու տարի կպահանջվեր», — ասում է Բեսո Դոգուզովը:
Երկաթյա դարպասների պատրաստման արժեքը կախված է նրանից, թե քանի դեկորատիվ էլեմենտ, ինչպիսի փական և ներկ է օգտագործվելու:
Երկաթյա թիթեղները Վլադիկավկազում ավելի էժան են, սակայն երբ դրանք բերում ես Ցխինվալ, լրացուցիչ ծախսեր են առաջանում, այդ թվում նաև՝ մաքսազերծման համար: Այնուամենայնիվ, հարթ, ստանդարտ և լավ ներկած երկաթյա դուռը Ցխինվալում արժե չորսից ութ հազար ռուբլի [մոտ 60-120 դոլար], իսկ Վլադիկավկազում՝ 1,5-2 հազար:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ տեղի վարպետները փորձում են բիզնեսում մնալու համար զգալիորեն ավելի քիչ գումար վերցնել, քան Վլադիկավկազի նրանց գործընկերները:
Եկամուտ ամեն դեպքում կա և արժե աշխատել, ասում են նրանք:
Միխայիլ Խասսիևի տան երկաթյա դռները Ցխինվալի տեսարժան վայրերից են դարձել, դրանց վրա Սալվադոր Դալիի դիմանկարն է:
«Ես այն նկարել եմ 2012 թ-ին: Մայրս տանը չէր, նա այն ժամանակ Սինագուրիի դպրոցում էր աշխատում, և մինչ նա կգար, ես Դալիին նկարեցի: Մայրս նախապաշարմունքներ չունի, այդ պատճառով էլ հանգիստ վերաբերվեց դիմանկարին, ավելին՝ հիացած էր: Իսկ ինձ հիմա առաջարկել են քաղաքում օսական մոտիվներով ինչ-որ բան նկարել», — պատմում է Միխայիլ Խասսիևը:
Իսկ Ռոին Պապելիշվիլին իր երկաթյա դարպասները չի փոխել, դրա նախշերը պատրաստված են Գորիում:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ: