Ցեղասպանությունը տարածաշրջանային խաղերում
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կոնֆլիկտը կարող է Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունենալ, այդ պատճառով էլ հայերը զուսպ, բայց անհանգիստ հետևում են իրադարձությունների զարգացումներին:
JAM news-ը հաղորդել էր արդեն, որ ռուսական կողմը առանց կաշկանդվելու փորձում է Անկարայի հետ կոնֆլիկտում օգտագործել հայկական գործոնը՝ Պետդումա մտցնելով Թուրքիայում 1915թ. իրագործած ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ:
Հայաստանում դժվար է գտնել մարդկանց, ովքեր դրական են արձագանքում այդ քայլին: «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Այս օրինագիծը, որը փորձում են շրջանառության մեջ դնել այդ պետդումա կոչվող հոգեբուժարանում, ուղղակի վիրավորական է 1915 թվի զոհերի հիշատակի հասցեին»:
Սակայն Թուրքիան պարտքի տակ չմնաց ու ռուսական շանտաժին իր կառավարության ղեկավարի շուրթերով պատասխանեց. «Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի գրավված տարածքներն ազատագրվեն»: Սա նշանակում է, որ Անկարան կարող է միջամտել ղարաբաղյան հակամարտությանը: Ռուսական «Կոմերսանտը» գրում էր, որ Ահմեդ Դավութօղլուն «փաստացի Ռուսաստանի հետ պայքարի նոր ռազմադաշտ է բացել»:
Այս ֆոնին The Associated Press-ի հաղորդագրությունը քիչ թե շատ հուսադրող էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիքեսիր քաղաքում շաբաթ օրը կայացած հանրահավաքին հայտարարեց, որ ափսոսում է թուրքական օդուժի գործողությունների արդյունքում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որ Անկարան ու Մոսկվան պետք է ավելի դրական մոտեցում ցուցաբերեն այդ դեպքի առնչությամբ. «Մենք չենք ուզել, որ նման բան տեղի ունենա, սակայն տեղի է ունեցել: Հուսով եմ, որ չի կրկնվի»:
Էրդողանը նաև Փարիզում կայանալիք կլիմայական հարցերով գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու ցանկություն հայտնեց, ինչը կարելի է գնահատել որպես երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը մեղմելու հնարավորություն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար բոլոր դրական հետևանքներով հանդերձ: Գագաթաժողովն աշխատանքը սկսեց նոյեմբերի 29-ին, սակայն նախագահների հանդիպումը չկայացավ:
Հայկական տեղեկատվական 1in.am կայքը թուրք քաղաքագետ, Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերով փորձագետ Ալի Յարթագյուլի հետ հարցազրույց է հրապարակել: Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացին Թուրքիայի միջամտության հնարավորության մասին՝ նա նշել է.
«Անկարան շատ իմաստուն քայլ կանի, եթե այդպես վարվի, բայց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Անկարայում չէ: Այդ բանալին Երևանում է: Եթե այս հիմնախնդիրը լուծելու տրամադրությունները և խաղաղության ոգին գերիշխող դառնան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Թուրքիան կաջակցի այդ գործընթացին: Խաղաղությունը Կովկասում համապատասխանում է Թուրքիայի շահերին»: