Տղամարդիկ վերադարձել են
Հանքավայրին կողմ են դրա դեմ պայքարողները
Տարիներ առաջ, երբ սկսվեց Լոռու մարզի «Թեղուտ» ՓԲԸ-ի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ պայքարը, Թեղուտի բնակիչ 22-ամյա Անուշ Մելքոնյանը բացեց բնապահպանական հասարակական կազմակերպություն: Սակայն հանքավայրի աշխատանքի մեջ բացասական ոչ մի բան չնկատելով՝ նա պարզապես փակեց ՀԿ-ն և հիմա աշխատում է Երևանում՝ բնապահպանական ոլորտում:
«Երբ ես իմ մանկությունը հիշում եմ, գյուղում տղամարդ չկար: Բոլորը, ինչպես նաև իմ հայրը, արտասահմանում էին աշխատում: Իսկ հիմա նրանք վերադարձել են… Ես կողմ եմ, որ կա այս ընկերությունը՝ գրեթե բոլոր ընտանիքներում աշխատող կա: Եթե ուսանողները նախկինում ավարտում էին ու նստում էին տանը, հիմա կարողանում են գտնել աշխատանք»,- համոզված է Անուշը:
Եվ իրոք, Թեղուտի հանքավայրում 1300 աշխատողների 90 տոկոսից ավելին Լոռու մարզի բնակիչներ են, որոնցից 250-ը՝ Շնողից, 150-ը՝ Թեղուտից: Միջին աշխատավարձը 315000 դրամ է, հարկերը ներառված:
Գյուղացին աշխատանք է ուզում, ստանում այն, բայց չի պատկերացնում, որ իր կյանքը փոխվելու է: Այս կարծիքին է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, ով տարիներ շարունակ պայքարում է, որ հանքավայրի գործունեությունը դադարեցվի: «Իրականում հանքավայրի տված վնասները շատ ավելի մեծ են, քան օգուտները: Այն գերագնահատված է»,- ասում է Արթուրը:
Հանքավայրի գործարկումը դրական կողմեր էլ ունի: Թեղուտում շրջելիս առաջին հերթին աչքդ ծակում են Հայաստանի գյուղին ոչ բնորոշ բարեկարգ ճանապարհները՝ նոր ասֆալտապատված, յուրաքանչյուր հարյուր մետրում տեղադրված աղբարկղերով, որոնք նաև ամեն օր դատարկվում են:
Հանքավայրի շահագործման մասին խոսակցությունների սկսվելու օրվանից անտառահատումն ամենաբուռն քննարկվող հարցն էր, սակայն այժմ դադարել է խնդիր լինել թե գյուղացիների, թե բնապահպաններից շատերի, թե հանքավայրի համար: Ընկերությունը հաստատում է, որ իրականացրել է 415.7հա անտառապատում՝ հիմնականում Լոռու մարզում, ինչպես նաև տնկվելու է 180հա մրգատու ծառեր գյուղացիների համար: Իսկ հանքավայրը կառուցելու ժամանակ հատվել էր 194,4հա:
Շնող-Դեբեդ-Քուռ-Կասպից ծով՝ ուղիղ միացում
ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը այս տարվա օգոստոսի 5-ին ներկայացրել է «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության՝ Թեղուտի հանքարդյունաբերական համալիրի բացասական ազդեցության հետևանքով «լավ» դասին պատկանող գետը 3-4 տարում վերածվել է «ռիսկային» կամ 5-րդ՝ «վատ» դասի:
Ի դեպ, Շնող գետը Դեբետի վտակն է, որը միանում է Քուռին (Վրաստան), որն էլ լցվում է Կասպից ծով (Ադրբեջան):
«Սա կարող է բերել նրան, որ մի օր մեր հարևան երկիր Վրաստանը Հայաստանից պահանջի մի կլորիկ գումար իրենց շրջակա միջավայրը աղտոտելու համար: Ու դա ոչ թե վճարելու է ընկերությունը, այլ պետությունը, այսինքն մենք մեր հարկերից»,- նշում է ակտիվիստ Արթուր Գրիգորյանը:
«Վալլեքս խումբ» ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը հակադարձում է, որ կոմբինատը միակն է Հայաստանում, որ աշխատում է արտադրական ջրերի փակ շրջանառությամբ, այդ իսկ պատճառով արտահոսքեր հնարավոր չեն. «Շնող գետում արվել են մոլիբդենի քանակության դինամիկայի հետազոտությունները, սակայն ցուցանիշների անցանկալի տարբերություն չի նկատվել»:
Այնուամենայնիվ ակտիվիստ Արթուր Գրիգորյանը պնդում է, որ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվություն ունեն՝ շահագործման սկզբնական շրջանում պոչամբարից արտահոսքեր են եղել. «Դրանից հետո ընկերությունը նշեց, որ ամեն ինչ կարգին է, ինքը վերանորոգել է, սակայն ոչ մի ստուգում, ուսումնասիրություն չի իրականացվել, և պարզ չէ, թե ինչքանով է այն հավաստի»:
Արդեն 3 տարի Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգման ենթակա կազմակերպությունների ցուցակում է «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ որպես ռիսկային կառույց, սակայն քանի որ հանքի շահագործումը դեռ չէր իրականացվում, ստուգում էլ չէր իրականացվում:
2014թ. դեկտեմբերից սկսվեց Թեղուտի հանքավայրի շահագործումը, բայց մինչ այժմ պետական ոչ մի ստուգում չի արվել: Ավելին, կառավարության 2015թ. հուլիսի 30-ի որոշմամբ կասեցվել են ստուգումները ռիսկային կազմակերպություններից շատերում, այդ թվում և «Թեղուտ» ՓԲԸ-ում:
Թեղուտի գյուղապետն ասում է. «Մենք չենք կարող ստուգել, թե ինչպիսի վնասներ կարող է հասցնել հանքավայրը, քանի որ ես որպես գյուղապետ չունեմ նման հնարավորություն և ֆինանսներ: Հանքավայրը ինքը բերում է ստուգողին, ինքն էլ ասում, որ ամեն ինչ նորմայի մեջ է: Փողն ով տալիս է, նրա երգն էլ երգում են»:
Նոր հետազոտություններ նոր տարածքներում
Այժմ Թեղուտ ՓԲԸ-ն ցանկանում է իրականացնել ընդերքի նոր տարածքների հետազոտություններ: Այդ տարածքները պատկանում են վեց գյուղերի՝ նաև Թեղուտին ու Շնողին: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները այնուամենայնիվ կարծում են, որ այս անգամ գյուղացիները չեն հանձնվի, կգիտակցեն, թե ինչ հետևանքների կբերի հանքավայրի ընդլայնումը:
Թեղուտից 180 սեփականատեր կա այդ նոր տարածքում: «Ինձնից նախնական թույլտվություն են ուզել, ես չեմ տվել: Ես ասել եմ, որ կհամաձայնեմ միայն այն դեպքում, երբ բոլոր սեփականատերը իրենց թույլտվությունը տան: Եթե իրենք համաձայնեն, ես ինչպե՞ս կարող եմ դեմ կանգնել»,- ասում է Թեղուտի գյուղապետը:
Սակայն «Վալլեքս խումբ» ընկերության մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը նշեց. «Մեր ընկերությունը սովոր չէ, որ հարակից բնակավայրը չի ողջունում իր գործունեությունը, առ այսօր ոչ միայն հակազդեցության մասին խոսք չի եղել, այլ ամեն հարցում աջակցության և մեր գործունեությունը սրտաբաց ողջունելու մասին է եղել խոսքը»:
Իրոք՝ տեղացիներից շատերը շեշտում են. հանքավայրի հետ խնդիր չկա, ամեն ինչ լավ է, ճանապարհները ասֆալտապատված են, մեր տղամարդիկ աշխատում են, ջուրը այդքան էլ վատը չէ: Իսկ հետո՞ ինչ է լինելու, հարցին էլ պատասխանում են. «Հետոն հեռու է, ուզում ենք ապրել այսօր»:
Հրապարակվել է 16.08.2016