Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում. ամենագլխավորը
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 5 ինքնակառավարվող քաղաք և 59 մունիցիպալիտետ ընտրելու է քաղաքապետներ և տեղական խորհուրդներ՝ սակրեբուլոներ:
Ընտրություններ առանց առաջնորդների
Վերջին ընտրությունները Վրաստանում կայացել են 2016թ-ի հոկտեմբերին: Այն ժամանակ երկիրը խորհրդարան էր ընտրում: Այդ օրվանից ընդամենը մեկ տարի է անցել, սակայն վրացական քաղաքական լանդշաֆտում շատ բան է փոխվել:
Գլխավոր փոփոխությունը տեղի է ունեցել ընդդիմության շարքերում: Կուսակցությունների մի մասը լուծարվել է, ընդդիմության որոշ առաջնորդներն ընդհանրապես հեռացել են քաղաքականությունից: Հետևաբար, իշխող կուսակցությունն այս ընտրություններին հուզվելու ավելի քիչ առիթներ ունի, քան նախորդին:
Խորհրդարանական ընտրություններից հետո երկու մասի է բաժանվել գլխավոր ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը: Այն լքել է առաջնորդների զգալի մասը՝ ստեղծելով «Եվրոպական Վրաստան» նոր քաղաքական շարժումը:
«Ազգային շարժումն» այս ընտրություններին միանձնյա առաջնորդ չունի: Կուսակցության շարժիչ ուժը շարունակում է Միխայիլ Սահակաշվիլին մնալ, սակայն այժմ նա ակնհայտ չի կարող ժամանակ հատկացնել Վրաստանում կայանալիք մունիցիպալ ընտրություններին. նրա քաղաքական օրակարգում Ուկրաինան շատ ավելի կարևոր է: Հոկտեմբերի 17-ին նա իր քաղաքական գործընկերների հետ պլանավորում է Կիևում հսկայական հանրահավաք կազմակերպել վաղաժամ խորհրդարանական ընտրությունների պահանջով:
Սա «Ազգային շարժման» պառակտումից հետո առաջին ընտրություններն են, հետևաբար, նախկին գործընկերների համար ուժերը փորձելու և միմյանց հետ մրցակցելու առաջին փորձը:
Նախորդ ընտրություններից ևս մեկ կարևոր տարբերություն. «Վրացական երազանք» իշխող կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այս անգամ ամբողջությամբ ետ է քաշվել իր կուսակցության նախընտրական քարոզարշավից: Արշավն արդեն ավարտին է հասնում, սակայն Իվանիշվիլին ոչ մի անգամ դեռ չի հայտնվել հանրության առջև: Ասում են, որ ժամանակի մեծ մասը նա անցկացնում է ծովափնյա իր կեցավայրում և զբաղված է այնտեղ դենդրոպարկ ստեղծելով: Քաղաքական միջոցառումներին նա չի երևում, լրագրողներին մեկնաբանություններ չի տալիս: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ նա ակտիվորեն մասնակցում էր ընտրարշավին:
Գլխավոր ինտրիգ Թբիլիսի
Տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրությունների գլխավոր ինտրիգը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարն է:
Դա մի քանի պատճառ ունի: Առաջին հերթին, Թբիլիսին երկրի ամենախոշոր քաղաքն է, որում ապրում է երկրի բնակչության մոտ մեկ երրորդը: Բացի այդ, Թբիլիսիի բնակիչները քաղաքականորեն առավել ակտիվ են:
Երկրորդ և ամենագլխավոր պատճառը. նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ Վրաստանի բնակչությունն այլևս ուղղակիորեն նախագահ չի ընտրելու: Դա նշանակում է, որ Թբիլիսիի քաղաքապետը երկրում գլխավոր ընտրված քաղաքական ֆիգուրն է լինելու, ինչը նրան լեգիտիմացման շատ բարձր աստիճան է տալիս:
Թբիլիսիի քաղաքապետին ընտրողներն ընտրում են ուղղակիորեն երեք տարին մեկ՝ մունիցիպալ ընտրությունների ժամանակ: Առաջին փուլում ընտրված լինելու համար թեկնածուն պետք է ավելի քան 50% ձայն հավաքի: Եթե թեկնածուներից ոչ ոք այդքան ձայն չի հավաքում, երկրորդ փուլ է նշանակվում, որն առաջինից երկու շաբաթ անց է անցկացվում (Թբիլիսիի ներկայիս քաղաքապետը՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Նարմանիան ընտրվել է երկրորդ փուլում): Վրաստանում ընդհանուր առմամբ 3 մլն 500 հազար գրանցված ընտրող կա, որոնցից գրեթե մեկ միլիոնը՝ Թբիլիսիում:
Թեկնածուները
Իշխող կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին: Նախկին ֆուտբոլիստը՝ իտալական «Միլան» ակումբի պաշտպանը, արդեն 5-րդ տարին է՝ քաղաքականությամբ է զբաղվում: Նա մոտ է Իվանիշվիլիի ընտանիքին և ընկերություն է անում միլիարդատիրոջ որդու՝ Բերայի հետ:
Քաղաքականություն մտնելու օրվանից մինչև այսօր 39-ամյա Կալաձեն զգալի փոփոխությունների է ենթարկվել. այսօր նա շատ ավելի ինքնավստահ է: Նա երբեք չի թաքցրել իր քաղաքական հավակնությունները նույնիկ ֆուտբոլիստ եղած տարիներին: Կալաձեն բավականին հարուստ է և, ի տարբերություն «Վրացական երազանքի» մյուս անդամների, ֆինանսապես Իվանիշվիլիից կախում չունի: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շատերը զարմացան, որ իշխող կուսակցությունը նրա թեկնածությունն առաջ քաշեց, քանի որ հնգամյա փորձը ցույց է տալիս, որ Իվանիշվիլին չի սիրում հավակնոտ և անկախ առաջնորդների, իսկ երկրի կառավարման գործը վստահում է ավելի «գորշ» և աննկատ կադրերի:
NDI կողմից հուլիսին անցկացված հարցման տվյալներով՝ Կալաձեն հայտնիությամբ առաջատար էր թեկնածուների շրջանում. նրա օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 37%-ը:
Այդ նույն հարցման համաձայն՝ երկրորդ տեղ (22 տոկոս) էր դուրս գալիս անկախ, անկուսակցական թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին: Նախկին հեռուստահաղորդավար 39-ամյա Էլիսաշվիլին Թբիլիսիի սակրեբուլոյի անկախ պատգամավոր է: Երեք տարվա ընթացքում նա խոշոր դևելոփերների և կոռուպցիայի դեմ պայքարողի համբավ է ձեռք բերել: Թեկնածություն առաջադրելու ժամանակ Էլիսաշվիլին հայտարարել է, որ չի ենթարկվում որևէ կուսակցության կամ խոշոր բիզնեսի ազդեցության, և խոստացել է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հաշվետու է լինելու միայն ժողովրդին:
Էլիսաշվիլիին են սատարում այն ընտրողները, որոնց դուր չի գալիս ոչ «Ազգային շարժումը», ոչ «Վրացական երազանքը»:
«Ազգային շարժումը», որը, չնայած դժվարություններին, շարունակում է մնալ գլխավոր ընդդիմադիր ուժ, առաջադրել է 45-ամյա Զաալա Ուդումաշվիլիի թեկնածությունը: 25-ամյա ստաժ ունեցող հեռուստահաղորդավարը նոր դեմք է վրացական քաղաքականությունում: Ուդումաշվիլին հայտարարել է, որ «զայրացած թբիլիսցիների թեկնածու» է լինելու:
«Ազգային շարժումից» անջատված «Եվրոպական Վրաստանն» առաջադրել է խորհրդարանի 38-ամյա պատգամավոր Ելենա Խոշտարիայի թեկնածությունը: 2007-2012թթ-ին նա եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարարի առաջին տեղակալն է եղել, իսկ 2016թ-ին գլխավորել է «Ազգային շարժման» ընտրացուցակը:
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են նաև ռուսամետ «Հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու, «լեյբորիստ» Գեորգի Գուգավան, «պահպանողական» Կախա Կուկավան և այլք. ընդհանուր գրանցվել է 14 թեկնածու:
Քաղաքային պլանավորումը, բնապահպանական և ճանապարհային խցանումների խնդիրներն այն հարցերն են, որոնք գրեթե բոլոր թեկնածուներն առաջին պլան են մղում իրենց ծրագրերում:
Իհարկե, սոցիալական խնդիրները, գործազրկությունը, ցածր կենսաթոշակներն ու աղքատությունը նախկինի պես արդիական են երկրի համար, սակայն թբիլիսցի ընտրողների համար ավելի ու ավելի առաջնահերթ են դառնում հստակ ուրբանիստական հարցերն, օրինակ, քաղաքի բարեկարգումը, ենթակառուցվածքների, հասարակական տրանսպորտի և բնապահպանական խնդիրները: Դա նույնպես դարձել է ներկայիս ընտրությունների նորամուծությունը: