Տարերային աղետները Բաքվում
Բաքվում ձյուն եկավ: Նույն պահին գազի և ինտերնետի խաթարումներ սկսվեցին: Ինչ կապ ունի ինտերնետն՝ անհասկանալի է, սակայն փաստը մնում է փաստ. երբ ձյուն է գալիս, ինտերնետի հետ խնդիրներ են սկսվում:
Ամեն դեպքում ձյունը Բաքվում հաճախակի երևույթ չէ, իսկ անձրևը հաճախակի է և շատ ավելի վտանգավոր:
Բաքվում անձրևը նշանակում է սողանքներ, էլեկտրաէներգիյի մատակարարման և կապի խափանումներ, խցանումներ, դժբախտ պատահարներ ճանապարհներին: Ամեն տարի կոմունալ ծառայությունները վստահեցնում են, որ քաղաքը պատրաստ է աշնանային-ձմեռային սեզոնին, սակայն իրավիճակը չի փոխվում:
Բողոքները սոցցանցերում, հեգնական կամ մերկացնող հոդվածները լրատվամիջոցներում նույնքան սովորական երևույթ են, որքան մինչև ոտքի կոճերը հասնող ջրափոսերը: Նման դեպքերում գլխավոր մեղադրյալը քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովն է:
Մենք փորձել ենք հասկանալ, թե ով է իրականում պատասխանատու «անձրևային դժբախտությունների» համար, և ինչ է պետք անել, որ դրանք չլինեն:
Ճանապարհներ
«Գիտե՞ս, թե երբ եմ աշխատավայրից դուրս եկել: Ժամը վեցի՜ն: Եվ տուն եմ հասել 9-ի կողմերը»:
Ռիադն աշխատում է կենտրոնում, սակայն ապրում է քաղաքից դուրս: Անձրևոտ երեկոյի մեծ մասն անցկացրել է Նավթագործների պողոտայում՝ խցանման մեջ: «Ահա այստեղ էի կանգնած», — մատնացույց է անում նա լուսանկարը, որն արագ տարածվեց սոցցանցերում. երեկոյան պողոտայի տեսարան՝ լցված այնքան մեքենաներով, որ գետինը գրեթե չի երևում: Չնայած, գետինն առանց այդ էլ չի երևում, այն ջրի տակ է:
Ամենաբարդը նրանց համար էր, ովքեր ստիպված էին թունելների միջով անցնել: Վերոնշյալ Դառնագյուլում՝ քաղաքի արդյունաբերական թաղամասում, նոր կառուցված ճանապարհային թունելները բառացիորեն հեղեղված էին: Պատճառը ջրահեռացման և անձրևաջրերի կոյուղու բացակայությունն էր. անձրևաջրերը խորը ջրափոսեր էին առաջացնում: Ամենասարսափելին այդ պարագայում ճանապարհի մեջտեղը թրջված շարժիչով լռվելու հավանականությունն է, այդ պատճառով էլ վարորդները կրիայի արագությամբ են շարժվում, սրա պատճառով էլ խցանումներ են առաջանում ճանապարհներին:
Անձրևի ժամանակ լուսաֆորները չեն աշխատում, ջուրը մալուխներին է հասնում:
Այսպիսի մեկնաբանություն տվեց Տրանսպորտի ինտելեկտուալ կառավարման կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շաֆա Մեխմանգզին. «Քաղաքի լուսաֆորների մի մասը մեզ է ենթարկվում, մյուս մասը՝ ներքին գործերի նախարարությանը: Դրանք անջատվում են, երբ մալուխների մեջ ջուր է հայտնվում և երբ քաղաքի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվում է»: Նա ավելացրեց, որ վարչությունն արդեն ուղարկել է իր աշխատակիցներին խափանումները շտկելու:
ՆԳՆ կողմից լուսաֆորների համար պատասխանատու է «Ազդակ» մասնագիտացված նախագծային արտադրական հաստատությունը: Այդ կառույցի բաժիններից մեկի ղեկավարի քարտուղարուհին հայտարարեց, որ նրանք հասարակայնության հետ կապերի առանձին բաժին չունեն, իսկ իրենք մեկնաբանություններ չեն տալիս:
Բաքվի Պետական ճանապարհային ոստիկանության վարչության բաժնի պետ, գնդապետ Վագիֆ Ասադովը խորհուրդ է տալիս անձրևային օրերին մեքենաներից չօգտվել և հասարակական տրանսպորտով երթևեկել: Սակայն փորձեք դա բացատրել, օրինակ, երեխաներին քաղաքի մյուս ծայրում գտնվող դպրոց տանող ծնողներին:
Տնտեսական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովն այսպես է բացատրում ճանապարհային հեղեղների հետ կապված իրավիճակը. «Բանն այն է, որ Ապշերոնի տարածքի հաղորդակցությունների 90%-ը հին է, խորհրդային տարիների: Դրանք շարքից դուրս են գալիս: Բացի այդ, մենք 200 չպլանավորված լիճ ունենք: Դրանցից 7-ը բնական ծագման են, մնացածը՝ արհեստական, որոնք ստեղծվել են նավթի արդյունահանման ժամանակ: Դրանք բարձրացնում են ստորգետնյա ջրերի մակարդակը: Եթե հողը բառացիորեն 20 սմ փորենք, արդեն ջուր կհայտնվի:
Բացի այդ, շրջաններից տեղափոխվածներն այստեղ աօպրինի շինություններ են կառուցել առանց կոյուղու: Իսկ այդ հողերը չորացվում էին ապագայում կանաչապատելու նպատակով: Այդ պատճառով էլ նկուղներում ջուր է հավաքվում, ստորգետնյա ջրերն են թափանցում»:
Անկախ ճարտարապետների միության նախագահ Զեմֆիրա Բուդաղովան պատմում է. «Երբ ես երեխա էի, փողոցում անձրևի տակ վազվզում էինք: Եվ չէինք վախենում հիվանդանալ կամ ոտքերը թրջել: Ճանապարհի երկու կողմերում անձրևաջրերի հեռացման ճաղեր կային: Այդ ջուրը կոյուղուց առանձին հատուկ համակարգով ուղիղ ծով էր դուրս բերվում: Եվ ոչ միայն անձրևաջրերի, այլ նաև ձնհալի ժամանակ: Եթե, օրինակ, հրդեհ էր լինում, այն հանգցնելու համար օգտագործվող ջուրը նույնպես դրա միջոցով էր դուրս բերվում:
Ավելի ուշ՝ 90-ականներին, ջրահեռացման այդ համակարգը լիկվիդացրին, կոյուղու հետ համատեղ դարձրին, որտեղ կենցաղային կեղտաջրերն են լցվում: Այդ համատեղության պատճառով անձրևի ժամանակ կոյուղաջրերը դուրս էին թափվում ուղիղ փողոց: Հոտը վերացնելու համար, այդ ճաղերն ամբողջությամբ ծածկեցին:
Այդ պատճառով էլ հիմա անձրևի ժամանակ ջուրը տեղ չի գտնում հոսելու: Կամ պետք է ջրահեռացման հին համակարգը վերականգնել, կամ նորը կառուցել: Բացի այդ, կոյուղու ցանկացած խողովակ իր անցանելիությունն ունի»:
Տիկին Զեմֆիրան նշում է նաև ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացումը: Նրա խոսքով՝ Կասպից ծովի ավազանում չպետք է բարձրահարկ շենքեր լինեն: «Նկուղները ջրով են լցվում հիմնականում հին տներում: Իսկ նորերում հիմքը բետոնածածկ է: Ջրերը շրջապատում են այն, և ժամանակի ընթացքում այն ճաքում է և նստում»:
«Ազերսու» ԲԲԸ-ում (ջրամատակարարման համար պատասխանատու ընկերություն), ուր մենք դիմեցինք կոյուղային համակարգի վերաբերյալ հարցմամբ, հրաժարվեցին որևէ հարցի պատասխանել: Սակայն հարցազրույցի ժամանակ «Ազերսու» ԲԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անար Ջեբրայիլին ասել է, որ ներկա պահին ճանապարհների 16-17% է անձրևաջրերի հեռացման համակարգով զինված: Սակայն իրականում դրա առկայությունը քիչ բան է փոխում. «Կոյուղու համակագը կառուցվել է նախորդ դարի 70-ական թվականներին և հարմարեցված է եղել այդ ժամանակահատվածի պահանջներին: Սակայն քաղաքի բնակչությունն այդ ժամանակներից ի վեր մեծապես աճել է, համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը»:
Ջեբրայիլիի խոսքով՝ հիմա անձրևաջրերը, ինչպես նաև մնացած բոլոր կոյուղաջրերը նույն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայան են թափվում: Ապագայի համար «Ազերսուն» համակարգի վերակառուցման ծրագիր է մշակել, որով անձրևաջրերը չեն ուղղվելու դեպի մաքրման կայան, այլ ուղղակիորեն թափվելու են կամ լճեր, կամ Կասպից ծով, ասել է նա:
Սողանքներ
Բաքվի №48 դպրոցը բլրի լանջին է գտնվում, այդ պատճառով էլ հողն այստեղ կարծես բազմամակարդակ լինի. դպրոցի վրա պատ է կախված, որը տանում է դեպի հաջորդ տեռաս: Հենց այդ պատն էր քանդվել ընկել դպրոցի մարզահրապարակի վրա:
Բաքվում անձրևից հետո հաճախ են սողանքներ լինում, օրինակ, Բայիլով թաղամասում, որտեղ լանջն այնքան կտրուկ է, որ քաղաքացիներն, ի հեճուկս երկրաբանական եզրույթների, այն սար են անվանում:
«Պատկան մարմիններն իրազեկված են, անհրաժեշշտ միջոցներ կձեռնարկվեն, մի անհանգստացեք, երեխաները առկա և պոտենցիալ փլուզումից չեն տուժի», — աշխուժորեն ներկայացրեց նախարարության թեժ գծի զանգերի կենտրոնի աշխատակիցը:
Այդ միջադեպի համար, ինչպես բացատրեցին ԱԻՆ-ում, պատասխանատու է կրթության նախարարությունն ու գործադիր իշխանությունը: Դեպքի վայր ժամանելով՝ մենք այնտեղ գործադիր իշխանության երկու բեռնատար և դպրոցի հեռացող տնօրենին նկատեցինք (ինչպես մեզ բացատրեցին, գնում էր կրթության նախարարույթուն հաշվետվություն հանձնելու): Փոխարենը գործադիր իշխանության ներկայացուցչին հանդիպեցինք, որը չցանկացավ պաշտոնական մեկնաբանություններ տալ:
Սակայն մեկ շաբաթից ավել ժամանակ անցավ, իսկ դպրոցական հրապարակում իրավիճակը չփոխվեց: Նույն խորը ճաքերով է պատված մարզահրապարակի ասֆալտը, վերանորոգված չէ սարալանջը:
Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ
Ողջ անձրևոտ օրվա ընթացքում Նաթելան սառչել է դպրոցում՝ էլեկտրաէներգիան են անջատել: Չնայած որ նա սովորում է էլիտար կրթական համալիրում, անձրևը հեղեղել է մալուխները՝ ներթափանցելով նոր պլաստիկե շրջանակներից ներս: «Փոխարենը ողջ օրը դպրոցով մեկ թափառել ենք մի դասարանից մյուսը», — անսպասելի զվարճաքի համար ուրախանում են աշակերտները:
Անձրևը, ձյունն ու քամին հաճախ ուղեկցվում են նաև ստորգետնյա մալուխների, էլեկտրահաղորդակցման գծերի, կապի վնասվածքներով: Ցանցային ինժեներ Վասիֆ Գուլիևն այսպես է մեկնաբանում. «Արտաքին կողմից քաշվող մալուխը տարբերվում է նրանից, որը տարածքի ներսից է անցկացվում, առաջին հերթին մեկուսացման հաստությամբ: Հետևաբար այն ավելի թանկ արժե: Տնտեսելու նպատակով հաճած սովորական են անցկացնում, որը սկսում է երկու-երեք ձմեռ անց ճաքճքել: Այդ պատճառով էլ ցանցային մալուխ անցկացնելիս այն միշտ պետք է ծալքավոր խողովակով անցկացնել»:
Այն դեպքերում, երբ համակարգչին/մոդեմին մալուխի միացման կետն ավելի ներքև է մալուխի՝ սենյակ մտնելու կետից, հնարավոր է ջրի ներթափանցում և մալուխին միացված սարքի շարքից դուրս բերում, պարզաբանում է ինժեները: Այդ պատճառով էլ ռոուտերի կամ համակարգչի վաղաժամ փչանալուց խուսափելու համար մալուխը պետք է միշտ ներքևից վերև անցկացնել: Ի դեպ, ինժեների խոսքով, թրջվելուց առավել հաճախ տուժում են հեռախոսային մալուխները, դրա ապացույցն են աղմուկները, խոտանները, կապի ցածր մակարդակը:
Եզրակացություններ
Արդյունքներն ամփոփելով՝ կարելի է հետևյալ եզրակացություններն անել.
Անձրևային աղետների պատճառները երկուսն են:
Առաջին հերթին, քաղաքի բնակչության թվի ավելացումը, որը կեղտաջրերի հեռացման համակարգերի արմատական փոփոխություններ է պահանջում:
Երկրորդ հերթին, պետությունը ոչ միայն հոգ չի տարել այդ փոփոխությունների համար, այլ նաև չի նորացրել առկա համակարգը, որը խորհրդային տարիներից է մնացել:
Իրավիճակը բարդացնում է բաժանված լիազորությունների և կոլեկտիվ պատասխանատվության խճճված համակարգը: Այսինքն միշտ չէ, որ հասկանալի է, թե ով է պատասխան տալու կամ ով պետք է բաքվեցիներին ազատի տարերային աղետներից:
Հրապարակվել է 23.11.2016