«Խաղաղության պայմանագրի տակ դրված ական»․ արձագանք Հաջիևին
Տարանջատել խաղաղության պայմանագիրն ու սահմանազատումը
«Նվազագույն անհրաժեշտություն է, որ խաղաղության պայմանագրում հստակեցվեն և համաձայնեցվեն սահմանազատման գործընթացի առանցքային սկզբունքները»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ արձագանքելով Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարել էր, թե «սահմանների որոշման հարցը կարող է լուծվել խաղաղության պայմանագրից առանձին»։
Բադալյանը շեշտում է՝ այդ պարագայում սահմանազատման գործընթացը կդառնա խաղաղության պայմանագրի տակ դրված ական։
Ի՞նչ հայտարարություններով են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները, մեկնաբանություն
Խաղաղության ճանապարհին խոչընդոտներ չկա՞ն
Դեկտեմբերի 19-ին Լոնդոնում Ադրբեջանի նախագահի օգնականը լրագրողներին ասել է, թե Ադրբեջանն այլևս խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ «խաղաղության օրակարգի ճանապարհին»։ Reuters-ին տված հարցազրույցում էլ Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե «սահմանների որոշման հարցը կարող է լուծվել խաղաղության պայմանագրից առանձին»։
Ադրբեջանական կողմը խոսում է կայուն խաղաղության ձգտելու մասին, իսկ հայկական կողմը առաջարկում է կենտրոնանալ գործերի վրա, ոչ թե հայտարարությունների։
BBC-ին տված հարցազրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է․
«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Այդ սկզբունքներից առաջինը փոխադարձ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելն է առանց երկիմաստությունների։ Ինչի համար պետք է լինի հստակ սահմանային գիծ՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երկու երկրների միջև սահմանազատման համար էլ պետք է օգտվենք Խորհրդային Միության վերջին՝ ամենաթարմ քարտեզներից», — շեշտել է Կոստանյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ նախևառաջ պետք է հասկանալ, թե ադրբեջանական կողմն ինչպես է պատկերացնում խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի տարանջատվածությունը։ Շեշտում է՝ սահմանազատումը բարդ, տարիներ ձգվող գործընթաց է նույնիսկ միմյանց հետ չհակամարտող երկրների համար։ Օրինակ է բերում Հայաստանն ու Վրաստանը, որոնք «նվազագույնը տասնամյակից ավելի է, ինչ քննարկում են սահմանազատման հարցը»։ Եվ առ այսօր գործընթացը ավարտված չէ։
«Այս տեսանկյունից այդ գործընթացով պայմանավորել խաղաղության պայմանագիրը, նշանակում է պայմանագիրն էլ տարիների թողնել»,- նշել է Բադալյանը։
Սակայն, եթե գործընթացների միջև որևէ կապակցվածություն չլինի, նրա գնահատմամբ՝ դա բացասական հետևանքներ կունենա․
«Սահմանազատման գործընթացն Ադրբեջանը կարող է օգտագործել խաղաղության պայմանագիրը թիրախավորելու, պայմանագրի հանդեպ դիտարկումներ, պահանջներ և այլ ոտնձգություններ անելու համար, այլ կերպ ասած՝ այդ գործընթացը դառնալու է ական խաղաղության պայմանագրի տակ»։
Բադալյանը կարծում է՝ խաղաղության պայմանագրով պետք է հանգամանալից հստակեցվեն սահմանազատման գործընթացի սկզբունքները։ Գլխավոր սկզբունքն, ըստ նրա, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումն է․
«Սա բոլորովին չի նշանակում, որ պայմանագրով ամրագրելով այդ սկզբունքները՝ երաշխավորված է լինելու դրանց պահպանումը։ Չմոռանանք, որ արցախյան կարգավորման գործընթացում համաձայնեցված էին երեք սկզբունքներ, որոնց շարքում էր նաև ուժի չկիրառումը։ Բայց տեսանք, որ 2020 թ․-ին ամեն ինչ ընթացավ հենց ուժի կիրառման տրամաբանությամբ»։
Քաղաքական մեկնաբանը հնարավոր է համարում նաև այն, որ ուժային կենտրոնները խանդով չմոտենան հարցին՝ որ մայրաքաղաքում փաստաթուղթ կստորագրվի։
«Բոլորը ունենան հաշվարկ, որ իքս ժամանակահատված անց իրավիճակ փոխելու հնարավորություններ կան, և այդ փաստաթուղթը կարող է դառնալ պարզապես ճմրթված մի թուղթ»,- նկատել է նա։
Ասում է՝ պայմանագրի ստորագրումն ինքնին խաղաղության երաշխիք չէ։ Առանցքային գրավականն, ըստ նրա, ուժերի բալանսն է ինչպես միկրո՝ Հայաստան-Ադրբեջան, այնպես էլ մակրո՝ գերտերություններ, տարածաշրջանի պետություններ, ուժային կենտրոններ մակարդակում։ Շեշտում է՝ եթե նրանք Հարավային Կովկասում ընդհանուր խաղի կանոնների շուրջ որոշակի կայուն և երկարաժամկետ համաձայնությունների գան, «այդ խաղի կանոնների շրջանակում կապահովեն նաև խաղաղություն և կայունություն»։
Բադալյանի խոսքով՝ քանի դեռ ուժային բալանս չկա, Հայաստանը շարունակելու է առնչվել նմանատիպ խնդիրների, որոնցից մեկն էլ սահմանազատման հարցը տարանջատելու առաջարկն է։ Բաքվի պահանջներն, ըստ նրա, միայն այդ մասին չեն, ունի նաև այլ հավակնություններ, ինչպես օրինակ՝ «ռևանշի բացառումը»։
«Բաքուն խոսում է այն մասին, որ իրեն պետք են երաշխիքներ, թե Հայաստանը չի գնա ռևանշի։ Այդ կերպ Ադրբեջանը փորձում է խաղաղության պայմանագրով հստակ ամրագրել որոշակի ազդեցություն ընդհուպ մինչև ՀՀ ներքաղաքական կյանքի նկատմամբ։ Քաղաքական կապիտուլյացիայի հավակնություն է, պարզպապես ոչ ռազմական ճանապարհով»,- շեշտել է նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել նախադրյալներ, որ եթե հետագայում որևէ մեկը՝ լինի իշխող, թե մեկ այլ ուժի կամ հասարակական միավորի ներկայացուցիչ, բարձրաձայնի արցախահայության իրավունքների, Արցախի դեօկուպացիայի վերաբերյալ հարցեր, ինքը դա որակի որպես «խաղաղության պայմանագրի խախտում» և գործի ըստ այդմ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տարանջատել խաղաղության պայմանագիրն ու սահմանազատումը