Տան էներգաարդյունավետ վերանորոգում՝ պետական սուբսիդավորմամբ. նոր ծրագիր Հայաստանում
Էներգաարդյունավետ վերանորոգման սուբսիդավորում
Հայաստանի կառավարությունը որոշել է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կենտրոնական բանկի կողմից՝ վերջինիս կատարած հաշվարկների արդյունքում: ԿԲ առաջարկով՝ ծրագրի իմաստով վարկ է դիտարկվելու ոչ միայն վերանորոգման վարկը, այլև ֆակտորինգը:
Մանրամասներ՝ ովքե՞ր կարող են սուբսիդավորում ստանալ և ի՚՞նչ պայմաններով
Վարկի սահմանաչափը կազմում է՝
- բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ ոչ ավելի, քան 7 մլն դրամը,
- անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը:
Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ պարտադիր պայման է, որ վարկի 30%-ն օգտագործվի էներգախնայողության համար:
«Վարկը առավելագույնը 14%-ով է տրամադրվելու՝ 7 տարով: Կառավարության սուբսիդավորմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի համար վարկի տոկոսը կլինի 0%, գյուղական համայնքներինը՝ 2%, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3%, Երևանում՝ 5%»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիներին բնակարանների նորոգման հարցում աջակցելուց բացի ծրագիրն ունի նաև այլ նպատակներ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մարդիկ հնարավորություն կունենան վերակազմակերպել իրենց՝ ոչ ռացիոնալ չափերի բնակարաններն ու տները՝ ստեղծելով հյուրատնային պայմաններ: Վարչապետը կարծում է՝ ծրագիրը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը:
«Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր հատվածում աշխատատեղեր կստեղծվեն և սովորաբար արտագնա աշխատանքի մեկնող մեր այն հայրենակիցները, ովքեր մեզ հայտնի պրոբլեմների պատճառով չեն կարողանա մեկնել, այստեղ՝ Հայաստանում կկարողանան սեզոնային աշխատանք գտնել և իրենց եկամուտներն ապահովել»,- ընդգծել է Փաշինյանը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կհանգեցնի տնտեսության և ապրանքաշրջանառության մեջ որոշակի ակտիվության, ինչի շնորհիվ կապահովվեն նաև լրացուցիչ մուտքեր՝ գործարքներից, աշխատավարձերից հարկերի, տուրքերի ձևով:
Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ ծրագրով ստացված վարկային միջոցների 70%-ը պետք է ծախսվի անկանխիկ: Փաշինյանի համոզմամբ՝ դա իր հերթին «կբերի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման»:
Որո՞նք են էներգաարդյունավետության չափանիշները
Էներգաարդյունավետության չափանիշներին համապատասխանող են դիտարկվելու հետևյալ միջոցառումները՝
- պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում,
- էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում,
- արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
- ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
- հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում,
- արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում,
- լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:
Կենցաղային տեխնիկայի ձեռքբերումն էներգաարդյունավետ միջոցառում չէ, ուստի այդ նպատակին կարող է ուղղվել վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը:
Ովքե՞ր և ինչպե՞ս են իրականացնելու ծրագիրը
Ծրագիրն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ: Շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է դիմեն ֆինանսական կառույց՝ առևտրային բանկ: Այստեղ գնահատելու են վարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը ծրագրին, ինչից հետո միայն կայացնելու են որոշում վարկի տրամադրման կամ չտրամադրման մասին:
Տրամադրման դեպքում ֆինանսական կառույցը սուբսիդավորման գումարի փոխանցման վերաբերյալ հայտ է ներկայացնելու նախարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: 10 աշխատանքային օրվա ընթացքում գերատեսչությունն ուսումնասիրելու է համապատասխանությունը սահմանված պահանջներին և ապահովելու է սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին:
Վարկի ամբողջական տրամադրումից հետո առավելագույնը 12 ամսվա ընթացքում ֆինանսական կառույցը պարտավոր է իրականացնել մշտադիտարկում: Բացի այդ՝ ծրագրի գործընկեր առևտրային բանկերը պետք է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնեն հաշվետվություններ՝ դրանցում ներառելով նաև տեղեկատվություն հայտնաբերված խախտումների վերաբերյալ: Գերատեսչությունը պարտավոր է կիսամյակային պարբերականությամբ դրանք հրապարակել իր պաշտոնական կայքէջում:
Էներգաարդյունավետ վերանորոգման սուբսիդավորում