Վրացի Ջուլիետայի և նիգերիացի Զաչեուսի սիրո պատմությունը
32-ամյա Զաչեուս Օպեիմը 2012-ին Նիգերիայից Վրաստան է եկել սովորելու նպատակով: Շուտով նա ծանոթացել է վրացի Ջուլիետայի հետ: 2013թ-ին նրանք ամուսնացել են: Այսօր նրանց աղջիկը՝ Նատալին, 4 տարեկան է: Զաչեուսն աշխատում է մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունում: 23-ամյա Ջուլիետան սովորում է բժշկական համալսարանում: Նրանք ապրում են Թբիլիսիում: Զույգը պատմում է այն խնդիրների մասին որոնց բախվում է Վրաստանում:
Ջուլիետա
«Ծնողներս սիրում են Զաչեուսին: Չէին առարկում, երբ մենք որոշեցինք ընտանիք կազմել: Սակայն օտար մարդիկ բազմիցս զզվելի արտահայտություններ են արել նրա վերաբերյալ: Օրինակ, մի անգամ ամուսնուս հետ մետրո էինք իջել: Ես այն ժամանակ հղի էի: Մի կին նայեց ինձ և անսպասելիորեն վրացերենով, որ բոլորը լսեն, ասաց. «Տեսե՛ք, կապիկի հետ է, կապիկ-երեխա էլ սպասում է»: Ոչինչ չկարողացա ասել: Եղել են դեպքեր, երբ անցորդները, տեսնելով մեզ, ասել են այնպես, որ մենք լսենք. «Տեսե՛ք, նեգր»:
Երբեմն աղջիկս հարցնում է. «Մայրի՛կ, ի՞նչ է նշանակում նեգր»: Հնարավոր է, որ նրան էլ են այդպես կոչել: Ծնողները պետք է իրենց երեխաներին բացատրեն, որ դա վիրավորական խոսք է, չի կարելի գործածել: Նատալին շատ կենսուրախ աղջիկ է: Խոսում է վրացերեն, անգլերեն, և մի փոքր նույնիսկ ռուսերեն: Նրան բալետի եմ տանում: Ուսուցիչը նրան շատ է սիրում:
Ահա մի պատմություն էլ հիշեցի: Ամուսինս շատ լավ է վրացերեն հասկանում: Տաքսիով տեղ էինք գնում, և վարորդը հարցրեց, թե արդյոք նա ամուսինս է: Եվ իմանալով, որ այո, շատ զարմացավ. «Այդ ի՞նչ հերոսություն է նա արել, որ ամուսնացել ես հետը»: Նատալին էլ էր այն ժամանակ մեզ հետ, բայց փոքր էր դեռ և չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը:
Զաչեուս
«Եթե մուգ մաշկ ունես և վրացի կնոջ հետ ես հանդիպում, խնդիրներից չես խուսափի: Որպես կանոն, ագրեսիա արտահայտողները տղամարդիկ են: Որոշ վրացիների մոտ աֆրիկացիների վերաբերյալ տարօրինակ կարծրատիպեր են ձևավորվել: Օրինակ, ինձ հարցնում են, թե արդյոք ես գիտեմ՝ ինչ է հեռուստացույցը: Բայց մենք՝ աֆրիկացիներս, ջունգլիներում չենք ապրում, մենք մարդ ենք, այլ ոչ թե գազան: Բնականաբար, դա չի նշանակում, որ բոլորը նույն կերպ են իրենց պահում. ես շատ վրացի ընկերներ ունեմ, և եթե մի բան է պատահում, նրանք ինձ պաշտպանում են:
Խնդիրներ լինում են նաև պետական մարմիների հետ: Ես պատրաստվում եմ շարունակել Վրաստանում ապրել: Դրա օրինական իրավունքը ինձ պետք է տրամադրի պետությունը: Սակայն ինձ անգամ մերժում են կեցության իրավունք տալ այն պատրվակով, թե վտանգ եմ ներկայացնում երկրի համար: Այդ մերժումը բողոքարկեցի դատարանում: Հայցս բավարարվեց: Այնպես, որ, հիմա հույս ունեմ, որ 3 տարվա տանջանքներից հետո կեցության իրավունք կստանամ: Որքան գիտեմ, Վրաստանում նմանատիպ խնդիրների են բախվում նաև այլ նիգերիացիներ:
Մինչ այստեղ հաղթահարում էի բյուրոկրատական խոչընդոտները, Նիգերիայում հայրս մահացավ, որին վաղուց չէի տեսել: Թաղմանն էլ չկարողացա գնալ. այստեղ ճակատագիրս էր որոշվում, և ես վախենում էի, որ, Վրաստանից մեկնելով, այլևս չեմ կարող հետ վերադառնալ կնոջս և երեխայիս մոտ: Այս ամբողջ շրջանը բարդ էր ընտանիքիս համար, մենք այն ծանր տարանք: Սակայն, չնայած այդ ամենին, ես շատ եմ սիրում Վրաստանը՝ այստեղի մշակույթն, ավադույթները, խոհանոցը, ընկերներին: Ցանկանում եմ այստեղ ընդմիշտ մնալ՝ նախևառաջ ընտանիքիս շահերից ելնելով: Շատ տհաճ պահեր ապրեցինք, սակայն դա մեզ ավելի ուժեղ դարձրեց»:
Հոդվածը նախապատրաստվել է «Բազմազանության կերպարանքները» նախագծի շրջանակում: Այն Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) նախագիծն է, որի նպատակը Վրաստանի կրոնական և էթնիկ բազմազանության արտացոլումն է: