Վրացական սերիալ, որը սկսել է ավելին նշանակել, քան ժամանցը
Հայտնի «Կնոջս ընկերուհիները» հեռուստասերիալը Վրաստանում բոլոր ռեկորդները սահմանել է․ այն նկարահանվում է արդեն ութ տարի և չի կորցնում իր պոպուլյարությունը։ Վրաստանում շատերի կարծիքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ սերիալը վաղուց դադարել է պարզապես ժամանց լինել։ Սերիալի սցենարիստը պնդում է, որ հերոսները նախատիպեր չունեն, իսկ սերիալը, որը մտածված է որպես երգիծական, չի նկարահանվում ինչ-որ մեկին վերադաստիարակելու համար։ Այնուամենայնիվ, սյուժեում խնդիրներ են արծարծվում, որոնք հուզում են Վրաստանի հասարակությանն առօրյա կյանքում՝ բուլինգը դպրոցներում, բռնությունն ընտանիքում, ԼԳԲՏ խտրականությունը և այլն։
Սպանություն՝ հանուն արդարության, ուռա-հայրենասերներ, գործարար՝ շրջանից
Սերիալի հերոսուհի Մակա Անջափարիձեն հաջողակ կին է, տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ նախարարի։ Նա, ինչպես Վրաստանում են ասում, «լավ ընտանիքից է»։ Սակայն այն բանից հետո, երբ նա թույլ չի տալիս բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամին օգտվել հանիրավի արտոնություններից, բարոյական տեռորի է ենթարկվում։ Այդ նույն բանն իրականում վերապրել են Վրաստանի կանայք վերջին ժամանակներս․ անձնական կյանքի գաղտնի տեսագրությունը համացանցում է հայտնվում։ Մական փորձում է պայքարել օրինական եղանակով, սակայն ապարդյուն․ նրան ճնշողը կաշառում կամ վախեցնում է դատարանին, վկաներին և նույնիսկ փաստաբանին։ Եվ կինն ինքն է որոշում արդարադատություն իրականացնել․ սպանում է այն մարդուն, որը պատվիրել է տեսագրությունը։
«Կնոջս ընկերուհիների» առաջին սերիան եթեր է գնացել 2011թ-ին։ Այն պատմում է մոտ բայց շատ տարբեր ընկերուհիների՝ ֆեմինիստ Թինայի, բաժանված անլուրջ Քաթոյի և տնային տնտեսուհի Նինայի կյանքի մասին։
Սերիալի սցենարի հեղինակ Քեթի Դևդարիանին ասում է, որ դա պետք է լիներ կանանց պատմություններ՝ տղամարդկանց աչքերով, որոնց հայացքը հաճախ սխալ է։ Այդ պատճառով է առաջացել է անվանման գաղափարը՝ «Կնոջս ընկերուհիները»։ Սերիալի ժանրը սցենարիստը բնութագրում է որպես «երգիծանք և տրագիկոմեդիա»։
•Ուկրաինացիները կատակել են իշխանությունների հետ
•Աբխազական ֆիլմ՝ պատերազմի մասին․ տեսություն
Սյուժեն ի սկզբանե զարգանում էր մի քանի ընտանիքների պատմության շուրջ, որոնք ամենատարբեր կենսական իրավիճակներում էին հայտնվում, որոնք տիպիկ են Վրաստանի սովորական բնակիչների համար։ Ընդ որում, տարեցտարի իրավիճակներն ու խնդիրները փոխվում են, ինչպես և իրական կյանքում։
Այնուհետև սյուժեում նաև քաղաքականություն հայտնվեց, որը, սակայն, քիչ էր նման իրականին, ավելի շատ նմանակում էր գրոտեսկային ձևով։ Սերիալում կան բիզնեսմեններ, որոնք անողոք պայքար են մղում մրցակիցների դեմ, շրջանից եկածներ, որոնք փորձում են էլիտայում հայտնվել։ «Էլիտար» ընտանիքներ, որոնք բարձրից են նայում ուրիշներին և օտարներին իրենց շրջապատ թույլ չեն տալիս մուտք գործել։
Ի սկզբանե պլանավորվում էր ընդամենը երեք-չորս սեզոն նկարահանել։ Սակայն հեռուստասերիալն իր պոպուլյարությունը չի կորցնում արդեն ութ տարի։ Դրա սյուժեն անդրադառնում է բազմաթիվ հարցերի, որոնք հետաքրքիր են բոլոր սերունդների հեռուստադիտողների համար։
«Ուռա-հայրենասերներ»․ այսպես է կոչվում խմբակցությունը, որի առաջնորդը պոպուլիստ քաղաքական գործիչ Ցոտնե Ցոտաշվիլին է։ Անհաջող քաղաքական կարիերայից հետո նա սկզբից երգիչ է դառնում, հետո՝ հոգևորական։ Նա իր կյանքի փորձով է կիսվում երիտասարդ գործարար Բաքար Օրջոնիկիձեի հետ, որն ուզում է խորհրդարան անցնել։
Բաքարը, որը մեծացել է Արևմտյան Վրաստանի աղքատ գյուղում, հավանաբար չէր էլ երազում այն ամենի մասին, ինչ այժմ ունի՝ միլիոնանոց կարողություն և ահ, որը զգում են նրա հանդեպ շրջապատի մարդիկ։ Սակայն հասարակությունում նա իսկական հարգանք չի վայելում և դրանից շատ է տանջվում։ Բաքարը փիարի և մարքեթինգի մասնագետներ է վարձում՝ ընտրություններում հաղթելու համար։ Եվ նույնիսկ կնոջն է արտասահման ուղարկում, որը նրա նոր իմիջին չէր համապատասխանում՝ իրեն նոր զույգ փնտրելով։
Օլիգարխը՝ սերիալի հերո՞ս
Բաքարի ծագման, նրա արագ հարստացման և Նիցշեի փիլիսոփայության հանդեպ նրա սիրո շնորհիվ՝ հանդիսատեսի մի մասը կարծում է, որ նրա նախատիպը երկրի ոչ ֆորմալ ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է։ Չի բացառվում, որ Իվանիշվիլին էլ է այդպես մտածում։ Համենայնդեպս, նա հանրային կերպով քննադատել է վրացական սերիալների որակը։ Սակայն վրացական սերիալներն այդքան շատ չեն, և դրանցից ամենապոպուլյարը հենց «Կնոջս ընկերուհիներն» են։
Սցենարի հեղինակ Քեթի Դևդարիանիին հաճախ են հարցնում, թե արդյոք նրա կերպարները նախատիպեր ունեն։ Նա ասում է, որ ոչ մի կերպար կոնկրետ մարդու չի անձնավորում։
«Որոշ կերպարներ մի շարք նախատիպեր ունեն, որոշներն իրենցից միտումներ և միտումների հավաքածու են ներկայացնում, իսկ որոշներն էլ պարզապես նման են ինչ-որ մեկին։ Վերցնել որոշակի մադու, նրա բնավորությունն ու դրանից կերպար ստանալ․․․ դա չի աշխատում», — ասում է սցենարիստը։
Նա դժվարանում է նշել իր սիրած հերոսին։ Քեթին ասում է, որ բոլորին հավասարաչափ էներգիա և ժամանակ է տրամադրում․ «Նրանք կարծես երեխաներս լինեն»։
«Գրում եմ այն մասին, ինչ տեսնում եմ»
Հեռուստասերիալում տրանսգենդեր կին Նինո կար, որին տնից վռնդել էին։ Նա ընկերներ չուներ, հարևանները ծաղրում էին նրան։ Հենց այն ժամանակ, երբ նա կարողանում է փաստաթղթեր ու փող դասավորել երկիրը լքելու համար, նրան սպանում են։ Միակ մարդը, որն աջակցում էր Նինոյին, նրա հարևան Նելիկոն էր։
Նելիկոն ամենաբարի և հանդիսատերի ամենասիրած հերոսուհիներից մեկն է։ Նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվում, սակայն նա բուժվում է և այժմ խորհուրդներ է տալիս Նինային, որը նույն հիվանդությունն ունի։ Նինայի և Նելիկոյի պատմությունները ցույց են տալիս, որ երբեմն անգամ աջակցությունը կարող է ձանձրալի լինել և անհանգստություն պատճառել։
Այն պատճառով, որ հեռուստասերիալում շատ արդիական խնդիրներ կան, հանդիսատեսը սպասում է, որ այն պետք է արձագանքի առօրեական հարցերին։
«Հաճախ սպասումները սերիալից այնպիսին են, ինչպես լրատվական հաղորդումից․ ասում են՝ ինչո՞ւ այս կամ այն թեման չեք լուսաբանում․․․ Սա սերիալ է, և ես ոչ մի պարտավորություն չունեմ արդիական խնդիրների մասին պատմելու։ Սակայն քանի որ այն կյանքի մասին սերիալ է, ապա արդիական կենսական թեմաները մեզ համար հետաքրքիր են դառնում, և ես ձգտում եմ գրել այն մասին, ինչ տեսնում եմ», — ասում է Քեթի Դևդարիանին։
Փիլիսոփա, Իլյայի պետական համալսարանի ռեկտոր Գիգա Զեդանիան նույնպես չի կիսում այն կարծիքը, որ սերիալն անպայման պետք է արտացոլի իրականությունը։
«Այդ սերիալը մրցակից չունի շնորհիվ այն բանի, որ դրանում ցուցադրված են մեր հավաքական զգացմունքները,կրքերն ու ֆանտազիաներն ավելի ադեկվատ, քան որևէ այլ տեղ», — ասում է նա։
Բացի այդ, փիլիսոփան կարևոր է համարում, որ սյուժեն, որն ի սկզբանե հերոսների մասնավոր կյանքի շուրջ էր կառուցված, շուտով սկսեց փոխվել և դրանում քաղաքականություն հայտնվեց։
«Միգուցե դրա համար շատ այլ պատճառներ են եղել, սակայն այդ փոփոխությունը խորհրդանշանական կերպով ցույց տվեց, թե որքան է Վրաստանում մարդկանց մասնավոր կյանքը միահյուսված քաղաքականությանը», — ասում է Գիգա Զեդանիան։
Ըստ գրականության քննադատ Զաալ Անդրոնիկաշվիլիի՝ սերիալը կայացել է որպես մշակութային իրադարձություն։
«Հնարավվոր է, որ վրացական հեռուստատեսությունում, կինոյում կամ գրականությունում այն միակն պրոդուկտն է, որը հավակնում է ընդհանուր առմամբ ողջ ժամանակակից Վրաստանն արտացոլել», — նշում է նա։
Սերիալ՝ թրեյնինգների և սեմիարների փոխարեն
Ջեկոն երեխա է, որը սերիալի ցուցադրման ութ տարում դեռահաս է դարձել։ Եվ այս ընթացքում նա բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, որոնց Վրաստանում բախվում են դեռահսները։ Դրանց թվում է բուլինգը։ Բարձր դասարանի աշակերտները նրան ճնշում էին, սակայն տղան այդ մասին չէր կարող խոսել ծնողների հետ։ Ջեկոն փորձում է խնդիրը լուծել ավակ ընկերների օգնությամբ, որոնց գտել է համացանցում, սակայն ապարդյուն։ Արդյունքում՝ նրան օգնության է գալիս պապը։
Հոգեբան Մայա Ցիրամուան ասում է, որ բուլինգի մասին պատմող սերիաների համար ինքն անձամբ է շնորհակալություն հայտնել սցենարիստին։ Քանի որ այդ թեմային մասին հանրության ավելի մեծ իրազեկվածության համար մանսագետները տարիներ և շատ աշխատանք են ծախսում՝ թրեյնինգներ և սեմինարներ անցկացնելով։
«Ինչպե՞ս իդենտիֆիկացնել բուլինգը, ի՞նչ ձևեր են տարածված, ինչպե՞ս է իրեն պահում երեխան, որը ծաղրանքների է ենթարկվում, և նա, ով ծաղրում է։ Մի շարք հարցեր կան, որոնք սերիալում ցուցադրված են հոգեբանական ճշգրտությամբ», — ասում է հոգեբանը։
Ցիրամուան պնդում է, որ գործնականում հաճախ է լինում, որ մարդիկ չեն ապրումակցում բուլինգի զոհերին։ Սակայն սերիալը հասարակությունում կարողացել է ապրումակցում առաջացնել։ Նա կարծում է, որ նման ձևով հասարակությանը խնդրահարույց թեմաները ցուցադրելը բարձր քաղաքացիական պատասխանատվություն է նշանակում։
Երբ հանդիսատեսը «սխալ» է արձագանքում
Միաժամանակ հոգեբանը դեպք է հիշում, որ սերիալը «չի արդարացրել» հանդիսատեսի սպասումները։ Խոսքը տնային տնտեսուհի Քեթիի պատմության մասին է, որը երկար տարիներ բռնության է ենթարկվում ամուսնու կողմից, որը, բացի այդ, նաև դավաճանում է նրան և հաճախ թույլ չի տալիս ընկերուհիների հետ հանդիպել։ Քեթին ուրիշ տղամարդու է սիրահարվում, ինչը սոցցանցերի օգտատերերի բուռն արձագանքն է առաջացրել։
«Մարդիկ սպասում էին, թե երբ են նրան սպանելու։ Դա ֆեմիցիդի հանրային պատվեր էր։ Ինձ համար դա շատ վտանգավոր և շատ վատ ազդակ էր։ Հանդիսատեսը պահանջում էր դա, թեև շատ լավ գիտեր այդ կնոջ պատմությունն», — ասում է Մայա Ցիրամուան։
Հանդիսատեսի սպասումները չարդարացան․ սպանություն տեղի չունեցավ։ Որպես հանրության ևս մեկ հետադարձ կապի օրինակ հոգեբանը նշում է այն դրվագները, որոնք պատմում են երկու երիտասարդական փողոցային խմբավորումների դիմակայության մասին։ Մայա Ցիրամուան կարծում է, որ «գանգստերների» ծաղրանկարային կերպարները, որոնք ծաղրում է սերիալը, իրականում հանդիսատեսի որոշ մասի մոտ համակրանք են առաջացրել։
«Կարծում եմ, որ սերիալը լավ գործիք է սոցիոլոգների և հոգեբանների համար, որպեսզի նրանք հետևեն, թե իչպես է փոխվում հասարակությունը, և որոնք են մեր ամենացավոտ կետերը, որ թեմաների հանդեպ հասարակությունն ընդհանրապես զգայուն չէ», — ասում է նա։
Գիգա Զեդանիան երգիծանքին հանդիսատեսի հետադարձ կապի ևս մեկ օրինակ է բերում։ Նա կարծում է, որ շատ հանդիսատեսի աչքի առաջ թբիլիսյան Վակե էլիտար թաղամասը, որի կենսակերպը սերիալում նույնպես ծաղրի է ենթարկվում, էլ ավելի գրավիչ է դարձել։
«Ինչպես ցանկացած բարդ գեղաղրվեստակն պրոդուկտ, սերիալը չի կարող տալ միանշանակ և ծրագրավորված արդյունք։ Բաներ կան, որոնք մենք նախապես գիտենք, օրինակ, որ ճնշման ենթարկվող խմբերի ներկայացուցիչներն ապրումակցության են արժանանալու։ Սակայն պարադոքսալ է, որ հանդիսատեսն ապրումակցում է նաև այն հերոսներին, որոնց հեղինակները ստեղծել են որպես երգիծական», — ասում է փիլիսոփան։
Ոչ թե վերադաստիարակել, այլ ստիպել մտածել
Սերիալի սցենարիստը նշում է, որ իրեն բազմիցս ասել են, որ սերիալից հետո մարդիկ հարցերին արդեն այլ կերպ են նայում։ Նրա կարծիքով՝ սերիալում բարձրացված թեմաները մոտ են մարդկանց, այլապես տասնհինգ սեզոն չէր լինի։
«Սերիալն այն պրոդուկտը չէ, որը կարող է ինչ-որ մեկին ուղղել կամ փչացնել։ Այդ պատճառոով էլ նրա վրա նման պատասխանատվություն դնելը թերևս սխալ է։ Սակայն վաղը ես կարող եմ խանութում մեկին հանդիպել, իմանալ մի բան, ինչը կփոխի իմ որոշումները։ Այդպես էլ սերիալը․ այն կարող է ինչ-որ մեկի համար որևէ բան փոխելու առիթ դառնալ։ Այն խրատական կամ դաստիարակչական գործառույթ չունի, և ես չեմ ուզում, որ ունենա», — ասում է Քեթի Դևդարիանին։
Մասնագետներն այն կարծիքին են, որ սերիալն արդեն դուրս է եկել ժամանցային ժանրի շրջանակից։
«Կնոջս ընկերուհիները» սերիալը ոչ միայն կարևոր թեմաների է անդրադառնում, այլ նաև քննարկում է առաջարկում այն հարցերի շուրջ, որոնք հանրային դեբատներում հազվադեպ են քննարկվում», — ասում է գրականության քննադատ Զաալ Անդրոնիկաշվիլին։
Որքա՞ն երկար կտևի սերիալը և արդյո՞ք հայտնի է, թե ինչով կավարտվի։ Քեթի Դևդարիանին ի պատասխան այս հարցի ասում է, որ սերիալին նայում է ինչպես կյանքին․
«Ես հարյուր տոկոսով չգիտեմ, թե ինչպես կավարտվի իմ կյանքը։ Սերիալը գործընթաց է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»։