Վրացական դպրոցներն Աբխազիայում. ինչ անել
Վերջերս նկատված տենդենցը, երբ Գալի շրջանի դպրոցներում ռուսաց լեզուն փուլ առ փուլ դուրս է մղում վրացերենը որպես դասավանդման հիմնական լեզու, ծայրահեղ կերպով զայրացնում է վրացակական քաղաքական էլիտային: Այն վրդովվում է և ամեն անգամ, վկայակոչելով միջազգային կառույցները, պահանջում միջոցներ ձեռնարկել «խտրական գործընթացները» դադարեցնելու համար:
Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում Գալի դպրոցներում, քիչ բանով է տարբերվում այն միջոցներից, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկում է (ի դեպ, բավականին ինտենսիվ մեթոդներով), օրինակ Ախալքալաքի հայկական կամ Մառնեուլիի ադրբեջանական դպրոցներում: Սակայն այնտեղ դա մեկնաբանվում է որպես միասնական կրթական չափանիշի ներդրում, իսկ Աբխազիայի դեպքում՝ «խտրականաություն և մարդու իրավունքների խախտում»:
Հավանաբար պաշտոնական Թբիլիսին դեմ չէր լինի պատկերն ավելի մուգ գույներով ներկայացնել, օրինակ, բարդացնելով իրավիճակը «ստալինյան-բերիական» աստիճանի: Սակայն իրեն զսպում է՝ հասկանալի պատճառներով: Թե ինչպես և ինչ էին անում աբխազական դպրոցների հետ Իոսիֆ Վիսարիոնովիչի և Լավրենտի Պավլովիչի ժամանակ, հենց աբխազները, այլ ոչ թե վրացիները, երբ ձեռքի մեկ շարժումով ողջ ուսումնական ծրագրի ուսուցումը վրացերենի անցավ, մինչև հիմա ջղաձգումով են հիշում: Իմ ծնողների սերնդին ոչ թե պարզապես հարազատ լեզվով սովորել, այլ նաև աբխազերենով միմյանց հետ շփվելն էր դասամիջոցներին խստիվ արգելվում:
Ի դեպ, հենց այդ պատմական հիշողությունն է, երբ թշնամուդ էլ չես ցանկանա այն, ինչ բաժին է ընկել քո ժողովրդին, որն աբխազական իշխանությանը հետ է պահում Գալի կրթական հաստատությունների բարեփոխման հարցում ավելի կտրուկ շարժումներից: Այն ծայրահեղ խնայող ռեժիմով է անցկացվում, որը շատ հեռու է նրանից, ինչ նկարագրվում է վրացական լրատվամիջոցներում:
Մասնավորապես, Գալի շրջանի ներքին գոտու որոշ դպրոցներում ինչպես բոլոր առարկաները դասավանդվում էին վրացերեն լեզվով և Թբիլիսիի հաստատած ուսումնական ծրագրերով, այնպես էլ շարունակում են դա անել: Եթե դասացուցակում նույնիսկ կա աբխազերենի կամ ռուսերենի դաս, ապա դա միայն ձևի համար է արվում:
Այժմ իրական պատկերն այն է, որ Գալի շրջանի կրթական համակարգը «աբխազական» չափանիշներին ամբողջությամբ համապատասխանեցնելուն այնքան կա, ինչպես ոտքով Բեռլին հասնելուն: Չնայած որ Աբխազիայի կրթության նախարարությունում հայտարարում են այն մասին, որ «մոտակա 2-3 տարիների ընթացքում բոլոր դասարաններն ամբողջությամբ սկսելու են ռուսերենով դասավանվել», դա դեռևս լավ ցանկությունների ցանկի է նման: Ներկայիս տեմպերն այնպիսին են, որ մի տասը տարի պետք կլինի հայտարարված բարեփոխումներն իրականացնելու համար: Ոչ փող կա, ոչ էլ՝ ծրագրերին համապատասխան կադրային ներուժ:
Սակայն եթե անգամ բարեփոխումներն ամբողջությամբ իրականացվեն, վրացերեն լեզվին և գրականությանը որպես առանձին առարկաների ոչինչ չի սպառնում:
Ի տարբերություն նրա, թե ինչ էր կատարվում ստալինյան ժամանակահատվածում, երբ աբխազական դպրոցների փակումը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ աբխազների բռնի ասիմիլացիա, Գալի դպրոցներում անցկացվող բարեփոխումները բացառապես ուղղված են տեղացիներին համաաբխազական տարածություն ներգրավելուն: Այդ ինտեգրացիան, որքան էլ դա պարադոքսալ հնչի, տեղացիներին շանս է տալիս իրենց ինքնությունը պահպանել աբխազական տարածքում:
Եթե ամեն ինչ թողնել, ինչպես կա, և, ենթադրենք, 20 տարով մորատորիում մտցնել և ձեռք չտալ Գալի կրթական համակարգին, այդ ժամկետը լրանալուց հետո շրջանի դպրոցների մեծ մասը իրենք կփակվեն, քանի որ այդտեղ սովորողներ չեն լինի:
Գալի երիտասարդությունը հիմնականում վրացերենից բացի գրեթե ոչ մի այլ լեզվի չի տիրապետում: Այն բանից հետո, երբ միջին վիճակագրական գալցին դպրոցն ավարտում է, հետագա կրթություն ստանալու տարբերակներ առանձնապես չեն լինում: Գիտելիքների և դիպլոմի համար նա մեկնում է Վրաստան:
Բուհն ավարտելուց հետո նա իհարկե կարող է վերադառնալ տուն, սակայն ի՞նչ է նա անելու Գալում: Վրաստանում ստացած դիպլոմն Աբխազիայում չի գործում: Եթե բժշկական մասնագիտություն ես ձեռք բերել կամ մանկավարժի դիպլոմ ունես, ապա որոշակի վերապահումներով կարող ես աշխատանքի տեղավորվել տեղի հիվանդանոցում կամ գյուղի դպրոցում, սակայն որևէ երաշխիք չկա:
Բայց եթե դիպլոմավորված իրավաբան, տնտեսագետ կամ ինժեներ ես, Աբխազիայում ըստ մասնագիտության հազիվ թե աշխատանք գտնես, նույնիսկ Գալի շրջանի սահմաններում: Եվ ի՞նչ անել այս պարագայում: Մնում է Վրաստանում աշխատանք փնտրել և հետագայում այնտեղ արմատներ գցել, իսկ փոքր հայրենիք գալ արձակուրդին և այնքան ժամանակ, քանի դեռ ծնողներդ ողջ են: Դրանից հետո նման այցերն անիմաստ են դառնում:
Իմ ծանոթ գալցի Նոդարը, որն աշխատում է որպես տաքսու վարորդ, երեք երեխա ունի: Նրանք բոլորը դպրոցն ավարտելուց և վրացական բուհերում կրթություն ստանալուց հետո Թբիլիսիում են հիմնավորվել: Ընտանիքներ են կազմել, աշխատանք են գտել, ինչ-որ մեկը նույնիսկ անշարժ գույք է ձեռք բերել: Նույն իրավիճակն է նաև նրա եղբայր Սոսոյի մոտ, որի միակ տղան նույնպես ուսում ստանալուց հետո Թբիլիսիում է մնացել:
Մի խոսքով, քանի դեռ վրացի քաղաքական գործիչները ժնևներում և նյույորքներում ահազանգում են, որ գալցիներին ռուսիֆիկացնում են, աբխազերեն և ռուսերեն չիմացող սամուրզաքանցիներն ավելի լավ ապագայի ակնկալիքով լուռ մեկնում են Վրաստան սկզբում՝ սովորելու, իսկ հետո՝ պարզապես ապրելու:
Եթե ռադիկալ ազգայնական հայացքներին հետևենք, ապա ստացվում է, որ Սուխումը ոչ մի կրթական բարեփոխում Գալի շրջանում չպետք է անի: Ավելին, նման դիրքորոշումը, որքան էլ դա տարօրինակ լինի, բոլորին ձեռնտու կլինի: Կարելի է նաև վրացի քաղաքական գործիչների շուրթերից գովասանքի խոսքեր լսել և որպես բոնուս Ժնևում նշել, և Նյու Յորքում գումար վաստակել:
Սակայն Գալի շրջանում 20 տարի անց միայն ծերեր կմնան՝ դրանից բխող արդյունքներով: Եթե այդպիսի հեռանկարը ձեռնտու չէ արտաքին խաղացողներին, ապա պետք է պարզապես չխանգարել Աբխազիայի կառավարությանը սամուրզաքանցիներին աբխազական տարածք ինտեգրելու հարցում, և առաջին հերթին, դա վերաբերում է այդ շրջանում կրթական բարեփոխումներին, որոնք դժվարությամբ, բայց ընթանում են:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ խմբագրության կարծիքն արտահայտեն