Վրացական «ազատության կղզին»․ Ծալենջիխան՝ հույսի և հիասթափության միջև
Վրացական ընդդիմությունը Ծալենջիխայում հաղթել է ընտրություններում։
Ծալենջիխան փոքր համայնք է Վրաստանի արևմուտքում։ 2021 թ-ի հոկտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություների արդյունքում այն վերածվել է բացառիկ վայրի։ Այն միակն է Վրաստանի ինքնակառավարվող 64 համայնքներից, որտեղ ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է դարձել ընդդիմության ներկայացուցիչը։
Մինչ այս՝ 2014 թ-ից ի վեր, Վրաստանի բոլոր համայնքների ու քաղաքների ղեկավարները եղել են օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից։
Ծալենջիխան Սամեգրելոյի շրջանում է՝ Աբխազիայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այս համայնքում բնակվում է ավելի քան քսան հազար մարդ, և այն քիչ է տարբերվում Վրաստանի մյուս ոչ մեծ համայնքներից։
Սակայն ընտրությունների արդյունքները Ծալենջիխայում մեծ արձագանք են առաջացրել ողջ երկրում։ Այս փաստը սոցցանցերում կատակների և մեմերի թեմա է դարձել։ Շատերն էին գրում, որ տեղափոխվում են Ծալենջիխա՝ ազատություն գտնելու, ոմանք սկսել էին իրենց մեջ ծալենջիխցու արմատներ փնտրել կամ հարցնել, թե ինչպես ստանալ Ծալենջիխայի «գրին քարտ»։
Կային նաև մարդիկ, որոնք սկսել էին լրջորեն մտածել այստեղ հող և տուն գնելու մասին։ Իսկ որոշ ազդեցիկ գործարարներ նույնիսկ հայտարարել էին, որ պատրաստ են ներդրումներ անել Ծալենջիխայում։
Ընդդիմությունը կարծում է, որ Ծալենջիխան պետք է վերածվի քաղաքական ճակատի առաջնագծի և օրինակ ծառայի մյուս շրջանների համար։
JAMnews-ն այցելել է այս փոքր քաղաքը՝ տեսնելու, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում, ինչու է այն այդպես առանձնացել երկրի ընտրական քարտեզում և զարգացման ինչ հնարավորություններ ունի։
Դեկտեմբերի վերջն է, ցուրտ է ու անձրևոտ։ Մենք Ծալենջիխա ենք մեկնում Զուգդիդի քաղաքից։
Ճանապարհը հին է, մաշված, փոսերով լի։ Ճանապարհի երկու կողմերում մեգրելական մեծ ու գեղեցիկ տներ են՝ խնամված բակերով։
Որոշ ժամանակ անց սկսվում է լավ, մուգ ասֆալտով նոր ասֆալտապատված ճանապարհը։ Մտնում ենք Ծալենջիխա։ Քաղաքի կենտրոնում նոր մեծ տոնածառ է տեղադրված՝ կարմիր ժապավեններով զարդարված։
«Սա նվեր է Coca-Cola ընկերությունից։ Մի քանի օր առաջ հանդիսավոր կերպով վառել ենք տոնածառի լույսերը», — ասում է տեղի բնակիչ Բեքա Չաչիբայան, որը մեզ հանդիպեց Ծալենջիխայի կենտրոնում։
Բեքան 36 տարեկան է։ Մի քանի տարի աշխատել է Լեհաստանում։ Ասում է, որ աշխատանքային պայմաններն այնտեղ շատ ծանր էին, այդ պատճառով էլ չի դիմացել և վերադարձել է։
Շատերն են Ծալենջիխայից Եվրոպա մեկնել։
«Երիտասարդները հիմնականում Լեհաստան են մեկնում, երբեմն էլ՝ Գերմանիա և Թուրքիա, բայց՝ սեզոնային աշխատանքների, հաճախ՝ ամառային ամիսներին, երբ որոշակի ֆիզիկական աշխատանք կա։ Մեկնում են երեք ամսով, հետո մտածում են՝ այնտեղ մնալ», — ասում է Իրակլի Խարչիլավան՝ Ծալենջիխայի նորընտիր քաղաքապետի ներկայացուցիչն էներգետիկների Ջվարի ավանում, որը նույնպես Ծալենջիխայի համայնքում է։
Այստեղ խնամի-բարեկամ սխեմա չկա։ Իրակլին ու նոր քաղաքապետ Գիորգի Խարչիլավան ազգականներ չեն, ընդամենը ազգանուններն են նույնը։
«Ինչո՞ւ է այստեղ մեծամասնությունը քվեարկել ընդդիմության օգտին», — հարցնում եմ նորանշանակ անկուսակցական ղեկավարին։ Նա ասում է, որ Ծալենջիխան միշտ ընդդիմության կողմնակից է եղել։ Սակայն դրան ևս մի քանի գործոն է ավելացել՝ կառավարության անտարբերությունը շրջանի նկատմամբ և ծայրահեղ աղքատությունը։
Ծալենջիխայում ասում են նաև, որ այս ընտրություններում իշխանությունը կասկածելի վարքով անձանց հետ սկսել է համագործակցել և փորձել նրանց միջոցով ազդել մարդկանց վրա՝ ճնշելու, կաշառելու և վախեցնելու միջոցով։ Դա առաջացրել է հակառակ արձագանք։
«Կարծես մեր շրջանը ջնջել էին Վրաստանի քարտեզից, այն գոյություն չէր ունեցել։ Մարդիկ տեսնում էին, թե այն ինչպես է անցնում ճահճի հատակը, և ելք, կարծես, չկար։ Նրանք հասկացան, որ փոփոխություններն անհրաժեշտ են», — ասում է տեղի բնակիչ Լևան Բելկանիան։
Ծալենջիխայի բնակիչների եկամտի աղբյուրը կա՛մ ընկույզ և հապալաս աճեցնելն է, կա՛մ առևտուրը։ Այստեղ ուրիշ աշխատանք չկա՝ քաղաքապետարանից, դպրոցներից և մանկապարտեզներից զատ։
Վրաստանի ամենամեծ Ինգուրի ՀԷԿ-ի պատվարը, որը Ծալենջիխա համայնքում է, աշխատանքով է ապահովում փոքր թվով մարդկանց։
Մայա Գաբեդավան փոքր տաղավար ունի, որտեղ տարբեր մանրուքներ ու աքսեսուարներ է վաճառում Ծալենջիխայի շուկայում։«Երկու խանութ ունեմ, բայց ծախսերիս չեն հերիքում։ Մեր ընտանիքում ութ անդամ կա, բոլորին սնունդ է պետք։ Ինձ օգնում են երեխաներս․ մեկն Իտալիայում է, մյուսը՝ Ռուսաստանում։ Այստեղ միայն առևտրով են զբաղվում, ուրիշ եկամուտ մարդիկ չունեն», — ասում է նա։
- Փոթի՝ Վրաստանի աղքատ հարուստ քաղաքը
- Անակլիա․ հանգստավայր Վրաստանում, որը քաղաքականության պատանդն է դարձել
- Քաղաքականացված դատարան, ճնշում մեդիայի վրա, կոռուպցիա․ Վրաստանը՝ Freedom House-ի զեկույցում
«Հաղթեցինք»՝ չնայած զեղծարարություններին
Նոր քաղաքապետ Գիորգի Խարչիլավան «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության անդամ է։ Այդ կուսակցության առաջնորդն ու հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, որն Ուկրաինայից Վրաստան է վերադարձել տեղական ընտրությունների նախօրեին և միանգամից կալանավորվել է։
Մինչ այս ընտրությունները Խարչիլավային ոչ ոք չէր ճանաչում իր հարազատ համայնքից դուրս, սակայն այսօր նա հայտնի է ողջ Վրաստանում․ նրան հաճախ են հրավիրում կենտրոնական ալիքներ՝ թոք-շոուներին մասնակցելու։
Երկուշաբթի առավոտյան անձրև է գալիս։ Ծալենջիխայի քաղաքապետարանի բակը լիքն է մեքենաներով։
Քաղաքապետարանը խորհրդային տարիներին կառուցված հին շենք է, որից նավթի հոտ է գալիս։ Ընդունարանում մարդիկ շատ են, բոլորն ուզում են քաղաքապետի հետ հանդպել։ Հիմնականում՝ օգնություն խնդրելու նպատակով։
Նախօրեին Ծալենջիխայի գյուղերում անձրևը ողողել էր ճանապարհները, որոշ հատվածներում հրդեհներ էին բռնկվել։ Քաղաքապետն ասում է, որ այսօր աշխատանքը շատ է․ նա պետք է ընդունի այցելուներին, տեսնի վնասված ճանապարհն ու այցելի հրդեհից տուժած ընտանիքներ։
Քաղաքապետն իրեն անհարմար էր զգում մեծ կաբինետում։ Հսկա գրասեղանի կողքին՝ պատի մոտ, Վրաստանի և Եվրամիության դրոշներն են։
51-ամյա Գիորգի Խարչիլավան տեղի բնակիչ է, ծնվել և մեծացել է Ծալենջիխայում։ Ամուսնացած է և երեք երեխա ունի։
Սա նրա առաջին քայլերը չեն քաղաքականությունում։ Ժամանակին՝ նախորդ իշխանության տարիներին, նա արդեն եղել է Ծալենջիխայի սակրեբուլոյի՝ ավագանու նախագահը։
2021 թ-ի քաղաքապետի ընտրություններում նրա մրցակիցը Գոգա Գուլորդավան էր իշխող կուսակցությունից։ Առաջին փուլում նա իր մրցակցից 207 ձայնով ավելին էր հավաքել, երկրորդ փուլում՝ 311-ով։ Խարչիլավան հավաքել է 51,09 տոկոս ձայն, Գուլորդավան՝ 48,9 տոկոս։
Խարչիլավան ասում է, որ Ծալենջիխայում իշխանությունը կիրառել է ընտրողների վրա ճնշում գործադրելու բոլոր մեթոդները՝ վախեցնելը, կաշառելը, զեղծարարությունները․
«Ընտրություններից առաջ ընդդիմության մեծամասնական [միամանդատ ընտրատարածքներից — JAMnews] չորս թեկնածուները [իշխանության ճնշման տակ] հանեցին իրենց թեկնածությունները, չորսն էլ ուսուցիչներ էին։ Այդպես է աշխատում այս համակարգը, այս ռեժիմը։ Ընտրություններն այստեղ էլ են կեղծվել, սակայն դրան էլ սահման կա, և մենք հաղթահարեցինք այդ բարձր սահմանը։ Եթե կեղծիքները չլինեին, մենք 70 տոկոս ձայն կհավաքեինք»։
«Ինչպե՞ս եք հաղթել ընտրություններում», — հարցնում եմ քաղաքապետին։«Ծալենջիխան քաղաքական համատեքստ ունի, և այդ համատեքստը ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ 90-ականներին ազգային շարժումն այստեղից է սկսվել, 2003-ին՝ «վարդերի հեղափոխությունը»։ Այնուհետև՝ բարեփոխումների տարիներն էին։ Իշխանության նկատմամբ մարդկանց քննադատական վերաբերմունքը երբեք չի մեղմանում։ Հատկապես այժմ բոլորը հասկանում են, որ իրականում մենք պայքարում ենք մեր հյուսիսային հարևանի դեմ։
Իմ կենսագրությունը պատանեկության տարիներից կենսականորեն կապված է այս քաղաքի հետ․ աշխատել եմ կրթության համակարգում, զբաղվել սպորտով»,- պատմում է Խարչիլավան։
Առաջին ճգնաժամը
Ընտրություններից երկու ամիս անց Ծալենջիխայում չի զգացվում այն ակտիվությունը, որն ակնկալում ես, երբ Վրաստանի մայրաքաղաքում ես։ Ընդդիմության հաղթանակից առաջացած էյֆորիան ու հույզերն ակնհայտորեն անցել են։
Տեղացիներից շատերը խուսափում են տեսախցիկի առջև խոսել։ Մասնավոր զրույցներում ոմանք ասում են, որ թեև սատարել են ընդդիմությանը, սակայն չեն ուզում «խնդիրներ ունենալ», և այլևս հրապարակավ չեն խոսում։
Այստեղ ասում են, որ Ծալենջիխայում ընդդիմության ապագան կրկին մշուշոտ է դարձել, և հայտնի չէ, թե ով է «վաղը լինելու տերը»։
Արդեն ակնառու է առաջին ճգնաժամը․ նորընտիր սակրեբուլոյի պատգամավորներն այդպես էլ նախագահ չեն կարողացել ընտրել։ Հունվարի 23-ին տապալվել է չորրորդ փորձը։
Բանն այն է, որ Ծալենջիխայի սակրեբուլոյում, որը 27 պատգամավոր ունի, կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի։ 11 պատգամավոր ընտրվել է իշխող «Վրացական երազանքից», նույնքան՝ «Միասնական ազգային շարժումից»։ Երեքը՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունից։ Պատգամավորներից մեկն ընդդիմադիր «Լելո» կուսակցությունից է, մյուսն անկախ է (Գախարիայի կուսակցության նախկին անդամ)։
Ուժերի հարաբերակցությունը փաստացի հավասար է․ ավագանիում 12 ընդդիմադիր (11-ը՝ «Միասնական ազգային շարժումից» + 1-ը՝ «Լելոյից», որոնք միասնական ճակատով են հանդես գալիս) և 12 իշխանամետ պատգամավոր կա («Վրացական երազանք» + 1 անկախ պատգամավոր)։ Հետևաբար, Գախարիայի կուսակցության երեք պատգամավորների ձայները փաստացի վճռորոշ էին։
«Վրացական երազանքի» կառավարությունում նախկին վարչապետ Գախարիայի կուսակցությունը, որը սկանդալային հրաժարական ներկայացրեց 2021 թ-ի սկզբին, իր նախընտրական ծրագիրն այնպես էր կառուցում, որ նույնքան հեռու լինի «Վրացական երազանքից», որքան «Միասնական ազգային շարժումից»։
Վերջինս Գախարիայի կուսակցությանն առաջարկում է սեփական թեկնածուն առաջադրել սակրեբուլոյի նախագահի պաշտոնում։ Սակայն պայմանավորվել և քվեարկել մինչ օրս չի հաջողվել։
Իրակլի Խարչիլավան համոզված է, որ իշխանությունն արհեստականորեն ձգձգում է գործընթացը, որովհետև չի ուզում այս համայնքը զիջել ընդդիմությանը և փորձում է այստեղ նոր ընտրություններ նշանակել։
- Ծառերն ու ֆլամինգոները՝ որպես իշխանության խորհրդանիշ։ Ի՞նչ է ստացվել վրացի օլիգարխի «քմահաճույքից»
- Օլիգարխի հայրենի գյուղը․ լեգենդ՝ վրացական երազանքի մասին
- Դարավոր ծառեր՝ միլիարդատիրոջ գլխավոր մոլուցքը
«Իշխանությունը չի կարողանում համակերպվել այն բանի հետ, ինչ այստեղ տեղի է ունեցել։ Քանի որ Ծալենջիխան մեզ համար հաղթանակի վայր է և օրինակ է ծառայում մյուս համայնքներին, այն «Վրացական երազանքի» համար վախի գործոն է՝ վայր, որտեղից կարող են սկսվել փոփոխությունները», — կարծում Խարչիլավան։
Ով էլ կանգնած լինի դրա հետևում, փաստը փաստ է, որ համայնքում, որը պետք է դառնար երկրի գրեթե գլխավոր քաղաքական կենտրոնը, գործընթացները սառեցված են․ տեղի ավագանին չի կարողանում 2022 թ-ի բյուջեն հաստատել։
Ծալենջիխայի մասին կարծես մոռացել է նաև մայրաքաղաքի ընդդիմությունը․ քաղաքն անհետացել է քաղաքական և տեղեկատվական օրակարգից։ Հիմնական ընդդիմադիր կուսակցությունն այժմ կենտրոնացած է բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջների վրա։
«Գործընթացն առաջ չի գնում, տեղի խորհուրդները չեն կարողնում ուրիշ հարցեր քննարկել։ Յուրաքանչյուր դեպքում դա կարող է համայնքային մասշտաբի ճգնաժամ առաջացնել, իսկ դա, նախևառաջ, կարող է հարվածել փոխհամաձայնության վրա հիմնված կառավարման գաղափարին», — ասում է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի՝ ժողովրդավարական ինստիտուտների աջակցության ծրագրի տնօրեն Վախուշտի Մենաբդեն։
Ինքնակառավարման հարցերի փորձագետ Իրակլի Մելաշվիլին մեզ ասում է, որ եթե ճգնաժամը շարունակվի, և բյուջեն չհաստատվի երեք ամսվա ընթացքում, կառավարությունն արտահերթ ընտրություններ կնշանակի Ծալենջիխայում․
«Եվ ես կասկածում եմ, որ դա ընդդիմության համար շահեկան կլինի, անգամ՝ Գախարիայի համար», — կարծում է Մելաշվիլին։
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը բանակցություններն ու տեղի խորհուրդների եվրոպական մոդելն է, երբ պաշտոնները բաշխվում են՝ ըստ ստացած ձայների․
«Հաղթող կուսակցությունը չի ստանում բոլոր մանդատները, դրանք բաշխվում են՝ ըստ նրա, թե ով քանի տոկոս է հավաքել։ Եթե մեկն, օրինակ, հավաքել է 30 տոկոս ձայն, կստանա պաշտոնների մեկ երրորդը։ Այնուհետև այդ պաշտոնյաները մրցակցում են միմյանց հետ՝ փորձելով բնակչությանը ցույց տալ, թե ով է իր աշխատանքն ավելի լավ անում։ Սակայն վրացական քաղաքականությունում այսպիսի բան տեղի չի ունենում»։
«Ի՞նչ զիջումների եք պատրաստ գնալ՝ ճգնաժամից դուրս գալու համար», — հարցնում եմ Ծալենջիխայի քաղաքապետին։
«Երբ 11 պատգամավոր երեք պատգամավորի առաջարկում է նախագահի թեկնածություն առաջադրել, մի՞թե սա արդեն զիջում չէ։ «Վրացական երազանքը» փորձում է իր օգտին ձևակերպել պարտված ընտրությունները, նա սակրեբուլոյի նախագահ նշանակելու և հանձնաժողովներում մեծամասնություն ստանալու հավակնություններ ունի։ Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով», — ասում է Գիորգի Խարչիլավան։
«Ծալենջիխայի ընկերների ակումբն» ու զարգացման շանսերը
Գիորգի Խարչիլավան ժամանակ չի կորցնում և չի սպասում, թե երբ է հաղթահարվելու սակրեբուլոյի ճգնաժամը։ Նա հաճախ է մայրաքաղաք մեկնում և հանդիպում մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Ծալենջիխայի զարգացման գործում։
Խարչիլավան այդ մարդկանց միավորում է «ընկերների ակումբում»։ Ցանկն արդեն տպավորիչ է։
Բազմակուսակցական ժողովրդավարության արևելաեվրոպական կենտրոնը (EECMD) արդեն նոր գրասենյակ է բացել Ծալենջիխայում՝ Democracy Hub-ը։
Կազմակերպությունն աշխատելու է տեղի բնակիչների քաղաքական իրազեկման և ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Ծալենջիխայում կրթական և մշակութային միջոցառումները ֆինանսավորելու է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։ Այն մեդիակենտրոն է բացում երիտասարդության համար, պլանավորում է տպագրել հայտնի պոետ Տերենտի Գրանելիի նկարները նրա թանգարանի համար և վերականգնում է Ջվարիի մարզադաշտը։
Բացի այդ, Coca-Cola Bottlers Georgia ընկերությունն իր վրա է վերցնելու մարզադաշտի հովանավորման հարցը։ Ծալենջիխան ընկերությունից արդեն ստացել է առաջին նվերը՝ նոր տոնածառը։
Ծալենջիխայում իր պլաններն ունի նաև TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեն՝ ամենաազդեցիկ բանկիրներից մեկն ու «Լելո» կուսակցության առաջնորդներից մեկը․ ընտրությունների արդյունքներից անմիջապես հետո նա հայտարարել է, որ տուն է գնելու Ծալենջիխայում։
Ներդրողներին ներգրավելուց զատ՝ Գիորգի Խարչիլավան պլանավորում է Ծալենջիխան ներառել Վրաստանի զբոսաշրջային քարտեզում։ Շրջանի այս ներուժի մասին են խոսում նաև տեղացիները։
«Հազարավոր մարդիկ ամռանն ամեն օր անցնում են Ջվարի քաղաքով և ուղևորվում դեպի Մեստիա [հայտնի զբոսաշրջային համայնք Սվանեթիում], և նրանցից շատերն այստեղ ոչ մի կոպեկ չեն ծախսում։ Դա կապված է այն բանի հետ, որ Ծալենջիխայում տարրական պայմաններ չկան, ճանապարհներ չկան, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան որևէ օբյեկտ հասնել», — ասում է տեղի բնակիչ Լևան Գոբեչիան։
Լևանն ապրում է Ջվարի քաղաքում և զբոսաշրջային գործակալություն ունի։ Նա ասում է, որ այս համայնքում հնարավորություն կա զարգացնելու հեծանվային և սննդի զբոսաշրջությունը, ինչպես նաև պոպուլյար վայր դառնալու ռաֆթինգի համար։
Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ՝ կառավարությունը պետք է զբոսաշրջային հատվածին բարենպաստ պայմաններ առաջարկի և անվտանգության երաշխիքներ տրամադրի։
«Ծալենջիխան այժմ համընդհանուր ուշադրության կենտրոնում է։ Այժմ մենք հնարավորություն ունենք օգտագործելու դա և զարգացնելու զբոսաշրջային վայրերը», — ասում է Ծալենջիխայի բնակիչ Լևան Կվարացխելիան։
Համայնքում է գտնվում Վրաստանի ամենահայտնի բարձրադիր լճերից մեկը՝ Տոբավարչխիլին։ Չնայած դրա դժվար հասանելիությանը՝ տարեկան այն այցելում են հազարավոր մարդիկ։ Ծալենջիխայում համարում են, որ պետք է օգտագործել այդ հնարավորությունը։
Ծալենջիխայի գործոնը․ վրացական ընդդիմության հաջողության ուղի՞ն
Վրաստանում քաղաքական իրավիճակն ու տևական քաղաքական ճգնաժամը հաշվի առնելով՝ Ծալենջիխան պետք է դառնա ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար քաղաքական պայքարի հիմնական օբյեկտ, կարծում են փորձագետները։
«Կենտրոնական իշխանությունը հետաքրքրված է, որ Ծալենջիխայի ընդդիմադիր քաղաքապետը չարդարացնի սպասելիքները, այդ պատճառով էլ կառավարությունը նրա համար խնդիրներ է ստեղծելու։ Դա փորձություն է ընդդիմության համար․ այն պետք է ցույց տա, որ ոչ միայն բողոքի ուժ է, այլև ուժ է, որն ունակ է կառուցողական կառավարման», — ասում է քաղաքագետ Գիա Նոդիան։
Նրա կարծիքով՝ այժմ Ծալենջիխայի ընդդիմադիր քաղաքապետին աջակցություն է պետք․«Գոնե պետք է, որ ցանկացած խախտում կամ նրա դեմ հետապնդում ուշադրության կենտրոնում լինի։ Բնականաբար, «Միասնական ազգային շարժումը», որը ներկայացնում է քաղաքապետը, պետք է, առաջին հերթին, դա անի, սակայն դրանում շահագրգռված են բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը»։
Սակայն ընդդիմադիր ուժերն այդ հետաքրքրությունը չեն ցուցաբերում։ Ծալենջիխան անհետացել է նրանց օրակարգից։ Գրեթե երեք շաբաթ շարունակ JAMnews-ը փորձել է «Միասնական ազգային շարժումից» պարզել, թե ինչ պլաններ ունի կուսակցությունը Ծալենջիխայի վերաբերյալ, բայց ապարդյուն։
Որոշ ընդդիմադիր կուսակցություններ մեզ ուղղակիորեն հայտարարեցին, որ չեն ուզում հիմա այդ մասին խոսել։
Սակայն ընդդիմությունը զանգվածային հացադուլ է սկսել՝ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով, և Ծալենջիխայի մասին խոսելու համառ փորձերն անտեղի է համարել։
«Ընդդիմությունն իրական կյանքից կտրվել է, սա փաստ է։ Այժմ նրանց համար ճակատի գլխավոր գիծն անցնում է Միխեիլ Սաակաշվիլիի՝ բանտում կամ ազատության մեջ գտնվելով։ Նրանք վաղուց են մոռացել Ծալենջիխայի մասին։ Մեր ընդդիմությունը շատ է սիրում խոստումներ տալ, բայց զլանում է դրանք կյանքի կոչել», — ասում է քաղաքական մեկնաբան Գիա Խուխաշվիլին։
Մենք «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Բորիս Կուրուայից, որը միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն էր, որը համաձայնեց մեկնաբանություն տալ, հարցրել ենք, թե արդյո՞ք ընդդիմությունն այժմ որևէ ռազմավարություն ունի Ծալենջիխայի վերաբերյալ։
Նա հաստատել է, որ այժմ այդ հարցն օրակարգում չէ։ Կուրուան Ծալենջիխայում «դարակազմիկ փոփոխություններ» չի ակնկալում։ «Սակայն մենք կարող ենք ցույց տալ, որ համագործակցությունը (ընդդիմադիր կուսակցությունների միջև) աշխատում է», — ասում է նա և հավելում, որ ընդդիմությունը լավ կաներ՝ խորհրդատվական մարմին ձևավորեր՝ քաղաքապետին օգնելու համար։
Վերջին ընտրություններում ընդդիմությունը շեշտը դրել էր կոալիցիոն կառավարության մոդելի վրա։
Գիորգի Խարչիլավան երկու տեղակալ ունի․ առաջինը՝ Լաշա Զարկուան, անկուսակցական է։ Իսկ երկրորդը՝ Թամար Բելկանիան, «Լելո» կուսակցության անդամ է։ Ընտրությունների առաջին փուլում Բելկանիան Խարչիլավայի մրցակիցն է եղել և երեք տոկոս ձայն է հավաքել։
Այժմ ընդդիմությունը պետք է ցույց տա, որ այդ մոդելն աշխատում է, այնուհետև այդ մոդելն օգտագործի ողջ Վրաստանում։
«Եթե նրանք հաջողության չհասնեն Ծալենջիխայում, դա մեծ հիասթափություն կլինի ընտրողների համար և ընդդիմության տապալման սկիզբը», — կարծում է փորձագետ Գիա Խուխաշվիլին։
Հույս
«Սա միակ համայնքն է, որտեղ քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն։ Այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է Ծալենջիխայի վրա, ի՞նչ սպասելիքներ ունեք», — հարցնում եմ Ծալենջիխայի բնակիչ Մարինա Ալասանիային։
«Եթե այս քաղաքապետը մնա, ինչ-որ բան կստացվի, այո։ Նա ակտիվ լավ տղա է և մարդկանց համար ինչ-որ բաներ կանի։ Ես դրան հավատում եմ, մյուսների առումով չգիտեմ», — պատասխանում է նա։
«Եթե մարդիկ քաղաքապետի կողքին լինեն, և վերևից էլ նրան իրավունք տան, ամեն ինչ կստացվի», — ասում է Մայա Գաբեդավան։
Քաղաքապետին «վերևներից» արդեն ասել են, որ նա ոչինչ չի կարող անել առանց կառավարության օգնության։
«Ընտրություններից առաջ վարչապետ Ղարիբաշվիլին փաստացի սպառնաց ընտրողներին, որ եթե նրանք ընդդիմադիր քաղաքապետ ընտրեն, և նա իրեն վատ պահի, ոչինչ չի կարողանա անել։ Ընտրությունների արդյունքներից հետո հռետորաբանությունը կարծես մեղմացել է, բայց խնդիրը մնացել է։ Ընդդիմադիր քաղաքապետը չպետք է կառավարությունից լավ վերաբերմունքի սպասի, որովհետև կառավարությունը նրան ընկալում է որպես քաղաքական սպառնալիք», — ասում է Գիա Նոդիան։
«Մենք ընտրություններին չենք մասնակցել թեթև կյանք ունենալու համար։ Մենք գիտեինք՝ ուր ենք գնում», — ասում է Գիորգի Խարչիլավան, բայց արդեն ոչ այնքան վստահ ձայնով, ինչպես խոսում էր Ծալենջիխայի ընկերների կամ ներդրումների մասին։
Իրակլի Մելաշվիլին այդ հարցին ավելի պրագմատիկ է նայում։ Նրա խոսքով՝ ինքնակառավարման գործող կանոնադրության պարագայում Ծալենջիխայի քաղաքապետը չի կարող բյուջեն ավելացնել․
«Նրա բյուջեն կախված է կենտրոնական բյուջեից, նա չի կարող ավելացնել այն։ Անգամ եթե Իլոն Մասկը գործարան կառուցի Ծալենջիխայում, տեղի բյուջե շատ քիչ գումար կմտնի [որովհետև ԱԱՀ-ն ու շահութահարկը փոխանցվում են կենտրոնական բյուջե — JAMnews]։ Այդ պատճառով էլ ընդդիմության հիացական հայտարարությունները հնչում են որպես դեմագոգիա»։
Այդ պատճառով էլ, նրա խոսքով, Ծալենջիխայի քաղաքապետը պետք է լավ կառավարման օրինակ ցույց տա «և քաղաքացիներին առավելագույնս ներգրավի ինքնակառավարման աշխատանքում։ Քաղաքապետը կարող է այդ առումով շատ բաներ անել և լավ օրինակ ծառայել համայնքներին»։
Գիա Նոդիան մտավախություն ունի, որ Ծալենջիխայի քաղաքապետի համար բարդ կլինի շոշափելի արդյունքների հասնելը․
«Այո, մենք Ծալենջիխայի մոդելը դիտարկում ենք որպես ժողովրդավարության նախադեպ, բայց սովորական մարդիկ այդպես չեն նայում, նրանք սպասում են արդյունքների, որոնք պետք է ազդեն նրանց կյանքի վրա։ Այս առումով ընդդիմադիր քաղաքապետի համար, որը պայքարում է կենտրոնական կառավարության դեմ, դժվար է արդյունք ապահովել»։
Տեղացիներն էլ են դա զգում․
«Ժողովրդի շրջանում ոգևորությունը նվազել է, բայց դա նորմալ է, մարդիկ պահանջում են, ակնկալում են արագ արդյունք, իսկ ընտրություններից հետո շատ քիչ ժամանակ է անցել», — ասում է տեղի բնակիչ Լևան Կվարցխելիան։
Նիհիլիզմն արդեն մտել է մարդկանց տրամադրությունների մեջ։ «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու Ծալենջիխայի ընդդիմադիր քաղաքապետի հետ, որն իր վրա այսպիսի մեծ բեռ է վերցրել», — հարցնում եմ Գիորգի Խարչիլավային։
Քաղաքապետը հանկարծ տխրում է, մի քանի անգամ հարցնում, թե ինչու են մարդիկ ինձ հիասթափված թվացել, և, մի փոքր մտածելով, պատասխանում է․
«Անհնար էր ընտրություններից առաջ այս ամենը պատկերացնել, որ այսպիսի արդյունք կլինի, և մենք ստիպված կլինենք հարմարվել այդ իրականությանը։ Սակայն այս ընտրության հետևում այնպիսի մարդիկ են կանգնած, այնքան հավատարիմ, այնպիսի տարիներ ապրած, որ ես ուրիշ ելք չունեմ։
Ես պետք է անեմ ավելին, քան կարող եմ։ Ձևավորվում է առաջին կոալիցիոն մոդելը, և այն պետք է արդարացված լինի, որպեսզի հետո օրինակ ծառայի մյուսների համար։
Ահա թե ինչու է ամեն ինչ ստացվելու»։
Մեդիացանցի աջակցությամբ