Վրաստան․ խոշոր գործարարը, որն իշխանությունների հետ կոնֆլիկտի մեջ է, հասարակական շարժում է հիմնում
Նոր հասարակական շարժում է ստեղծում Վրաստանի խոշորագույն TBC առևտրային բանկի հիմնադիրներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն, որը բացահայտ կոնֆլիկտի մեջ է երկրի ոչ ֆորմալ ղեկավար, իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Շարժումը ստեղծվելու է 2019թ-ի սեպտեմբերին, այն արևմտամետ է լինելու, գլխավոր նպատակը երկրի քաղաքական միավորումն ու անկախության պահպանումն է լինելու։
Այս մասին Մամուկա Խազարաձեն հայտնել է Ֆեյսբուքում հրապարակած իր նամակում։
Փորձագետները խոսում են հայտնի գործարարի այս որոշման կարևորության մասին Վրաստանում 2020 թ-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
• Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին դրսից և ներսից
________________________
Գործարարն իր նամակում քննադատում է իշխանություններին և հայտարարում, որ «վերջին ժամանակներս կատարվող իրադաձությունները տագնապալի բնույթ են ստանում»։
«Հասարակությունում պառակտման և դիմակայության նպատակաուղղված գործընթաց է գնում», — գրել է Խազարաձեն։
Լարվածությունը թուլացնելու համար բավարար չեն ոչ իշխանությունների, ոչ քաղաքական կուսակցությունների ուժերը, անհրաժեշտ է հասարակության կոնսոլիդացիա, գրել է Խազարաձեն։
Սեպտեմբերին նա պատրաստվում է «միավորել առողջ, պրոգրեսիվ և արևմտամետ հասարակությանն» ու հրավիրում է այդ միավորում մտնել մարդկանց, որոնք կիսում են «Վրաստանում ժամանակակից արևմտյան պետության կառուցման գաղափարը»։
Խազարաձեն ասում է, որ շարժումը հիմնելու է իր «ընկերների և համախոհների, տարբեր ոլորտի պրոֆեսիոնալների հետ»։ Սակայն թե հստակ ում նկատի ունի գործարարը, հայտարարությունում նշված չէ։ Հայտնի է միայն, որ Խազարաձեի շարժման մեջ է լինելու նրա բիզնես-գործընկեր և ընկեր Բադրի Ջափարիձեն։
Խազարաձեն ասում է նաև, որ այդ որոշմանը նրան դրդել է հունիսի 20-ի գիշերը։ Այդ օրը նա ջրբաժանի օր է անվանում և ապրումակցում ցուցարարներին (2019թ-ի հունիսի լույս 21-ի գիշերը հատուկջոկատայիններն ուժի կիրառմամբ ցրել են Ռուսթավելու պողոտայի ակցիան — JAMnews):
«Մեր անկեղծ և ազատ երիտասարդությունն անկեղծ և հստակ բողոք էր հայտնել ռուսական օկուպացիայի և բռնության դեմ», — գրում է Խազարաձեն։
Խազարաձեն դրանից առաջ էլ է Ֆեյսբուքում մեկնաբանել խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող գործընթացները։
Հունիսի 20-ին խորհրդարանի դիմաց ցույց էր, որին հայտարարվում էր, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը [նկատի ունեն այն փաստը, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որոնք Վրաստանն իր տարածքներն են համարում, և նրան այդ հարցում աջակցում է միջազգային հանրության մեծամասնությունը — JAMnews]։ Խազարաձեն այդ առթիվ իր Ֆեյսբուքում գրել էր․
«Կեցցե՜ համախոհությունը երկրի ազատության համար պայքարում»։
•Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստ Գավրիլովը, որը ցույցեր է սադրել Թբիլիսիում
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը կասեցրեց Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը, Մամուկա Խազարաձեն պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել վրացական Georgian Airways ընկերության տասը չարտերային չվերթներ Կիևից Թբիլիսի մեկնող ուկրաինացի զբոսաշրջիկների համար։
Խազարաձեի դիմակայությունն իշխանությունների հետ
Վրաստանի ամենախոշոր բանկի շուրջ սկանդալը Վրաստանում սկսվեց 2018թ-ի ամռանը։
Գլխավոր դատախազությունը սկսել էր հետաքննել գործարքները, որոնք TBC կատարել էր 11 տարի առաջ։ Ուշադրությունն ուղղված էր այն գործարքներին, որոնցում ներգրավված էին այժմ բանկի Դիտորդ խմբի արդեն նախկին նախագահ Մամուկա Խազարաձեն և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն։
•Ինչո՞ւ է նախկին վարչապետ Իվանիշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի դեմ
Դատախազությունը պնդում էր, որ նրանց գործողություններում փողերի լվացման վկայություններ կան․ խոսքը 17 մլն դոլարի մասին է։
Մամուկա Խազարաձեն այն ժամանակ արդեն լքել էր Դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնը։
Քննության սկզբից կասկածներ կային, որ Խազարաձեի դեմ գործը քաղաքական շարժառիթներ ունի։
Այդ օրվանից բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել։ Մասնավորապես, ենթադրություններ են հնչում, որ երկրի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին որոշել է տիրանալ TBC բանկին։ Այդ թվում, զուգահեռներ են անցկացվում 2004թ-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը գրոհեց իր պոտենցիալ մրցակիցներին, գործարարներին և մեդիամագնատներին՝ Գուսինսկուն, Խոդորկովսկուն և ուրիշներին։
Վրաստանում շատերն են խոսում, որ դատախազությունը ոչ մի կերպ չէր հանդգնի «անհանգստացնել» երկրի հիմնական ֆինանսական ինստիտուտներից մեկն ու դրա ղեկավարին առանց Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի թույլատրության։
Փորձագետների մի մասն այն ժամանակ հայտարարեց, որ Իվանշվիլին Խազարաձեի մեջ քաղաքական մրցակից է տեսնում և 2020թ-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր ճանապարհն է մաքրում։
Մյուսների կարծիքով՝ Խազարաձեին պատժել են նրա համար, որ նա Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ընկերն է, որը ժամանակին Իվանիշվիլիի ֆավորիտն էր, սակայն հետագայում վերջինս հիասթափվեց նրանից և ազատեց պաշտոնից։
Իվանիշվիլիի հետ փչացած հարաբերությունները կարգավորել և իր հավատարմությունն ապացուցել Խազարաձեն փորձեց 2018թ-ի նոյեմբերին Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Խազարաձեն այն ժամանակ սատարեց իշխանամետ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Եվ նույնիսկ կոչ արեց TBC բանկի իր աշխատակիցներին սատարել նրան։
• Ո՞վ էր պայքարում Վրաստանի նախագահի աթոռի համար, և ինչպե՞ս են հիշվել այս ընտրությունները
Սակայն Իվանիշվիլիի համար Խազարաձեի փորձերը բավարար և համոզիչ չէին, կարծում են փորձագետները։
Բանկի վերաբերյալ հետաքննությունը դեռ չի ավարտվել, և շատերը վստահ են, որ Խազարաձեն քաղաքականություն է մտնում իրեն փրկելու համար։
Խազարաձեի անվան հետ է կապված նաև ժամանակակից Վրաստանի ամենազգալի նախագծերից մեկը՝ Անակլիայի նավահանգիստը, որի շինարարությունում ներգրավված է TBC-group-ը։
Փորձագետների և քաղաքական գործիչների գնահատականները
Հաշվի առնելով այն, որ վրացական քաղաքականությունում բավականին հաճախ են հասարակական շարժումներ ստեղծվում, որոնք հետագայում քաղաքական կուսակցությունների են վերածվում [Բիձինա Իվանիշվիլին նույնպես սկզբից հասարակական շարժում ստեղծեց — JAMnews]՝ ոչ ոք չի կասկածում, որ Մամուկա Խազարաձեն քաղաքական նպատակներ ունի։
Տնտեսական հարցերի փորձագետ Գիա Խուխաշվիլին Խազարաձեի ակտիվությունն «օրինաչափ» է անվանում։ Նրա կարծիքով՝ Խազարաձեին այդ որոշումը կայացնել դրդել են իշխանությունները։
«Իշխանություններն իրենց չմտածված գործողություններով Խազարաձեին այլ ելք չեն թողել», — ասել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին «Կոմերսանտ» գործակալության հետ զրույցում։
«Ես ողջունում եմ քաղաքական տիրույթում նրա հայտնվելը, քանի որ իշխող թիմը, որը կորցրել է բնակչության վստահությունը, խաղադրույք է կատարում ռեսուրսների մոնոպոլիզացիայի վրա։ Իսկ ի դեմ Մամուկայի՝ ռեսուրսների այլընտրանքային կենտրոն է հայտնվում, և դա կարող է իշխանության համար անհաղթահարելի խնդիր դառնալ»։
Խորհրդարանական մեծամասնության անդամ Սոֆո Կիլաձեն նույնպես վստահ է, որ Խազարաձեի շարժումը քաղաքական նպատակներ է հետապնդում։
«Սակայն ես չեմ կարծում, որ այն մեծ աջակցություն կունենա», — ասում է պատգամավորը։
Մամուկա Խազարաձեն լավ մեկնարկ ունի քաղաքական խաղացողի վերաճելու համար, սակայն միայն դա բավարար չէ, ասում է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։
Նա կարծում է, որ Խազարաձեի ակտիվացումը չպետք է նշանակի, որ «մի օլիգարխը փոխարինվելու է մյուսով»։
«Խազարաձեն որպես ֆինանսական մեծ կապիտալով մարդ չպետք է ասոցացվի բիզնես-շրջանակների լոբբինգի հետ։ Ընդհակառակը, անհրաժեշտ է ընդգծել, որ Վրաստանում պետք է առողջ քաղաքական համակարգ ձևավորվի։ Եվ մեկընդմիշտ պետք է կասեցվի հարուստների գերակայությունն», — ասում է Գոցիրիձեն։
TBC բակի հիմնադիր Մամուկա Խազարաձեն չի հստակեցրել, թե ով է իրեբ ընկերակցելու նոր հասարակական շարժման մեջ։ Տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են հայտնվում, որ Խազարաձեի թիմում կարող է հայտնվել նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։