«Հետաքրքիր է՝ երբ է իմ ծննդյան օրը»․ Վրաստանում վաճառված երեխաների պատմությունները
Վրաստանում վաճառված երեխաների պատմությունները
Ֆեյսբուքի բաց խմբում տասնյակ մարդիկ փնտրում են իրենց կենսաբանական ծնողներին։ Խմբի անդամները պատմում են, որ 1980-90-ականներին Վրաստանում տարածված էր ծննդատներից առողջ երեխաներին գողանալու պրակտիկան: Ծնողներին ասում էին, թե երեխան մահացել է, և վաճառում էին նրան, իսկ կենսաբանական ընտանիքի բոլոր հետքերը ոչնչացնում էին։
Նման մի քանի դեպքերի հետ կապված քրեական գործեր են հարուցվել։ JAMnews-ը պատմում է մի քանի պատմություններ՝ տարբեր վերջաբաններով։
__________
1968 թվականի ապրիլի 17-ին՝ ուշ գիշերով, երբ Թբիլիսիի ծննդատներից մեկում անձնակազմ գրեթե չկար, բժիշկը Նունու Կամարաուլիին հայտնեց, որ իր նորածին դստերը շտապ վիրահատություն է անհրաժեշտ, աղջկան պետք է տեղափոխել մանկական հիվանդանոց։ Մայրը համաձայնեց։ Իսկ առավոտյան նրան ասացին, որ երեխան չի դիմացել վիրահատությանն ու մահացել է։
Երեխայի մարմինն ընտանիքին ցույց չեն տվել։ Երիտասարդ ծնողներն այնպիսի շոկի մեջ են եղել, որ փաստաթղթերն աչքի չեն անցկացրել։ Բացի այդ, մանկաբարձ-գինեկոլոգը նրանց լավ ընկերն է եղել, իր վրա է վերցրել բոլոր բյուրոկրատական քաշքշուկները։
Մեկ տարի անց Նունուն և նրա ամուսին Զաքարիան ունեցել են առողջ աղջիկ՝ Իյային, իսկ ութ տարի անց՝ տղա։ Երեք երեխաներն էլ ծնվել են նույն ծննդատանը, նույն մանկաբարձ-գինեկոլոգի մոտ։
Անցել են տարիներ, և ընտանիքը խուսափել է խոսել ապրիլյան այդ գիշերվա մասին։ Ոչ ոք երբեք չի հիշատակել այդ մասին։
***
Ձմեռային մի ցուրտ երեկո արդեն հասուն Իյան վերադարձել է տուն և հորը գտել կատարյալ շփոթմունքի մեջ:
Զաքարիան հեռուստացույցով մի հաղորդում է դիտել ծննդատներում մահացած երեխաների մասին։ Հաղորդմանը հրավիրված փաստաբանը պատմել է, որ եթե տարիներ առաջ ծննդատանը ծնողներին ասել են, որ իրենց նորածին երեխան մահացել է, բայց նրանք մահվան վկայականը չեն տեսել, ապա շատ հավանական է, որ իրենց երեխան ողջ է, և ծնողները խարդախության զոհ են դարձել։
Իյան նույնպես շփոթվել է։ Նա գիտեր, որ ընտանիքի առաջին երեխան չէ։
Միգուցե առաջնեկը ո՞ղջ է։
▇ Կասկածները սրվել են այն բանից հետո, երբ Իյան գնացել է Արդարադատության տուն և արխիվում չի գտել որևէ փաստաթուղթ, իբր, մահացած երեխայի վերաբերյալ՝ ոչ ծննդյան, ոչ էլ մահվան վկայական։ Կարծես նրա ավագ քույրը երբեք էլ գոյություն չի ունեցել։
Արխիվում Իյան գտել է միայն սեփական ծննդյան արձանագրությունը, որտեղ նշվում է, որ նա իր ծնողների առաջնեկն է։
«Ինչո՞ւ է գրված, որ ես առաջին երեխա եմ։ Չէ՞ որ մանկաբարձ-գինեկոլոգը, որը մեր ընտանիքի մտերիմ անձնավորություն էր, ում մոտ մայրս երկրորդ անգամ էր ծննդաբերել, գիտեր, որ ես առաջնեկը չեմ։ Առաջին երեխան պարզապես անհետացել է գրառումներից։ Այդպես չի լինում»:
Այսպիսով, 50 տարվա մեջ առաջին անգամ նրանք սկսել են խոսել մահացած երեխայի մասին:
«Եվ միայն 50 տարի անց պարզեցինք, որ բոլոր հարազատները տարբեր վարկածներ ունեին, թե երբ և ինչու է երեխան մահացել: Եթե ավելի վաղ խոսեինք այս թեմայի շուրջ, շատ հարցեր կառաջանային։ Ենթադրում ենք, որ աղջիկը ծնվելուց անմիջապես հետո գրանցվել է որդեգրող ծնողների անունով»,— ասում է Իյա Կվելաշվիլին։
Դրանից հետո անցած հինգ տարիների ընթացքում նա մեծ ջանքեր է գործադրել՝ գտնելու կորած քրոջը, որն ապրիլի 17-ին դարձավ 55 տարեկան։ Բայց այդպես էլ չի գտել:
- «Երեխան արժե 15-25 հազար եվրո»․ ինչպես են հայ երեխաներին վաճառել արտասահմանցիների
- Հաշմանդամություն ունեցող երեխաների մասին՝ սեփական և որդերգրված
- Միայնակ մայրեր․ պատմություններ կանանց մասին, որոնք համարձակվել են այդ քայլին
«Փնտրում եմ ծնողներիս», «Փնտրում եմ երեխայիս»
Միաժամանակ, նույն քաղաքում 31-ամյա լրագրող Թամունա Մուսերիձեն իմացել է, որ ինքը որդեգրված երեխա է։
«Ես երբեք նման կասկածներ չեմ ունեցել, չնայած այն հանգամանքին, որ մանուկ հասակում մի անգամ ինձ այդ մասին ասել է մեր հարևանը, իսկ մեկ այլ անգամ՝ ընկերներիցս մեկը, բայց ես երբեք ուշադրություն չեմ դարձրել դրան»:
Մոր մահից մի քանի շաբաթ անց Թամունան տանը պատահաբար գտել է ծննդյան երկրորդ վկայականը՝ այլ գրանցման համարով։
Շուտով, երբ նա եկել է Արդարադատության տուն՝ վերականգնելու անձնագիրը, պարզել է, որ իր փաստաթղթերում ընդհանրապես տեղեկություն չկա իր ծննդյան մասին։
«Փաստաթղթերում նշված էր բոլորովին այլ ծննդատուն, ոչ թե այն, որտեղ, ինչպես կարծում էի, ծնվել եմ: Հետո սկսեցի հիշել բոլոր նրանց, ովքեր երբևէ ասել էին, որ ես որդեգրված եմ։ Սկսեցի հարցնել ընտանիքի անդամներին և ընկերներին։ Նրանք բոլորը հրաժարվեցին պատասխանել։ Ի վերջո, նրանցից մեկը հարցրեց. «Ինչպե՞ս իմացար»: Այդ ժամանակ ես արդեն վստահ էի, որ որդեգրված եմ։
Այդ օրվանից Թամունան սկսել է փնտրել իր կենսաբանական ծնողներին, բայց մինչ այժմ իմացել է միայն այն, որ իր իսկական ազգանունը Սորդիա է։ Դա հաջողվել է պարզել ԴՆԹ թեստի միջոցով։
«Վրաստանի օրենսդրության համաձայն՝ որդեգրված երեխան իրավունք չունի տեղեկություններ իմանալ իր ծննդյան վայրի կամ ամսաթվի մասին՝ առանց պաշտոնական ծնողների թույլտվության։ Բացի այդ, Թբիլիսիում չկա որևէ հաստատություն, որտեղ կարելի է դիմել և տեղեկատվություն ստանալ սեփական կենսաբանական ծագման մասին»։
Թեև Թամունան գրեթե ոչինչ չի իմացել, սակայն փնտրտուքների ընթացքում ծանոթացել է նմանատիպ խնդիր ունեցող շատ այլ մարդկանց, այդ թվում՝ Իյա Կվելաշվիլիի հետ։ Նրանք միասին ստեղծել են «Փնտրում եմ» («ვეძებ») ֆեյսբուքյան խումբը բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են իրենց կենսաբանական ծնողներին:
Եվ ժամանակի ընթացքում այս խումբն այլ իմաստ է ստացել։
▇ Աստիճանաբար պարզ դարձավ, որ Վրաստանում գոյություն է ունեցել հսկայական գաղտնի ցանց բժիշկների, որոնք նորածիններին մահացած են հայտարարել, իսկ հետո վաճառել նրանց։
«Մի անգամ մեզ դիմեց մի կին, որը փնտրում էր իր ամուսնու կենսաբանական ծնողներին, և մեր խմբի միջոցով պարզեցինք, որ նրա ամուսինը գրանցված է որպես մեռելածին, բայց իրականում նրան վաճառել են այլ քաղաքում գտնվող խնամատար ծնողների»:
Կարճ ժամանակ անց Թամունայի հետ կապ է հաստատել մեկ այլ կին և պատմել նրան գաղտնիք, որը մայրն իրեն հայտնել է մահվանից առաջ:
«Մահացող մայրը, ով ծննդատանը մանկաբարձ-գինեկոլոգ էր աշխատում, խոստովանել է, թե ինչպես է մի անգամ թաքցրել նորածնի, իսկ երեխայի մորն ասել, որ նա մահացել է։ Նա աղաչել է ցույց տալ երեխայի մարմինը, բայց նրան ասել են, թե իբր դիակիզել են։ Հետո այդ բժիշկը վերցրել է թաքցրած երեխային ու անձամբ մեծացրել։
Միայն մահից առաջ է նա իր որդեգրած աղջկան ասել ճշմարտությունը և միևնույն ժամանակ մանրամասն նկարագրել այն սխեման, որով նրանք աշխատում էին. ինչպես էին գողանում ողջ երեխաներին, ներկայացնում որպես մեռելածին և վաճառում։
Աստիճանաբար շատ ու շատ նման դրվագներ են ի հայտ եկել։ Ըստ Թամունայի՝ նման պատմություններ եղել են ողջ Վրաստանում, շատ մարդիկ են ներգրավված եղել։
Դատելով պատմություններից՝ նման ցանցեր գործել են Թբիլիսիում և մի շարք այլ քաղաքներում 1950-2006 թվականներին։ Խորհրդային տարիներին գողացված երեխաներին վաճառում էին այստեղ՝ Վրաստանում, իսկ երկրի անկախացումից հետո նրանց սկսեցին վաճառել արտասահմանում՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպա։
Սխեման հետևյալն էր՝ երեխային մահացած էին հայտարարում կամ ասում, որ շտապ վիրահատություն է պետք, հետո ասում՝ չի դիմացել։ Ծայրահեղ սթրեսային վիճակում գտնվող ծնողները առանց կարդալու ստորագրում էին ցանկացած փաստաթուղթ՝ դրանով իսկ փաստացի համաձայնություն տալով իրենց երեխայի որդեգրմանը։
«Մենք նույնիսկ նման պատմություն ունեինք։ Մորը դուրս են հանել, նստեցրել մեքենան ու ստորագրել տվել թաղման արարողության մասին փաստաթուղթ։ Իրականում երեխան ողջ է եղել, նրան թաքցրել են։ Իսկ մեքենայի մեջ Կանադայից մի մարդ է եղել, որը ցանկացել է տեսնել, թե ինչպիսի մայր է նա։ Եվ նա իրականում ստորագրել է փաստաթղթեր իր երեխայի որդեգրման մասին»:
Գուրջաանի քաղաքում գործել է խոշորագույն ցանցերից մեկը։ Այն ղեկավարել է ծննդատան աշխատակից Մզիա Գելաշվիլին։
«Նա նորածիններին հավաքել է տարբեր ծննդատներից և տվել Թբիլիսիի դայակներին՝ նրանց ժամանակավոր մեծացնելու համար, իսկ երեխաների լուսանկարներն ուղարկել է Ամերիկա և Կանադա։
Մզիա Գելաշվիլին ոմն Մարինա Նապիրելիի հետ հարևաններից վերցրել է նույնականացման քարտեր և երեխաներին գրանցել նրանց անուններով։ Արդյունքում, երեխայից հրաժարումը և որդեգրման համաձայնությունը ստորագրել են ոչ թե նրանց կենսաբանական ծնողները, այլ երրորդ անձինք, ուստի ոչ ոք չգիտի և երբեք չի իմանա, թե իրականում որտեղից են այդ երեխաները, ումն են»,— ասում է Թամունա Մուսերիձեն։
Այն դեպքում, երբ ընտանիքը հարուստ ու ազդեցիկ է եղել և պնդել, որ մահացած երեխայի մարմինն իրենց աչքերով տեսնեն ու թաղեն, հիվանդանոցներից մեկում նույնիսկ մահացած նորածինների «հավաքածու» է եղել։ Դիահերձարանի սառնարանում պահել են իսկապես մահացած երեխաների դիեր տարբեր արտաքինի՝ շիկահեր աղջիկ, շիկահեր տղա, թխահեր աղջիկ և այլն: Եվ անհրաժեշտության դեպքում այդ մարմիններից մեկը հանձնել են ընտանիքին՝ հուղարկավորելու։
Ըստ Թամունայի՝ այս բարդ սխեմայի արդյունքում Վրաստանում ապօրինի որդեգրվել է ավելի քան 100 հազար երեխա։
«Երկրի բնակչության թվի համեմատ [մոտ 3,7 միլիոն մարդ – JAMnews], սրանք աղետալի թվեր են», — ասում է փաստաբան Լիյա Մուխաշավրիան, ով իրավաբանական օգնություն է ցուցաբերում իրենց կենսաբանական ծնողներին փնտրող մարդկանց:
«Երեխաների առքուվաճառքն ու առևանգումը, որոնք եղել են անհիշելի ժամանակներից, ըստ երևույթին, չեն դադարել և համակարգային բնույթ են կրում նույնիսկ մեր ժամանակներում»։
Այս պահի դրությամբ «Փնտրում եմ» խմբի անդամ է ավելի քան 227,000 մարդ: Նրանք կիսվում են իրենց պատմություններով, հարցեր տալիս, իսկ հետո խմբի հիմնադիրները օգնում են նրանց։
Խմբում կարող եք հանդիպել մի շարք հարցերի՝ «Ինչպե՞ս կարող եմ պարզել՝ որդեգրվա՞ծ եմ, թե՞ ոչ», «Ես ծննդաբերել եմ Գուրիայում 1956 թվականին և իմ երեխան մահացել է, միթե՞ նա ողջ է», «Որտե՞ղ կարո՞ղ եմ պարզել՝ արդյոք իմ փաստաթղթերը կեղծ են, թե իրական: Փնտրում եմ կենսաբանական ծնողներիս Սամեգրելոյում» և այլն:
Իրենց խմբի միջոցով Թամունան և Իյան մոտ 700 ընտանիքների օգնել են վերամիավորվել: Այնուամենայնիվ, շատ դեպքերում կենսաբանական ծնողներին գտնելը շատ դժվար է, քանի որ որևէ փաստաթուղթ գոյություն չունի:
Բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն որդեգրողները, կեղծ են։
«Միակ ելքը գենետիկական թեստն է։ Մենք չունենք ԴՆԹ տվյալների բազա Վրաստանում, ուստի մենք Amazon-ից 100 դոլարով կոլբա ենք պատվիրում, այնուհետև այն հետ ենք ուղարկում ԱՄՆ՝ լաբորատորիա: Յուրաքանչյուր անձի անալիզի արդյունքը մուտքագրվում է համաշխարհային տվյալների բազա, որը կպահվի 500 տարի: Դրանից հետո տվյալների բազան ձեզ ցույց է տալիս այն մարդկանց ցուցակը, ովքեր նույնպես անցել են թեստը և ձեր արյունակիցն են:
Այս թեստի հիման վրա Թամունան գտել է բազմաթիվ հարազատների ու պարզել, որ իր ազգանունը Սորդիա է, սակայն մինչ օրս նրան չի հաջողվել գտնել մոր ու հոր հետքերը։
Արդյունքում ապօրինի որդեգրումների սխեմայով հետաքրքրվել է Վրաստանի ՆԳՆ-ն։ 2022 թվականի օգոստոսի 31-ին Թամունա Մուսերիձեն կանչվել է նախարարություն՝ ցուցմունք տալու։ Նա այնտեղ անցկացրել է վեց ժամ և պատմել այն ամենը, ինչ իրեն և իր ընկերներին հաջողվել է պարզել վերջին երկու տարվա ընթացքում։
Պանայոտիս Սուրուկլիսի պատմությունը
20-ամյա Պանայոտիս Սուրուկլիսը Կիպրոսից նույնպես փնտրում է իր կենսաբանական ծնողներին։
Նա միշտ իմացել է, որ ծնվել է Վրաստանում և որդեգրված է, սակայն նախկինում ամենևին էլ չի ձգտել պարզել իր ծագումը։
Այնուամենայնիվ, 2020-ին, երբ սկսվել է կորոնավիրուսային համաճարակը, և Պանայոտիսը շատ ժամանակ է անցկացրել տանը, նա մտածել է, որ եթե հիմա չգտնի իր կենսաբանական ծնողներին, ապա գուցե շատ ուշ լինի, և նրանք այլևս ողջ չլինեն:
«Ինձ որդեգրած ծնողներս դեմ չեն, նրանք ինձ սիրո մեջ են մեծացրել և միշտ կլինեն իմ ծնողները, ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց։ Հատկապես, որ կարծում էի, թե իմ կենսաբանական ծնողները լքել են ինձ, և բարկացած էի նրանց վրա»։
▇ Ես մտածում էի, թե իրականում քանի տարեկան եմ, երբ է իմ ծննդյան օրը, և ով եմ ես ըստ հորոսկոպի։ Այդ պատճառով էլ սկսեցի փնտրել:
Պանայոտիսին որդեգրած մայրը որդեգրման փաստաթղթերը ներկայացրել է առանց առարկությունների։ Ծանոթը, ով աշխատում է Կիպրոսում Վրաստանի դեսպանատանը, վերցրել է այդ փաստաթղթերն ու խոստացել հեշտությամբ գտնել իր ծնողներին տվյալների բազայում:
Սակայն նրան դա չի հաջողվել։ Պանայոտիսի մասին հասանելի տեղեկատվությունը վերաբերում է միայն նրա որդեգրմանը հաջորդած ժամանակահատվածին։ Այդ ժամանակ տղան մեկուկես տարեկան է եղել։ Իսկ մինչ այդ, ըստ փաստաթղթերի, Պանայտիոսն ընդհանրապես գոյություն չի ունեցել։
«Ես շատ ընկճված էի։ Չէի ուզում խոսել ոչ մեկի հետ, ուզում էի մենակ մնալ։ Ծնողներս նույնպես վրդովված էին։
Այնուհետև Պանայոտիսը իմացել է ֆեյսբուքյան խմբի մասին և միացել դրան։
«Մոտ մեկ տարի այնտեղ ոչինչ չէի հրապարակում, վախենում էի կիսվել իմ պատմությամբ։ Վերջապես ես Թամունային անձնական նամակ գրեցի ու նա հրապարակային գրառում արեց։ Եվ մենք սկսեցինք փնտրել իմ կենսաբանական ծնողներին»։
Պանայոտիսը գենետիկական թեստ արեց և գտավ մի քանի համապատասխանող ընտանիքներ։ Նա եկել է Վրաստան և հանդիպել նրանցից մի քանիսին, թեև նրանցից ոչ մեկի հետ նրա արյունակցական կապն ամբողջությամբ չի հաստատվել։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ մինչև որդեգրվելը մեկ տարի ապրել եմ դայակի հետ։ Դայակը մահացել է, իսկ որպես իմ ծնողներ պաշտոնապես գրանցված են Շոթա և Նոնա Ռուխաձեն, որոնք իրականում երբեք գոյություն չեն ունեցել։ Իմ թղթերը բոլորը կեղծ են»:
Պանայոտիսը Թամունայի միջոցով այս փաստաթղթերը հանձնել է Ներքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ պետությունը կհետաքննի գործը։ Սակայն նախարարությունից դեռ պատասխան չի ստացվել։
«Մոտ յոթ ամիս առաջ ես հինգ երեխաների փաստաթղթերը հանձնեցի նախարարությանը։ Գործը հարուցված է, նախաքննությունը շարունակվում է, սակայն մինչ այժմ մեզ հետ ոչ ոք կապ չի հաստատել։ Ես հասկանում եմ, որ 20 տարվա վաղեմության գործը դժվար է քննել, բայց մենք ունենք անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար։ Իսպանիայում նույնպես նման սխեմա է գործել, սա մեր նոու-հաուն չէ, բայց այնտեղ 1997-ին պետությունը բացահայտեց ամեն ինչ և գտավ 500 երեխայի»,— ասում է Թամունան։
«Այն հինգ գործերը, որոնք Թամունան հանձնել է ՆԳՆ-ին, այնքան էլ հին ու բարդ չեն, դրանք կարելի է հետաքննել»,— հաստատում է փաստաբան Լիյա Մուխաշավրիան։
«Իսկ մնացած դեպքերում վաղեմության ժամկետն արդեն անցել է, և, ցավոք, անհնար է քրեական պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին»։
Այնուամենայնիվ, կան նաև պատմություններ, որոնք ունեցել են երջանիկ ավարտ:
Աննան և Տակոն
Երկու տարուց մի փոքր վաղ Թբիլիսիում իրար գտան երկու աղջիկ։
Մի օր ընկերուհին 18-ամյա Աննա Սարթանիային լուսանկար ուղարկեց և հարցրեց. «Դո՞ւ ես»։
Լուսանկարում պատկերված աղջիկը հոնքերին պիրսինգ ուներ։ Աննան չուներ։ Մազերի գույնն էլ ուրիշ էր։
Այդ ժամանակ Աննան հիշեց, որ իրեն նախկինում էլ ասել էին, որ տեսել են իրեն շատ նման մի աղջկա։ Նա նույնիսկ գիտեր, որ այդ աղջկա անունը Տակո է։
Այս անգամ Աննան որոշում է Տակոյին փնտրել Instagram-ում։ Փնտրում ու փնտրում է, բայց չի գտնում։ Այնուհետև նա տեղադրում է նրա լուսանկարը ֆեյսբուքյան խմբերից մեկում և հարցնում՝ արդյոք որևէ մեկը ճանաչում է։ Պարզվում է՝ խմբի անդամներից մեկը Տակոյի ընկերն է։
Աննան և Տակոն կապ են հաստատում միմյանց հետ և սկսում շփվել։ Ի հայտ են գալիս շատ զուգադիպություններ՝ երկուսն էլ 18 տարեկան էին, երկուսն էլ ծնվել էին ամռանը, երկուսն էլ դիսպլազիա ունեին։
Նրանք որոշում են հանդիպել։ Անձրևոտ մի օր Աննան ընկերուհու հետ սպասում էր Տակոյին մետրոյի ելքի մոտ։
Երբ նա իջավ շարժասանդուղքից և հանեց բժշկական դիմակը, երկու աղջիկներն էլ բղավեցին։
▇ «Սկզբում ես ուզում էի փախչել: Թվում էր, թե նայում եմ հայելու մեջ: Իմ առաջ իմ ճշգրիտ պատճենն էր: Հետո մենք նորից նայեցինք միմյանց և ծիծաղեցինք»:
Տակոն և Աննան նույնիսկ ԴՆԹ թեստ անելու կարիք չունեին։ Այնքան նման էին միմյանց, որ ոչ ոք չէր կասկածում, որ նրանք երկվորյակներ են։
Տակոն մեծացել է Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքում, Աննան՝ Թբիլիսիում։ Երկուսն էլ հոգատար և սիրող ընտանիքներ ունեն: Աննան ոչ մի անգամ չի կասկածել, որ իրեն որդեգրել են։ Ավելին, նա շատ նման էր մորը։
Իսկ Տակոն, չնայած շատ երջանիկ մանկությանը, միշտ զգացել է, որ ինչ-որ բան այն չէ։
«Չնայած ես ունեմ հիանալի ընտանիք և մեծացել եմ սիրո մեջ, անընդհատ զգում էի, որ այնտեղ չեմ, որտեղ պետք է լինեմ»:
Իրար ավելի լավ ճանաչելուց հետո Աննան և Տակոն սկսեցին իրենց սեփական հետաքննությունը։ Ծնողների հետ ծանր զրույցներից հետո աղջիկներն իմացան, որ երկուսն էլ որդեգրված են։
18 տարի անց պարզվեց, որ 2002 թվականի հունիսի 20-ին Ազա Շոնիան Սամեգրելոյի Կիրցխի գյուղում Գոչա Գախարիայից լույս աշխարհ է բերել երկվորյակ աղջիկներ, որոնք ծնվելուց անմիջապես հետո բաժանվել են միմյանցից և որդեգրվել տարբեր ընտանիքների կողմից։
Պարզվեց նաև, որ Տակոն և Աննան, միմյանցից բացի ունեն նաև չորս եղբայրներ և քույրեր։ Երկվորյակների ծնվելու պահին կենսաբանական ծնողներն արդեն բաժանված են եղել։ Եվ երկու կողմերն էլ տարբեր պատմություններ են պատմում այն մասին, թե ինչու են այլ անձանց տվել երկվորյակներին:
«Մեզ առանձին են որդեգրել, քանի որ այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի բարձր գին են առաջարկել»։
«Փնտրում եմ» խմբի օգնությամբ Աննան և Տակոն ի վերջո գտել են իրենց կենսաբանական ընտանիքը։ Նրանց գրառմանն արձագանքել է մի աղջիկ, ով փնտրում էր 2002 թվականին ծնված երկվորյակների՝ իր քույրերին։
ԴՆԹ թեստից հետո բացահայտվել են գրեթե բոլոր գաղտնիքները։ Սակայն երկվորյակների համար ամենակարևորը միմյանց գտնելն է։
«Մենք լավ հարաբերություններ ունենք մեր եղբայրների ու քույրերի հետ, բայց նրանք միասին են մեծացել, իսկ մենք՝ առանձին։ Մենք յոթերորդ երկնքում ենք երջանկությունից, որ գտել ենք իրար և երկու տարի է, ինչ միասին ենք։ Ինչ վերաբերում է ծնողներին, ապա մենք արդեն ունենք մայրեր և հայրեր, ովքեր մեզ մեծացրել են։ Մենք հետաքրքրված չենք կենսաբանական ծնողների հետ հարաբերություններով»:
Ազա Շոնիան՝ երկվորյակների կենսաբանական մայրը, այժմ օտար երկրում է։ Տակոն և Աննան դեռ չեն խոսել նրա հետ և այնքան էլ չեն ուզում ծանոթանալ:
«Մենք դեռ իրականում չգիտենք, թե ինչ է եղել՝ ով է մեզ լույս աշխարհ բերել, ով է մեզ վաճառել, ով է մասնակցել այդ ամենին։ Մենք շատ վրդովված ենք այս ամբողջ պատմությունից։ Երկվորյակներին չի կարելի բաժանել, նրանք մի ամբողջություն են։ Զարմանալի է, թե ինչպես ենք մինչ հիմա ապրել առանց իրար»:
Հանթեր Ֆիլիպսը՝ նույն ինքը Գոչա Գամսախուրդիան
Հունվարի սովորական գիշերներից մեկի ընթացքում Իտալիայում ապրող 59-ամյա վրացուհի Մանանա Ալփենիձեն տարօրինակ հաղորդագրություն է ստացել Facebook-ով. «Տիկին Մանանա, Ձեր տղան Ձեզ է փնտրում»։
Կինը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, չէ՞ որ նա բոլորովին վերջերս է խոսել որդու հետ։
«Ավագ որդին չէ, երկրորդն է Ձեզ փնտրում»,- գրել են ինձ։
«Ես պատասխանեցի, որ մեկ երեխա ունեմ, և ինձ ինչ-որ մեկի հետ են շփոթել։ Ինձ հարցրին՝ քանի՞ անգամ եք ծննդաբերել։ Ասացի՝ երկու անգամ, բայց մի երեխաս մահացել է։ Եվ հանկարծ ստացվում է պատասխան՝ Ձեր երեխան չի մահացել։ Նա ողջ է, ապրում է Ամերիկայում և փնտրում է Ձեզ։
Երբ ուշքի եկա, կանգնած էի անկողնում ու այդպես զրուցում էի։ Ես մինչև հիմա նյարդայնանում եմ, երբ հիշում եմ այդ մասին: Չէի կարողանում հավատալ նրան, ինչ ինձ ասում էին։ Շուտով նրանք ինձ ուղարկեցին նրա փոքր ժամանակվա լուսանկարը․ նա նման էր իր ավագ եղբորը, ինչպես խնձորի մյուս կեսը:
1995 թվականին Մանանա Ալփենիձեն Թբիլիսիում լույս աշխարհ է բերել իր երկրորդ տղային։ Իսկ երրորդ օրը նրա մոտ մի բժիշկ է եկել ու ասել, որ երեխային շտապ վիրահատություն է անհրաժեշտ։ Մանանան համաձայնել է։
▇ Երեխային տարել են։ Շուտով մանկաբարձուհին վերադարձել է և հայտնել, որ երեխան մահացել է։ Մանանան երկար ժամանակ չի կարողացել հավատալ դրան։ Նա լաց է եղել, աղաչել ցույց տալ որդու մարմինը։
Նրան ասել են, որ բերի հագուստ, որով կթաղեն երեխային։ Իսկ փոքրիկին ցույց են տվել հեռվից՝ ապակու ետևում։
«Ինձ ասացին, որ այդտեղ գերեզմանոցն ունեն, եթե վճարեմ, նրանք ամեն ինչի մասին հոգ կտանեն։ Ամուսինս գնացել էր գյուղ։ Ես և մայրս շփոթված էինք և համաձայնեցինք, չգիտեինք՝ ինչ անել»:
Մանանան վճարել է բժիշկներին և համաձայնագիր ստորագրել որդուն ծննդատան գերեզմանոցում հուղարկավորելու համար։
«Ես ինձ շատ վատ էի զգում, կենդանի դժոխք: Բայց ավագ որդիս այդ ժամանակ 10 տարեկան էր, և նա օգնեց ինձ ապրել»։
Շատ տարիներ անց Հանթեր Ֆիլիպսը, որն ապրում է ԱՄՆ Վիրջինիա նահանգում, որոշեց գտնել իր կենսաբանական ծնողներին։ Նա միշտ իմացել է, որ իրեն որդեգրել են Վրաստանից։
«Ինձ ասում էին, որ մայրս շատ երիտասարդ է եղել, երբ ծնվել եմ։ Բացի այդ, ունեցել եմ ինչ-որ բնածին խնդիր, և մայրս որոշել է ինձ տալ որդեգրման, քանի որ ինքը չէր կարող անձամբ հոգ տանել իմ մասին։
Հանթերը մեծացել է ԱՄՆ-ում շատ սիրող և հոգատար ընտանիքում։ Նա երբեք չի ցանկացել գտնել իր կենսաբանական ծնողներին։ Սակայն մի քանի տարի առաջ նա մտածել է այդ մասին և հասկացել, որ ուզում է այն երիտասարդ աղջկան ասել, որ նա ճիշտ որոշում է կայացրել, և որ իր երեխան մեծացել է սիրով ու ջերմությամբ շրջապատված։
Այդ նպատակով Հանթերը ԴՆԹ թեստ է արել, բայց տվյալների բազայում գտել է միայն մի քանի պոտենցիալ զարմիկների: Նա կապ է հաստատել նրանցից մեկի հետ, որն էլ պատմել է «Փնտրում եմ» խմբի մասին։
Հանթերի բախտը բերել է. կենսաբանական մոր անունը, ազգանունը և հասցեն փաստաթղթերում փոփոխված չեն եղել։ Ուստի գրառումը հրապարակելուց հետո 24 ժամվա ընթացքում նրա մորը՝ 59-ամյա Մանանա Ալփենիձեին, գտել են Իտալիայում։
«Երբ առաջին անգամ հեռախոսով շփվեցինք, ես թերահավատ էի, դեռ առանձնապես հույս չունեի, որ սա իմ իրական կենսաբանական ընտանիքն է: Տեսախցիկները միացրինք, տեսանք իրար, բոլորս սկսեցինք լաց լինել»։
Պարզվել է, որ այն բանից հետո, երբ Մանանա Ալփենիձեին հայտնել են, թե իր նորածին որդին մահացել է, երեխային տեղափոխել են Մոսկվա, որտեղ հինգ շաբաթ անց ամերիկացի ամուսինները նրան օրինական որդեգրել են։
«Իմ պատմությունը իսկապես երջանիկ ավարտ ունի: Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե որտեղ կհայտնվեի 1990-ականներին Մոսկվայում, եթե ծնողներս ինձ չորդեգրեին։ Եվ հիմա ես ունեմ երկու մեծ սիրող ընտանիք»։
«Մայրս ու եղբայր Կոբան անգլերեն չգիտեն։ Նրանց հարազատը երբեմն օգնում է մեզ շփվել։ Մեծ եղբայրս արտասովոր մարդ է, շատ սիրող։ Նա ինձ երբեմն վրացերենով ձայնային հաղորդագրություններ է ուղարկում. ոչ մի բառ չեմ հասկանում: Իսկ նա կարծում է, որ քանի որ ես իր եղբայրն եմ ու վրացի, կհասկանամ»։
Հանթերը` ծնված որպես Գոչա Գամսախուրդիա, սեպտեմբերին իրեն որդեգրած մոր հետ կժամանի Վրաստան: Մանանան թռչելու է Իտալիայից, և մեծ ընտանիքն առաջին անգամ հավաքվելու է։
Այս պատմությունները բարեհաջող ավարտվեցին, թեև փողի դիմաց որդեգրված տասնյակ հազարավոր մարդիկ դեռ փնտրում են իրենց կենսաբանական ծնողներին։ Իսկ ծնողները փնտրում են իրենց մահացած երեխաներին, որոնք իրականում ողջ են:
«Այն գործը, որը սկսել է Թամունան, իսկական հեղափոխություն է ժամանակակից պատմության մեջ։ Պետությունը պետք է արձագանքի սրան։ Նախևառաջ պետք է փոխել օրենքն ու նման դեպքերում երկարացնել վաղեմության ժամկետը։ Եթե մարդիկ, ովքեր արել են այս ամենը, պատասխան չտան իրենց հանցագործությունների համար, ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն կրկնվի»,— կարծում է փաստաբան Լիյա Մուխաշավրիան։
«Բարեբախտաբար, 2006 թվականից սկսած ծննդյան պահին երեխային տրվում է անձնական համար, իսկ փաստաթղթավորումը խիստ վերահսկվում է: 2006 թվականից հետո ես նման դեպքերի մասին չեմ լսել։ Բայց սա ոչինչ չի տալիս այն 100,000 երեխաներին, ովքեր որդեգրվել են տարիներ առաջ»,— ասում է Թամունա Մուսերիձեն:
«Երբ մենք ստեղծում էինք այս խումբը, ես պատկերացում անգամ չունեի, որ դուրս կգամ հետքի վրա: Հիմա իմ հիմնական նպատակը հնարավորինս շատ մարդկանց վերամիավորելն է ու ամենակարևորը՝ որդեգրման մասին օրենքը փոխելը։
Յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու՝ երբ է իր ծննդյան օրը»։
Վրաստանում վաճառված երեխաների պատմությունները