Վրաստանում չեղարկվում է պարետային ժամը, և փողոցում արդեն կարելի է դիմակ չկրել
Վրաստանում որոշում է ընդունվել հուլիսի 1-ից չեղարկել պարետային ժամը, որը երկրում գործում է 2020 թ-ի նոյեմբերից, կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Եվ արդեն հունիսի 22-ից չեղարկվել է փողոցում դիմակ դնելու պահանջը։ Սակայն փակ տարածքներում, տրանսպորտում և հանրային տրանսպորտի կանգառներում դիմակ կրելը նախկինի պես պարտադիր է։
Դեռևս ուժի մեջ են մնում սրճարանների, ռեստորանների և ժամանցային վայրերի սահմանափակումները, դրանք կարող են աշխատել միայն մինչև 00:00-ն։
«Սահմանափակումները պետք է օգնեն համաճարակային իրավիճակի բարելավմանը։ Սակայն մենք նաև պետք է տնտեսությանն ու զբոսաշրջությանը զարգանալու հնարավորություն տանք։ Իմ կողմից, թեև բաց տարածքներում դիմակ կրելու պահանջ այլևս չկա, ես խորհուրդ կտայի, այնուամենայնիվ, դնել այն», — սահմանափակումների մեղմացման մասին հայտարարելիս նշել է Ամիրան Գամկրելիձեն՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենը։
- Վրաստանը բացում է ցամաքային սահմանները։ Մանրամասն ուղեցույց օտարերկրյա հյուրերի համար
- Սառեցված սեզոն։ Թե ինչպես է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
Ցանկացած հանրային վայրում դիմակ կրելու պահանջը գործում էր ավելի քան կես տարի, խախտման համար տուգանքը կազմում էր 20 լարի [մոտ $8]։
Պարետային ժամը Վրաստանում գործում է ավելի քան կես տարի։ Արգելված է փողոցում տեղաշարժվել ժամը 23:00-ից մինչև 04:00-ն։ Կանոնի խախտման համար տաւգանքը կազմում է 2 000 լարի [մոտ $800]։
Անցած մեկ օրում (հունիսի 21-ին) Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 24 մարդ, գրանցվել է վարակման 914 նոր դեպք (27 956 թեստից)։ Վերջին մեկ ամսվա տվյալները խոսում են համաճարակային իրավիճակի բարելավման մասին։
Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 360 055 դեպք։ Վարակից մահացածների թիվը հասնում է 5 199-ի։
Պատվաստումը
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է 2021 թ-ի մարտի 15-ին։ Հունիսի 22-ի դրությամբ պատվաստվել է 238 220 մարդ, նրանցից 84 756-ը ստացել է երկու դեղաչափն էլ։
Օգտագործվում է չորս պատվաստանյութ՝ AstraZeneca, Pfizer, Sinovac և Sinopharm։ Սակայն խնդիրներ կան AstraZeneca-ի լրացուցիչ դեղաչափերի ստացման հետ։ Հունիսի 22-ին չեղարկվել են այդ օրը նշանակված բոլոր պատվաստումները, հետագա օրերի համար գրանցում դեռ չկա։
«AstraZeneca պատվաստանյութի լրացուցիչ դեղաչափերը պետք է Վրաստան բերվեին հունիսի 22-ի վաղ առավոտյան, սակայն մատակարարումը ձգձգվում է՝ շատ գործոններով պայմանավորված։ Սակայն խնդիրը շուտով կլուծվի, պատվաստումը կշարունակվի ամենամոտ ժամկետներում», — ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ բոլոր չորս պատվաստանյութերը (AstraZeneca, Pfizer, Sinovac և Sinopharm) Վրաստան են բերվելու հուլիսին, տարբեր քանակությամբ», սակայն հստակ թվեր չեն նշվել։