Վրաստանում միջնակարգ կրթության խոցելիության մասին վկայող 8 փաստ
Իրենց երեխաներին մասնավոր կրթության են տալիս Վրաստանի դպրոցականների ծնողների 10 տոկոսը: Մասնավոր կրթության տարածվածության պատճառը բնավ բնակչության բարեկեցությունը չէ, այլ պետական դպրոցնեի կողմից առաջարկվող ոչ բավարար մակարդակի կրթությունից դժգոհությունը:
Մասնավորապես.
1. Դասարաններում երեխաները չափազանց շատ են
Պետական դպրոցներում երեխաների քանակը 1 դասարանում կազմում է 35-40 մարդ: Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները բողոքում են, որ այդքան մեծ կոլեկտիվում հնարավոր չէ ոչ միայն անհատական մոտեցում ցուցաբերել, այլ պարզապես դասը տեղ հասցնել: Օրինակ, գործնականում անհնար է լաբորատոր փորձեր անելը:
2. Կոմպետենտության պակասը
Ուսուցչի միջին աշխատավարձը պետական դպրոցում կազմում է մոտ 200 դոլար, իսկ մասնավորում այն կարող է հինգ անգամ ավել լինել: Այդ պատճառով էլ մասնավոր դպրոցում աշխատելու համար պետք է լուրջ մրցակցություն հաղթահարել: Այդ դպրոցների ղեկավարությունը նախապատվությունը տալիս է եվրոպական կրթություն ստացած ուսուցիչներին, իսկ արտասահմանում աշխատանքային փորձ ունեցող կադրերը ֆանտաստիկա են հին ու բարի դպրոցներում, որոնք ինտերնետի գոյությանը համակերպվել են բոլորովին վերջերս:
3. Կարգապահությունը
Պետական դպրոցներում «կարգապահություն» ասելիս ենթադրվում է ուսուցչի բացարձակ հեղինակությունը և աշակերտների՝ նրան լրիվ ենթարկվելը: Աշակերտը չի կարող խոսել, քանի դեռ ոչինչ չեն հարցրել: Ծայրահեղ դեպքում երեխաները վախենում են տնօրենից: Այսպիսի «կարգապահության» օգուտը մեծ չէ. այն չի կանխում դեռահասների միջև դաժան կռիվները դասամիջոցներին և դասերից հետո, չի ազդում նաև զուգարաններում ծխելու վրա:
4. Անվտանգություն
Շատ ծնողներ պատրաստ են վճարել միայն նրա համար, որ դպրոցի մուտքի մոտ ոչ թե ծեր պահակ նստած լինի, այլ ոստիկան, որպեսզի դպրոց մուտք գործելը վերահսկվի և բոլոր դասարաններում ու միջանցքներում տեսագրող սարքեր տեղադրված լինեն:
5. Մաքրությունը
Զարմանալի է, բայց Վրաստանի պետական դպրոցներում իսպառ բացակայում են մաքրության, հիգիենայի ու սանիտարական նորմերի մասին տարրական պատկերացումները: Այսինքն՝ երեխաները հնարավորություն չունեն ձեռքերն օճառով լվանալու և սրբիչով չորացնելու: Ամբողջ դպրոցում չես գտնի ո՛չ օճառ, ո՛չ սրբիչ: Զուգարաններում իրավիճակն այնպիսին է, որ աշակերտներն աշխատում են ավելորդ անգամ չգնալ այնտեղ: Ի դեպ, զուգարաններում, սովետական դպրոցների ավանդույթով, բացակայում է առանձին կարիքները հոգալու հնարավորությունը. զուգարանից պետք է օգտվել բոլորի հետ միասին, մի հինգ հոգով: Այսինքն՝ առանձին խցիկներ նախատեսված չեն:
6. Սնունդը
Չիփսեր, լիմոնադ ու քաղցկեղածին «չորահացեր»՝ ահա հարկ վճարողների հաշվին գոյություն ունեցող դպրոցում երեխային որպես առողջ նախաճաշ առաջարկվող ոչ ամբողջական ճաշացանկը: Վրաստանում չկան կառույցներ, որոնք կվերահսկեին դպրոցների սնունդը, այդ պատճառով էլ դպրոցի տնօրինությունն այս հարցում հիմնվում է առողջ սննդի մասին իր սեփական պատկերացումների վրա: Փորձը ցույց է տալիս, որ պետական դպրոցներում այդ պատկերացումները սովորաբար կաղում են:
7. Լրացուցիչ պարապմունքների անխուսափելիությունը
Մոտավորապես 5-րդ դասարանից սկսվում է պարապմունքների երկար պատմությունը. պետական դպրոցի աշակերտները սկսում են առանձին պարապմունքների գնալ, այդ ուսուցիչները ամբողջացնում են աշակերտների գիտելիքները դպրոցական ծրագրի համարյա բոլոր առարկաներից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ պետական դպրոցները չեն կարողանում իրենց հիմնական գործառույթը կատարել: Իսկ եթե հաշվի առնենք, որ պարապող ուսուցիչները նույն դպրոցի ուսուցիչներն են, եզրակացությունն ակնհայտ է. նրանք հետաքրքրված չեն, որ երեխաները դպրոցում սովորեն անվճար և ոչ մի գումար դրա վրա չծախսեն:
8. Փողը
Շատ ծնողներ իրենց երեխաներին պետական դպրոցներից տեղափոխում են մասնավոր՝ համարելով, որ արդյունքում, մասնավորն ավելի էժան է. սովորաբար մասնավոր դպրոցների տարեկան վարձավճարը ներառում է ոչ միայն համապատասխան կրթություն, այլ նաև հետաքրքրությունների խմբակներ, դպրոցական ծրագրի առարկաների լրացուցիչ պարապմունքներ, երկարօրյա խմբեր: