Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին բյուջեից ֆինանսավորելն, ինչպես նաև պետության և եկեղեցու միջամտությունը միմյանց գործերին դադարեցնելու կոչ այսօր արեցին Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդները:
2002թ-ից ի վեր, երբ պետության և Վրաց ուղափառ եկեղեցու միջև կոնկորդատ է ստորագրվել, պատրիարքարանը պետությունից 200 մլն լարիից ավել գումար է ստացել (մոտ $76մլն ներկայիս փոխարժեքով): Պաշտոնապես այդ գումարները փոխհատուցում են համարվում եկեղեցուն ԽՍՀՄ տարիներին հասցված վնասի համար:
2017թ-ի բյուջեի համաձայն՝ պատրիարքարանը 25 մլն լարի (մոտ $9,5 մլն) կստանա: Նույնքան գումար եկեղեցուն հատկացվել է նախորդ տարի: Բյուջեի համաձայն՝ եկեղեցուն տրամադրված գումարի մեծ մասը 2017թ-ին ուղղվելու է եկեղեցական կրթության աջակցությանը: Պատրիարքարանը պարտավոր չէ հաշվետվություն ներկայացնել հատկացված գումարների ծախսի վերաբերյալ: Այդ գործընթացը չի վերահսկվում նաև որևէ պետական գերատեսչության կողմից:
Եկեղեցու ֆինանսավորման դեռևս Շևարդնաձեի նախագահության ժամանակ սկսված պրակտիկան 2003թ-ից շարունակել է նոր իշխանությունը՝ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, ավելի ուշ՝ 2012թ-ից՝ «Վրացական երազանքի» կառավարությունը: Այդ հարցը խուսափում էին բացեիբաց քննարել ինչպես իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները, բյուջեից պատրիարքարանի ֆինանսավորման կասեցման հարցը որևէ քաղաքական կուսակցություն մինչև հիմա չէր բարձրացրել:
«Ինչո՞ւ է Վրաստանի բնակչությունը պարտավոր այդպիսի փոխհատուցում վճարել: Միգուցե իշխանության ներկայացուցիչներից կամ հոգևորականներից ինչ-որ մեկը կարո՞ղ է դա հիմնավորել», — մամուլի ասուլիսին հայտարարել է Հանրապետական կուսակցության քաղաքական քարտուղար Թամար Կորձայան:
Նրա խոսքով՝ ստեղծված պրակտիկայից դժգոհ են այդ թվում նաև պատրիարքարանում, ինչի մասին է խոսվում ձերբակալված ավագ երեց Գեորգի Մամալաձեի նամակում:
Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մամալաձեի նամակի համաձայն, որը լրատվամիջոցների մոտ է հայտնվել, նա ցանկացել էր պատրիարք Իլյա Երկրորդին հաղորդել պատրիարքարանի կառույցներում ֆինանսական խախտումների մասին:
Հայր Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում փետրվարի 10-ին «բարձրաստիճան հոգևորականի» դեմ մահափորձ կատարելու փորձի մեղադրանքով: Քննությունը մանրամասներ չի հաղորդել, սակայն լրատվամիջոցները տեղեկատվություն ունեն, որ ձերբակալվածը մեղադրվում էր պատրիարքի դեմ մահափոձի համար: Ինքը Մամալաձեն իր մեղքը չի ճանաչում:
Մամալաձեի ձերբակալությունից հետո պատրիարքարանում տեղի ունեցող խախտումների մասին բացահայտ սկսեցին խոսել նաև այլ հոգևորականներ: