Վրաստանում դպրոցների ֆինանսավորումն ամեն տարի աճում է, իսկ կրթության մակարդակը՝ ոչ
Իշխանություններն ընդհանուր կրթության այնպիսի ծրագիր չունեն, որն ուղղված կլինի արդյունքին, նրանք գործում են հնացած մեթոդներով, և, որպես կանոն, տարիներ շարունակ Վրաստանում դպրոցական կրթության մակարդակը ծայրահեղ ցածր է. նման եզրակացության է հանգել «Միջազգային թափանցիկություն. Վրաստան» ազդեցիկ հասարակական կազմակերպությունը, որը ծավալուն հետազոտություն է նվիրել դպրոցական կրթությանը:
Հետազոտության մեջ նշվում է, որ այսօրվա կրթական համակարգն ուղղված է միայն այն բանին, որ բոլոր աշակերտները հասանելիություն ունենան կրթությանը, և բոլոր դպրոցները համապատասխան ֆինանսավորում ստանան: Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը, այդ հարցը կրթական համակարգի քաղաքականության առաջնահերթություններից չէ:
«Հետևաբար, դպրոցական կրթության վրա լրացուցիչ կերպով ծախսված բոլոր միջոցների արդյունավետությունը հարցականի տակ է»,- ասվում է եզրակացության մեջ:
JAMnews-ն ամփոփել է հետազոտության հիմնական եզրակացությունները.
Գումար են ծախսում, իսկ արդյունք չկա
Չնայած այն բանին, որ 2018թ. պետությունը դպրոցական կրթության վրա կրկնակի ավել է ծախսում, քան 2011թ., արդյունք չկա: Այդ գումարները փաստացի քամուն են տրվում, քանի որ դպրոցական կրթության մակարդակը Վրաստանում նախկինի պես ծայրահեղ ցածր է, և դա հաստատում են ինչպես միջազգային հետազոտությունները, այնպես էլ պաշտոնական վիճակագրությունը:
Օրինակ, սովորողների գնահատականի միջազգային ծրագրի (PISA) հետազոտության մեջ Վրաստանը դպրոցական կրթության մակարդակով 72 երկրների շարքում վերջից 11-րդ տեղում է, իսկ համաշխարհային մրցունակության մակարդակով՝ 137 երկրներից 106-րդ տեղում:
Նույն բանն է ասում նաև ազգային վիճակագրությունը. 2015-2018թթ. ավարտական դպրոցական քննությունները բարեհաջող հանձնել են աշակերտների 77 տոկոսը, այն դեպքում, երբ 2011-2015թթ. այդ ցուցանիշը կազմում էր 84 տոկոս:
Դպրոցական կրթության որակի ցուցիչներից մեկն էլ դպրոցական ավարտական (ատեստացիոն) քննություններն են, որոնք Վրաստանում անցկացվում են 2011թ-ից: Այդ քննությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2015թ.
հետո իրավիճակը վատթարացել է: Հաջողության ամենացածր ցուցանիշները ֆիզիկա, մաթեմատիկա և օտար լեզուներ առարկաներից է: Վիճակագրություն. եթե 2011-2015թթ. դպրոցական ավարտական վկայական միջինը չէին կարողանում ստանալ տարեկան 6600 աշակերտ, ապա 2016-2018թթ. այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով միջինը 13,5 հազարի:
Մանկավարժի մասնագիտությունը ծերանում է, նրանք ցածր որակավորում ունեն և ցածր աշխատավարձեր
Վերջին 6 տարիներին Վրաստանում մանկավարժի մասնագիտությունը զգալիորեն ծերանում է, երիտասարդությունը գնալով ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այդ մասնագիտության նկատմամբ: Վիճակագրություն. 2012թ. համեմատությամբ 2017թ. դպրոցներում մինչև 35 տարեկան մանկավարժների թիվը 8 տոկոսով ավելի քիչ է եղել, իսկ 65 տարեկանից բարձր մանկավարժների թիվն աճել է 5 տոկոսով:
Վրաստանի դպրոցներում դասավանդում է մոտ 67 հազար մանկավարժ: Նրանց 86 տոկոսը 36 տարեկանից բարձր է, իսկ 13 տոկոսը՝ 65 տարեկան և ավելի:
Ցածր է նաև մանկավարժների մասնագիտական մակարդակը. 2017թ. վերջին Վրաստանում ամենաբարձր՝ մանկավարժ-մենթորի կարգավիճակ ունեցել է միայն 9 մարդ, իսկ հաջորդ աստիճանը՝ ավագ մանկավարժի կարգավիճակ՝ միայն 257 մարդ:
2017թ. ընթացիկ տվյալներով՝ հավաստագրման քննություն հանձնել է մանկավարժների միայն 30 տոկոսը: 2010-2017թթ. հավաստագրման քննություններում նվազագույն շեմը հաղթահարել է մանկավարժների միայն 25 տոկոսը:
Առավել ցածր ցուցանիշներ ունեն ցածր դասարանների, ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ուսուցիչները: Հիշեցնենք, որ հենց այս առարկաներից՝ ֆիզիկա, մաթեմատիկա և օտար լեզուներ, վրացի աշակերտներն ամենացածր արդյունքներն են ցուցաբերում:
2011-2017թթ. մանկավարժների միջին աշխատավարձը վրացական դպրոցներում կրկնակի աճել է: 2017թ. այն կազմել է 548 լարի: Բայց այդ աշխատավարձը կրկնակի պակաս է երկրի տնտեսության մյուս ճյուղերի միջին նոմինալ աշխատավարձի: Մեծ չէ աշխատավարձերի տարբերությունը նաև պետական և մասնավոր դպրոցներում:
Վերջին տվյալների համաձայն՝ մասնավոր դպրոցներում միջին աշխատավարձը կազմել է 631 լարի:
Պետությունը չունի հստակ և կոնկրետ քաղաքականություն կրթության որակի բարձրացման ուղղությամբ
Դպրոցական կրթության ֆինանսավորման և դրա որակի միջև ուղղակի կապի բացակայության գլխավոր պատճառը երկրում որակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության բացակայությունն է: Դա հաստատում է նաև Կրթության նախարարության ընդհանուր կրթության ծրագիրը, ասվում է հետազոտության մեջ:
Օրինակ, ծրագրում մշակված չեն որակի ստուգման չափանիշներ: Այսինքն, Կրթության նախարարությունը չի կարող չափել իր աշխատանքի արդյունքները, ինչը վկայում է, որ այն ուղղված չէ որակի բարձրացմանը: