Վրաստանում Ամանորին կարելի է «վարձել» նախագահի թեկնածուին
«Գիրչի» (ծայրակոն) ուկտրա-լիբերալ կուսակցությունն անսովոր ամանորյա ակցիա է իրականացնում։
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն Ամանորի գիշերը պատրաստ է 5 ընտանիք այցելել, որոնք դրա համար կվճարեն, և դառնալ նրանց «մեկվլեն»։
Ըստ վրացական ավանդույթի՝ «մեկվլեն» այն հյուրն է, որն Ամանորի գիշերն առաջինն է տուն մտնում։ Համարվում է, որ դրանից է կախված, թե արդյոք գալիք տարին հաջող կլինի։
• Ինչո՞ւ էին մարդիկ պարում խորհրդարանի շենքի մոտ, և ի՞նչ կապ ունի քաղաքականությունը
• Արդյո՞ք կարելի է Վրաստանում մարիխուանա ծխել։ Ի՞նչ է ասում նոր օրենքը
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
Ընտանիքները, որոնք Զուրաբ Ջափարիձեն կայցելի որպես տարվա առաջին «երջանիկ» հյուր, կմասնակցեն աճուրդին, որը կտևի մինչև դեկտեմբերի 31-ը 23.30։
Աճուրդը համացանցում արդեն մեկնարկել է, բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով։
Տվյալ պահին առաջատարների առաջին եռյակը պատրաստ է Ջափարիձեի ամանորյա այցի համար 111 լարի [մոտ $40], 100 լարի [մոտ $37] և 50 լարի [մոտ $19] վճարել։
Կուսակցությունը հինգ հաղթող կընտրի։ Յուրաքանչյուր այցելություն կտևի նվազագույնը 35 րոպե։
«Գիրչին» հստակեցնում է, որ Զուրաբ Ջափարիձեի «առաքումը» նախատեսված է միայն Թբիլիսիի տարածքում։
Ովքե՞ր են «գիրչիականները»
«Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն մասնակցել է 2018թ-ի նախագահական ընտրություններին և առաջին փուլում հավաքել ընտրողների ձայների 2,26 տոկոսը, կամ 36 հազար 034 ձայն։
Կուսակցությունը 2015թ-ին ստեղծել են մի խումբ քաղաքական գործիչեր, որոնք լքել են նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը [Սաակաշվիլիի կուսակցությունը]։
«Գիրչիի» առաջնորդներն ակտիվ են սոցիալական ցանցերում և ժամանակ առ ժամանակ անսովոր ակցիաներ են անցկացնում։
Օրինակ, 2016թ-ի ամանորյա գիշերը «Գիրչիի» ակտիվիստներն իրենց գրասենյակում ցուցադրաբար կանեփ տնկեցին։ Իսկ մի քանի ամիս անց Թբիլիսիում մարիխուանայի զգեստավորված փառատոն անցկացրին։
«Գիրչիի» ընտրողները հիմնականում երիտասարդներն են, որոնք սատարում են այս կուսակցության ուլտրալիբերալ հայացքները։
«Գիրչիի» գլխավոր նպատակները թմրանյութերի օրինականացումն է, անցումը պայմանագրային բանակի և պարտադիր զինվորական ծառայության չեղարկումը։ Միավորումը նաև կողմ է պետական նպաստներից և դրամական օժանադակությունից հրաժարվելու, տնտեսությանը պետության նվազագույն միջամտությանը և այլն։
«Գիրչիի» ներկայացուցիչների հայցի շնորհիվ 2018 թ-ի հուլիսին Վրաստանի Սահմանադրական դատարանը փաստացի օրինականացրեց երկրում մարիխուանայի օգտագործումը՝ չեղարկելով վարչական տուգանքը։ Ի պատասխան Վրաստանի ՆԳՆ-ն օրինագիծ մշակեց, որը մարիխուանայի օգտագործման մի շարք սահմանափակումներ է նախատեսում։
2017թ-ի ապրիլի «Գիրչին» գրանցեց «Վրաստանի քրիստոնեական ավետարանչական բողոքական եկեղեցի – աստվածաշնչյան ազատություն» կրոնական կազմակերպությունը։ Ինչպես այն ժամանակ բացատրեցին կուսակցության առաջնորդները, նրանք այդպիսով միջոց են գտել երիտասարդներին բանակից օրինական ճանապարհով ազատելու։ Սխեման հետևյալն է․ զինակոչիկը գալիս է կազմակերպություն, նրան վկայական են տալիս, որ նա հոգևորական է, և պետությունը նրան ազատում է ծառայությունից, քանի որ, ըստ վրացական օրենսդրության, զորակոչը կարող է հետաձգվել, եթե մարդը հոգեևորական է կամ հոգևոր ճեմարանում է սովորում։
Կազմակերպիչների մտահղացումն աշխատեց, նրանց մոտ շատերն են գնում, ովքեր չեն ուզում բանակում ծառայել։ Ինչպես նշում են «Գիրչիում», արդեն ավելի քան երեք հազար այդպիսի «հոգևորական» կա։