«Կա ՌԴ հետ սահման, կա նաև ռիսկի գործոն»․ Վրաստանի ֆինանսների փոխնախարարը պատժամիջոցների մասին
Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Ջիմ Օ’Բրայենի հայտարարությանը՝ ասելով, որ երբ երկիրը սահման ունի Ռուսաստանի հետ, կա նաև ռիսկի գործոն [պատժամիջոցները շրջանցելու]։
«Պատժամիջոցների ցանկի բոլոր ապրանքները վերահսկողության տակ են, երկակի նշանակության ոչ մի ապրանք չի գնացել Ռուսաստան»,— հավելել է Կակաուրիձեն։
Ամերիկյան հեղինակավոր Politico պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ը բացահայտել է 5 երկիր, որոնք նպաստում են Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շրջանցմանը, և այդ երկրներից մեկը Վրաստանն է։ Հրապարակման հիմքում ընկած է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Ջիմ Օ’Բրայենի ելույթը Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) տարեկան հանդիպման ժամանակ:
Բացի Վրաստանից, ցուցակում են նաև Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հայաստանը։
Խնդիրն, ըստ Օ’Բրայենի, այն է, որ եվրոպական ընկերությունները նյութեր են վաճառում այլ երկրների, իսկ հետո այդ երկրները դրանք վերավաճառում են Ռուսաստանին:
Կակաուրիձեի խոսքով՝ չի արձանագրվել ոչ մի փաստ, որ Վրաստանն օգտագործվել է պատժամիջոցները շրջանցելու համար, և ապագայում նույնպես նման բան տեղի չի ունենա։ Այդ նպատակով Թբիլիսին սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի համապատասխան կառույցների հետ։ Կակաուրիձեն ասում է, որ Ջիմ Օ’Բրայենի այցը Վրաստան կլինի այդ համագործակցության մի մասը:
«Երկակի նշանակության ապրանքներից ոչ մեկը չի առաքվել Ռուսաստանի տարածք։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նման ապրանքների համար անհրաժեշտ է թույլտվություն, իսկ Ռուսաստանի ուղղությամբ նման թույլտվություն չի տրվել։
Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ո՛չ Վրաստանը, ոչ ընկերությունները, ո՛չ տրանզիտային ընկերությունները չշրջանցեն պատժամիջոցները, որպեսզի բոլոր ապրանքները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ, հատուկ ձևով ստուգվեն»,— վստահեցնում է Կակաուրիձեն։
Կակաուրիձեի դիտարկմամբ՝ անցյալ տարի էլեկտրական ապրանքների մեծ մասը չի դասակարգվել որպես պատժամիջոցի տակ գտնվող, ուստի դրանց տարանցումը չի ընդհատվել։
«Սակայն այս տարի, երբ պատժամիջոցային ապրանքների ցանկում ավելացան նաև էլեկտրական ապրանքները, դրանց մի մասի տարանցումն ու արտահանումը վերցվեց հսկողության տակ»,— ընդգծում է նա։
- «Քաղաքական կամք չկա»։ Արդյո՞ք Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- «Վրաստանն այն երկրների շարքում է, որոնք ՌԴ-ին օգնում են շրջանցել պատժամիջոցները»․ Politico
- Georgian Airways-ը ռուսների համար Թբիլիսիից Եվրոպա տարանցիկ չվերթներ կիրականացնի
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո շատ երկրներ՝ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթներ ընդունեցին՝ ինչպես կոլեկտիվ, այնպես էլ միակողմանի:
Այդ պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, արտահանմանը և ներմուծմանը, ինչպես նաև վիզային քաղաքականությանը։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև պաշտոնյաների, օլիգարխների, Պուտինի մերձավոր անձանց նկատմամբ։ Արևմտյան աշխարհը հույս ունի, որ Ռուսաստանի կառավարությունը չի դիմանա այս ճնշմանն ու կդադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։
Վրաստանը սեփական պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Ավելին, փետրվարի 24-ից մինչ օրս Վրաստանի կառավարության անդամները համառորեն կրկնում են, որ Վրաստանը չի միանում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին։ Ուկրաինան դժգոհ է Վրաստանի այս դիրքորոշումից և բացահայտ արտահայտում է իր դժգոհությունը։
Միաժամանակ, Վրաստանի նախագահը և առանձին գերատեսչություններ բազմիցս նշել են, որ Վրաստանը հավատարիմ է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և ոչ մեկին չի օգնի շրջանցել դրանք։