Փոփոխվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննական հարցաշարը
Վրաստանի քաղաքացիություն ստանալու թեստեր
Էդուարդ Շևարդնաձեի, Միխեիլ Սաակաշվիլիի, «Վարդերի հեղափոխության» և Վրաստանի օկուպացիայի մասին հարցերը հանվել են պատմության քննական հարցաշարից, որը հանձնում են այն անձինք, ովքեր ուզում են Վրաստանի քաղաքացիություն ստանալ:
Այսինքն՝ այսուհետ թեստ հանձնողներն այլևս ստիպված չեն լինի պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝
- ո՞վ է եղել Վրաստանի երկրորդ նախագահը,
- ո՞ր թվականին է Վրաստանում տեղի ունեցել «Վարդերի հեղափոխություն»,
- ո՞վ է եղել Վրաստանի երրորդ նախագահը,
- ո՞վ է գլխավորել Վրաստանի կառավարությունը «Վարդերի հեղափոխությունից» հետո:
Վրաստանում ապրում է մի քանի հազար մարդ, որոնք ծնվել և մեծացել են այս երկրում, սակայն չունեն Վրաստանի քաղաքացիություն։ Հիմնականում դրանք մարդիկ են, որոնք տարբեր ժամանակներում ապրելու կամ աշխատելու են մեկնել այլ երկիր, մեծամասամբ՝ Ռուսաստան։
Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար նրանք պետք է հավաքեն մի շարք փաստաթղթեր, դիմեն արդարադատության նախարարություն, այնուհետև անցնեն մի քանի ընթացակարգեր, այդ թվում՝ հանձնեն երեք քննություն՝ վրացերենի, իրավունքի հիմունքների և Վրաստանի պատմության:
Վրաստանի օկուպացիայի հարցը նույնպես հանվել է քննության հարցաշարից։ Պատմության թեստերի հին տարբերակում այդ հարցը հնչում էր այսպես.
Հարց №199. Ո՞ր պետությունն է ներկայումս օկուպացված պահում Վրաստանի տարածքի 20%-ը։
ա) Իսրայել,
բ) Չինաստան,
գ) Ճապոնիա,
դ) Ռուսաստան,
(Ճիշտ պատասխան՝ Ռուսաստան)
Վրաստանի ռազմավարական գործընկերների վերաբերյալ հարցերը նույնպես հանվել են հարցաշարից։ Խոսքը, մասնավորապես, այս հարցի մասին է.
Հարց թիվ 200. Նշված պետություններից ո՞րն է Վրաստանի ռազմավարական գործընկերը։
ա) ԱՄՆ,
բ) Հարավային Կորեա,
գ) Հարավային Աֆրիկա,
դ) Բրազիլիա,
(Ճիշտ պատասխան՝ ԱՄՆ)
Փոխարենը թեստերի նոր տարբերակում ներառվել է մեկ նոր հարց, որն առնչվում է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որը ստորագրվել է ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք։
Միևնույն ժամանակ թեստի նոր տարբերակում հարցերի ընդհանուր թիվը էապես չի փոխվել։ Հին տարբերակում եղել է 202, իսկ նոր տարբերակում՝ 200 հարց։ Ուստի արդարադատության նախարարությունը չի կարող այս փոփոխությունները հիմնավորել թեստի ծավալի կրճատմամբ։ Ո՛չ արդարադատության նախարարությունը, ո՛չ էլ պետական այլ գերատեսչություն այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ չեն ներկայացրել։
Ե՞րբ և էլ ի՞նչ է փոխվել Վրաստանի քաղաքացիություն ստանալու կանոններում
2023 թվականի նոյեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ էր մտցրել «Վրաստանի քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանական օրենքում։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել 2024 թվականի մայիսի 1-ից։
Փոփոխությունները սրանք են՝
Կրճատվել է մշտապես Վրաստանում բնակվելու ժամկետը
Եթե նախկինում քաղաքացիություն ստանալու համար դիմողները պետք է 10 տարի շարունակ ապրեին Վրաստանում, ապա այժմ այդ ժամկետը կրճատվել է՝ դառնալով 5 տարի:
Արդարադատության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ մինչև 2018 թվականը այս ժամկետը 5 տարի էր, ինչից հետո այն հասցվեց 10-ի: Դա շատերի համար էր խնդիրներ ստեղծում:
Փոխվել է քաղաքացիություն ստանալու ընթացակարգը
Վրաստանի քաղաքացիություն ստանալու պահանջներից մեկը երեք քննություն հանձնելն է՝ վրացերենի, իրավունքի հիմունքների և երկրի պատմության: Հաճախ հենց այդ քննություններն էին դառնում խոչընդոտ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ թեստերը շատ բարդ են, հատկապես այն մարդկանց համար, որոնք ազգությամբ վրացի չեն։
Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողն այսուհետ դիմում ներկայացնելուց առաջ քննություն կհանձնի, որպեսզի անբավարար արդյունքի դեպքում ժամանակ ու ռեսուրս չվատնի այլ ընթացակարգերի վրա։
Կրճատվել է հայտը կրկին ներկայացնելու ժամկետը
Կա քաղաքացիության տրամադրման երկու ձև՝ ծննդյան բերումով և նատուրալիզացիայով:
Նատուրալիզացիայի ճանապարհով քաղաքացիություն տրամադրելը նշանակում է, որ պետությունը քաղաքացիություն է շնորհում օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին: Այս դեպքում անձը ինքը պետք է խնդրանքով դիմի պետությանը: Նախկինում մերժում ստանալու դեպքում դիմողը կարող էր կրկին դիմել միայն մեկ տարի անց։ Իսկ այժմ այդ ժամկետը կրճատվել է՝ դառնալով 6 ամիս։