Ցանկանո՞ւմ եք երկու րոպեում խորը դեպրեսիայի մեջ ընկնել: Այցելեք քարթլիական գյուղեր: Մեքենայով: Եվ ուշադրություն դարձրեք միջավայրին: Տներին, բակերին, խանութներին, մարդկանց, կենդանիներին: Հատկապես՝ տարվա ցուրտ եղանակին:
Ամեն ինչ ռմբակոծված է թվում: Silent hill, Ghost village. (Լռության բլուրը, Ուրվականներով տունը):
Կինը փողոցն է անցնում: Մեջքին իրենից մեծ խոտի տրցակ է: Հազիվ է շարժվում: Ամբողջությամբ կեղտոտ հագուստով է: Թե ինչն է ինչի վրայից հագել, նրա համար, կարծես, մեկ է: Ոտքերին ճղճղված հողաթափեր են: Դեմքին՝ ոչ մի էմոցիա, տանջանքի կամ հոգնածության ոչ մի նշույլ: Դա արդեն հաղթահարվել է, սովարական բան է դարձել:
Երկու կին կովերին են քշում: Ինչո՞ւ սանրվել: Էլ ի՞նչ հարդարված մազեր, եթե կոշիկներդ թրիքի մեջ են, իսկ զգեստիդ տակից երևում են հսկայական չափսերի սպորտային տաբատի կեղտակորույս վարտիքները:
Գյուղի կենտրոնում աղբյուր կա: Դրա շուրջը՝ դույլերով կանայք: Քանի անգամ են նրանք արդեն ջուր բերել տուն և կրկին ջրի գնացել, ոչ ոքի հայտնի չէ:Կարմրած, ճաքած մաշկով ձեռքերը պատրաստ են ևս մեկ անգամ դույլերը վերցնել, երբ դրանք ջրով լցվեն: Այդ նույն տեղն՝ աղբյուրի մոտ, ուռենու տակ, տղամարդիկ դոմինո են կտկտացնում: Բոլորը միատեսակ՝ փնթի, չխնամված մորուքով, թափթփված, ինչպես իրենց կանայք: Արտահայտություններում, զրույցներում, գործողություններում՝ համատարած նիհիլիզմ, անելանելիության, կյանքի անիմաստության զգացում, աշխատանք՝ աշխատանքի համար, առանց ավելի լավ կյանք ունենալու հույսի:Վայրի, վախեցած հայացքներ՝ անծանոթներին, անցնող մեքենաներին:
— Գնա, գրողը քեզ տանի, մեծ նստարանը դուրս բեր:
— Դե լավ… Թող Շալվան բերի:
— Կրկի՞ն նույն բանը: Ձեռքիցս չես պրծնի, ես քո մերը… — երեխային է պախարակում նրանցից մեկը:
Մյուսն այդ ընթացքում մոլորված շանը մի այնպիսի աքացի է տալիս, որ դժբախտ շունը հոգեցունց ոռնոցով փախչում է խելագարի պես:
Եվ բոլորը միասին անտարբեր հետևում են, թե ինչպես են, ճիգեր գորածդրելով, ջրի դույլերը քարշ տալիս կանայք, որոնք մոռացել են, որ կին են: Տղամարդկանցից ոչ պակաս են աշախտում խաղողի այգիներում, դաշտում, հասցնում են նաև անասուններին խնամել և տնային գործերն անել:
Ձմռանն ու ամռանն ամեն ինչ նույնն է. լվացք են անում դրսում, սպիտակեղենը սառը ջրով պարզաջրում հենց այն ջրով, որն օրական տասն անգամ դույլերով բերում են աղբյուրից տուն: Եվ փորձիր չհասցնել որևէ բան, այնպիսի կշտամբանքներ կստանաս ամուսնուցդ, որ քիչ չի թվա:
Այստեղ կանայք, երեխաները, շները, անասունները նույն արժեքն ունեն:
Եվ գիտեք, դժվար թե նման կենսաձևն աղքատության հետևանք լինի: