Վրաստանի վարչապետը մեկնել է Բաքու։ Գլխավոր հարցերից մեկը, ենթադրաբար, Դավիթ Գարեջի վանական համալիրի ճակատագիրն է
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 9-ին սկսել է իր պաշտոնական այցն Ադրբեջան։ Սա առաջին երկիրն է, որը Գախարիան այցելում է որպես վարչապետ։
Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ գլխավոր թեման, որը բանակցությունների ընթացքում արծարծելու են ադրբեջանական և վրացական կոմերը, լինելու է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ իրավիճակը։
•Լեռներում ծվարած հին վանական համալիրը կարող է կռվեցնել Ադրբեջանին և Վրաստանին
•Ադրբեջանը նոր սահմանային ուղեկալ է բացել Վրաստանի հետ սահմանի վիճելի տարածքում գտնվող հին վանքի մոտ
Վեցերորդ դարում ժայռերում և քարանձավներում փորված վանական համալիրը, որը վրացական կողմն անվանում է Դավիթ Գարեջի, իսկ ադրբեջանականը՝ Քեշիշդաղ, պարբերաբար դառնում է այդ երկու հարևան բարեկամական երկրների միջև դիմակայության և միջադեպերի պատճառ։
Բանն այն է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն անցնում է հենց վանական համալիրով։ Վրաստանը պնդում է, որ Դավիթ Գարեջին վրացական մշակույթի հուշարձան է։ Ադրբեջանը կարծում է, որ համալիրն ալբանական մշակույթի մաս է և Վրաստանի հետ որևէ կապ չունի։
Մշակույթի այս հուշարձանի շուրջ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019թ-ի ապրիլին, երբ տեղեկություն է հրապարակվել, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են համալիրի այն հատվածի մուտքը, որը գտնվում է ադրբեջանական կողմում։ Դրա հետևանքով վրացիների համար այն փաստացի անհասանելի է դարձել։ Այն ժամանակ վրացի ակտիվիստները մի շարք ակցիաներ անցկացրեցին, ինչի հետևանքով բանը հասավ ադրբեջանցի սահմանապահների հետ մի քանի միջադեպերի։
Մինչդեռ այդ հատվածի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակացությունները Թբիլիսիի և Բաքվի միջև ավարտված չեն։ Դրանք շարունակվում են մինչ օրս, թեև ոչ մի հստակ արդյունք դեռ չի երևում։
Գիորգի Գախարիայի՝ Բաքու այցելելուց մեկ օր առաջ Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ուղերձը վարչապետին։ Դրանում Իլյա Երկրորդը վարչապետին խնդրում է կարգավորել Դավիթ Գարեջիի հետ կապված հարցերը։
Նամակում ասվում է, որ 2019թ-ին ադրբեջանական կողմը «փաստացի յուրացրել է» Ուդաբնո և Չիչխիտուրա վանքերը, որոնք մտնում են Դավիթ Գարեջի համալիրի մեջ, ինչի հետևանքով «ուխտավորները, զբոսաշրջիկներն ու հոգևորականները զրկվել են այդ օբյեկտներ մտնելու հնարավորությունից»։
Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարը հիշեցնում է 1938, այնուհետև 1996 թվականներին Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմանի համաձայնագրերի մասին, ըստ որոնց՝
«պետական սահմանը պետք է անցնի 1:200000 մասշտաբի քարտեզների համաձայն, որոնք հրատարակվել են 1936-1938թթ-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից»։
Պատրիարքի նամակում ասվում է, որ այդ քարտեզների համաձայն՝ Ուդաբնո և Չիչխիտուրա վանքերը գրանցված են վրացական տարածքում, իսկ այդ նույն համալիրի Բերտուբանի վանքն՝ ադրբեջանական։
«Այդ պատճառով էլ մեզ համար բացարձակ անհասկանալի են ադրբեջանական կողմի գործողությունները, որոնց արդյունքում 2019թ-ից մեզնից փաստացի խլել են Ուդաբնո և Չիչխիտուրա վանքերն ու այն անհասանելի դարձրել ուխտագնացների, զբոսաշրջիկների և հոգևորականների համար։ Ստացվում է, որ երկար տարիներ գոյություն ունեցած իրականությունն այս տարի փոխվել է առանց որևէ տրամաբանության։ Դրա հետ մենք չենք հաշտվի», — ասված է պատրիարքի հայտարարությունում։
Նրա ուղերձում ձևակերպված է նաև հստակ պահանջ։
Պատրիարքարանը պահանջում է, որ մինչև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների ավարտը վերականգնվի նախկին կարգը, որպեսզի հոգևորականները, ուխտավորներն ու զբոսաշրջիկները կարողանան անարգել այցելել Ուդաբնո և Չիչխիտուրա վանքեր։
«Անթույլատրելի է փոխել Դավիթ Գարեջիի շուրջ իրավիճակն առանց երկրորդ պետության հետ համաձայնեցնելու, առավելևս՝ ուժային միջոցներով», — ասված է հայտարարությունում։
«Կարծում եմ, որ բարեկամ ադրբեջանցի ժողովուրդն ու այդ պետության իշխանությունը ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակն ու արդար որոշում կկայացնեն․․․ Հույս ունեմ, պարոն վարչապետ, որ հարցը դրական լուծում կստանա Ձեր մասնակցությամբ և միջազգային նորմերով ամրապնդված պատմական արդարությունը կվերակագնվի»,- այս խոսքերով է ավարտվում պատրիարքի նամակը։
Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանք վաղուց է տարվում, թեև այն ընդհատվել էր մի քանի տարի։ Սահմանային հարցերն արդիական են դարձել 2019թ-ի ապրիլից։ Հատուկ երկկողմանի հանձնաժողով է ստեղծվել, որն այլ հարցերին զուգահեռ աշխատում է նաև սահմանի վիճելի հատվածների որոշակիացման ուղղությամբ։ Մոտ ժամանակներս Թբիլիսիում կկայանա այդ մարմնի հերթական նիստը։
Դավիթ Գարեջի համալիրը մշտապես գտնվում է երկու երկրների լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը «Քեշիքչի գալա» նոր սահմանային ուղեկալ է բացել։
Ադրբեջան կատարած այցից հետո Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Պլանավորվում է նաև Գիորգի Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջում։ Ինչպես հաղորդել են վարչապետի աշխատակազմից, առաջին այցերը Գիորգի Գախարիան կկատարի հարևան երկրներ, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես միջազգային քաղաքականույթունում, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերում»։