Վրաստանի նախագահն ու խորհրդարանի նախագահը չեն կարողանում կիսել սահմանադրական բարեփոխումը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն քննադատության է արժանացրել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին նոր Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման մասին նախաձեռնության համար:
Իր հատուկ հայտարարությունում Կոբախիձեն նշում է, որ մարտի 10-ից նախագահը պլանավորում է հանդիպումներ անցկացնել հասարակության ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների, դիվանագետների և փորձագետների հետ հիմնական օրենքինախագծի քննարկման նպատակով:
«Այդ նախաձեռնությամբ Վրաստանի նախագահը կրկին հակադրում է Վրաստանի խորհրդարանին և պետական սահմանադրական հանձնաժողովին և անհարգալից վերաբերմունք է դրսևորում գլխավոր սահմանադրական ժողովրդավարական ինստիտուտի նկատմամբ», — նշել է Կոբախիձեն: Մասնավորապես, նա նշել է, որ մարտի 10-ին կայանալիք առաջին հանդիպումը ժամանակային առումով համընկնում է խորհրդարանի նիստի հետ, որի պատճառով սահմանադրական հանձնաժողովի անդամ 34 պատգամավոր չի կարող մասնակցել դրան:
Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է նաև, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկումը խորհրդարանն է կազմակերպում: Եվ այդ քննարկումը կարող է սկսվել միայն սահմանադրական փոփոխությունների մասին օրինիգիծը խորհրդարանին ներկայացնելուց հետո: Ինչն էլ պլանավորվում է միայն երկու ամսից:
Կոբախիձեն զգուշացրել է Մարգվելաշվիլիին, որ նա «արհեստական խոչընդոտներ չստեղծի» սահմանադրական հանձնաժողովի համար, և կոչ է արել նրան օրենսդրության շրջանակում գործել:
Խորհրդարանի նախագահի հայտարարությանն արձագանքել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին:
«Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք լայն քննարկում ապահովել սահմանադրական հարցերով… Ինչ վերաբերում է այդ հստակ հարցին, ապա նախագահի հասցեին սպառնալիքներին գումարվել է ևս մեկը՝ խոսել Սահմանադրության թեմայով, այն դեպքում, երբ նախագահն է դրա երաշխավորը: Այս հարցը ոչ մի իրական մեկնաբանության կարիք չունի», — հայտարարել է Աբաշիշվիլին:
Մի քանի օր առաջ նախագահ Մարգվելաշվիլին հանրային կերպով դժգոհություն է հայտնել նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու և նախագահական իրավասությունները կրճատելով՝ երկրի ղեկավարի ընտրությունը խորհրդարանի լիազորությունը դարձնելու վերաբերյալ իշխող կուսակցության առաջարկի կապակցությամբ: Ի պատասխան խորհրդարանի ղեկավարը հայտարարել է, որ եթե Մարգվելաշվիլին չդադարի քննադատել մեծամասնության սահմանադրական նախաձեռնությունները, խորհրդարանը կարող է նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկել արդեն 2018թ-ին , այլ ոչ թե 2023-ին, ինչպես պլանավորվում է:
Սահմանադրական բարեփոխում իրականացնելու որոշման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է նախորդ տարվա հոկտեմբերին կայացած ընտրություններում տարած հաղթանակից անմիջապես հետո, երբ առաջին անգամ սահմանադրական մեծամասնություն է ստացել: Հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու աշխատանքն ընթանում է սահմանադրական հանձնաժողովի շրջանակում: