«Քաղաքական խարդախություն է». կարծիք Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենտ սկսելու մասին
Վրաստանի նախագահի իմպիչմենտը՝ խարդախություն
«Քաղաքական խարդախություն»,- վրացի քաղաքագետ Գիա Խուխաշվիլին այսպես է գնահատում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին։
Իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 1-ին հայտարարել էր նախագահ Սալոմե Զուրաիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ «Սահմանադրության կոպիտ խախտման համար»։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ կարող է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, քանի որ կառավարությունն է վարում երկրի արտաքին քաղաքականությունը։
Օգոստոսի 30-ին կառավարությունը հայտարարել էր, որ նախագահին թույլտվություն չի տվել այցելել այլ երկրներ և այնտեղ պաշտոնական հանդիպումներ անցկացնել՝ բացատրելով դա նրանով, որ «նախագահը դեմ է երկրի եվրաինտեգրման շահերին»։ Սակայն օգոստոսի 31-ին Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, մեկնել էր Գերմանիա և այնտեղ հանդիպում անցկացրել նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Սեպտեմբերի 1-ին նա հանդիպել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ այցի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների նպատակը Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար լոբբինգ իրականացնելն է։
Սահմանադրական կոնֆլիկտ
1. Նախագահի փաստարկների մասին
«Սահմանադրությունը հստակ նշում է, որ երկրի բոլոր կառույցները պարտավոր են գործել այնպես, որպեսզի նպաստեն Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը: Նախագահի եվրոպական այցերը, որոնք ուղղված են Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ լոբբինգ իրականացնելուն, նրա սահմանադրական պարտքի կատարումն են։
Երբ իշխանությունն արգելում է նրա այդ գործողությունները, այդ կերպ ուղղակիորեն խախտում է Սահմանադրությունը»։
2. Կառավարության փաստարկների մասին
«Իշխանությունն իր հերթին հղում է անում նույն Սահմանադրությանն ու ասում, որ նախագահն է խախտել Սահմանադրությունը, երբ չի կատարել կառավարության պահանջը։
Սակայն, արգելելով նախագահին մեկնել Եվրոպա, կառավարությունը պարտավոր էր մոտիվացիոն մասում մատնանշել պատճառը։ Նման նշոււմ չի արվել։
Ստացվում է, որ իշխանությունն անհիմն կերպով սահմանափակել է ինստիտուցիոնալ ղեկավարին կատարելու իր սահմանադրական պարտքը, որը ծառայում է պետության երկարաժամկետ շահերին։
Մենք գործ ունենք սահմանադրական կոնֆլիկտի՝ Սահմանադրության երկու դրույթների միջև առկա որոշակի քաղաքական հակասության հետ։ Հիմա Սահմանադրական դատարանն ու հասարակությունը պետք է որոշեն, թե որ դրույթն է գերակա։
- «Նախագահը խախտում է Սահմանադրությունը». Զուրաբիշվիլիին իմպիչմենտ է սպառնում
- «Ժողովրդի ուժը». հակաարևմտյան շարժում, որը ծառայում է Վրաստանի իշխող թիմին
- Բելգիան Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցանկից. կարծիքներ Թբիլիսիից
«Դրական կողմն այն է, որ այս կոնֆլիկտը նշանակում է քաղաքական գործընթացի վերածնունդ»
«Իմպիչմենտի մասին իշխանությունների հայտարարությունը չունի առարկայական, պետական հարթություն։ Փաստացի դրված չէ նախագահի իմպիչմենտին հասնելու նպատակ։
Այս վեճն իր բովանդակությամբ ոչ մի իմաստ չունի, սա պարզապես առճակատում է։ Հասկանալի է, որ «Վրացական երազանքը» չի կարող հեշտությամբ 100 ձայն հավաքել խորհրդարանում իմպիչմենտի գործընթացն ավարտին հասցնելու համար։ Սա ավելի շատ քաղաքական հայտարարություն է:
Մինչև հիմա քաղաքական գործընթացների վերածննդի մասին հոգացել է ընդդիմությունը, այլ ոչ թե իշխանությունը։ Կառավարությանը դրանով հետաքրքրված չի եղել։ Բայց հիմա այն իր վրա է վերցրել այդ բեռը և հասարակությանը քաղաքական վերածննդի համար անհրաժեշտ սնունդ է տվել, ինչը կարելի է միայն ողջունել:
Հիմա ամբողջ հասարակությունը պետք է հրապարակային քննարկի այս կոնֆլիկտը՝ ով է իրականում լոբբինգ անում ԵՄ անդամակցության համար, ով է սաբոտաժի ենթարկում գործընթացը»։
«Իշխանությունների կեղտոտ խաղ»
«Իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն կեղծ քաղաքական հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացնել՝
- Եթե Վրաստանը ստանա անդամության թեկնածու երկրի կարգավիճակ, դա իշխանությունների վաստակն է, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին պարզապես միավորներ է հավաքում։
- Եթե Վրաստանը կարգավիճակ չստանա, ապա դա կլինի նախագահի մեղքով։
Սա կեղտոտ քաղաքական խաղ է, որը ոչ մի կապ չունի պետական շահերի հետ։
Կոբախիձեի այդ հայտարարությունն ինքնին վնաս է հասցնում պետական շահերին և հաստատում, որ նրանց միակ նպատակն իրենց մասին հոգ տանելն է։ Այդ պրիզմայով են նայում երկրին, և դրանում է այս երկրի դժբախտությունը»։