«Ժողովրդին Եվրոպան է պետք, ոչ թե Ռուսաստանը». Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում իր զեկույցը սկսելուց առաջ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատգամավորներին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Բուչայում սպանվածների հիշատակը։
«Նախքան ելույթս սկսելը ուզում եմ համերաշխություն հայտնել մեր բարեկամ Ուկրաինային։ Այսօր Բուչայի ողբերգության առաջին տարելիցն է, և խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլին նաև հայտնել է, որ ապրիլի 18-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։
Վերջին անգամ Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2010 թվականի նոյեմբերի 23-ին։
Ի՞նչ է ասել Զուրաբիշվիլին Վրաստանի խորհրդարանում
● Ինչպես էլ որ փորձեք ինձ իմպիչմենտի ենթարկել, մեկ դատի տալ ինձ Սահմանադրական դատարանում, մեկ ինձ որոշ լիազորություններ տալ, մեկ էլ փորձել արգելել իմ արտասահմանյան այցերը, փորձել սահմանափակել իմ հարաբերությունները մարզերի տեղական իշխանությունների հետ, զրպարտել ինձ և իմ ընտանիքին, միևնույն է՝ չեք կարող փոխել իմ նպատակը, չեք կարող փոխել ինձ:
● Ինչո՞ւ չեք հասկանում մարդկանց կարիքները։ Նրանց Եվրոպան է պետք, ոչ թե Ռուսաստանը։ Վրաց ժողովուրդը երեք անգամ դուրս եկավ ձեզ լսելու՝ ոչ քաղաքական կուսակցությունների կոչով, ոչ օտարների թելադրանքով, ոչ հրամանով, ոչ փողի համար, ոչ հեղաշրջման, ոչ դավադրությունների, այլ հանուն իր եվրոպական ապագայի։
● Դադարեք օգտագործել հակաեվրոպական հռետորաբանությունը և վիրավորել գործընկերներին:
● 2020 թվականի հունիսի 20-ին ժողովուրդը ձեզ հասկացրեց, որ իրեն Ռուսաստանը ոչ մի ձևով պետք չէ։ 2022 թվականի մարտի 4-ին նրանք հասկացրին, որ Ուկրաինայի հետ մեր համատեղ եվրոպական ճանապարհն այլընտրանք չունի։ 2023 թվականի մարտի 7-8-ը նրանք հասկացրին, թե ինչպիսի ապագա են ուզում, և երբեք չեն համակերպվի եվրոպական ապագայի կորստի հետ։
- «Ժողովրդավարության հաղթանակն էր». Զուրաբիշվիլին՝ Վրաստանի բողոքի ցույցերի մասին
- Հռոմի ստատուտի վավերացում. Հայաստանի իշխանությունները դեմ կգնա՞ն Ռուսաստանին
● Վրաց ժողովրդի կոչը չափազանց պարզ է, աշխարհն այն շատ լավ լսեց ու տեսավ։ Իշխանությունը չհասկացավ, որ պարտք է ժողովրդին և ունի մանդատ, վրաց ժողովուրդը ձեզ է վստահել իր կամքի կատարումը։
● Անկախ նրանից, թե որքանով է ճիշտ, որ ընդդիմությունն ինքն է մեղավոր, որ պարբերաբար անվերջ բոյկոտներ է հայտարարում և գործը փչացնում՝ զրպարտչական հաղորդագրություններ փոխանցելով ու այդ կերպ դիրքավորելով Բրյուսելի ու Ամերիկայի նկատմամբ, պատասխանատվության առյուծի բաժինը, այնուամենայնիվ, ընկնած է իշխանության վրա։
● Որքան էլ փորձեք մեղադրել որևէ մեկին արդյունքի հասնելու անկարողության մեջ տարբեր մեթոդներով՝ նմանակված սցենարներ, դավադրություններ, դավադրության տեսություններ և վիրավորանքներ, դա չի փոխի ձեր պատասխանատվությունը մարդկանց աչքերում և նրանց կամքը չկատարելու հարցում:
● Որքան էլ փորձեք մարդկանց համոզել, որ Եվրոպան դեմ է մեր ազգային շահերին, արժեքներին կամ նույնիսկ խաղաղությանը, արդյունքի չեք հասնի։ Ավելի քան մեկ դար է, ինչ վրաց ժողովուրդը գիտի՝ ինչ է Եվրոպան, ինչու է իրեն պետք Եվրոպան, և որ եվրոպական արժեքները լիովին ներդաշնակ են վրացական արժեքների հետ։
● Փաստ է, որ երկրորդ ճակատի թեմայով Թբիլիսին ու Մոսկվան խոսում են նույն լեզվով։ Վրաց ժողովուրդը հրաշալի գիտի, որ Եվրամիության ստեղծման գաղափարը ծառայում է խաղաղությանը, ոչ թե պատերազմին։ Եվրամիությունը Վրաստանում անմիջականորեն ծառայում է խաղաղությանը մեր երկրում ԵՄ դիտորդական առաքելության և խաղաղ զարգացման տեսքով։
● Որքան էլ փորձեք մարդկանց պարտադրել այս մոդելավորված սցենարները, որոնք օգտագործվում էին նախորդ իշխանության կողմից և կասկածելիորեն համընկնում են Ռուսաստանի և անջատողականների ուղերձների հետ, արդյունքի չեք հասնի։
● Որքան էլ փորձեք ապացուցել, որ եվրոպական և մեր ազգային շահերը միմյանց հակասող են թվում, իրականությունից փախչել չեք կարող։
- Տեսանյութ նրանց մասին, ովքեր պաշտպանեցին Վրաստանում խոսքի ազատությունը
- «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետկանչման կարգը. փաստաբանի մեկնաբանությունը
● Տարածքի պաշտպանություն, ապաօկուպացիա, պաշտպանության ամրապնդում, բնակչության անվտանգություն, տնտեսության և կրթության զարգացում. այս ամենը անմիտ և անհնար է առանց մեր գործընկերների հետ համագործակցության։
● Ուկրաինայի հարցում մենք ոչ դիվանագիտություն ենք դրսևորել, ոչ խելք. այո, մենք միանում ենք ՄԱԿ-ի բանաձևերին, բայց խուսափում ենք բարոյական և քաղաքական համերաշխության մյուս բոլոր դրսևորումներից։ Փետրվարի 25-ին բոլորովին ոչ համապատասխան վայրում հայտարարում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, մինչդեռ ճիշտը հակառակն է, և կարող ենք ասել, որ չենք կարող և չենք կիրառելու մեր ազգային պատժամիջոցները, բայց միանում ենք միջազգայիններին․ ոչ ոք մեզանից և Մոլդովայից ավել բան չէր խնդրել։
● Երբ ողջ Եվրոպան անհրաժեշտ համարեց հեռվանալ Բելառուսից, մենք չմիացանք Եվրամիության ընդունած սահմանափակումներին։ Մինչդեռ Բելառուսի նախագահը հոգ չի տարել մեր մասին, չի հոգացել մեր տարածքային ամբողջականության մասին։
● Վերջին երկու տարիների հռետորաբանությամբ ու գործողություններով դուք ջնջել ու փոխել եք ձեր 9-ամյա կառավարման ընթացքը և շեղվել ձեր ժողովրդի ու ընտրողների կամքից։ Այդ ամենի արդյունքում 2022 թվականի հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ [ԵՄ-ին անդամակցելու համար]։
● Ուզում եմ հիշեցնել Սահմանադրության հոդվածը՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի ամբողջական ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը։
● Ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող ինստիտուտների փոխարեն ուժեղանում է միակուսակցական համակարգը։ Դուք՝ իշխող կուսակցությունդ, եվրոպական ուղին միաձայն անվանեցիք քաղաքակրթական ընտրություն։ Ուստի ես չեմ կարող չհարցնել ձեզ՝ որտե՞ղ եք կանգնած և ինչո՞ւ: Ինչո՞ւ եք դուք հեռացել ժողովրդի կամքից ու նրանից ստացած մանդատից, որը մինչ այժմ հստակ կատարում էիք։
● Մի կողմից՝ միայն 12 [ԵՄ] հանձնարարականները փաստացի կատարելով և առանց ժողովրդի աջակցության կառավարությունը արդյունքի չի հասնի։ Մյուս կողմից՝ միայն քաղաքացիական սեկտորը կամ քաղաքական կուսակցությունները նույնպես արդյունքի չեն հասնի։ Առանց իրական աշխատանք կատարելու, առանց այն ճիշտ ձևով ներկայացնելու և նպատակակետին հասցնելու, չենք կարողանա կատարել ժողովրդի կամքը։
● Քանի որ մեր եվրոպացի գործընկերների հետ հնարավոր չեղավ պաշտպանել Վրաստանի եվրոպական դիրքերն ու իմիջը, ուստի որոշեցի ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին և նպաստել համատեղ ու համախմբված աշխատանքին և միասին հասնել իրական արդյունքի, որը մեզ կբերի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։
● Ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, քանի որ ես բոլորի նախագահն եմ և չեմ ներկայացնում այս կամ այն կողմին, այլ միայն վրաց ժողովրդին: Մենք չպետք է բաց թողնենք մեր հնարավորությունը, և նա, ում դա հաջողվի անել, վաղը կկարողանա ասել. «Այսօր վրաց ժողովրդի կամքը կատարված է»։