Վրաստանի նախագահը ներում է շնորհել «Մտավարի» հեռուստաալիքի ղեկավարին
Կիսվել
Կիսվել
Վրաստանի նախագահը ներում է շնորհել Գվարամիային
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Մտավարի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելու մասին ակտը։ Նախագահը համապատասխան հայտարարություն է արել հատուկ ճեպազրույցում։
Նախագահի խոսքով՝ ինքը չի պատրաստվում պարզաբանումներ տալ որոշման վերաբերյալ, քանի որ ներում շնորհելը իր հայեցողական իրավունքն է։
«Այսօր ես ստորագրել եմ Նիկոլոզ Գվարամիայի ներման ակտը, այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ հունիսի 19-ին սպառվել էին բոլոր իրավական քայլերը, երբ Գերագույն դատարանը հայցադիմումը վարույթ չընդունեց: Ես չեմ պատրաստվում ձեզ բացատրություն տալ այս որոշման համար, քանի որ դա իմ հայեցողական իրավունքն է, որն էլ ես այսօր օգտագործում եմ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մտավարի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան
Նիկա Գվարամիան ձերբակալվել էր 2022 թվականի մայիսի 16-ին դատարանի դահլիճում։ Քննադատական հեռուստաալիքի ղեկավարը դատապարտվել էր երեք տարի վեց ամիս ազատազրկման, նա մեղադրվում էր ծառայողական մեքենան ընտանեկան կարիքների համար օգտագործելու մեջ։
«Մտավարի Արխիի» հիմնադիրի գործը ներառվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցում։ Փաստաթղթի՝ քաղբանտարկյալներին և խոսքի ազատությանը վերաբերող ենթաբաժիններում անդրադարձ էր արվում նաև Նիկա Գվարամիայի ձերբակալությանը։
Սպիտակ տունը, հղում անելով Amnesty International-ին, գրել է, որ Գվարամիայի գործը բացահայտում է «մի շարք գործերով դատարանների վրա կառավարության աճող ազդեցությունը», ինչն ուղղված է նրանց քննադատներին և հակառակորդներին ճնշելուն։
Նիկա Գվարամիան խոսել է իր ապագա ծրագրերի մասին և հայտարարել, որ չի շարունակելու ղեկավարել հեռուստաալիքը։
«Ալիքը գոյատևեց և ցույց տվեց, որ առանց ինձ էլ իրեն հիանալի է դրսևորում: Հետևաբար, այն, ինչ ես կանեմ ալիքի համար, առաջին հերթին օգնելն է նրան դուրս գալ ֆինանսական ճգնաժամից։ Բայց հեռուստաալիքի ղեկավարի պաշտոնում կմնա նա, ով այժմ գլխավորում է այն՝ Գիորգի Գաբունիան»,- ասել է Գվարամիան։
Էլ ի՞նչ է ասել Գվարամիան
Բացի այդ, Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել Սալոմե Զուրաբիշվիլիից նախկինում իր ձայնագրած տեսահոլովակների համար, որտեղ նա վիրավորական բառեր է օգտագործել նրա հասցեին և նրան անվանել «Ռուսաստանի նախագահ»։
«Կարծում եմ, որ իրականում նա դա [ներում շնորհելը] չի արել ինձ համար, նա դա արել է իր երկրի համար, որի նախագահն է։ Կարծում եմ, որ դա իսկապես արժանիքներ է ավելացնում նրան»,- ասել է Գվարամիան:
Միաժամանակ նա հավելել է, որ անձամբ ներում չի հայցել, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչել, և կապացուցի դա։
Նա Զուրաբիշվիլիին կոչ է արել ազատ արձակել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։