Վրաստանի Մառնեուլի քաղաքը՝ համաճարակի սպասելիս։ Ի՞նչ է կատարվում քաղաքում, որը կարանտինի պատճառով փակ է (լուսանկարներ)
Մարտի 22–ի ուշ գիշերը Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններն աշխարհից կտրվեցին։ Կարանտին այստեղ հայտարարվեց այն բանից հետո, երբ Մառնեուլիի հիվանդանոց տեղափոխված կնոջ մոտ կորոնավիրուս ախտորոշվեց։
Կինը Թբիլիսի տեղափոխվեց, նրա վիճակը ծանր է։ Հայտնի չէ, թե ումից է նա վարակվել։ Ախտանշանների ի հայտ գալուց առաջ կինը մի քանի տասնյակ անձանց հետ է շփվել։
Կարանտինային գոտու մուտքը հսկում են ոստիկանները, զինվորականներն ու տեխնիկան։ Այնտեղ թողնում են միայն տեղացիներին, որոնց փաստաթղթերը ստուգվում են, ջերմությունը՝ չափվում, մեքենաներն ախտահանվում են։ Մառնեուլիում դաշտային հոսպիտալ է բացվել։
Իրավիճակը վատթարանում է նրանով, որ շրջանի բնակիչներից շատերն էթնիկ ադրբեջանցիներ են, նրանցից շատերը վրացերեն չգիտեն, ինչի պատճառով հաճախ լավ իրազեկված չեն երկրում տիրող իրավիճակի մասին։
Լրագրող և ակտիվիստ Շալալա Ամիրջանովան Մառնեուլիից JAMnews–ին պատմում է, թե ինչ է կատարվում շրջանում, որտեղ համաճարակի տարածում է սպասվում։
________________________________________
- Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը․ ինչի՞ իրավունք ունեն և չունեն Վրաստանի բնակիչները
- Վրաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացված է երկու քաղաք՝ Մառնեուլին և Բոլնիսին
Երեք ցերեկն իմացանք, որ Մառնեուլիից մի կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նա իմ նախկին հարևանն է։ Արդեն երկար տարիներ նա տառապում է սրտային անբավարարությունից և, որքան գիտեմ, երեք անգամ սրտի վիրահատություն է տարել։
Նա հաճախ Ադրբեջան է մեկնում, որտեղ ազգականներ ունի։
Ապրում է Մառնեուլիում՝ իր եղբոր ընտանիքի հետ։ Այն բավականին մեծ է։
Այս օրերին Մառնեուլիում նշվում էր Նովրուզ–Բայրամը։
Նախորդ երեքշաբթի նշվում էր Չաշենբեն՝ Նովրուզի տոնական օրերից մեկը։ Այդ օրվանից բոլորը միմյանց հյուր են գնում։
Ինչպես ինձ պատմեց այդ կնոջ մերձավոր ազգականը, մարտի 11–ին նա ներկա է եղել նաև ազգականներից մեկի մահվան տարելիցին։ Իսկ դրանից առաջ մեկնել էր Ադրբեջան՝ ազգականին այցելելու։
Մարտի 18–ին նրա վիճակը վատթարացել է, և նա հոսպիտալացվել է։ Նա չէր կարողանում շնչել, և բոլորը կարծում էին, թե սրտի հետ կապված խնդիրներից է։
Երբ նա բժշկի է դիմել, վիճակն արդեն բավականին լուրջ է եղել։
Կինը մի քանի օր հիվանդանոցում պառկած է եղել, և ոչ ոք գլխի չի ընկել, թե ինչ է կատարվում նրա հետ։ Կորոնավիրուսի թեստ արել են, երբ վիճակն արդեն շատ ծանր էր։
Տարելիցին, որին ներկա է եղել կինը, 200 մարդ է եղել, այդ թվում՝ շրջանի մյուս քաղաքներից և գյուղերից։
Արտասահմանից ժամանելուց հետո կինը սերտ շփում է ունեցել իր ընտանիքի բոլոր անդամների, հարևանների և ազգականների հետ։
Սերտ շփումները կապված են նաև Նովրուզ տոնի հետ․ ավանդույթի համաձայն՝ տոնի ընթացքում մարդիկ պարտադիր գրկախառնվում են և մի քանի անգամ համբուրվում։
Հիվանդանոցը, որտեղ բուժվում էր կինը, Մառնեուլիում խոշորագույններից մեկն է։
Այժմ այն կարանտինի մեջ է և փակ է։ Դրա հետևանքով հիվանդանոցում փակված են շատ մարդիկ՝ ինչպես բուժանձնակազմն, այնպես էլ՝ մյուս հիվանդները։
Այդ հիվանդանոց բավականին շատ մարդ է այցելում, իսկ դա նշանակում է, որ այժմ ողջ շրջանը վտանգված է։
Մառնեուլիում ավելի քան 100 հազար մարդ է բնակվում։ Ընդհանուր առմամբ, Քվեմո Քարթլի շրջանում, որի մեջ է մտնում քաղաքը՝ 423 հազար մարդ։
Մարդիկ մարտի 23–ին արթնացել են և հայտնաբերել, որ քաղաքը փակ է։
Գիշերը քաղաք են մտել զինվորականները՝ ծանր տեխնիկայով։
Այժմ քաղաք չի կարելի մուտք գործել, նաև հնարավոր չէ այստեղից մեկնել։
Սակայն, առաջին հայացքից, Մառնեուլիի սովորական կյանքը շարունակվում է։ Մարդիկ զբոսնում են փողոցում, խանութ գնում, դուրս գալիս բակերից և շփվում միմյանց հետ։
Տեղացիներից շատերն՝ ազգությամբ ադրբեջանցիներ, վրացերեն չգիտեն։ Գրեթե ոչ ոք վրացական հեռուստաալիքներ չի դիտում։ Տեղեկությունները հիմնականում ստանում են ադրբեջանական ալիքներից։
Ահա, թե ինչու շատերը մինչև հիմա չեն հասկանում, թե ինչ է կատարվում։
Առավոտյան դուռս ծեծեց հարևանուհիս՝ երիտասարդ մայր է, որը երեխաների հետ մենակ է ապրում։
Ասաց, որ WhatsApp–ում կարդացել է, թե Մառնեուլիում ինչ–որ բան է տեղի ունեցել։ Մայրս նրան բացատրեց, որ կարանտինի մեջ ենք և չպետք է փողոց դուրս գանք։
Հարևանուհիս բացառություն չէ։
Չնայած դրան, որ երկրում այս իրավիճակն արդեն մեկ ամիս է, երիտասարդ կինն այդ մասին պարզապես տեղեկություն չունի։ Նա չգիտի նաև, թե ինչ անել՝ իրեն և երեխաներին վարակից պաշտպանելու համար։
Մեծ մասն, իհարկե, լսել է, որ ինչ–որ վտանգավոր վարակ է տարածվում ողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում, սակայն նրանք հստակ տեղեկություններ չունեն, այստեղ ավելի շատ ասեկոսեներն են տարածվում։
Քանի դեռ դա տեղի չէր ունեցել Մառնեուլիի բնակչի հետ, ոչ ոք վարակը լուրջ չէր ընդունում։
Գյուղերը դեռևս ապրում են սովորական կյանքով։ Ծանոթներս ինձ ասում են, որ գյուղերում մարդիկ նախկինի պես միասին հավաքվում են։
Այժմ գարուն է, և շատերը դաշտում են աշխատում։ Հեռուստացույց նայելու ժամանակ չունեն․ նրանք հող են մշակում, բանջարեղեն աճեցնում։
Առավոտյան խոսում էի տատիկիս հետ, որն ապրում է Մառնեուլիի գյուղերից մեկում․
«Ադրբեջանական հեռուստատեսության լուրերով լսել ենք, որ Մառնեուլին փակ է, ձեզ մոտ ամեն ինչ լա՞վ է», — հարցրեց նա ինձ։
Մառնեուլիի շատ բնակիչներ, հատկապես՝ երիտասարդները, որոնք ակտիվորեն գրառումներ են անում Ֆեյսբուքում, դժգոհ են կառավարության միջոցառումներից։
Նրանք ասում են, որ իշխանությունները պետք է ավելի կոշտ վերահսկեն իրավիճակը։
Նովրուս Մեհդին Ալգեթի գյուղից կոչ է անում իշխանություններին ուշադրություն դարձնել գյուղերին․
«Ի գիտություն համապատասխան ծառայությունների։ Մառնեուլիի գյուղերում հասարակությունը կարանտինի կանոններին չի հետևում։ Բոլորը փողոցում են։ Խնդրում ենք ապահովել բնակչության անվտանգությունն ու ներկայացուցիչներ ուղարկել գյուղեր՝ տեղեկություններ տարածելու»։
Իսկ սա Մարիամ Կվելաձեի հաղորդագրությունն է Ծերեթելի գյուղից․
«Ոստիկանությունը պետք է գյուղեր և Մառնեուլի քաղաք գա և վերահսկի մարդկանց․․․ Մարդիկ, միևնույնն է, այսուայնկողմ են գնում․․․»։
Ես ձգտում եմ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները և տնից դուրս չեմ գալիս, սակայն ուզում եմ ինչ–որ բան անել՝ մարդկանց օգնելու համար։
Ողջ գիշեր քաղաքապետարանի համար թարգմանել եմ անհրաժեշտ տեղեկատվական տեքստերը, որոնք պետք է տարածվեն ադրբեջանական բնակչության շրջանում։
Անհրաժեշտության և համապատասխան արտահագուստի առկայության դեպքում պատրաստ եմ գյուղ մեկնել և մարդկանց բացատրել՝ ինչ անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
Քաղակտիվիստ Ռաշան Զիադալիևը Մառնեուլիից կամավորների արշավ է սկսել։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են «դռնեդուռ» շրջել Մառնեուլիի բոլոր գյուղերով՝ մարդկանց ադրբեջաներենով իրազեկելու համար
«Մենք կազմակերպությունների օգնությանն ենք դիմում։ Երբ փոխադրամիջոց և անհրաժեշտ գույք ունենանք, փոքր խմբերով կսկսենք շրջել», — ասում է Ռաշանը։