Վրաստանի կառավարությունը փորձում է փրկել տնտեսությունը
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում տնտեսական կորուստները նվազագույնի հասցնելու ծրագիր է հրապարակել:
Հիմնական շեշտը դրված է զբոսաշրջության ոլորտի վրա, քանի որ այն ստացել է շոշափելի հարված:
Թբիլիսիում արդեն փակվել են 10 հյուրանոց: Մյուս հյուրանոցները փորձում են խնայել՝ սենյակների մի մասը փակելով: Այդպես է վարվել, օրինակ, HOLIDAY INN-ը. այժմ այնտեղ սպասարկվում է սենյակների մոտ 20 տոկոսը:
Մոտ 100 հյուրանոցներ, որոնց տերերը վարկ են վերցրել և հիմա չեն կարողանում վճարել, սպասում են կառավարության և բանկերի որոշումներին: Այդ մասին հայտարարեց Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին:
Վնասներ են կրում նաև տուրօպերատորները և էքսկուրսիոն ընկերությունները. նրանց մոտ արդեն չեղյալ են հայտարարվել համարյա թե բոլոր ամրագրումները:
Ծանր ֆինանսական վիճակում են ժամանցային կենտրոնները. մարդիկ խուսափում են զանգվածային հավաքատեղիներից: Ժամանակավորապես փակ են բոլոր հայտնի գիշերային ակումբները՝ «Կուրի վրայով», «Բասիանի», «Խիդի»:
Վերջին 10 օրվա ընթացքում տատանվել է նաև լարին՝ ազգային արժույթը, դոլարի նկատմամբ արժեզրկվելով միանգամից 20 միավորով: Այսօր պաշտոնական փոխարժեքով մեկ դոլարի դիմաց կարելի է ստանալ 2.9494 լարի:
Կառավարության առավել կարևոր նախաձեռնությունների մասին, որոնք, վարչապետ Գիորգի Գախարիայի կարծիքով, թույլ կտան ձեռներեցներին գոյատևել և պահպանել աշխատատեղերը։
Զբոսաշրջության ոլորտ
1.Բանկերը երեք ամիս պետք է օգնեն ամենակարիքավոր ընկերություններին վերակազմավորել պարտքերը: Ենթադրվում է, որ դա կօգնի զբոսաշրջության ոլորտին խնայել մոտ 100 մլն լարի (շուրջ 36 հազար դոլար):
2.Ֆիզիկական անձինք երեք ամսով ազատվում են վերցրած վարկերը և փոխառությունները սպասարկելու պարտականություններից:
3.Կառավարությունը չորս ամսով կհետաձգի տուրիստական ոլորտում գործող ընկերությունների հարկերի վճարումները: Որոշումը վերաբերում է ընդհանուր առմամբ 18 հազար ընկերությունների և ավելի քան 50 հազար աշխատողների: Սպասվում է, որ դա կօգնի զբոսաշրջության ոլորտին մարտից հունիս ընկած ժամանակահատվածում խնայել 100 մլն լարիից ավելի (շուրջ 36 հազար դոլար):
Ընկերությունները պետք է վերսկսեն սովորական ռեժիմով հարկային վճարումները 2020 թվականի հուլիսին: Կուտակված պարտքերը նրանք պետք է մարեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը:
4. Կառավարությունը մտադիր է կրկնապատկել այն գումարը, որը հավաքագրվելու է զբոսաշրջության ոլորտում ավելացված արժեքի հարկի տեսքով: Սպասվում է, որ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում այդ գումարը կկազմի մոտ 600 միլիոն լարի (շուրջ 215 հազար դոլար):
«Դա նշանակում է, որ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկի միջոցով տնտեսություն կվերադառնա մեկ միլիարդ 200 միլիոն լարի (շուրջ 500 միլիոն դոլար)»,- ասել է վարչապետը:
5.Պետությունը վեց ամսով կստանձնի չորսից մինչև հիսուն սենյակ ունեցող երկու հազար հյուրանոցների վարկերի տոկոսադրույքները:
6.Պետությունը մինչև տարվա վերջ ներդնում է 300 միլիոն լարի (107 հազար դոլար) նյութական և ենթակառուցվածքային ծախսերում:
•Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ սպասել
[su_divider top=”no” divider_color=”#d7d7db” size=”2″ margin=”10″]
Բանկային արտոնություններ
Վրացական առավել մեծ բանկերը կառավարության հետ համակարգված աշխատանքի պատրաստակամություն են հայտնել:
«Սաքարթվելոս բանկի»-ն և ТВС-ն իրենց հաճախորդներին կառաջարկեն վճարումների եռամսյա հետաձգում:
ТВС-ն նաև պատրաստ է անհատական կարգով լուծել զբոսաշրջության ոլորտի հետ կապված հաճախորդների խնդիրները:
Տարբեր բացառություններ և արտոնություններ պատրաստ է տրամադրել նաև «Լիբերթի բանկը»:
Վրաստանին ֆինանսական օգնություն պատրաստ է տրամադրել նաև «Քարթու» հիմնադրամը, որի հետ ուղղակիորեն կապ ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:
Հիմնադրամը հայտարարել է, որ պատրաստ է օգնել վերացնել ֆինանսական կորուստները, որոնք կկրեն պետական կառույցները կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում: