Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունեց «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանն ընդունեց ռուսական օրենքը
84 կողմ, 30 դեմ. հազարավոր մարդկանց բողոքի ակցիաների, Արևմուտքի կոշտ քննադատության, վեճերի և ձերբակալությունների ֆոնին Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, որը հասարակությունն անվանում է «ռուսական օրենք»:
Խորհրդարանում լսումները տևեցին ընդամենը մի քանի վայրկյան։ Խորհրդարանի նախագահը հարցրեց, թե արդյոք որևէ մեկն ունի խմբագրական բնույթի դիտարկումներ «ռուսական օրենքի» վերաբերյալ, ապա հարցը դրեց քվեարկության։
- Ի՞նչ է խոստացել Կրեմլը Վրաստանին «ռուսական» օրենքի ընդունման դիմաց․ կարծիք
- Քաղաքական հա՞յտ, թե՞ եկեղեցու ընդվզում․ ի՞նչ է կատարվում Երևանում։ Կարծիքներ
- Փոփոխվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալու քննական հարցաշարը
«Ոչ ռուսական օրենքին»,- դահլիճում բղավում էին ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից ոմանք պարզել էին Եվրամիության դրոշները։
Դրսում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ առավոտից հավաքվել էին բողոքող քաղաքացիները, մարդիկ ևս բղավում էին «ո՛չ ռուսական օրենքին», «ստրուկներ»։
Օրինագծի երրորդ ընթերցումը տեղի ունեցավ եվրոպացի քաղաքական գործիչների և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ’Բրայենի՝ Վրաստան կատարած այցի ֆոնին։
Օրենքի համաձայն՝ այն հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց օտարերկրյա ֆինանսավորումը կազմում է իրենց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը, պետք է գրանցվեն օտարերկրյա ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների ռեեստրում և տարեկան մեկ անգամ հայտարարագիր լրացնեն։
Նրանք, ովքեր կփորձեն խուսափել գրանցվելուց, կտուգանվեն:
Ընդդիմությունը և քաղաքացիական սեկտորը կարծում են, որ այս օրենքը նպատակ ունի ճնշել երկրում քննադատական կարծիքը և ճանապարհ հարթել կառավարության համար, որպեսզի այն այլևս քննադատներ չունենա։
Քվեարկությունից առաջ խորհրդարանում հնչեցին պատգամավորների քաղաքական հայտարարություններ։ Մի քանի անգամ բանը հասավ բռունցքներին դիմելուն:
Միաժամանակ, առավոտից զանգվածային ցույց էր ընթանում խորհրդարանի շենքի մոտ։ Շենքի մոտ ու շրջակայքում մեծ թվով ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացվել։
Առցանց լրատվամիջոցները չկարողացան ներկա գտնվել խորհրդարանական հանդիպմանը։ Հատուկ այս լսումների համար խորհրդարանում անվտանգության դեղին մակարդակ էր հայտարարվել, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչները չկարողանան մուտք գործել նիստերի դահլիճ։
Ընթացակարգային առումով օրենքն այժմ պետք է ուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Նախագահն արդեն հայտարարել է, որ վետո է դնելու օրենքի վրա։
Սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ունի բավարար ձայներ այն հաղթահարելու համար։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին անգամ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը նախաձեռնել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին։ Խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ, սակայն քաղաքացիների զանգվածային բողոքի և Արևմուտքի սուր քննադատության արդյունքում կառավարությունը հետ էր կանչել օրինագիծը։
2024 թվականի ապրիլի 3-ին իշխող կուսակցությունը որոշեց օրինագիծը վերադարձնել խորհրդարան։ Բովանդակությունը մնաց նույնը, բայց այս անգամ օրենքը կոչվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք։
Այս տարի օրինագծի վերադարձն ուղեկցվեց ավելի մեծ բողոքի ակցիաներով։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի։
Վրաստանի արևմտյան գործընկերները սուր քննադատության էին ենթարկում օրինագիծը և բացահայտ զգուշացնում իշխանություններին, որ այս օրենքի ընդունումը լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանի եվրաինտեգրման համար։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ «ռուսական օրենքն» ընդունել էր ապրիլի 17-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մայիսի 1-ին, իսկ երրորդ ընթերցմամբ՝ այսօր՝ մայիսի 14-ին։