Վրաստանի իշխանությունները կապված են ֆեյսբուքյան հարյուրավոր ֆեյք էջերի հետ
Կառավարական վերնախավի հետ կապ ունեցող հարյուրավոր ֆեյսբուքյան կեղծ էջեր են հայտնաբերվել Վրաստանում դեկտեմբերի 20-ին Ֆեյսբուքի վարչակազմի անցկացրած ստուգումների արդյունքում։
Ֆեյսբուքի կիբերանվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյերի հայտարարությունում ասվում է, որ սոցցանցի վարչակազմը չեղարկել է ընդհանուր առմամբ 418 օբյեկտ, դրանցից՝ 39 պրոֆիլ, 344 էջ, 13 խումբ և 22 ինստագրամ-էջ։
Հայտարարությունում ընդգծվում է, որ այդ ամբողջ ցանցը գործել է սպառողներին քաղաքական ապատեղեկատվություն տրամադրելու նպատակով։
•Facebook-թրոլներ և կեղծ մեդիակայքեր Վրաստանում։ Ինչպե՞ս է իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ
•Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Ֆեյսբուքին մեղադրել է ագահության և անպատասխանատվության համար
Ապատեղեկատուներն իրենց հավասարեցրել են լրատվամիջոցների
Ոչնչացված էջերը հիմնականում զբաղվել են տեղական քաղաքական նորությունների տարածմամբ և իրենց կոչել զանգվածային լրատվամիջոց։ Բոլորը միահամուռ քննադատել են ընդդիմությանն ու քաղակտիվիստներին՝ տարածելով իշխանամետ դիրքորոշում։
Նաթանիել Գլեյերի հայտարարությունում հստակեցվում է, որ ոչնչացված ռեսուրսները լսարանին ներկայացրել են միանշանակ դրական լուրեր իշխանությունների, պաշտոնյաների մասին և բացասական լուրեր՝ ընդդիմադիր առաջնորդների և ակտիվիստների մասին։ Նման ապատեղեկատվության զոհ է դարձել մոտ 442 300 մարդ։ Օրինակ, «զրոյացված» խմբերից մեկին 52 հազար մարդ էր բաժանորդագրված, և նրանք ամեն օր օգտվել են «լուրերից», որոնք հորինել են ադմինիստրատորները։
Բացահայտված ցանցի տարածած գրառումների մեծ մասն ունեցել է հովանավորներ։ Ողչնչացված օբյեկտների զարգացման և գովազդի համար կարող է ծախսված լինել շուրջ 316 հազար դոլար։
Նշված ռեսուրսների նկատմամբ Ֆեյսբուքի վարչակազմի հետաքրքրությունն առաջացել է միևնույն ուղղությամբ նրանց աշխատանքի համակարգվածության բացահայտումից հետո։
Վտանգավոր քաղաքական «Պանդա»
Ֆեյսբուքի կիբերանվտանգության ծառայության հայտարարությունում ասվում է, որ հնարավոր չէ պարզել հստակ անձանց, որոնք կանգնած են կեղծ էջերի հետևում։ Սակայն անցկացված վերլուծության ընթացքում հայտնաբերվել է ոչնչացված ցանցի կապը Վրաստանի իշխանությունների, ինչպես նաև «Պանդա» գովազդային գործակալության հետ։
«Պանդա» գովազդային գործակալությունն, ըստ «Նեթգազեթիի», վրացական շուկայում հայտնվել է 2019 թ-ին։
Իսկ մինչ այդ, «Պանդան» հայտնի էր որպես պոպուլյար երաժշտական նախագիծ․ այդ խմբի մի քանի տեսահոլովակներ շատ պոպուլյար էին Youtube-ում դեռահասների շրջանում։
Պարզվել է, որ «Պանդա» խումբը փոխակերպվել է համանուն գովազդային գործակալության, որն իրականում ապատեղեկատվություն է տարածել հազարավոր հետևորդների շրջանում։
ԱՄՆ հետ նույն շարքում
Վրաստանից բացի այդպիսի ցանցեր են հայտնաբերվել Վիետնամում և ԱՄՆ-ում։ Դրանք հաշվարկված են եղել այն մարդկանց համար, որոնք խոսում են համապատասխանաբար չինարեն և իսպաներեն։
Ֆեյսբուքը վերջին տարիներին բազմիցս քննադատվել է ապատեղեկատվության դեմ ոչ բավականաչափ կոշտ պայքարի համար։ Այդ առնչությամբ սոցցանցի կիբերանվտանգության ծառայությունը 2017 թ-ից անհաշտ պայքար է հայտարարել fake news-ի աղբյուրներին։
Մասնավորապես, ըստ պաշտոնական տվյալների, 2019 թ-ի ապրիլից սեպտեմբեր ամիսներին բացահայտվել և ոչնչացվել է 3,2 մլրդ կեղծ էջ։
Ֆեյսբուքյան տիրույթն ապատեղեկատվությունից մաքրելն այդ սոցցանցի քաղաքականության առաջնահերթ ուղղություն է հայտարարվել։