«Վրաստանը կուլ տալուց հետո ՌԴ-ն հայացքն ուղղելու է դեպի Հայաստան»․ կարծիքներ
Վրաստանի զարգացումների ազդեցությունը ՀՀ վրա
Վրաստանի՝ եվրաինտեգրումը կասեցնելու որոշումն ու դրա հրապարակմանը հաջորդած լայնածավալ բողոքի ակցիաներն ակտիվորեն քննարկվում են նաև հարևան Հայաստանում։ Ընդ որում, փորձագետները կարևոր են համարում տեղի ունեցողը դիտարկել ոչ միայն Վրաստանի ներքին քաղաքականության, այլև Հարավային Կովկասի ու ՀՀ վրա դրա հնարավոր ազդեցության տեսանկյունից։
«Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, իբր, ՀՀ կողմից Ադրբեջանի վրա հավանական հարձակման մասին, նման ինչ-որ լուրեր են տարածում, ինչը կարող է հիմք տալ՝ ենթադրելու, որ Վրաստանը կուլ տալուց հետո ՌԴ-ն հայացքն ուղղելու է դեպի Հայաստան [նկատի ունի, որ ՌԴ դրդմամբ Ադրբեջանը կհարձակվի ՀՀ տարածքի վրա, ինչի համար այժմ հող է նախապատրաստում]։ Առավել ևս, եթե ռուս-ուկրաինական ճակատում որոշակի հարաբերական անդորր հաստատվի, Ռուսաստանի ձեռքերը որոշակիորեն ազատվելու են»,- կարծում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը, ով բնակվում է Վրաստանում, ասում է՝ Վրաստանը գաղութացնելուց հետո Մոսկվայի նպատակն է լինելու 5-րդ շարասյան միջոցով Հայաստանը մտցնել իր (միութենական պետության) կազմ, իր զորքերն էլ կանգնեցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ում։
Վրաստանը որոշել է կասեցնել ԵՄ անդամակցության գործընթացը
«Մենք որոշում ենք կայացրել մինչև 2028 թվականի ավարտը օրակարգում չներառել Եվրոպական միության հետ բանակցությունների մեկնարկի հարցը: Բացի այդ, մինչև 2028 թվականը հրաժարվում ենք ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից»,- նոյեմբերի 28-ին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն նաև նշել էր, որ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի հարցն օգտագործվում է որպես երկրի դեմ շանտաժի գործիք՝ այնպես, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցի հետ կապված: Շեշտել էր՝ պլանավորում են ԵՄ մտնել «ոչ թե մուրալով և մի ոտքի վրա կանգնած, այլ արժանապատիվ ձևով՝ զարգացած ժողովրդավարական համակարգով և ուժեղ տնտեսությամբ»։
Եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու մասին այս հայտարարությունից հետո արդեն մի քանի օր է, ինչ զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում մայրաքաղաք Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, դիմել ջրցան մեքենաների օգնությանը։ Բազմահազարանոց ցույցերը, սակայն, շարունակվում են։ Դրանց են միացել ԱԳՆ աշխատակիցներ, դիվանագետներ, տարբեր ուսումնական հաստատություններ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը կարծում են՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ոչ լեգիտիմ են, պետք է անցկացնել նոր ընտրություններ, ընդ որում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ իշխող «Վրացական երազանքը» կարող էր ունենալ ԵՄ անդամակցությունը կասեցնելու մոտեցում, բայց այդ մասին կամ պետք էր չխոսել, կամ էլ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ լիներ ավելի հանդարտ ներքաղաքական իրավիճակ։
«Ներքաղաքական ճգնաժամի ֆոնին նման հայտարարություն անելը ցույց է տալիս մեկ բան, որ «Վրացական երազանք»-ում ենթադրում են, թե իրենք այս պահին ամբողջապես կառավարում են իրավիճակը։ Ես չեմ կիսում այդ կարծիքը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա և հավելել, որ Կոբախիձեի հայտարարությանից և ուժի կիրառումից հետո իրավիճակը մոտ է կառավարելիությունից դուրս գալուն։
Ղևոնդյանի խոսքով՝ իշխող ուժը համոզված է, որ ունի այնքան ուժ և լեգիտիմություն, որ կարող է վերջնականապես գծել իր պատկերացրած արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ անկախ նրանից, թե ժողովուրդն ինչ է ուզում։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Կոբախիձեի հայտարարությունը կմոբիլիզացնի նաև այն մարդկանց, որոնք իրենց ձայնը տվել էին եվրաինտեգրման գործընթացի անշրջելիություն խոստացող «Երազանքին»։
Կարծում է՝ Թբիլիսին այս ճանապարհով գնալու որոշում է կայացրել Մոսկվայի աջակցությամբ։ Ըստ նրա՝ եթե Վրաստանի ներսում էական փոփոխություններ տեղի չունենան, երկիրը կշարունակի «խաղալ ռուսական դաշտում»։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ հարևան երկրում տեղի ունեցող զարգացումները շատ բարդ իրավիճակ են ստեղծելու ՀՀ համար նույնիսկ այն պարագայում, եթե ԱՄՆ-ում Թրամփի իշխանությունը հետ չքաշվի տարածաշրջանից․
«Հայաստանը փաստացի շրջապատված է լինելու ռուսական պրոքսիներով երկու կողմից [Ադրբեջան և Վրաստան]։ Թուրքիան մեծ հավանականությամբ կփորձի ընդամենը առիթից օգտվել։ Միակ երկիրը, որի հետ կարելի է զարգացում ենթադրել, կլինի Իրանը։ Բայց մենք գիտենք, որ Իրանը, մեղմ ասած, դեմոկրատական մեծ ավանդույթներ ունեցող երկիր չէ»։
Քաղաքագետն ասում է՝ ՀՀ իշխանությունը կանգնած է լինելու շատ բարդ երկընտրանքի առաջ, քանի որ իրադարձությունների զարգացման սցենարները քիչ են։ Մատնանշում է երկու տարբերակ՝
- «արևմտամետների ճամբարը կարողանում է հասնել կրիտիկական զանգվածի հավաքման և իշխանություններին ստիպում է փոփոխություններ իրականացնել,
- փոփոխություններ են տեղի ունենում ՌԴ-ում, ինչը կապված է շատ ավելի բարդ խնդիրների հետ՝ Ռուսաստանի ներկա իշխանությունների հեռացում, ինչն, ըստ ամենայնի, հնարավոր չէ հեղափոխության ճանապարհով՝ հաշվի առնելով ՌԴ ներսում տիրող իրավիճակը, ներպալատական հեղաշրջում, որը մի փոքր ավելի հավանական է, բայց դեռևս նշանները շատ թույլ են»։
Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի դիտարկմամբ՝ Իվանիշվիլին փորձում է բռնապետություն ստեղծել Վրաստանում, ինչը Կրեմլի պատվերն է։ Factor TV-ի եթերում նա նշել է, որ այդ քայլն ուղղված է նաև Հայաստանի դեմ։
«ՌԴ նպատակն է, որ ՀՀ-ն հայտնվի բռնապետություններով շրջափակման մեջ, երկիրն անցում կատարի դեպի բռնապետություն կամ լինի հեղաշրջում՝ 5-րդ շարասյան միջոցով, կամ էլ Ադրբեջանի հարձակում, որը հիմք կդառնա 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի նման գործողությունների Երևանում [ցուցարարները գրոհել էին կառավարության և ԱԺ շենքերը]»,- նկատել է նա։
Կարծում է՝ Մոսկվան դժգոհ է մի շարք հանգամանքներից, այդ թվում՝ տարածաշրջանում ԵՄ դիտորդների առկայությունից, ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով ապրիլի 5-ի պայմանավորվածություններից, Հայաստանի բազմավեկտոր դիվերսիֆիկացիայից և առհասարակ հայկական պետականության գոյությունից․
«Մոսկվան Բիձինա Իվանիշվիլիի շնորհիվ փակում է ՀՀ և Վրաստանի եվրոպական ապագայի ուղին։ Ռուս օլիգարխի միջոցով լուծում է միանգամից երկու պետության հարց»։
Թումասյանի խոսքով՝ չնայած Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ պաշտոնական Երևանը պետք է շարունակի հայտարարել եվրաինտեգրման ցանկության մասին։
Շեշտում է՝ կարևոր է նաև ռազմական պատրաստությունը, քանի որ Բաքուն կօգտագործի ստեղծված ունիկալ հնարավորությունը։
«ՀՀ-ն պետք է պատրաստվի Ադրբեջանի հարձակմանը։ Ակնհայտ է, որ ռուս-թուրքական դաշինքի մյուս քայլը տարածաշրջանում լինելու է հարձակումը Հայաստանի վրա»,- նշել է նա։
Փորձագետը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում են նութեր «Զանգեզուրում հակաահաբեկչական գործողության և Ադրբեջանի վրա Հայաստանի հնարավոր հարձակման» վերաբերյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վրաստանի զարգացումների ազդեցությունը ՀՀ վրա