Վրաստանի դատական համակարգը՝ պատժամիջոցների տակ․ ի՞նչը կփրկի
Վրաստանի դատական համակարգը
Առաջիկա ամիսներին Վրաստանը սպասում է թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ Եվրամիության որոշմանը։ Իսկ 12 հանձնարարականներից մեկը դատական արդյունավետ բարեփոխում իրականացնելն է։
Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ իշխանությունները չեն հրաժարվի համակարգի վրա իրենց ունեցած ազդեցությունից, քանի որ 2024 թվականին երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնցում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձելու է չորրորդ ժամկետով մնալ իշխանության ղեկին։ Դիտորդներն ասում են, որ առանց լոյալ դատարանի նրանց համար դժվար կլինի դա անել:
Անկախության 32 տարիների ընթացքում երկիրը բազմաթիվ հաջողությունների է հասել։ Սակայն դատարանը դրանց թվում չէ։ Բոլոր միջազգային զեկույցներում անընդհատ խոսվում է այն մասին, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքական ազդեցության գործիք է, և այն խոչընդոտում է երկրի՝ եվրատլանտյան տարածք մուտք գործելու ձգտմանը։
Ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ սահմանեց վրացի չորս դատավորների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Որպես պատճառ մատնանշվում են կոռուպցիան և իշխանության չարաշահումը։
Սրանք այն դատավորներն են, որոնց իշխանությունների հակառակորդները անվանում են «Վրացական երազանքի» ուղենիշները կատարող դատական կլանի ստեղծողներ։
Սա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցների մեխանիզմ կիրառեց Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Փորձագետները կարծում են, որ պատահական չէ, որ առաջին պատժամիջոցները վերաբերում էին հենց դատական համակարգի ներկայացուցիչներին։
Ինչպե՞ս վրացական դատական համակարգը հասավ պատժամիջոցների. Ի՞նչ են նշանակում այդ պատժամիջոցները։
Ովքե՞ր են պատժամիջոցների տակ հայտնված դատավորները
ԱՄՆ պատժամիջոցները վերաբերվում են են երեք գործող, այդ պաշտոնում ցմահ նշանակված դատավորների և մեկ նախկին դատավորի։ Նրանց և նրանց ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ արգելվել է։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ ասվում է, որ «այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց կարգավիճակը՝ այդ կերպ վնաս հասցնելով օրենքի գերակայությանն ու Վրաստանի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությանը»:
Ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները նրանց անվանում են ազդեցիկ անդամներ դատական կլանի, որը սերտորեն կապված է «Վրացական երազանքի» և անձամբ Իվանիշվիլիի հետ։ Այդ կլանն է ղեկավարում դատական համակարգը և ունի դատավորներ նշանակելու, նրանց առաջ մղելու և պատժելու լծակներ:
Պատժամիջոցների տակ հայտնված դատավորներն իրենց կարիերան սկսել են «Ազգային շարժման» իշխանության օրոք։ Նրանց անունները սերտորեն կապված են այն ժամանակվա սկանդալային գործերի հետ։
Պատժամիջոցի տակ հայտնված դատավոր Լևան Մուրուսիձեն Վերաքննիչ դատարանի ցմահ դատավոր է և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ, որը կայացնում է Վրաստանի դատական համակարգում դատավորների նշանակման հետ կապված որոշումներ։
Մուրուսիձեն Գերագույն դատարանի դատավոր էր 2006 թվականից՝ Սահակաշվիլիի նախագահության օրոք։ Դեռ այն ժամանակ Մուրուսիձեի գործունեությունը քննադատության էր արժանանում։ Նրա անունը կապված է մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք մնում են Սաակաշվիլիի իշխանության սև բիծը, որոնց մեծ մասը հետագայում Վրաստանը պարտվեց Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանում:
Սակայն իշխանափոխությունից հետո Մուրուսիձեին ոչ թե հեռացրին համակարգից, այլ, ընդհակառակը, բարձրացրին նրա պաշտոնը։
Մուրուսիձեն միլիոնատեր է։ Վրացի հետաքննող լրագրողները պարզել են, որ նա ունի չհայտարարագրված ունեցվածք, որը ձևակերպված է նրա կնոջ անունով։ Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը՝ նա ասել է. «Ոչինչ, եթե հիմա մեզ չեն թողնում մուտք գործել ԱՄՆ կամ ԵՄ։ Պապս էլ այնտեղ չի գնացել, բայց մարդավայել ապրել է»։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխայիլ Չինչալաձեի նկատմամբ։ Հասարակական կազմակերպությունները նրան անվանում են դատական կլանի առաջնորդ։ 2005 թվականին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից ստացել է Պատվո շքանշան։ Չինչալաձեն նույնպես միլիոնատեր է և հայտարարագրում թաքցնում է իր ունեցվածքը՝ այն գրանցելով ընտանիքի մյուս անդամների՝ մորաքրոջ և մոր անունով։
Պատժամիջոցների տակ հայտնված մեկ այլ դատավոր է Իրակլի Շենգելիան՝ Չինչալաձեի տեղակալն ու նրա մտերիմ օգնականը, ով սերտ կապեր ունի «Վրացական երազանք» կուսակցության հետ։
Մեկնաբանելով պատժամիջոցների կիրառման որոշումը՝ նա հայտարարել է, որ անելիք չունի ԱՄՆ-ում, որտեղ գլխավոր ժողովրդավարական ձեռքբերում է համարվում «վեցամյա երեխայի սեռը փոխելու հնարավորությունը»։ «Ես այնտեղ անելիք չունեմ, քանի որ նման «արժեքները» իմ ընտանիքի հետ որևէ կապ չունեն»,- ասել է նա։
Նախկին դատավոր Վալերիան Ցերցվաձեն, ով նույնպես հայտնվել է պատժամիջոցների տակ, համակարգը լքել է վեց տարի առաջ՝ այն բանից հետո, երբ մեղադրվեց դատական գործընթացում իր ընկերության լոբբինգն իրականացնելու մեջ: Նրա դուստրը ԱՄՆ քաղաքացի է, քանի որ ծնվել է այնտեղ 2013 թվականին։
Դատական կլանի մասին տեղեկությունները հավաքագրվում էին տարիներ շարունակ։ Բազմաթիվ վկաներ ու ցուցմունքներ կան այն մասին, թե ինչով է զբաղվել այդ կլանը։
Ի՞նչը կփրկի վրացական դատարանը
Վրացական դատարանը հանրային վստահության վարկանիշային աղյուսակի լավագույն դիրքերում չէ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների 46 տոկոսը բացասաբար է գնահատում վրացական դատարանի աշխատանքը։
Սակայն համազգային գլխավոր խնդիրների մասին հարցման ժամանակ դատարանը հազվադեպ է հայտնվում նույնիսկ առաջին տասնյակում։
Փորձագետների կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ շատ քաղաքացիներ անմիջական կապ չունեն դատական համակարգի հետ։
«Անհնար է պատվիրել ուտեստ, որը երբեք չես փորձել։ Մեր հասարակության մեծ մասը չգիտի, թե ինչ է անկախ դատարանը։ Մարդիկ Եվրամիություն են ուզում, լավ կյանք, նրանց դուր չեն գալիս կոնկրետ դատավորներ՝ Մուրուսիձե, Չինչալաձե։ Բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարողանում իրենց ներկայիս խնդիրները կապել դատարանում տիրող իրավիճակի հետ»,- պարզաբանում է «Ժողովրդավարության պահապաններ» կազմակերպության ղեկավար Գիորգի Մշվենիերաձեն։
«Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ առանց անկախ դատարանի մենք կշարունակենք ունենալ տնտեսական զարգացման և եվրաինտեգրման դժվարություններ։ Վերջին հաշվով առանց ուժեղ և անկախ դատարանի չեն լինի բավարար քանակի աշխատատեղեր: Չէ որ դատարանը պետք է նպաստի բիզնեսի զարգացմանը, իսկ բիզնեսը պետք է ստեղծի նոր աշխատատեղեր»,- ասում է «Judicial Watch» կազմակերպության տնօրեն Նազի Ջանեզաշվիլին։
«Մարդիկ պետք է հասկանան, թե ինչու է իրենց անհրաժեշտ անկախ դատարանը։ Նրանք պետք է իմանան, որ երբ բարձրաստիճան պաշտոնյաներին ասեն՝ ես ձեզ դատի կտամ, այդ հայտարարությունը կլինի շատ ուժեղ»,- նշում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։
Փորձագետները կարծում են, որ Վրաստանի դատական համակարգը փրկելու միջոց կարող են հանդիսանալ հանրային ներգրավվածությունն ու քաղաքացիական սեկտորի, ինչպես նաև առանձին դատավորների ակտիվացումը։