Վրաստանի բնակչության 21.3%-ը բացարձակ աղքատության մեջ է
Վրաստանի բնակչության 21.3%-ը (գրեթե 794 հազար մարդ) բացարձակ աղքատության մեջ էր 2020 թ-ին։ Սա նշանակում է, որ այդ մարդկանց հասանելի չեն կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանները։
Եթե դատենք Ազգային վիճակագրական վարչության տվյալներից՝ երկրում աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը տարեցտարի աճում է։ Մասնավորապես, 2019 թ-ին այս խմբին էր պատկանում բնակչության 19,5%-ը, իսկ մեկ տարի անց նրանց թիվն ավելացել է գրեթե 70 000-ով։
Գյուղերում իրավիճակը շատ ավելի անմխիթար է, քան քաղաքներում։ 2020 թ-ին գյուղի բնակչության 27,5%-ն աղքատ էր, իսկ քաղաքային բնակչության 17,1%-ը։
- Վրաստանում գրեթե 30 հազար երեխա զրկված է օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորությունից․ UNICEF
- «Մայրս կշտամբում էր ինձ․ ինչի՞դ են պետք այդ գրքերը։ Ավելի լավ է՝ ամուսնացիր»․ միայնակ ծերությունը Վրաստանում
Վրաստանում կան շրջաններ, որտեղ բնակչության գրեթե կեսը (43 տոկոսը) սոցիալական նպաստ է ստանում։ Դրանք Վրաստանի ամենասակավ բնակեցված լեռնային շրջաններն են՝ Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին։
Խոշոր շրջանների դեպքում մարդկանց մեծ մասը դժվար է ապրում Սամեգրելոյի և Գուրիայի արևմտյան շրջաններում։ Սամեգրելոն մի շրջան է, որտեղ ապրում է Աբխազիայից բռնի տեղահանվածների մեծ մասը։
Ամենաքիչ նպաստը ստանում են Ջավախքի և Իմերեթիի շրջաններում։ Սա կարելի է բացատրել այն փաստով, որ այս շրջաններից արտագաղթն ամենամեծն է։
Ջավախքը բնակեցված է հայերով, և տասնամյակներ շարունակ տեղի տղամարդիկ Ռուսաստան են մեկնում սեզոնային աշխատանքի։
Իմերեթիից մեծ արտագաղթ կա դեպի Եվրոպա՝ Իտալիա, Հունաստան, ինչպես նաև Թուրքիա։