Վրաստանի բնակիչներն աղքատացել են
«Բնակչության բարեկեցության հետազոտության» տվյալների համաձայն՝ 2015թ-ից հետո Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Հետազոտության տվյալները հրապարակվել են հունիսի 12-ին ՄԱԿ Մանկական հիմնադրամի կողմից:
Եթե 2015թ-ին աղքատության ցուցանիշն ընտանիքների ընդհանուր հաշվարկով կազմում էր 16,4%, ապա 2017թ-ին այն աճել է մինչև 19,6 տոկոս: Թեև հարկ է նշել, որ, ի տարբերություն 2013թ-ի, այս ցուցանիշն ավելի ցածր է:
Վրաստանում աղքատության նվազագույն շեմ է համարվում օրական 1,25 ԱՄՆ դոլար եկամուտը, ինչն ամսական կազմում է 35 դոլար (82,8 լարի):
Հետազոտության համաձայն՝ Վրաստանում աղքատության շեմից ներքև է գտնվում բնակչության 21,7 տոկոսը, երեխաների 27,6 տոկոսն ու թոշակառուների 17,6 տոկոսը:
«Բնակչության բարեկեցության հետազոտության» տվյալներով՝ աղքատությունն ամենից շատ վերաբերում է երեխաների շահերին: Զգալիորեն աճել է կենսաապահովման նվազագույն շեմից ներքև ապրող երեխաների թիվը: Յուրաքանչյուր հինգերորդ երեխա ապրում է մի ընտանիքում, որի անդամների նվազագույն պահանջները բավարարված չեն:
Գործազրկություն
Վրաստանում գործազրկության մակարդակը վերջին 2 տարվա ընթացքում զգալի փոփոխություններ չի կրել և նախկինի պես բարձր է: Գործազրկության մակարդակը 2015թ-ին կազմում է 12 տոկոս, 2016թ-ին՝ 11,8 տոկոս:
Իրեն աշխատանքի տեղավորված է համարում բնակչության 60%-ը: Նրա մեծ մասն ինքնազբաղված է հիմնականում գյուղատնտեսության ոլորտում: Բավականին բարձր է գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում: Նրա գրեթե մեկ երրորդ մասը (մոտ 30%) չի աշխատում:
Ուրբանիստական բնակավայրերում տնային տնտեսությունների եկամտի մակարդակն ավելի բարձր է, քանի գյուղական բնակավայրերում: Դրա հետ մեկտեղ քաղաքացիներն ավելի շատ միջոցներ են ծախսում երկարաժամկետ կենցաղային իրերի, տնից դուրս սնվելու, կրթության վրա, իսկ գյուղական բնակավայրերում՝ տանը սնվելու և բժշկության վրա:
2015թ-ին միջին անվանական տնային տնտեսության նվազագույն եկամուտը գրանցվել է 608,9 լարի, իսկ 2017թ-ին՝ 771,9 լարի:
Գների աճը
Հետազոտության հեղինակները կարծում են, որ աղքատության աճը պայմանավորված է տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմամբ, գնաճի մակարդակի բարձրացմամբ և սպառողական գների աճով:
2016-2017թ-ին լարիի արժեզրկման ֆոնին սննդի, ծխախոտի, ալկոհոլի, բժշկական ծառայությունների, կոմունալ ծառայությունների և տրանսպորտի սպառողական գներն աճել են 4-37%-ով: Մուտքերի նվազեցման պայմաններում բնակչությունը ստիպված է եղել ավելի շատ ծախսել (միջին ծախսերը կազմել են 821,8 լարի, իսկ միջին մուտքերը՝ 608,9 լարի):
«Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բյուջեներում բավականին բարձր է սննդի ծախսը: 2015թ-ին ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն ավելի ծանր էին տանում գնաճային գործընթացները, քան բարձր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունները: Վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում տնային տնտեսությունների ֆինանսական դրությունը վատթարացել է և, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի շատ ընտանիքներ են աղքատացել», — ասված է հետազոտությունում:
Վերջին երկու տարվա ընթացքում սպառողական գների աճին զուգահեռ բնակչությունը սկսել է ավելի քիչ գումար ծախսել կրթության, երկարաժամկետ արտադրանքի ձեռքբերման վրա:
Վրաստանի ուրբանիստական մասի բնակչության շրջանում զգալիորեն աճել է բանկային վարկերի և լոմբարդային միջոցների ստացման ցուցանիշը: 1500 ընտանիք որպես միջոցների ստացման միակ աղբյուր նշել է հենց դա: Վրաստանում վարկեր հիմնականում վերցվում են բանկերից և լոմբարդներից (80,3 տոկոս), միկրոֆինանսական կազմակերպություններից (8,7%), ազգականներից և ընկերներից (6,1%):
Երեխաներ
Երեխաների 97%-ը պարտադիր դպրոցական կրթություն է ստանում: Ընդ որում, աղքատ ընտանիքների 15-18 տարեկան երեխաները կրթություն չեն ստանում:
Առավել աղքատ ընտանիքների 10 երեխաներից 6ը զրկված է մանկական գրքեր ձեռք բերելու հնարավորությունից:
Մանկապարտեզների պակասի պատճառով մոտ 14 հազար երեխա չի այցելում նախադպրոցական հաստատություններ:
Առողջություն
2015թ-ի համեմատ՝ 2017թ-ին բուժծառայությունների արժեքն աճել է 16,4տոկոսով: Տնային տնտեսությունները դեղորայքի վրա միջինում ծախսել են իրենց բյուջեի 69%-ը, ինչը մեծ մասամբ գալիս է դեղորայքի թանկացումից:
Ընդ որում, իրեն ամբողջությամբ արդարացրել է պարտադիր բժշկական ապահովագրության ծրագիրը: 2017թ-ին բժշկական ծառայությունները հասանելի են եղել ավելի շատ ընտանիքների, քան նախորդ տարիներին: