Աբխազիայի ԱԳ նախարար. «Վրաստանի ներողությունը կարող է դառնալ քայլ դեպի հաշտեցում»
Վրաստանը ներողությու՞ն կխնդրի աբխազներից
Ժնևյան քննարկումների հերթական փուլի նախօրեին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան կարծիք է հայտնել, թե Վրաստանի ներողությունը կնպաստեր վրաց-աբխազական հակամարտության կարգավորմանը:
Սուխումում Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ Շամբան հիշատակել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է օսերից ներողություն խնդրել 2008 թվականի պատերազմի համար:
Շամբայի կարծիքով՝ եթե Թբիլիսին նույնը աներ աբխազների նկատմամբ՝ ներողություն խնդրելով 1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմը սանձազերծելու համար, դա կարող էր դառնալ առաջին քայլը դեպի հաշտեցում:
- Տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ. ինչպե՞ս է փոխվում Վրաստանի տարանցիկ դերը
- Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ
- «ՆԱՏՕ-ին անդամակցելը համահունչ է ՀՀ անվտանգային կարիքներին»․ կարծիք Երևանից
Նախարարի խոսքով՝ հակամարտության կարգավորմանը նպաստող ևս մեկ քայլ կարող է լինել Վրաստանի հրաժարումն այնպիսի ձևակերպումներից, ինչպիսին է «օկուպացված տարածքները»:
Ինչ վերաբերում է Աբխազիայի՝ խաղաղ եղանակով Վրաստանի կազմ վերադառնալու թեզին, որ շրջանառվում է վերջին ամիսներին, Շամբան հայտարարել է, որ «Աբխազիայի քաղաքական կարգավիճակը ենթակա չէ որևէ քննարկման»:
Նույն հանդիպման ընթացքում Սերգեյ Շամբան ընդգծել է, որ Ժնևյան քննարկումներն այսօր միակ հարթակն են, որտեղ հնարավոր է «խոսել առկա խնդիրների մասին նման մակարդակով»:
Շամբայի խոսքով՝ աբխազական կողմի համար օրակարգի կարևորագույն հարցերից են ռազմական գործողությունների չվերսկսումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Ընդ որում, նա ոչ մի խոսք չի ասել քննարկումները Ժնևից «ավելի չեզոք վայր» տեղափոխելու անհրաժեշտության մասին, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր երկրի նախկին արտգործնախարար Ինալ Արձինբան:
«Ավելի չեզոք վայր» ասելով՝ Արձինբան ի նկատի ուներ Մինսկը: