Վրաստանը մերժել է Մուստաֆա Էմրե Չաբուկին փախստականի կարգավիճակ տրամադրել
Կիսվել
Կիսվել
Օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների հարցերով Վրաստանի նախարարությունը մերժել է Մուստաֆա Էմրե Չաբուկին և նրա ընտանիքի անդամներին փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Չաբուկը, որը մեղադրվում է FETO «ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի համար, կալանավորվել է Թբիլիսիում մայիսի 24-ին Թուրքիայի պահանջով: Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 25-ին որպես խափանման միջոց ընտրել էր նախնական կալանքը: Ինչից հետո Չաբուկի ընտանիքը Վրաստանի իշխանություններին խնդրել է իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել, քանի որ այդ կարգավիճակը թույլ չէր տա Վրաստանին Չաբուկին արտահանձնել Թուրքիային:
Սակայն նախարարության հիմնավորման մեջ, որը հրապարակել է «Լիբերալ» պարբերականն, ընդգծվում է, որը Չաբուկի արտահանձնումը Թուրքիային ռիսկեր չի պարունակում, քանի որ թուրքական բանտերում դրական փոփոխություններ են նկատվում:
Հիմնավորման մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի համապատասխան օրենքներով նախատեսված պատժամիջոցը համարժեք է և չի կարող «անհամաչափ դաժան համարվել»:
Ընտանիքի փաստաբան Սոսո Բարաթաշվիլին հայտարարել է, որ նախարարությունն օրինական հիմք չուներ մերժելու փախստականի կարգավիճակ տրամադրման հարցում, և ընտանիքն այդ որոշումը կբողոքարկի: Չաբուկը դրա համար 1 ամիս ժամանակ ունի:
Հուլիսի 10-ին պլանավորված է փաստաբանի և կալանավորվածի կնոջ՝ Թուբա Չաբուկի համատեղ մամուլի ասուլիսը:
Թուրքիայի քաղաքացի Մուստաֆա Չաբուկը մի քանի տարի է՝ Թբիլիսիում է ապրում: Վրաստանում նա 2002թ-ից զբաղվում էր կրթական գործունեությամբ: Աշխատել է որպես Դեմիրելի անվան քոլեջի կառավարիչ, ինչպես նաև Բաթումի Շահինի անվան դպրոցում որպես մանկավարժ: Չաբուկի կալանքին նախորդել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Թբիլիսի:
Դեմիրելի անվան քոլեջը, ինչպես նաև Վրաստանում գործող Չագլար լուսավորչական ցանցի մի քանի կրթական հաստատություններ կապված են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվում է Թուրքիայում 2016թ-ի հուլիսի 15-ին զինված հեղաշրջման կազմակերպման համար: Թուրքիայի կառավարությունը Գյուլենի բացած դպրոցներն օրենքից դուրս է հայտարարել՝ նշելով, որ այնտեղ «զբաղվում են ահաբեկիչներ պատրաստելով»: