Վրաստան․ քովիդ–դարաշրջանի ընդունելության առաջին քննությունը
Վրացի դիմորդներն ու նրանց ծնողները համբերատար մի քանի ամիս սպասել են իշխանությունների որոշմանը, թե ինչպես են Վրաստանում անցկացվելու ընդունելության քննությունները 2020 թ–ի ամռանը (և անցկացվելու են արդյոք)։ Իշխանություններն, ի վերջո, կիսվել են մշակած ընթացակարգով, որը շատերին է հիասթափեցրել։ Ընդ որում, չի կարելի ասել, որ կառավարության առաջարկած տարբերակը բազմաթիվ անվտանգ այլընտրանքներ ունի։
Ի՞նչ պայմաններ են մշակել իշխանությունները
Վրաստանում միասնական ազգային քննությունների մեկնարկին մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել։ Դիմորդին թույլ չեն տալու քննություն հանձնել առանց բժշկական դիմակի և ջերմաչափման։ Թեթևակի բարձր ջերմությունը քննությունից հեռացում չի նշանակում․ նրանց, ում ջերմությունը կլինի մինչև 37,5 աստիճան, թույլ կտան քննությունն առանձին սենյակում հանձնել։ Այդ կերպ համաճարակաբանները փորձել են այն մարդկանց դրության մեջ մտնել, որոնց մոտ սթրեսի ֆոնին ջերմությունը բարձրանում է։
Իշխանությունները հայտարարում են, որ դիմորդների համար կորոնավիրուսի անվճար ՊՑՌ–թեստեր են կազմակերպվել․ այն կարող են հանձնել բոլորն, ովքեր քննությունից մի քանի օր առաջ կասկածելի ախտանիշներ են նկատել։ Յուրաքանչյուր քննական կենտրոնում բժիշկ է հերթապահելու։ Նստարանները միմյանցից անվտանգ հեռավորության վրա կլինեն և թափանցիկ պատնեշներ կունենան։ Օդորակիչների օգտագործումը վրացի համաճարակաբաններն անթույլատրելի են համարում։
Ինչպե՞ս են դրան վերաբերվում դիմորդները
Հենց անջատված օդորակիչներն են դիմորդները համարում գլխավոր փորձությունը։ Ինչը զարմանալի չէ, որովհետև սովորաբար հուլիսի սկզբին Վրաստանում 40 աստիճան շոգ է։
Բացի այդ, դիմորդներից պահանջում են դիմակը չհանել ողջ քննության ընթացքում։ Որոշ դիմորդներ և նրանց ծնողներն էմոցիոնալ գրառումներ են արել սոցցանցերում՝ այդ պահանջը կտտանքի հավասարեցնելով։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է 55 հազար դիմորդ։ Նրանք կբաժանվեն շատ ավելի փոքր խմբերի, քան սովորաբար, այդ պատճառով էլ քննություններն ավելի երկար կտևեն՝ գրեթե ողջ հուլիս։
Մինչև վերջին պահը Վրաստանում ընդհանրապես վստահություն չկար, որ քննություններն անցկացվելու են։ Դպրոցներում ուսումնական տարին ավարտվում է հունիսի 15–ին, և կրթության նախարարությունը նախկինի պես պատասխան չունի այն հարցին, թե արդյոք երեխաները դասի են գնալու ամռանը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական թիվը 822 է (հունիսի 10–ի դրությամբ), վերջերս բժիշկները սկսել են խոսել, որ վարակն, ըստ ամենայնի, երկրում նահանջում է։
Ի՞նչ է փոխել կորոնավիրուսը Վրաստանի կրթության համակարգում
Վրացական դպրոցներն անցել են հեռավար ուսուցման այն բանից անմիջապես հետո, երբ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով առաջին վարակվածը՝ մարտի սկզբին։ Օպերատիվ կերպով մի քանի պլատֆորմ է ստեղծվել առցանց ուսուցման համար, բացի այդ, դասերն ամեն օր հեռարձակվում էին հանրային հեռուստատեսության եթերում։ Մայրաքաղաքի բազմաթիվ դպրոցականների նման համակարգը չի խանգարել անցնել բոլոր առարկաների ուսուցման կուրսը, որոշ բարձր դասարանցիների այն նույնիսկ ավելի է դուր եկել, քան սովորական դպրոցական առօրյան։
Սակայն առցանց դասերը ոչ բոլոր դպրոցականներին էին հասանելի։ JAMnews–ի տվյալներով՝ Վրաստանի միջնակարգ դպրոցների աշակերտների 20 տոկոսի համար հասանելի չեն համակարգիչը կամ այլ տեխնիկական սարքավորումները։ Դա ավելի քան 105 հազար երեխա և դեռահաս է․ նրանք բոլորն անհավասար պայմաններում են հայտնվել՝ իրենց ավելի հաջողակ տարեկիցների համեմատ, և կրթության նրանց իրավունքը ոտնահարվել է։
Այդ աշակերտների թվում են նաև ավարտական 12-րդ դասարանի աշակերտներ, որոնք պարզապես հնարավորություն չեն ունեցել նորմալ նախապատրաստվելու ազգային քննություններին։