Համավարակ. Վրաստանում իշխող կուսակցության համար հնարավորությո՞ւն
Կորոնավիրուսի համավարակը Վրաստանը կանգնեցրեց քաղաքական ճգնաժամի առաջ: Աշնանը լինելու են խորհրդարանական ընտրություններ, և դեռ հայտնի չէ՝ ինչ համակարգով են դրանք անցկացվելու: Իսկ իշխանության և ընդդիմության հակամարտությունը, թեկուզ և «կանգ է առել» կարանտինով և արտակարգ դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ, հեռու է ավարտվելուց: Ինչպե՞ս է ազդել ճգնաժամը Վրաստանում ներքաղաքական իրավիճակի վրա, և հատկապես ո՞վ է շահում համավարակի արդյունքում: Այս հարցին JAMnews-ը փորձել է պատասխանել վրաց փորձագետների հետ միասին:
Ճգնաժամ ճգնաժամի կիզակետում
Երկրում լարվածությունը աճեց անցյալ տարվա ամառվանից, երբ իշխանությունները հունիսի 20-ին ցրեցին հակակառավարական ցույցերը:
Լարվածությունը գագաթնակետին հասավ նոյեմբերին, երբ իշխող կուսակցությունը հրաժարվեց կատարել լիովին համամասնական ընտրակարգի անցնելու մասին իր խոստումը: Դա հրահրեց բողոքի նոր ակցիաներ, որոնց դեմ իշխանությունները կրկին ուժ կիրառեցին: Տասնյակ մարդիկ կալանավորվեցին:
Ընդդիմությունը պահանջում է անցնել լիովին համամասնական ընտրակարգի՝ համարելով, որ խառը ընտրակարգը, երբ խորհրդարանի 150 անդամներից կեսը ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով, չի կարող պատշաճ կերպով արտահայտել ընտրողների կամքը:
- Կորոնավիրուսն ու «վերջին օրերի եկեղեցին»: Ինչո՞ւ Վրաց եկեղեցին չի չեղարկում պատարագները
- Կարծիք. պայքար կորոնավիրուսի դեմ Վրաստանում՝ խարխափումներ խավարում
- Վրաստանը և կորոնավիրուսը. հաջողությո՞ւն, թե՞ բախտ
Ճգնաժամը կարծես հաջողվեց լուծել. մարտի 9-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները և ընդդիմադիր կուսակցությունների միավորումը ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ եկան համաձայնության, որ հաջորդ ընտրությունները կանցնեն 120/30 սխեմայով. 120 պատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով, 30-ը՝ մեծամասնական, մեկ մանդատային շրջաններում:
Սակայն տառացիորեն անմիջապես առճակատումը վերսկսվեց. մարտի 10-ին դատարանը դատավճիռ կայացրեց ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ, որը անմիջապես տեղափոխվեց բանտ 3 տարով՝ 48 միլիոն լարիի (շուրջ 17 մլն դոլար) յուրացման համար:
Շուտով դատապարտվեց ևս մեկ ընդդիմադիր առաջնորդ՝ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին, 5 տարով, 2019թ. հունիսին «խորհրդարանի հարձակումը» կազմակերպելու համար:
Ընդդիմությունը դա որակեց որպես «քաղբանտարկյալներին ազատ արձակելու» և քաղաքական հակամարտության մեջ դատարանը չօգտագործելու վերաբերյալ համաձայնության դրույթների խախտում: Եվ նույնիսկ հայտարարեց ապրիլի սկզբին բողոքի մեծ ակցիա: Սակայն կորոնավիրուսի համավարակը, երկրում արտակարգ դրություն և խիստ կարանտին հայտարարելը քաղաքական կյանքը գործնականորեն ոչնչացրին:
Այնուամենայնիվ, մոտենում են հոկտեմբերին նշանակված ընտրությունները, իսկ ընտրական համակարգի փոփոխության մասին օրենքը, որից շատ բան է կախված, մինչ այժմ ընդունված չէ, թեև իշխանությունները խոստանում են այն ընդունել:
Կկատարի՞ արդյոք այս անգամ իշխող կուսակցությունն իր խոստումը: JAMnews-ի հետ հարցազրույցի ժամանակ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի պրոֆեսոր Թորնիկե Շարաշենիձեն ասաց․
«Երբ մեկ քաղաքական կուսակցությունը խաբում է և «գցում է» իր ժողովրդին, դա կարող է կրկին տեղի ունենալ ոչ մեկ անգամ: Բայց ես կարծում եմ, որ մարդկանց այս անգամ «չեն գցի»… Այս անգամ սա (համաձայնությունը) բանակցությունների, կոմպրոմիսի արդյունք է, որը ձեռք է բերվել արևմտյան գործընկերների ներկայությամբ, և նրանց (իշխանությունների) համար դա կլիներ շատ կոպիտ որոշում»:
Ինչքանո՞վ ճգնաժամը օգնեց «Վրացական երազանքին»
Թորնիկե Շարաշենիձեի կարծիքով՝ ևս մեկ պատճառ, որ իշխանությունները ամեն դեպքում հակված են ընդդիմության հետ պայմանավորվածությունը պահելու, այն է, որ համավարակի առաջացրած ճգնաժամի արդյունքում իշխող կուսակցությունն իրեն վստահ է զգում.
«Կառավարությունը այսպես թե այնպես կարողացավ հաղթահարել այս ճգնաժամը: Իհարկե, և մեր, և կառավարության բախտը բերեց, որ իրենց տեղում էին նորմալ մասնագետներ առողջապահության ոլորտում, նույն Լուգարի լաբորատորիայում, նույն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում»:
Մայիսի 8-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերված է կորոնավիրուսի վարակի 623 դեպք, նրանցից 288-ը ապաքինվել են, մահացել են 9-ը: Վրաստանում վարակվածության և մահացության թիվը նկատելիորեն ավելի փոքր է, քան տարածաշրջանի հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի: Մասնագետները դա կապում են ժամանակին ընդունված որոշումների հետ՝ սահմանները փակելու և խիստ կարանտին սահմանելու մասին:
Թորնիկե Շարաշենիձեն եզրափակում է, որ ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան «կարծես առավել ընդունակ վարչապետն է» բոլոր նրանց մեջ, ովքեր մինչ այժմ նշանակվել են «Վրացական երազանք» կուսակցության կողմից:
Քաղաքականության ինստիտուտի տնօրեն Քորնելի Կակաչիան նույնպես գտնում է, որ որոշ չափով ճգնաժամը խաղաթուղթ եղավ Վրաստանում իշխող կուսակցության ձեռքին․
«Մենք գիտենք, որ երբ ծագում է ճգնաժամային իրավիճակ, ինչպես դա հաճախ լինում է շատ պետություններում, երբ պատերազմ է ընթանում կամ համավարակ է, տեղի է ունենում գուծընթաց, որը անվանում են, «դրոշի շուրջ հավաքվել», երբ հասարակությունը համախմբվում է առաջնորդների շուրջը և նեղկուսակցական հայացքները կորցնում են իրենց արդիականությունը»:
Կակաչիան պնդում է, որ ճգնաժամը փաստացի օգնեց «Վրացական երազանքի» կառավարությանը՝ բարձրացնել իր վարկանիշը, սակայն դրա պահպանումը կախված է շատ գործոններից՝ ամենից առաջ կուսակցության տնտեսական ծրագրից և նրանից, թե կկարողանա արդյոք կառավարությունը ներգրավել միջազգային օգնություն և արդյունավետ տնօրինել այն:
Փողը կփրկի՞ իշխանությանը
Ներկայիս իշխանությունների հաջողությունը կախված կլինի այն բանից, թե ինչքան միջազգային օգնություն նրանք կկարողանան ներգրավել միջազգային գործընկերներից՝ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար, կարծում է Թորնիկե Շարաշենիձեն:
Կառավարությունը հայտարարել է, որ կարող է ներգրավել 3 միլիարդ դոլարի չափով օգնություն ինչպես բյուջեի, այնպես էլ մասնավոր հատվածի համար:
«Բայց մի բան է, թե ինչքան եք դուք գումար հայթայթել, այլ բան՝ որքանով եք արդյունավետ այն ծախսում: Որքան լավն է ձեր տնտեսական թիմը, դուք պետք է ճիշտ տնօրինեք այդ գումարը: Դա նույնպես շատ կարևոր է»,- ասում է Շարաշենիձեն:
Քորնելի Կակաչիան պնդում է, որ միջազգային օգնություն ներգրավելը այնքան էլ հեշտ չի լինի, ինչպես դա հաջողվեց, օրինակ, պատերազմից հետո և 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի կիզակետում, երբ Վրաստանը ընդհանուր առմամբ ստացավ ավելի քան 4 միլիարդ դոլարի չափով օգնություն:
«Գումարը, որն այնքան անհրաժեշտ է Վրաստանին, այդքան էլ հեշտ չէ ներգրավել, քանի որ մրցակցությունը բավականին մեծ է: Մեզանից բացի, օգնության հավակնություն ունեն հսկայական թվով ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներ: Իսկ ռեսուրսները անսահմանափակ չեն»:
Բացի այդ, ըստ փորձագետի, միջոցներ ներգրավելուն կարող է խանգարել Վրաստանի կառավարության «գլխավոր պատումը»՝ հայտարարությունն այն մասին, թե երկիրը մյուսներից ավելի քիչ է տուժել:
«Կառավարությանն անհրաժեշտ է համոզիչ ծրագիր ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակ քաղաքացիների համար, աշխատանքը կորցրած մարդկանց համար: Դա մեծ նշանակություն կունենա նախընտրական շրջանում»,- կարծում է Կակաչիան:
Որո՞նք են ընդդիմության հնարավորությունները
Թորնիկե Շարաշենիձեի կարծիքով՝ ընդդիմության մի մասը ճգնաժամի ժամանակ սխալ թույլ տվեց. «Մի քանիսը լռեցին, մի քանիսը փորձեցին կառուցողական լինել, իսկ մի մասը անցավ չափից դուրս քննադատության»: Որի պատճառով ընդդիմադիր ճակատի միասնությունը խախտվեց, իսկ իշխանությունները կարողացան օգտվել որոշ ընդդիմախոսների ոչ ադեկվատ հայտարարություններից:
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, «ճտերն աշնանն են հաշվում», և մի քանի ամսվա ընթացքում իրավիճակը կարող է փոխվել:
Քորնելի Կակաչիան գտնում է, որ ընդդիմության կողմից քննադատությունը՝ չափազանց խիստ արտակարգ դրության, հրեշավոր տուգանքների կամ սահմանափակումների ընտրողականության առիթով, հազիվ թե ընդդիմության ձեռքին խաղաթուղթ լինի. նրա կարծիքով իշխանությունները լիովին կարող են տուգանքները չեղարկել և դրանով դժգոհությունը շրջել, դարձնել օգուտ իրենց համար:
Միևնույն ժամանակ Կակաչիան հիշեցնում է ընտրությունների անվտանգ անցկացման հետ կապված խնդրի մասին. ամենայն հավանականությամբ, աշնանը վարակը ամբողջությամբ հաղթահարված չի լինի, իսկ դա նշականում է, որ ինչպես քվեարկությունն, այնպես էլ նախընտրական հանդիպումների անցկացումը խնդրահարույց կլինեն:
Թորնիկե Շարաշենիձեն նաև գտնում է, որ ավանդական պասիվ ամառվանից հետո ընդդիմությունը շատ քիչ ժամանակ ունի նախընտրական քարոզչության համար, իսկ իշխանությունները կունենան վարչական ռեսուրսների առավելություն:
«Եվ այս հարցում համավարակը շատ լրջորեն հարվածեց ընդդիմությանը»,- կարծում է Շարաշենիձեն: