Վրաստան. քաղաքական կուսակցությունը եկեղեցի է հիմնել և զորակոչիկներին հոգևոր աստիճան է շնորհում
Կիսվել
Կիսվել
«Քրիստոնեական ավետարանչական բողոքական եկեղեցի – աստվածաշնչյան ազատություն». այսպես է կոչվում կրոնական կազմակերպությունը, որը գրանցվել է «Գիրչի» քաղաքական շարժման կողմից 2017թ-ի մարտին:
Ինչպես ասում են շարժման ներկայացուցիչներն, այդ կրոնական կազմակերպության գլխավոր նպատակը այն երիտասարդներին օգնելն է, որոնք պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվեն:
Ըստ վրացական օրենսդրության՝ եթե երիտասարդը հոգևորական է կամ հոգևորական թեմական դպրոցի սան, նա զորակոչը հետաձգելու իրավունք ունի:
Այն մասին, որ վրացի զորակոչիկները հաճախ են դիմում նման պրակտիկայի, JAMnews-ն ավելի վաղ գրել է:
«Գիրչի» ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը հանդես է գալիս համընդհանուր զինապարտության չեղարկման օգտին և ակտիվ արշավ է վարում այդ ուղղությամբ:
Սակայն մինչ այդ նպատակին հասնելը «Գիրչին» որոշել է այլընտրանքային կրոնական կազմակերպություն հիմնել: Նոր կրոնական կազմակերպության կանոնակարգում ասված է, որ այն իրավունք ունի հոգևորականի աստիճան շնորհելու և կրոնական արարողություններ անցկացնելու:
Եկեղեցին հատուկ տեղեկանք է տալիս այն մասին, որ մարդը հոգևորականի աստիճան է ստացել, որը կարելի է զինկոմիսարիատ ներկայացնել:
Տեղեկանքը ստորագրում են «Գիրչի» կուսակցության անդամները՝ գլխավոր հոգևորական Նիկա Օբոլաձեն և «Գիրչիի» անդամ երկու եպիսկոպոս Արչիլ Խաչիձեն և Լևան Ջգերենայան:
Տեղեկանքը զորակոչիկին իրավունք է տալիս հետաձգելու զորակոչը: Զորակոչի մոբիլիզացիայի և համակարգման դեպարտամենտում հայտարարում են, որ «Գիրչիի» տված տեղեկանքներից օգտվել են արդեն մի քանի զորակոչիկներ:
«Այդ կազմամկերպության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ զորակոչիկներին իրոք հետաձգում է տրամադրվել», — վրացական լրատվական on.ge պորտալին հայտարարել են դեպարտամենտում:
Դեռևս հայտնի չէ զորակոչիկների թիվը, որոնց օգնել է «Գիրչիի» ստեղծած կրոնական կազմակերպությունը:
«Գիրչի» կուսակցությունում ասում են, որ այդ գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ կուսակցություն մի քանի ամիսների ընթացքում դիմել են բազմաթիվ երիտասարդներ զորակոչը հետաձգելու խնդրանքով:
«Դա 100%-ով օրինական ճանապարհ է, և եթե պետությունն այնուամենայնիվ նրանց որոշի մեկ տարով ստրուկ դարձնել, նրանցից յուրաքանչյուրին մենք կպաշտպանենք դատարանում», — ասում է եկղեցու գլխավոր սպասավոր Նիկա Օբոլաձեն:
«Գիրչի» լիբերալ ուղղվածության կուսակցությունն աչքի էր ընկնում նաև այլ էպատաժային արշավներով: Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին կուսակցության գրասենյակում տասնյակ ակտիվիստներ հանրային կերպով մարիխուանա տնկեցին: Այդպիսով «Գիրչին» բողոք հայտնեց Վրաստանում խիստ նարկոքաղաքականության դեմ: